Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Գրիգոր Խաչատրյանի «Փոքրիկ իշխանը» ներկայացման պրեմիերան՝ Դիանա Մալենկոյի գլխավոր դերակատարմամբ։ Ներկայացումից առաջ Գրիգորն ասաց, որ այդ պատմվածքի բեմադրության գաղափարը թատրոնի մարքեթինգային խմբի առաջարկով է եղել։ Կա՞ արվեստագետի համար ավելի զարհուրելի վտանգ, քան մարքեթինգային խմբերի առաջարկները՝ դժվար է պատկերացնել։

Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» պատմվածքը սուրբ տեքստի կարգավիճակի է հասել և դրան որևէ ձևով անդրադառնալը լի է տարատեսակ առերես և ծածուկ ծուղակներով։ Մի կողմից կլիշեներից ու չարչրկվածությունից զերծ մնալու գրեթե անհնար թվացող անհրաժեշտությունն է, մյուս կողմում բարոյախրատական տոնայնության ժամանակավրեպությունը, Էքզյուպերիի համբավին զոհ չգնալն ու միևնույն ժամանակ մակերեսային չլինելը և այլն, և այլն․․․

Գրիգորն ու նրա շուրջ համախմբած շատ ճաշակով մարդիկ կարողացել են ոչ միայն հաղթահարել այդ խնդիրները, այլև ստացել են մի բեմադրություն, որ վերջին տարիներին տեսածս լավագույն ներկայացումներից մեկն է։ Մեզ շրջապատող աշխարհաքաղաքական ահագնացող ցինիզմի, տրավմաների, տեսալսողական անվերահսկելի աղբի պայմաններում «Փոքրիկ իշխանին» անդրադառնալու գաղափարն անգամ կարող էր հերթական աչքփակոցի ու միամիտ փախուստի փորձի վերածվել, բայց սա այդ դեպքը չէ։

Գրիգորի բեմադրած «Փոքրիկ իշխանը» տրավմայի պատմություն է։ Դիանայի կերտած «Փոքրիկ իշխանը» քաջ հայտնի «իմաստուն երեխա» չէ․ թափառող, էմիգրանտ հոգի է, որ աշխարհեաշխարհ իր կորստի, վտարման ու չլսված լինելու մասին է պատմում։ Անհանգիստ է, անհանգստացնող հարցեր է տալիս ու տեսածից, լսածից դառնում ավելի անհանգիստ։ Նա չի հասկանում և խնդիրը լեզվական չէ։ Նրա չհասկանալն ինձ շատ հարազատ է, նրա չհասկանալն իմ չհասկանալն է և դա ոչ նրա ձախողումն է ու ոչ էլ իմը։ Դիանայի կերտած «Փոքրիկ իշխանը», Դիանան է․․․ Դիանայի կերտած «Փոքրիկ իշխանը» Դիանայի լավագույն դերակատարումն է ու լավագույն վարակիչ հուզումը։

Բեմը, երաժշտությունը, անիմացիան, հագուստները շատ բարձր մակարդակի են։ Կարծում եմ՝ Գրիգոր Խաչատրյանի «Փոքրիկ իշխանը» պարտադիր պետք է դառնա Դրամատիկականի մշտական խաղացանկի մաս, իսկ մինչ այդ՝ բաց մի թողեք այն տեսնելու հնարավորությունը։

27.12.2025

ՐԱՖՖԻ Մովսիսյան

498 հոգի