Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Երեկ Համազգային թատրոնի շենքի բացման արարողությունն էր։ Սեփական տարածքի մեկնարկը ընտիր իրադարձություն է, բայց ես ուզում եմ գրել ներկայացման մասին, որով տեղի ունեցավ բացման արարողությունը։ Մորիս Մետեռլինկ «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը»։

Այս գործը գրվել է 1903 թվականին, հեղինակի ուշ շրջանի գործերից է` կարճ, սարկաստիկ, որը իր ամբողջ հմայքը բացահայտել է շնորհիվ Եվգենի Վախթանգովի բեմադրության (1918 թվական)։ Մինչ այդ, կարծես թե այս ստեղծագործության հանդեպ չի եղել ընկալում։ Վախթանգովի ընկալումն այնքան հիմնավոր, թատերային ու խորն է եղել, որ ընդմիշտ միահյուսվել է այս գործին։ Բայց սա ամենևին չի նսեմացնում այն բեմադրությունները , որոնք միաձույլ են այդ մեկնաբանության հետ։ Ընդհակառակը, մնում է մաքուր թատրոնը` դերասանի կատարման վարպետությունը, ոչ թե ռեժիսորական մեկնաբանությունը։

Նարինե Գրիգորյանը զարգացրել էր Վախթանգովի դիմակ֊կերպարներին և դարձրել տիկնիկ֊կերպարներ։ Կենդանի դերասանները դարձել էին տիկնիկներ, տիկնիկային թատրոնի` տիկնիկավարներով։ Սա մի փառահեղ լուծում է և հրաշալի մարտահրավեր դերասանների համար` թե՜ տիկնիկ խաղացող, թե՜ տիկնիկավար խաղացող։ Այս պիեսը հնարավոր չէ այլ կերպ բեմադրել։

Այլ կերպ ասելով նկատի ունեմ հոգեբանական թատրոնի սկզբունքներով այն կդառնա այլանդակ քննադատություն։ Այս ձևով քննադատությունը ստանում է թատրոնի պայմանականությունը և հանդիսատեսն ինքը կորոշի, թե որքան քննադատի։ Սուրբ Անտոնիոսը տիկնիկ չէր, չուներ տիկնիկավար (Վարշամ Գևորգյան), քանի որ միակ կենդանի էակն է պիեսում։

Տաթև Ղազարյան տիկնիկը, Նարեկ Բաղդասարյան տիկնիկը, Զառա Հակոբյան տիկնիկը, Հարություն Հովհաննիսյան տիկնիկը... գրում ու մտածում եմ ` Տաթև Ղազարյան տիկնիկը, թե Տաթև Ղազարյանի տիկնիկը, բայց ախր Տաթև Ղազարյանը Արմինե Անդրեասյանի տիկնիկն էր ու էդ հրաշալի կատարումը տիկնիկավարի գործն էր նաև։ Մի խոսքով խճճվեցի ձևակերպումների մեջ։ Նաև մտածում էի` երևի պետք չի գրել, քանի որ դեռ անակնկալ է հունվարի 25֊ի բացման արարողության մասնակիցների համար, բայց գրում եմ, որովհետև մեծագույն վայելքը համազգայնցիների կատարման մեջ է։ Դասական, ժամանակակից և մշտական է դերասանի խաղը։

ՀՌԻՓՍԻՄԵ Շահինյան

24.01.2026

637 հոգի