Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնն արդեն իր սեփական շենքն ունի։ Սա մեծ ուրախություն է բոլորիս համար։ Անկախության հաստատման դժվարին տարիներին հիմնադրված թատրոնը բազմաթիվ դժվարությունների հորձանուտում, ոչ միայն չկորցրեց ստեղծագործելու, արվեստին ազնվորեն նվիրվելու՝ ծառայելու, իր բռնած ուղենիշն, այլև տարեցտարի բարձրացրեց այն՝ երբեք հետ չմնալով թատերարվեստի արդի զարգացումներից: Դրա առաջին և գլխավոր պատճառը ստեղծագործական կազմի աներևակայելի և անմնացորդ համախմբվածությունն է, որևէ ներքին ինտրիգներից զերծ աշխատելաոճը։ Այս ներքին կարգավորվածությունն անսքող երևում է նրանց բոլոր բեմադրություններում։

«Սուրբ Անտոնիոսի հրաշքը» Մորիս Մետերլինկի սիմվոլիստական ուղղությանը հարող ստեղծագործություններից է, որի բեմադրությամբ էլ բացվեց Համազգային թատրոնը։ Նարինե Գրիգորյանի անսպասելի ու յուրօրինակ մտահղացումը՝ կերպարներին մարիոնետների ձևով խաղացնելը, համերաշխ էր հեղինակի այն տեսությանը, ըստ որի իդեալական թատրոնը դա մարիոնետների թատրոնն է։ Նա գտնում էր, որ դերասանը չափազանց հոգեբանական խաղ է ցուցադրում, իսկ իրեն պետք են կամազուրկ էակներ։ Այս գիծն էր զարգացրել ռեժիսորն ու ստեղծել դերասան-մարիոնետներով ներկայացում։ Չափազանց դժվար խնդիր, որը գերազանց հաղթահարեցին թատրոնի դերասանները։ Կերպարներն ապրում են հասարակական դրվածքի մարիոնետների նման, հրաշքը խախտում է այդ համակարգը, հետևաբար պիտի չեզոքացվի։

Մեկ ժամ քսան րոպե բեմում շարժվել, խոսել, ընկնել, վեր կենալ տիկնիկի նման ու չստել , այլ խաղալ հավաստի, անսխալ, սա անասելի ծանր աշխատանք է։ Ա՛յս թատրոնի դերասանակազմը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իրենց համար անհնարին խնդիրներ չկան, մեկ մարդու նման, միասնականորեն հիացրին ու զարմացրին բոլորիս։ Տաթև Ղազարյանի և Նարեկ Բաղդասարյանի խաղային որակն առանձին թատերախոսականի նյութ է։ Նարինե Գրիգորյանի ռեժիսորական աշխատանքը մանրամասն քննելու արժանի նյութ…
25.01.2026