Օրեր առաջ Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմատակը բրիտանացի դրամատուրգ Սառա Քեյնի հոգեհատակի էր վերածվել. վերջինիս «Փսիխոզ 4.48» ստեղծագործության հիման վրա ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի վերաբեմադրության առաջնախաղն էր: Ընտրված բեմատարածական լուծումն, իսկ և իսկ, անցյալ դարի իննսունականներին առաջ եկած «դեմքին հարվածող» անգլիական «In-yer-face theatre» - ին էր հարում: 1.5-2 քառակուսի մետր խաղավայր, որտեղ դերասանը հանդիսատեսի հետ երես - երեսի ձևաչափով և բրիտանական «Նոր դրամային» հարիր ոչ միշտ նորմատիվ լեքսիկոնով պետք է ներկայացնի չգոյության եզերքում մոլորված հոգու դեպրեսիվ ցավերը:

Պարանոիդալ հեռուներում համառի ըմբռնել, թե դատարկության գիտակցման սահմանային վիճակում հատկապես ո՞ր նյարդաթելն է ինքնագնահատականի անկումից թրթռում: Եվ ներքուստ եզրագծված քառակուսիների այդ լաբիրինթոսում դարձդարձիկ նյարդերի հետքը կորցրած, փորձի հանուն անցողիկ ցավազրկման դրանցից հանգույցներ հյուսել, բայց այդպես էլ չկարողանա խաղաղվել: Այնու, որ անդառնալիորեն ատելի դարձած սեքսի սուբյեկտն ու օբյեկտը չեն դադարում դրդել քրոնոսի սադրիչներից մահահոլով չորսերին դավանել: Չէ՞ որ դա «F32.3» հոգեվթարի հարուցած անէության հետադարձ հասցեն է…

Հիրավի, չորս թվերից և տառերից բաղկացած այդ սիմվոլ կերպարի դերկատար Ասյա Պուշկինան վերոգրյալը ներկայացնում էր իդենտեֆիկ եզրագծերին հասնող ապրումակցումով: Իբրև անձնավորող, օժտված է տրամադրությունների անցումային ճկունակությամբ և, հոգեվիճակային փոխարկումներ հրամցնելիս, գրեթե չի՛ առաջացնում արհեստականության զացողություն: Նա կարողանում էր նաև աչքերի տարատեսակ արտահայտությամբ, թե՛ մտքերի անթափանց մշուշ և թե՛ էմոցիոնալ առավելագույն բացվածք ցուցադրել: Իր հոգեգալարումներին ակնապիշ հետևողին, խոսքի ցածր և միջին տոնայնությամբ աննկատ հրավիրում ներաշխարհի տտիպ նստվածքը մանրադիտակելու ու ներկայացումից հետո դա գնահատելու: Ասել է, թե՝ ծանրամարս ու դիտարժան հոգեհերձվածք:
31.12.2025