Թատրոնում չկա ժամանակ։ Կա թատրոնի ժամանակը, որ բերում են հանճարեղ մարդիկ։ Երբեք չեմ վարանել ասելու, որ Նարինե Գրիգորյանը հանճարեղ մարդ է, որքան էլ մեզանում, ցավալիորեն սահմանված է, որ հանճարեղության խոստովանությունը պետք է մնա դարերի հեռվին։ Նարինե Գրիգորյանը Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն -ի նոր բեմն օծում է խորհրդապաշտական թատրոնի գիգանտներից` Մորիս Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը» բարոյական առակախոսության բեմադրմամբ, որը, սակայն, նարինեգրիգորյանական աներևակայելի թատերական մտածողության շնորհիվ դառնում է թատրոնի լեզվի մի նոր` փառահեղ մեկնություն, խորհրդապաշտության ու նուրբ գրոտեսկի համաձուլվածքային անպատկերացնելի դրսևորումներով։

Մետերլինկի շա՜տ զգայուն փիլիսոփայության միջոցով այդքա՜ն նրբորեն, այդքա՜ն խորը զգալ քո ժամանակը, տեսնել ժամանակների կապը, այդքա՜ն նրբորեն փոխանցել քո ժամանակի տագնապներն ու հույզերը, և փոխանցել այդքա՜ն թատերայնորեն, այդքա՜ն վառ ու այդքա՜ն շքեղ, կարող է միայն թատրոնի խորը ըմբռնումը։ Ըմբռնում, որի անունն է Նարինե Գրիգորյանի թատրոն։ Այո՛, սա այլևս հաստատված իրողություն է` կա Նարինե Գրիգորյանի թատրոնը, որն իր ճանաչելի տեղն ունի այլևս թատերական աշխարհի հորիզոններում։ Եզակի, առանձնացող, բարդ, թատերական նոր մտածողություն բերող, թատերային նոր, բոլորովին նոր խոսք բերող այս բեմադրությանը դեռ կանդրադառնամ։ Այն դեռ պետք է ներքին վայելումի ճանապարհ անցնի։

Հիմա չզսպելով հիացմունքս, ուղղակի ուզում եմ ծափահարել անվերջ ու երկար բոլոր արտիստներին` իրենց անկրկնելի խաղի համար, անփոխարինելի Տաթև Ղազարյանին` իր փառահեղ, անզուգական, աննման կերպափոխման համար, Վիկտորիա Ռիեդոյին` այդ ահռելի մեծ ծավալի աշխատանքն այդքա՜ն նրբորեն համադրելու, թատրոնի կախարդանքի այդ հրավառության համար։ Խոնարհումս ու հարգանքս բոլոր-բոլորին, որոնք նոր թատրոնի օծումն իրականացրին իրենց աստվածային վառ շնորհով։ Ի՜նչ երջանկություն է, չէ` ունենալ այդպիսի թատրոն, այդպիսի արտիստներ, այդպիսի նվիրյալներ և ունենալ Նարինե Գրիգորյան։
27.01.2026