27.11.2025 15:13
2025 թվականին լրանում են միաժամանակ երեք կարևոր տարեդարձեր՝ Գաբրիել Սունդուկյանի ծննդյան 200-ամյակը, նրա «Պեպո» պիեսի 155-ամյակը և համանուն ֆիլմի 90-ամյակը։ Այս խորհրդանշական տարեթվերը առիթ են վերաիմաստավորելու ոչ միայն Սունդուկյանի գրական ժառանգությունը, այլև նրա անձնական կյանքի որոշ դրվագներ, որոնք խորապես ձևավորել են դրամատուրգի աշխարհայացքն ու ստեղծագործական մտածողությունը։

Գրականության պատմության մեջ քիչ են այն հեղինակները, որոնց կենսագրությունը նույնքան բազմաշերտ և հետաքրքրաշարժ է, որքան նրանց ստեղծագործությունները։ Դպրոցից գիտենք, որ նա մեր այն գրողներից է, ով ունեցել է բարեկեցիկ կյանք և լավ կրթություն։ Ապրել է Թիֆլիսում երկհարկանի տանը, որ գնել էր հայրը։ Գաբրիել Սունդուկյանի նախնիները եղել են արհեստավորներ՝ սունդուկագործներ։ Բայց որոշ փաստաթղթեր վկայում են, որ Սունդուկյանները եղել են Էջմիածնի վանքապատկան ճորտեր (Էջմիածինը Վրաստանում և Գանձակում ունեցել է սեփական կալվածքներ ու ճորտեր, որոնց թիվը Աղավնունի Երիցյանի և արխիվային աղբյուրների վկայությամբ, հասել է շուրջ 934-ի)։ Նրա ընտանիքի անցյալը բարդ ու հակասական է։ Սունդուկյանի կյանքի և սոցիալական ծագման պատմությունը պարունակում է մի ամբողջ «էպիկական» շերտ՝ անձնական պայքարի, իրավական դիմադրության և սոցիալական ինքնագիտակցության ձևավորման։ Պահպանված փաստաթղթերը վկայում են, որ դրամատուրգի մայրը՝ այրի Թինաթինան, ամուսնու մահից հետո տարիներ շարունակ պայքարել է ընտանիքը ճորտական կախումից ազատագրելու համար։ 1837–1840 թթ. պաշտոնական նյութերում հիշատակվում է, որ գործը գտնվել էր «իսպոլնիտելնի էքսպեդիցիայի» փուլում՝ որպես ընթացքի մեջ գտնվող դատական վեճ։ Այդ տարիներին ընտանիքը բաղկացած է եղել հինգ հոգուց՝ Թինաթինան, որդիները՝ Գաբրիելը (13 տ.), Միքայելը (6 տ.), դուստրը՝ Խորիշանը և կույր քեռին՝ Սիմոնը։ Էջմիածնի վանքապատկան կալվածքներում ճորտական կարգավիճակ ունեին նաև Սունդուկյանների ազգականները՝ չորս ընտանիք, որոնք համարվել են վանքին ենթակա «ստրուկներ» և պարտավոր են եղել հարկ վճարել եկեղեցուն։ Նրանք, սակայն, համառորեն հրաժարվել են կատարել այդ պահանջը՝ պնդելով, որ արքունի հարկատուներ են և ոչ թե եկեղեցական ենթակայության գյուղացիներ։ 1832 թ. հոգևոր իշխանությունները նույնիսկ դիմել են Թբիլիսիի ոստիկանությանը՝ հարկերը բռնի գանձելու պահանջով։ Սակայն Սունդուկյանները ներկայացրել են փաստաթղթեր, ըստ որոնց Մկրտում Սունդուկյանը՝ Գաբրիելի հայրը, գրանցված է եղել որպես քաղաքացի («մոքալաք») դեռևս 1829-ին, իսկ նրա եղբայր Դավիթը՝ 1817-ին։ Չնայած իրավական այս հիմնավորումներին հետապնդումները շարունակել են։ 1834–1836 թթ. վեճը սրվել է։ Սունդուկյանները հայտարարվել են «ապստամբներ», իսկ վանքապետությունը պահանջել է հարկերի գանձում՝ կաթողիկոսի հրամանով։ Այդ նույն փաստաթղթերում է նշվում, որ ընտանիքը ծագումով արհեստավորական էր. Գաբրիելի պապը եղել է «զանղուկսազ»՝ արկղագործ վարպետ, ինչից էլ առաջացել է «Զանղուկով – Սունդուկյան» ազգանունը։
Տարիներ շարունակ տևած այս իրավական և սոցիալական պայքարը եզրափակվել է 1841 թվականին, երբ Թինաթինա Սունդուկյանին հաջողվել է վերջնականապես ազատագրել ընտանիքը Էջմիածնի վանքապատկան ճորտական կախումից։ Ազատագրությունը ձեռք է բերվել մեծ դժվարությամբ. փաստաթղթերի համաձայն՝ դրա դիմաց կաթողիկոսին վճարվել է 300 հոլանդական ոսկի։
Նախկին ճորտ Մկրտում Սունդուկյանը՝ Գաբրիելի հայրը, սեփական աշխատասիրությամբ և գործարար հնարամտությամբ կարողացել էր վերածվել բարեկեցիկ վաճառականի։ Երեսուն տարի օտարության մեջ՝ Ղզլարի քաղաքում զբաղվելով առևտրական գործունեությամբ, նա ստեղծել էր ապահով նյութական հիմք իր ընտանիքի համար։ Այս ժամանակաշրջանը համընկնում էր ռուսական զորքերի կողմից Թիֆլիսի գրավման տարիներին։ 1822–1824 թվականներին, Մկրտում Սունդուկյանը արդեն հայտնի է եղել որպես մեծ կարողություն ունեցող մարդ։ Նրա հեղինակությունն ու դիրքը կյանքի օրոք կանխել են ճորտական հարցի բարձրացումը, ինչի հետևանքով միայն նրա մահից հետո է վերսկսվել վանական իշխանությունների կողմից Սունդուկյանների նկատմամբ հետապնդումը։ Ազատագրության գործընթացը, սակայն, ծանր հետևանքներ է ունեցել ընտանիքի նյութական վիճակի վրա։ Ճորտությունից ազատման գինը նրանց կանգնեցրել է ֆինանսական դժվարությունների առջև։ Այնուամենայնիվ, Թինաթինա Սունդուկյանը շարունակել է ամեն ջանք գործադրել, որպեսզի իր որդիները, հատկապես Գաբրիելը, չզգան որևէ զրկանք։ Բարենպաստ է եղել նաև այն հանգամանքը, որ նրանց տան մի հատվածում բնակվել է Փարիզից ժամանած հայագետ Շահան Ջրպետյանը, ով դասավանդել է հայերեն, գրաբար և լատիներեն, իսկ նրա ֆրանսուհի կինը՝ ֆրանսերեն։ Այս միջավայրը մեծապես նպաստել է Գաբրիել Սունդուկյանի կրթական և հոգևոր աշխարհայացքի ձևավորմանը վաղ տարիքից։ Լեզուների հանդեպ ունեցած հետաքրքրությունից բացի, Ջրպետյանի շնորհիվ է Սունդուկյանի մոտ հետաքրքրություն առաջացել երկրաչափության հանդեպ։ Վերջինս Սունդուկյանին տվել է ոչ միայն ճշգրիտ գիտելիքներ, այլև զարգացրել է նրա տրամաբանական մտածողությունը։

1838–1840 թթ. ուսանել է Արզանյանների պանսիոնում։ Զուգահեռ հաճախել է Խաչատուր Աբովյանի մասնավոր պանսիոնը։ «Խաչատուր Աբովյանը եղել է իմ ուսուցիչը,- պատմում է Սունդուկյանը,- նա է ինձ ռուսաց լեզվից պատրաստել։ Նա չլիներ՝ ինձ գիմնազիոնում չէին ընդունի։ Աբովյանի մոտ պատրաստված աշակերտները Մոսկվայում, Պետերբուրգում էլ անվանի էին, ինչ թե Թիֆլիսում»[1]։
Աբովյանի դասընթացները, լուսավորական գաղափարները չէին կարող անտարբեր թողնել պատանի Սունդուկյանին։ Ժողովրդի հանդեպ ուսուցչի սերն ու նվիրումը խոր ազդեցություն են ունեցել ապագա գրողի աշխարհայացքի, գեղարվեստական մտածողության ձևավորման վրա։ Ըստ ամենայնի, հենց այս ազդեցությամբ է պայմանավորված նրա ստեղծագործությունների ժողովրդական լեզուն (Թիֆլիսի բարբառը), հայեցի կենցաղն ու առօրյա իրականությունը հավաստի ներկայացնելու հմտությունը։ Աբովյանի ազդեցությամբ է ձևավորվել նաև հետաքրքրություն թատրոնի հանդեպ։ Կարծում ենք, որ նա ծանոթ է եղել Աբովյանի «Ֆեոդորա կամ որդիական սեր» և «Խաղարկություն մանկանց» պիեսներին, որոնք ստեղծվել էին պանսիոնի աշակերտների համար։
1840–1846 թթ. Սունդուկյանը սովորել է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ խորացրել է իր գիտելիքները հատկապես ճշգրիտ գիտությունների ոլորտում։ Այդ շրջանի նրա ձեռագրերում պահպանվել են երկրաչափական տերմինների հայերեն թարգմանություններ, որոնք վկայում են նրա հետաքրքրությունը այս բնագավառի նկատմամբ։

1846-ին ընդունվել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի արևելյան բաժին։ Կայսերական համալսարանում հայտնվելու հետաքրքիր պատմություն է պատմում Սուրեն Հարությունյանը։ Նա նշում է, որ գիմնազիայի աշակերտ Գաբրիել Սունդուկյանը ֆրանսերեն շարադրություն է կարդացել «Մեծն Պետրոսի» մասին (շարադրության ձեռագիրը պահվում է ԳԱԹ-ի Սունդուկյանի ֆոնդում)՝ ներկայությամբ Կովկասի փոխարքա Մ. Ս. Վորոնցովի։ Փոխարքայի այցելության նպատակն է եղել տեղացիներից ամեն տարի ընտրել հինգ երիտասարդ Ս. Պետերբուրգի համալսարանում ուսում ստանալու և պետական ծառայության մեջ՝ որպես չինովնիկ-թարգմանիչ Կովկասի ցարական ապարատում աշխատելու համար։ Սաները ստանում էին պետական թոշակ և գտնվում հատուկ հսկողության տակ, իսկ ընտրվածները պետք է լինեին իշխանական կամ բեկական-խանական ծագում ունեցող։ Սունդուկյանն ընտրվել է, բայց բացառության կարգով, որովհետև վերջինիս ծագումն ազնվական չի եղել[2]։ Գևորգ Աբովը մանրամասնում է, որ Սունդուկյանի նկատմամբ այս բացառությունը կատարվել է նրա մոր՝ Թինաթինայի և գիմնազիայի դիրեկտոր Արզանովի ջանքերով, «Թիֆլիսի քաղաքացիների միության» միջնորդությամբ[3]։ Երվանդ Շահազիզը գրում է, որ սովորելով համալսարանում իբրև «կովկասյան սան» (Кавказский воспитанник)՝ հետագա իր երկարամյա ծառայության ընթացքում նա մշտապես ստացել է բարձր աշխատավարձ՝ տարեկան 4420 ռուբլի և հավելում 1095 ռուբլի, այսինքն՝ ընդհանուր առմամբ 5515 ռուբլի։ Պաշտոնաթողությունից հետո ևս նրան շնորհվել է 2500 ռուբլի կենսաթոշակ։ Այդպիսով Սունդուկյանը հնարավորություն է ունեցել ապահով ու վայելուչ կյանք վարելու[4]։ Համալսարանում նա ուսումնասիրել է արևելյան լեզուներ և ավարտելով այն՝ պաշտպանել «Թռուցիկ հայացք պարսկական տաղաչափության բնույթի վրա» թեմայով ատենախոսությունը։ Այս շրջանում նա գրաբար թարգմանել է Պուշկինի «Ռուսաստանի զրպարտիչներին» բանաստեղծությունը և «Կովկասյան գերին» պոեմի առանձին հատվածներ։ Թարգմանությունը հետաքրքիր է նաև նրանով, որ Պուշկինի ստեղծագործության ամենավաղ թարգմանություններից մեկն է։ Համալսարանի հայագիտության ուսուցիչ Բերոյանը գրել է. «Այս բանաստեղծությունը թարգմանված է չափածո... հույժ հաջող, գեղեցիկ և գերազանց, այնպես որ ես համարձակ կարող եմ ասել, որ նա ամենևին չի զիջում բնագրին. հենց դա ապացուցում է ուսանող Սունդուկյանի անկասկածելի շնորհքը՝ պոետական գրվածքների նկատմամբ և նրա մասնագիտական ու հիմնավոր գիտությունը հայերեն լեզվի»[5]։
Սունդուկյանը պատմում է, որ Պետերբուրգում սովորելու ընթացքում աշխատել է բաց չթողնել հայտնի ստեղծագործությունների բեմադրությունները և ներկա է գտնվել նաև հյուրախաղային ներկայացումներին. «Ինչպիսի ուրախություն և ինչ զգացի ես Պետերբուրգում 1841 թվականին, երբ առաջին անգամ տեսա Կարատիգինին Ֆերդինանդի դերում։ Ես սիրեցի թատրոնը և այն ժամանակվանից չէի բաց թողնում ոչ մի հայտնի պիես, որ ներկայացվում էր Ալեքսանդրյան թատրոնում, որտեղ ինձ ապշեցնում էին իրենց խաղով Մարտինովը, Կարատիգին երկրորդը։ Մոսկվայից եկող Շչեպկին-Ֆամուսովը այժմ էլ իմ աչքի առաջ է և ինձ թվում է, որ ես հիմա էլ լսում եմ նրա ձայնը, թեև այդ օրվանից անցել է ավելի քան 50 տարի»[6]։ Մեկ ուրիշ տեղում գրում է. «Ես այժմ 83 տարեկան եմ։ Մտքով փոխադրվում եմ այն հեռու ժամանակները, երբ ուսանող էի, ապրում էի Պետերբուրգում և տեսել եմ Գորոդնիչու դերում հանգուցյալ Շչեպկինին։ Հենց այն ժամանակ խորացավ ու ամրապնդվեց իմ անսահման սերը դեպի թատրոնը, որին և նվիրեցի իմ լավագույն տարիները, իմ հոգու մասնիկները՝ իմ գրվածքները, իմ մտքերն ու զգացմունքները»[7]։ Թատրոնի պատմության ուսումնասիրողները վկայում են, որ այս շրջանում Ալեքսանդրինյան թատրոնը ունեցել է տարեկան 150 ներկայացում։ Թինաթինայի պատասխան նամակներից իմանում ենք, որ այս շրջանում ուսանող Սունդուկյանը զգալի գումար է ծախսել թատրոնների տոմսեր ձեռք բերելու վրա։ Պետերբուրգյան կրթությունը Սունդուկյանին մոտեցրել է ռուսական մտավոր և գեղարվեստական աշխարհին՝ ձևավորելով նրա տեսլականը։ 1850 թ. վերադառնալով Թիֆլիս՝ Սունդուկյանը աշխատել է Կովկասի փոխարքայության գրասենյակում որպես թարգմանիչ։ Զուգահեռ, առանց վարձատրության, Ներսիսյան դպրոցում դասավանդել է երկրաչափություն։ Սակայն շուտով մի քանի այլ առաջադեմ ուսուցիչների հետ հեռացվել է դպրոցից։ Հեռացումը պատճառաբանվում է նրանով, որ այդ ուսուցիչների ավանդած առարկաները չեն համապատասխանում հոգևոր դպրոցի նպատակներին։

Հետապնդումները դրանով չեն ավարտվել։ 1853թ. աքսորվել է Դերբենդ, ըստ պաշտոնական թղթերի՝ ոմն Բելյաևին վիրավորելու համար։ Թեթև գժտությունից ամիսներ անց գործը թարմացվել է։ Պահպանվել է փոխարքայի գրասենյակի դիրեկտորի գրությունը. «... տիտուլյարնի խորհրդական Սունդուկյանը բաժնի վարիչ և գրասենյակի գանձապահ կոլլեժսկի խորհրդական Բելյաևի նկատմամբ թույլ է տվել հանդուգն և դատապարտելի արտահայտություններ, իսկ ես սահմանափակվել էի Սունդուկյանին կալանքի ենթարկելով գրասենյակին կից։ Նորին պայծառափայլությունը պատժի այդ չափը գտավ միանգամայն անբավարար (մանավանդ, որ աստիճանավոր Սունդուկյանը չհամաձայնեց մինչև իսկ ներողություն խնդրել իր կողմից վիրավորանք հասցվածից) և սույն դեկտեմբերի 4-ին բարեհաճեց հրամայել ինձ անհապաղ կարգադրություն անել, որ Սունդուկյանը քսանչորս ժամվա ընթացքում ուղարկվի Թիֆլիսից Դերբենտ, զինվորական նահանգապետի մոտ, պաշտոնի նշանակվելու համար, որպեսզի գեներալ-մայոր Մինկվիցը հսկողություն ունենա Սունդուկյանի վարքի վրա, առանց նորին պայծառափայլության հատուկ կարգադրության չթույլատրի Սունդուկյանի մեկնումը Դերբենտից»[8]։ Դերբենտի նահանգապետի գրասենյակում Սունդուկյանը նշանակվում է գրասենյակի պետ, և ինչպես փաստաթղթից հայտնի է դառնում, այդ միջոցով նահանգապետ Մինկվիցը պիտի կարողանար Սունդուկյանի նկատմամբ իրականացնել անմիջական վերահսկողություն, որ հանձնարարել էր նրան Վորոնցովը:
Թատրոն և այլ ժամանցի վայրեր չունեցող քաղաքում Սունդուկյանը գտնում է իր զբաղմունքը։ Օգտագործելով իր տեխնիկական, երկրաչափական գիտելիքները, գործուն մասնակցություն է ունենում քաղաքի բարեկարգման ու շինարարական ծրագրերին. նախագծել է շենքեր, կազմել նախահաշիվներ, բարեկարգել քաղաքային կառույցներ, նույնիսկ վերափոխել է քաղաքային ժամացույցը։ Այս փաստը վկայում է, որ երիտասարդ տարիներից ձևավորված նրա հետաքրքրությունը երկրաչափության հանդեպ հետագայում ստացել է գործնական և կառուցողական բնույթ։ Այսօր որպես թանգարան գործող Դերբենդի Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցին նախագծել և կառուցմանը հետևել է Սունդուկյանը։ Հանձնարարվել է նաև նախագծել ռուսական եկեղեցու նախագիծը, որը կառուցվել է, բայց չի պահպանվել, 1930-ական թվականներին պայթեցվել է խորհրդային կարգերի օրոք։ Հավանաբար, հենց այդ եկեղեցու զանգակատան հատվածում է ներկառուցված եղել քաղաքային-աշտարակային ժամացույցը, որի մասին պատմում է Սունդուկյանը մորը գրած նամակում. «Մայրիկ ջան, հարցնում եք, թե ժամացույցը ի՞նչպես ավարտեցի։ Արդեն մի ամիս է, ինչ վերջացրել եմ և հանձնել եմ ժամագործին: Իմ բնավորությունս գիտեք, վեց ամիս միտքս շարունակ նրանով էր զբաղված, բայց այնպիսի գործ ստացվեց, որ ինքս չեմ հավատում, թե դա իմ աշխատանքն է։ Ամեն քառորդ ժամին լսվում է չորս փոքր զանգակների ձայնը, իսկ մի ժամ լրանալու դեպքում զարկում է 33-փթանոց զանգակը։ Տեղական ինժեներները և սրանց նման մարդիկ, բոլորն էլ մնացել են զարմացած»։
Աքսորվելուց հետո Սունդուկյանը կարծել է, թե շուտ կազատվի և կվերադառնա Թիֆլիս։ Բազմաթիվ անհաջող փորձերից հետո, դա նրան հաջողվել է միայն հինգ տարի անց. «1858 թվականին միայն, այն էլ 20-ական թվականներին, Վրաստանի ապստամբությանը մասնակցելու համար աքսորված, իսկ այդ ժամանակ պետական բարձր պաշտոն ունեցող վրաց նշանավոր բանստեղծ Գրիրգոլ Օրբելյանու հատուկ միջնորդությամբ է, որ Սունդուկյանը կարողանում է վերադառնալ Թիֆլիս»[9]։ Վերադառնալով նա մինչև կյանքի վերջ պաշտոնավարել է Կովկասի երկաթուղային վարչությունում։

Հայ դրամատուրգիայի դասականի ստեղծագործական ուղին սկսվել է 1863 թվականին՝ «Գիշերվան սաբրը խեր է» մեկ արարով կատակերգությամբ, երբ նա արդեն երեսունութ տարեկան էր։ Նշված պիեսից սկսվող նրա ստեղծագործական ուղին ընդգրկել է գրեթե կես դար՝ մինչև 1912 թ.։ Եթե սկզբնական շրջանում Սունդուկյանի գործերում գերակշռել է կենցաղային կատակերգության գիծը, ապա 1870–1880-ական թթ. նրա ռեալիզմը հասել է իր բարձրակետին՝ ստեղծելով հայ հասարակության սոցիալական-քաղաքական խնդիրները բացահայտող դրամատուրգիա։ Այս շրջանում են գրվել «Պեպոն», «Քանդած օջախը», «Վարինկի վեչեր»-ը, ինչպես նաև «Խաթաբալա»-ի ու «Էլի մեկ զոհ»-ի վերամշակված տարբերակները։
Պահպանվել են Սունդուկյանի գրեթե բոլոր պիեսների թերի կամ սևագիր ձեռագրերը։ Ամբողջական է «Պեպոյի» ձեռագիր օրինակը։ Նշենք, որ «Պեպոն» իր թեմայով, ավարտուն կերպարներով, վիճակների պատճառաբանվածությամբ, ժողովրդական ոճով, բանահյուսական իմաստաբանությամբ, թաքնված խորհրդանիշերով և դրամատուրգիական կառուցվածքով ամենաինքնատիպ գործն է հայ թատրոնում և հազվագյուտ արժեք մեր գրականության մեջ։
Սունդուկյանն իր ստեղծագործական տարիների զգալի մի հատվածում հարկ չի համարել պահել ստեղծագործությունների ձեռագրերը։ Այդ մասին նա պատմել է Ա. Քալանթարին. «Նա ցոյց տուեց ինձ «Պէպոյի» բնագիրը, որը նա պահում է մեծ խնամքով, իբրև մի սրբութիւն: Այդ բնագիրը գրուած է մեծադիր թերթերի վրայ, որոնք յետոյ ամփոփուել են մի կազմի մէջ: Կազմի վրայ նշանակուած էր «Պէպօ»։ Պիեսի սկիզբը գրուել է 1870 թուի յունվար ամսին Թիֆլիսում, իսկ շարունակութիւնը՝ ամառը՝ Կրծանիսի այգիներից մէկում: Թիֆլիսում անկարելի եղաւ սկսածը շարունակել,- բացատրեց Սունդուկեանը,- որովհետև մեռաւ իմ Տիգրան որդին: Ամիսներ անցնելուց յետոյ՝ ես նորից գործի ձեռք զարկի: Բնագիրը գրուել է ուրիշների ձեռքով, մեծ մասամբ Գ. Չմշկեանի, մի քանի երես էլ Զաքարիա Բաբանասեանցի. կայ մի երես էլ գրուած Ամերիկեանցի ձեռքով: Պիեսը վերջացել է օգոստոսի 3-ին: Միայն «Պէպոյի» ձեռագիրն է մնացել, միւսները պատռել եմ,- նկատեց Սունդուկեանը,- եթէ գիտենայի թէ հետաքրքրական են լինելու ձեռագիրները՝ անշուշտ կը պահէի: Ի միջի այլոց՝ ձեռագրից երևում է, որ «Գնա, Պէպօ» նշանաւոր մենախօսութիւնը տեղափոխուել է իր նախնական տեղից»[10]: Պիեսների ձեռագիր թերի տարբերակներ կան, որոնք գրված են դերասանների՝ Արտաշես Սուքիասյանի, Գևորգ Չմշկյանի, Միհրդատ Ամերիկյանի և այլոց ձեռագրերով, իսկ Սունդուկյանը վրան կատարել է ուղղումներ։ Այդ ձեռագրերը վկայում են, որ նա հաճախ թելադրել է իր պիեսները՝ հնչեցնելով խոսքերը, մտածելով խոսքի հուզական-իմաստային երանգավորման մասին, մտավոր կերպով պատկերացնելով գործող անձանց շարժումը և իրավիճակների բեմական լուծումները։ Այս առանձնահատկությունն էլ հետագայում հեշտացրել է բեմադրական գործընթացը։ Սունդուկյանի համար գրելը և բեմադրելը նույն ստեղծագործական գործընթացի, կարծես, տարբեր փուլեր են։ Նա ոչ միայն գրող էր, այլև իր գործերի առաջին բեմադրիչը։ Հենրիկ Հովհաննիսյանը գրում է. «Երբ ավարտել է պիեսը, Սունդուկյանը վերածվել է բեմադրիչի. նա հետևել է ոչ միայն դերասանների խոսքին ու տոնին, այլև մանրամասնորեն գծագրել միզանսցենը, նշել մուտքերն ու անցումները, ճշգրտել գործողությունների ռիթմն ու խաղի բոլոր հանգույցները»[11]։ Այս դիտարկումը կարևոր է նրանով, որ ցույց է տալիս, որ Սունդուկյանը գրելիս մտածել է բեմի մասին։ Նրա համար պիեսը ոչ թե ինքնուրույն գրական տեքստ էր, այլ բեմի համար ստեղծված կենդանի նյութ։

Իր ստեղծագործությունների բեմադրությունները Ֆրանսիայում կազմակերպելու, հանրահռչակելու փորձի հետաքրքիր վկայություններ կան Գրականության և արվեստի թանգարանում։ Առանձնացնենք Սունդուկյանի նամակագրությունը Վիկտոր Հյուգոյի և Դյումա-որդու հետ։ Սունդուկյանը ֆրանսերեն թարգմանված պիեսը ուղարկել է Դյումա-որդուն, ով ծանոթացել է «Պեպոյին» և պատասխանել. «Պարոն. Ես հենց որ ստացա, կարդացի այն ձեռագիրը, որ Դուք պատիվ եք արել ինձ ուղարկելու։ <...> Չեմ կարծում, որ այն տիպարը, որ Դուք դուրս եք բերել, այն տեսակներից լինի, որ կարողանա հաջողություն ունենալ մեր ֆրանսիական բեմի վրա։ Մեր հասարակությունը, երբ աֆիշների վրա նկատում է մի օտար ծագում ունեցող, օտար վարք ու բարք նկարագրող պիես, այդպիսիներից միշտ սպասում է տարօրինակություն։ <...> Սա մի փափուկ ու նուրբ կերակուր է, որ կլինի մեր փարիզյան հանդիսականների զարգացած ախորժակի և փտած քիմքի համար անհամ ու անճաշակ»[12]։ Կուտուլիին ուղղված նամակից իմանում ենք, որ Սունդուկյանը խնդրում է Դյումայից ձեռագիրը վերցնել և հանձնել ֆրանսիացի թատերական քննադատ Ֆրանցիսկ Սարսեին՝ ոչ թե բեմադրության համար, այլ՝ քննադատի կարծիքը իմանալու։ Սունդուկյանը 1860-ական թթ. Հյուգոյին նամակ է գրել, ուղարկել է իր պիեսներից մեկը (հայտնի չէ որը), և ստացել է պատասխան.. «Ես բացակա էի, վերադարձիս գտա ձեր հիանալի նամակը։ Շտապում եմ ընդունելու Ձեր առաջարկը և Ձեզ ուղարկում եմ հաջողության բոլոր մաղթանքները։ Ընդունեցեք իմ բարձր զգացմունքների հավաստիքը։ Վիկտոր Հյուգո»։
1883 թվականին Օստրովսկին այցելել է Թիֆլիս։ Հայ և վրաց հասարակությունը մեծ ընդունելություն է ցուցաբերել։ Գրողն իր օրագրերում պատմել է կովկասյան ընդունելության մասին: Օստրովսկին ի թիվս տեղական այլ պիեսների, դիտել է և Սունդուկյանի «Գիշերվա սաբրը խեր է» վոդևիլը։ Նա հարգանքի մեծ զգացումով է լցվել Սունդուկյանի հանդեպ։ Սունդուկյանը Օստրովսկուն նվիրել է իր պիեսները, յուրաքանչյուրը մակագրված. «Ալեքսանդր Նիկոլաևիչ Օստրովսկուն՝ ի նշան խորին հարգանքի։ Գաբրիել Սունդուկյանց, 28 հոկտեմբերի, 1883 թվին, Թիֆլիս»։ Ռուս հեղինակն իր հերթին օրագրում նշում է. «Սունդուկյանցը բերեց իր երկերը հայերեն լեզվով»։ Սունդուկյանը «Պեպոյի» ռուսերեն թարգմանության առաջին օրինակը նույնպես հանձնել է Ա. Ն. Օստրովսկուն և արժանացել նրա հավանությանը։ Օստրովսկին Մոսկվա է տարել «Պեպոյի» ռուսերեն թարգմանությունը, այնտեղ Փոքր թատրոնում այն բեմադրելու համար։ Պավել Նիկոլաևիչին գրած նամակում Սունդուկյանը պատմում է Օստրովսկու հետ ծանոթության, վերջինիս կողմից թարգմանության մտադրության մասին։ Վերը նշված նամակի թարգմանությունը տպագրված է Երվանդ Շահազիզի «Գաբրիել Սունդուկյանց. Կենսագրական նյութեր» հոդվածում. «Ա. Ն.-ը իմանալով, որ ես ունեմ իմ Պեպո պիեսիս ռուսերեն ձեռագիր թարգմանությունը, յուր Թիֆլիզից Մոսկվա մեկնելուց առաջ՝ առավ այն ինձանից, խոստանալով աչքի անցկացնել, շտկել լեզուն, եթե հարկավոր լինի, և այնտեղ բեմադրել»[13]։ Այս դրվագի մասին հիշատակում է նաև Յուրի Վեսելովսկին՝ իր կատարած «Պեպոյի» ռուսերեն թարգմանության (տպագրված 1896 թ.) առաջաբանում։ Ցավոք, այդ մտադրությունը չի իրականանում, քանի որ Օստրովսկին հիվանդանում է և շուտով մահանում։ Վեսելովսկու նամակներից մեկից հայտնի է դառնում, որ ռուսերեն թարգմանված «Պեպոն» ռուս հասարակության մեջ ջերմ ընդունելության է արժանացել։ Իսկ մամուլում տպագրված հոդվածներից իմանում ենք, որ «Պեպոյի» ռուսական բեմադրությունը բացառիկ հաջողություն է ունեցել։
Պահպանվել է «Պեպո»-ի առաջին ներկայացման շքեղ աֆիշը, տպագրված մետաքսի վրա։ Այն փաստում է, որ ներկայացումը տեղի է ունեցել Թիֆլիսի քաղաքային թատրոնում՝ 1871 թ. ապրիլի 30-ին, ուրբաթ օրը։ Այդ ներկայացմանը առաջին անգամ բեմ են դուրս եկել նաև դերասանների ազգականները. Գևորգ Չմշկյանի խնդրանքով՝ օրիորդ Թագուհին (Կեկելի դերում), իսկ Պետրոս Ամերիկյանի խնդրանքով՝ նրա քույր Անայիսը (Եփեմիայի դերում)։
Ներկայացման դերաբաշխումն այսպիսին էր.
Արութին – Պ. Ամերիկյան
Եփեմիա – Տ. Անայիս
Պեպո – Պ. Չմշկյան
Շուշան – Ս. Արաղյանց
Կեկել – օր. Թագուհի
Գիքո – Պ. Միրաղյանց
Կակուլի – Պ. Արամյանց
Գիգոլի – Պ. Մանդակունի
Սամսոն – Պ. Տ. Ասատուրյան

Հետագա տարիներին «Պեպո»-ի գլխավոր դերերում լավագույն դերակատարներն են եղել Գևորգ Չմշկյանը (Պեպո), Գևորգ Տեր-Դավթյանը (Գիքո), Ամիրան Մանդինյանը (Կակուլի) և Սաթենիկ Չմշկյանը (Եփեմիա)։ Նրանք մասնակցել են նաև Սունդուկյանի գրական գործունեության քսանհինգամյակին նվիրված հանդիսավոր ներկայացմանը՝ 1888 թ. ապրիլի 30-ին։ Այդ առիթով դերասանները հեղինակին նվիրել են իրենց լուսանկարները՝ բեմական կերպարներով և յուրահատուկ ընծայականներով։ Օրինակ, Գեորգ Չմշկյանը գրել է. «Պեպոն՝ իր հեղինակին», իսկ Ամիրան Մանդինյանը՝ «Անմահ «Պեպոյի»-ի հեղինակին՝ իր Կակուլի Ամիրան Մանդինյանից»։
Ուշագրավ է «Պեպոյի» Գիքոյի վրաց դերակատար Կոնստանտին Ղիփիանիի ռուսերեն ինքնագիր շնորհավորանքը՝ իր և վրաց դերասանական խմբի անունից։ Դերասանը նշում է, որ վրաց թատրոնի պատմությունը կարելի է պայմանականորեն բաժանել երկու փուլերի։ Առաջինը վերաբերում է 1850-ականներին, երբ նրա գոյությունն ու զարգացումը պայմանավորված էր իշխ. Գեորգի Երիստովի և Զուրաբ Անտոնովի գործունեությամբ։ Հետագայում թատրոնը փակվել է և քսանհինգ տարի շարունակ մնացել լռության մեջ։ Երկրորդ փուլը սկսվել է Սունդուկյանի պիեսներով, որոնք նոր շունչ են հաղորդել վրաց բեմին և նպաստել նոր սերնդի դերասանների մասնագիտական ձևավորմանը։ Թատրոնի վերածնունդը տեսնում է Սունդուկյանի հայտնվելով, դրամատուրգի գործերի շնորհիվ, որոնք թատրոնին հաղորդել են կենսունակություն և ապահովել նրա հետագա զարգացումը։ Վրաց բեմի ներկայացուցիչները իրենց մասնագիտական ձևավորումը կապում էին հենց այդ պիեսների հետ։ Այսպիսով՝ Սունդուկյանը դարձել է ոչ միայն հայ, այլև վրաց թատրոնի պատմության առանցքային դեմքերից մեկը՝ արժանանալով համընդհանուր երախտագիտության։
Գրողի անհատական ֆոնդի հիման վրա Գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը խորհրդային տարիներին հրատարակել է գրողի երկերի ժողովածուն։
Գաբրիել Սունդուկյանը համախմբում է հայ գրականության և թատերական մշակույթի զարգացման մի ամբողջ դարաշրջան։ Սունդուկյանը կարողացավ գրական խոսքը վերածել բեմական իրականության՝ ստեղծելով կերպարներ, որոնց խոսքում և վարքագծում արտացոլված է ազգային մտածողությունը։
Գաբրիել Սունդուկյանի բազմաշերտ ժառանգությունը, որ պահվում է Գրականության և արվեստի թանգարանում, բացառիկ արժեք ունի թե՛ պատմական, թե՛ գրականագիտական, թե՛ թատերագիտական հետազոտությունների համար։ Այդ ժառանգության միջոցով բացվում է ոչ միայն հեղինակի ստեղծագործական ներաշխարհը, այլև XIX դարի հայ մշակույթի զարգացման ընդհանուր պատկերը։ Սունդուկյանը ոչ միայն կանգնած է ազգային պրոֆեսիոնալ թատրոնի ակունքներում, այլև իր մտածողությամբ և գործունեությամբ դարձել է նրա գեղագիտական համակարգի հիմնադիրներից մեկը։
Օտագործված աղբյուրներ
[1] Աբով Գ., Գաբրիել Սունդուկյան, Եր., Հայպետհրատ, 1953, էջ 20։
[2] Տե´ս, Հարությունյան Ս., Գաբրիել Սունդուկյան, Եր., «Հայաստան» հրատ., 1976, էջ 11-12։
[3] Տե´ս, Աբով Գ., նշվ. աշխ. էջ 27։
[4] Տե´ս, Շահազիզ Ե., Գաբրիել Սունդուկյան. Կենսագրական նյութեր, Երևան, «Տեղեկագիր ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտի», N 2, 1927, էջ 160։
[5] Աբով Գ., նշվ. աշխ., էջ 34։
[6] Սունդուկյան Գ., երկերի լիակատար ժողովածու, Եր, 1934, էջ 434։
[7] Նույն տեղում, էջ 434-435։
[8] Նույն տեղում, էջ 53-54։
[9] Նույն տեղում, էջ 44։
[10] Քալանթար Ա., Հանդիպումներ Գաբրիէլ Սունդուկեանի հետ, «Արոր», 1910, N 1, էջ 92-93։
[11] Հովհաննիսյան Հ., Հայ թատրոնի պատմություն. XIXդար, Եր.,«Նաիրի» հրատ., 2010, էջ 199։
[12] Ե. Շահազիզ, նշվ. աշխ., էջ156։
[13] Նույն տեղում, էջ143։