25.01.2026 02:01
Այն օրից ինչ ստեղծվեց թատրոնը՝ խոսակցությունները նրա սկզբի ու վերջի մասին չեն դադարում: Ինչի՞ց է սկսվում թատրոնը և ե՞րբ է ավարտվում: Գուցե չի՞ ավարտվում կամ չսկսված արդեն ավարտվա՞ծ է: Ստանիսլավսկյան «Թատրոնը սկսվում է հանդերձարանից» արտահայտությունը, ըստ իս, առավել թատրոնի կառավարման համարկարգի մասին է և, թող ներվի ասել, ռեժիսորական մենատիրության հաստատամանն է վերաբերվում:
Ինչևէ... Ուզե՞նք, թե՞ չուզենք, զուտ տեխնիկական իմաստով, թատրոնը սկսվում է մուտքից: Բայց թատրոնը թատրոն չէր լինի, եթե իր էության երկատվածությունը չերևար նաև այս կարևոր հարցում:
Գլխավոր մուտք (ի դեպ թատերական այս մուտքը շատ լեզուներով «շքերթային» է կոչվում) և ծառայողական մուտք, որին հաճախ «սև» ածականն է սոսնձում: Եթե Գլխավոր մուտքը, առավելապես, թատերական արվեստի արդյունքի մասին է վկայակոչում, ապա՝ ի՜նչ մութ ու դավադիր զգացողություններ կան «ծառայողականում»: Հենց էդ դավերն ու անհասկանալի զգացողություններն էլ մենք հիմա կփորձենք պարզել...
Ոլոր-մոլոր աստիճաններ... Աստիճանների սկզբում մի հին ցուցատախտակ է ամրացված. «Թատրոնի դիրեկցիա»: Քանի որ էդ ցուցատախտակը հլը մեր թվարկությունից առաջ է լույս աշխարհ եկել, «Դիրեկցիայի» գլխավերևում հունական ողբերգության ժպտացող և լացող դիմակներն են՝ խոնավությունից չեչոտած, տեղ-տեղ էլ՝ բորբոսնած բերաններով:
Հետո էլի աստիճաններ... Ամեն անգամ էդ աստիճաններով բարձրանալ-իջնելիս՝ երկրորդ հարկի սանդղավանդակի վրա դրոշմված կոշիկի խորը հետքը գրավում էր ուշադրությունս: Ես գիտեի, որ պատմությունները անպատմելի չեն լինում: Գիտեի նաև, որ եթե ինչ-որ տեղ, ինչ-որ Բան է կատարվել ու եթե այդ «Բանը» ինձ հետ կապ ունի, ապա՝ ես վաղ թե ես կիմանամ այդ մասին... Գիտեի, բայց շտապում էի...
Հա՜, չեք պատկերացնի, թե ինչ անօրինակ շտապողականություն կա «Ծառայողական մուտք» կոչվածի մեջ: Հանգիստ գալիս մտնում ես շենք ու արագ-արագ, գրեթե վազելով՝ վերև ես բարձրանում: Բայց, իհարկե, Գլխավոր և Ծառայողական մուտքերի հետ կապված ամենամեծ ու անվերծանելի պարադոքսը կայանում է հետևյալում:
Տարօրինակ է, բայց ներս ու դուրս անելու իմաստով՝ զգացողությունների ահռելի տարբերություն կա այս երկու մուտքերի միջև: Ծառայողական մուտքից ներս մտնելիս՝ դերասանը ենթագիտակցորեն պատրատվում է «բեմական» աշխատանքին: Գլխավոր մուտքը միանգամայն այլ՝ ոչ աշխատանքային զգացողություն է պարտադրում: Իսկ եթե ներկայացումից առաջ ես այդ սխալը թույլ տալիս, ապա՝ զգացողության իմաստով կորած ես:
Զարմանալի է, բայց փաստ, որ Ներկայացումից առաջ գլխավոր մուտքով թատրոն ներխուժելու դեպքում՝ դերասանի զգացողությունները՝ բեմում դառնում են պլպլան, այլ կերպ ասած՝ ուռճանում են և նա, ենթագիտակցորեն, արվեստի մասին մոռացած, սկսում է հանդիսատեսի համար խաղալ: Իսկ Ծառայողական մուտքի խորհրդավորությամբ անցնելու արդյունքում, դերասանը, ասես, հանդիսատեսին հաճոյանալու, նույնիսկ՝ քծնելու շողշողուն զգացողությունից ձեռբազատվում և բեմում՝ փայլատ երանգներով է երևում: Կարծում եմ ավելորդ չէ ևս մեկ անգամ նշել, որ շողշողուն, զնգզնգան, պլպլան երևույթները՝ արվեստ կորվել չեն կարող: Արվեստը փայլատ ու զուսպ զգացողությունների համակցություն է:
Ծառայողական մուտքի մյուս հետաքրքիր ֆենոմենը մտքերի «Պահարանն» է:
Էդ մուտքին մոտենալիս՝ ներսս միշտ, ինչ-որ անհասկանալի թրթիռով ալեկոծվել է: Հետո, երբ շատ գնացի՝ եկա հասկացա թե բանն ինչում է: Թատրոն մտնելիս, թատրոնի մարդը, ենթագիտակցորեն, միշտ ամենավատին է պատրաստվում: Բա, ո՞ր չստացվի, բեմում տեքստ մոռանա, մուտքից ուշանա, հանդիսատեսը սխալ ընդունի, չծափահարի, թատրոնի ուժեղները իր անունը ջնջեն, դերը ուրիշին տան, իրեն վատ դեր տան, կոչում՝ չտան, բզիկ-բզիկ անեն և այլն և այլն և այլն...
Ծառայողական մուտքը այս զգացողությունների ալեհավաքն է: Դրանք միշտ կան... Մարդը, տվյալ դեպքում՝ դերասանը չկա, կորել է, անէացել կամ արտասահման մեկնել, իսկ այդ զգացողությունները՝ չնայած ճլորած ու մումիայացած՝ բայց դեռ կախված են ծառայողական մուտքի պատերից... Ու լսվելու դեպքում ինչե՜ր են պատմում... Աշխարհում ոչ մի դրամատուրգ նման հակասական, ալոգիկ, միաժամանակ մասնագիտության սահմաններում՝ լոգիկ, չպատճառաբանված, պատճառաբանված, բայց սխալ ուղղությամբ կրակված ու ամեն ինչում լատենտ, լատենտ, լատենտ զգացմունքներ, ինչքան էլ երևակայությանը զոռ տա, միևնույնն է, ի վիճակի չի, չի կարող նույնիսկ... պատկերացնել...
Ծառայողական մուտքի վերջակետը դնում է թատրոնի դռնապանը, որը, չգիտես ինչու, որպես կանոն, կին է ու թատերականացված ձայնով դիմացդ պատ է շարում.
-Ո՞ւր եք գնում...
Վերջ... Բայց ես չասացի թե ինչ պատմություն է թաքնված ծառայողական մուտքի երկրորդ և երրորդ հարկերի սանդղավանդակին մնացած կոշիկի հետքի տակ... Տաս տարի այդ հարցը ինձ հոզում էր: Մի օր էլ, այսօր արդեն լուսահոգի թատրոնի... Օ՜, կներեք, թատրոնի այսօր արդեն լուսահոգի ադմինիստարատորն ասաց.
-Հիշո՞ւմ ես Պաֆ-պաֆին (արտասահման չված դերասանի մասին էր խոսքը) թատրոնի կյանքի ու մահվան հարցերը քննելով՝ աստիճաններով իջնում էինք... Ծառայողական մուտքն էլ նոր էին, ըսենց ասեմ, թատրոնին հարմարեցնում... Մեկ էլ կոշիկս խրվեց թաց ցեմենտի մեջ ու ըհը, էսքան հետք մնաց... Պաֆ-պաֆը սկսեց ծիծաղել, ասելով՝ «Այ չոլփա, կոշիկդ հեսա քարից կդառնա»: Ես էլ պատասխանեցի. «Թող դառնա... Մեկ ա, ես իմ հետքը թատրոնի պատմության մեջ, ես արդեն թողեցի...»...