Սեղմիր
ԴՐԱՄԱՏՈւՐԳԻԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

ՔՆՆԱՐԿՈւՄ ԵՆՔ ՄԵՐ ԹԱՏԵՐԱԳՐՈւԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ

Հանրահայտ ճշմարտություն է՝ ժամանակակից թատրոնը առանց ժամանակակից երևույթներին արձագանքելու` այսօրվա հանդիսականին քիչ բան ունի ասելու: Անգամ դասական գլուխգործոցների նոր մեկնաբանումը, ռեժիսորական ու դերասանական հաղթանակները, ամենահաջողված բեմադրությունները կարող են ավելացնել մեր թատերական արվեստի փառքը, բայց երբեք չեն որոշում նրա ճակատագիրը։

Այսպես է եղել բոլոր ժողովուրդների, բոլոր ժամանակների թատերական մշակույթի պատմության մեջ: Նույնը՝ մեր հայրենական թատրոնի պատմության մեջ:

Կարո՞ղ էր արդյոք ռուս թատրոնը զարգանալ, ամրապնդվել ու համաշխարհային ճանաչում գտնել, եթե նրա զինանոցում չլինեին Ֆոնվիզինի, Գրիբոյեդովի, Սուխովո-Կոբիլինի, Օստրովսկու, Գոգոլի, Չեխովի և Գորկու ռեալիստական ստեղծագործությունները:

Մեր ազգային թատրոնի կյանքում նույն դերն են կատարել Սունդուկյանը, Շիրվանզադեն, Շանթը, Դեմիրճյանը: Նրանք ոչ միայն իրենց թատերգություններով հարստացրել են հայ թատրոնի խաղացանկը, ալյև ուղղակիորեն ազդել են ազգային թատերական մշակույթի զարգացման վրա, կազմավորել են նրա դեմքը, ճշտել և որոշակի դարձրել նրա նպատակը, նրա բովանդակությունը:

Կրկնենք ու դարձյալ կրկնենք՝ առանց ազգային, ինքնուրույն ժամանակակից դրամատուրգիայի չկա ազգային թատրոն:

Այսօր մեր հանրապետությունում գործում են 11 դրամատիկական թատրոններ, որոնց տարեկան նոր ներկայացումների քանակը հասնում է 60-ի: Ինչպես տեսնում ենք, լայն հնարավորություններ են տրված մեր դրամատուրգներին նոր գործերով հանդես գալու համար:

Իրոք, վերջին տարիներին մեր թատրոնների խաղացանկն ընդլայնվել է և թեմատիկայով համեմատաբար բազմազան ու հետաքրքիր է դարձել: Առանձնապես մեր թատրոնների խաղացանկը ժամանակակից ինքնուրույն, ինչպես և ռու-սական և եղբայրական հանրապետություններ դրամատուրգների գործերով հարստացավ հոբելյանական տարում:

Մեր թատերական կյանքում ուշագրավ երևույթ էր Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի հոբելյանական խաղացանկը: Այսօր այդ թատրոնը լուծված է համարում հանդիսական գրավելու խնդիրը։ Առանձնապես երկու ինքնուրույն՝ Ժ. Հարությունյանի «Ղազարը գնում է պատերազմ» և Ա. Պապայանի «Աշխարհը, այո՛, շուռ է եկել» պիեսների ներկայացումները իրենց վրա գրավեցին թատերական հասարակայնության ուշադրությունը:

Ժամանակակից թեմատիկայով քիչ թե շատ հաջողված ներկայացումներով հանդես եկան նաև մեր մյուս թատրոնները:

Սակայն, երբ մենք անհրաժեշտ պահանջկոտությամբ քննության ենք առնում մեր թատրոնների այսօրվա ընթացիկ խաղացանկը, այն, անկեղծ ասած, քննադատության չի դիմանում: Գորշությունը, միապաղաղությունը, սյուժեների կրկնությունը, կերպարների հոգեվիճակների պարզունակությունը դեռևս շարունակում են իշխել թատրոնների բեմերում:

Մեր թատրոնները նահանջել են իրենց նախկին գործուն դիրքերից, իջեցրել են իրենց պահանջները պիեսի գաղափարական ու գեղարվեստական որակի նկատմամբ: Սա է պատճառը, որ այսօր ընթացիկ խաղացանկում չկան մեր կյանքի կարևորագույն կողմերը ներկայացնող, հասարակական մեծ հնչողությամբ, խոշոր կտավի դրամատուրգիական ստեղծագործություններ: -mn Խաղացանկում զգալի է մանրաթեմայնությունը, իշխում են արտաքնապես միայն հետաքրքիր սյուժեները: Այս առումով աչքի են ընկնում հատկապես առօրյա խնդիրներին, մեր կյանքի ստվերոտ կողմերին նվիրված, այսպես կոչված, սատիրական ու ոչ սատիրական կատակերգությունները: Մանր ու մեծ գողություն, խաբեություն, դժբախտ ամուսնություն, վաղանցուկ սեր, բյուրոկրատ ու տգետ ղեկավար, քծնող ու բամբասող ենթակա և շատ ուրիշ բազմիցս կրկնված անհրապույր ու ձանձրալի երևույթներ, որոնք երբեք չեն կարող հոգեդաստիարակիչ դեր կատարել, չեն կարող իսկական մեծ կրքերի ու մտքերի դրամատուրգիայի նյութ դառնալ:

Վերջին տարիներին կատակերգություններ, վոդևիլներ մեզանում շատ են գրվել և խաղացվել: Եթե նախկինում հատկապես այս ժանրի գործերի թերություններից գլխավորը` անկոնֆլիկտայնությունն էր, ապա այժմ դա հաղթահարված է, բայց հիմա էլ գործուն է կեղծ, հնարովի կոնֆլիկտը: Նմանօրինակ կատակերգություններով առանձնապես հարուստ է Երաժշտական կոմեդիայի թատրոնի խաղացանկը: Այսօր սովետահայ դրաման դարձել է «չճարվող ապրանք», էլ չենք խոսում ժամանակակից ողբերգությունների մասին:

Դրամատուրգիայի ժանրային սահմանափակության պատճառով մեր թատրոնների ստեղծագործական կյանքն էլ է դարձել միագույն, միապաղաղ, միօրինակ:

Ինչու է այսքան մեծ, այսպես ասած, սատիրական կատակերգությունների քանակը: Դրանք հե՞շտ են դրվում, թե հեշտ են խաղացվում: Մեր թատրոնների պրակտիկան ցույց է տալիս, որ նման պիեսները գործում են թատրոնների` դրամարկղի օգտին, շատ ավելի մատչելի են, բեմադրվելու համար քիչ են դժվարություններ ստեղծում, որովհետև «սարքված են» արտաքին էֆեկտների վրա: Բայց մի՞թե մեր դրամատուրգիայի և թատրոնի ճանապարհը դա է:

Այո, այսօր սովետահայ դրամատուրգիան թատրոնին չի տալիս գաղափարական մեծ ընդհանրացումներով, հոգեբանական խոր հագեցվածությամբ, կարևոր խնդիրների նվիրված ստեղծագործություն, որը օժանդակեր ռեժիսորի, դերասանի արվեստի զարգացմանը, նրանց ստեղծագործական հնարավորությունների կատարելագործմանը:

Սկսում է օրինաչափ դառնալ այն, որ մեր մի շարք դրամատուրգներ բնական են համարում թատրոն տանել ոչ թե լիարժեք պիեսը, այլ նրա սխեման, պիեսն ավարտելու, ամբողջացնելու հոգսը թողնելով թատրոնին: Ուստի ռեժիսորներն ու դերասանները ջանք են թափում ոչ թե պիեսի բեմական մարմնավորման, այլ նորից գրելու կամ ավարտելու վրա: Դերակատարներն էլ, պիեսում դրամատուրգիական լիարժեք կերպարների չհանդիպելով, դրանք հարմարեցնում են իրենց, հեռանում հեղինակի մտահղացումից՝ իրենց նախասիրությունները, անձնական ցանկությունները թելադրելով դրամատուրգին: Այս պրակտիկան մեր դրամատուրգներին վարժեցնում է իրենց նկատմամբ անպահանջկոտության ու անպատասխանատվության արատավոր ոճին:

Իհարկե, թատրոնին կարող է հետաքրքրել նաև չավարտված գործը, եթե այն գրական լիարժեք նյութ է և բեմական ուշագրավ ստեղծագործություն դառնալու հույս է ներշնչում: Սովետահայ թատրոնի պատմությունը գիտի ուշագրավ շատ օրինակներ, երբ առաջին հայացքից անհետաքրքիր թվացող, գրական դրամատուրգիական թերություններ ունեցող գործի մեջ տաղանդավոր ռեժիսորը տեսել է այն առողջ հատիկը և այն հնարավորությունները, որոնք նրա վառ երևակայության օգնությամբ արժեքավոր ներկայացում ստեղծելու հիմք են դարձել:

Մեր թատրոնի անխոնջ մշակներ Լևոն Քալանթարը, Արմեն Գուլակյանը, Վարդան Աճեմյանը, տարբեր ժամանակներում համագործակցելով հեղինակների հետ, ստեղծել են ժամանակակից և պատմահեղափոխական թեմատիկայով գեղարվեստական ու գաղափարական բարձրարժեք բեմական ստեղծագործություններ: Հիշենք թեկուզ Դերենիկ Դեմիրճյանի, Վաղարշ Վաղարշյանի և ուրիշ հեղինակների դրամատուրգիայի բեմական պատմությունը:

Դեռ ոչ վաղ անցյալում մեր հանրապետության թատրոնները դրամատուրգների հետ աշխատելու հիանալի օրինակներ էին տալիս: Սունդուկյանի անվան թատրոնը իրար ետևից բեմադրեց Գ. Տեր-Գրիգորյանի «Վերջին մեխակներ», «Գարնան անձրև», Գ. Բորյանի «Նույն հարկի տակ», «Կամուրջի վրա», Ա. Արաքսմանյանի «Վարդեր և արյուն», «Քո սրտի կրակը», «60 տարի և 3 ժամ», Ժ. Հարությունյանի «Սրտի արատ», Պատանի հանդիսատեսի թատրոնը՝ «Գիշերային հրաշք», Մ. Շաթիրյանի «Երաժշտախումբ», Երաժշտական կոմեդիայի թատրոնը՝ Չարենցի «Կապկազ թամաշա» և ուրիշ պիեսներ: Այս ներկայացումները, որ ժամանակին միութենական և հանրապետական մրցանակների արժանացան, դրամատուրգների հետ մեր լավագույն ռեժիսորների համատեղ, բարեխիղճ աշխատանքի, ժամանակակից դրամատուրգիայի նկատմամբ ունեցած ազնիվ վերաբերմունքի վկայություններն էին:

Մեզ մոտ լավ ընդունելություն գտած մի քանի պիեսներ ներկայացվեցին միութենական թատրոնների ուշադրությանը: Մոսկվայի բեմերը բարձրացան Գ. Տեր-Գրիգորյանի, Գ. Բորյանի, Ա. Արաքսմանյանի, Ա. Վերդյանի, Գ. Յաղջյանի պիեսները, որոնց շնորհիվ մոսկովյան հանդիսականը այս կամ այն չափով պատկերացում կազմեց ժամանակակից հայ դրամատուրգիայի մասին:

Բայց հետո ինչ-որ թմրություն իջավ թատրոնների վրա: Անցել է մոտ մեկ տասնամյակ, և մեր պիեսներից ոչ մեկը, նույնիսկ ռուսերեն թարգմանվելուց և տարածվելուց հետո, չի հետաքրքրել Միության թատրոններից և ոչ մեկին: Միամտություն կլիներ կարծել, թե այս հարցում մեղավորը վերոհիշյալ թատրոններն են: Ոչ, պարզապես մեր թատրոնները սկսեցին նեղացնել «իրենց» դրամատուրգների շրջանակը, հույսերը սկսեցին դնել առանձին հեղինակությունների վրա: Ինքնաապահովագրումը թատրոններին և, հատկապես, մեր ակադեմիականին, հասցրեց այն բանին, որ նրանք, մեղքը գցելով ուրիշների վրա, շարունակեցին ձեռքերը ծալած սպասել, թե որևէ տեղից լույս աշխարհ կգա մի լավ պիես, կմատուցվի իրենց, և իրենք էլ առոք-փառոք կբեմադրեն: Բայց այդպես շատ քիչ է լինում: Գրեթե չի լինում:

Սունդուկյանի անվան թատրոնում երկար տարիներ անշարժ մնացել են մեր անվանի գրողներ Գ. Մահարու «Մարդը՝ մարդուն», Ս. Կապուտիկյանի «Կռունկ, ուստի՞ կուգաս», Ա. Սահինյանի «Սարդը» դրամաները: Այս գործերը, չնայած իրենց դրամատուրգիական անավարտությանը, ուշագրավ, արդիական հնչողություն ունեցող, կենսական կոնֆլիկտով հետաքրքիր և ինքնատիպ գործեր են, որոնք գուցե հենց այս արժանիքների պատճառով էլ բախտ չունեցան բեմ ելնելու:

Որքան կշահեին թատրոնն ու հանդիսականը և որքան կհարստանար մեր ժամանակակից դրամատուրգիան, եթե մեր այս և ուրիշ անվանի գրողներ մուտք գործեին թատրոն: Մեր կարծիքով, այսօր էլ ուշ չէ, և Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը՝ հայ դրամատուրգիայի այդ բեմական դարբնոցը, կարող է և պետք է անդրադառնա վերը հիշված դրամաների բեմադրության հարցին:

Սունդուկյանի անվան թատրոնին պետք է որ հետաքրքրեր նաև Գ. Յաղջյանի «Մարդն իր հետ»՝ մարդու քաղաքացիական ազնվության, նրա բարոյական պայքարի խնդիրներն արծարծող դրաման, որի մեջ զգացվում է նաև դրամատուրգիական նոր ձևերի, սյուժետային կառուցվածքի նոր սկզբունքների որոնումը: Այս պիեսի պաթոսը մարդասիրության գեղեցիկ գաղափարի հաստատումն է:

Թող անսպասելի չթվա, եթե ասենք, որ Գ. Տեր-Գրիգորյանի «Մեռնող ֆլորան» նույնպես անուշադրության մատնվեց, պիեսը բեմադրվեց ի միջի այլոց, անկիրք և այդպես էլ իր արժանիքների համաձայն չհնչեց և իր դերը չկատարեց: Թատրոնը չկարողացավ գնահատել այս ինքնատիպ պամֆլետ–կատակերգությունը, չհասկանալով, որ նրա արտաքին պայմանական շղարշի տակ մի իրական կյանք է պատկերված՝ իր հակասություններով:

Երիտասարդ արձակագիրներ Զ. Խալափյանը և Կ. Սիմոնյանը ևս իրենց ուժերը փորձեցին դրամատուրգիայում, սակայն միայն Արվեստի վարչության «վարչական» հովանավորումը շատ քիչ եղավ և չապահովեց նրանց դրամատուրգիական հետագա աճը:

Դրամատուրգիայում լուրջ հայտեր են ներկայացրել ավելի տարեց և ավելի փորձված արձակագիրներ Զ. Դարյանը, Մ. Արմենը, Խ. Գյուլնազարյանը: Սունդուկյանի և Պարոնյանի անվան թատրոնները աշխատում են այս հեղինակների հետ: Բարեխիղճ և ստեղծագործական համատեղ աշխատանքը, համոզված ենք, կտա իր դրական արդյունքը, և արդի հայ դրամատուրգիան կհարստանա նոր անուններով:

Մեր հեղինակների պահանջները Սունդուկյանի անվան թատրոնից մեծ են և հիմնավոր: Այսօր գուցե և ոչ մի թատրոն այնքան հնարավորություններ չունի ժամանակակից հեղինակի հետ աշխատելու, որքան մեր ակադեմիականը:

Մի երկու խոսք մեր մանկապատանեկան դրամատուրգիայի մասին:

Հայտնի է, թե թատրոնը երեխաների էսթետիկական դաստիարակության գործում` ինչպիսի կարևոր դեր ունի: Մեծ է նրա ներգործության ուժը: Ուստի և նույնքան մեծ, պատվավոր ու շնորհակալ պարտականություններ են դրվում մանկապատանեկան դրամատուրգիայով զբաղվող գրողների վրա:

Պատանիների համար պիեսներ են գրել Գ. Յաղջյանը, Մ. Շաթիրյանը, Ա. Շահինյանը և ուրիշներ: Ինքնուրույն ուշագրավ մանկական պիեսներ են` բեմադրվել Երևանի և Լենինականի տիկնիկային թատրոններում: Տիկնիկային պիեսներ ստեղծելու գործում հմտացել են Ա. Արաքսմանյանը, Վ. Վարդանյանը, Ա. Դարբնին:

Սակայն մանկապատանեկան թատրոնների խաղացանկում շարունակում են զգալի տեղ գրավել նաև այնպիսի գործեր, որոնք լի են ինքնանպատակ հնարանքներով, դատարկ սրախոսություններով: Թատրոնները խստապահանջ չեն մանկագիրների նկատմամբ և դեռևս ամեն ինչ չեն անում բեմադրվող պիեսների դաստիարակչական իմաստը բացահայտելու, երեխայի համար ուսանելի, բոլոր կողմերով օրինակելի հերոսներ ստեղծելու համար: Բազմաթիվ պիեսներում ու ներկայացումներում առաջին պլանի վրա են բացասական գործող անձինք՝ չար, ծույլ (անգամ գող) երեխաներ, անտարբեր ծնողներ, բյուրոկրատ դասատուներ: Մանկական դրամատուրգիայի ուշադրությունից դուրս է մնացել նաև աշխատանքային դաստիարակության թեման:

Թերևս ոչ մի բան այնպես ամուր չի դրոշմվում երեխայի հիշողության մեջ, ինչպես բեմից ասված խոսքը, բեմում ներկայացված գործողությունը: Ուստի պետք է զգուշությամբ մոտենալ մանուկ հանդիսականին ցույց տրվելիք ներկայացման ընտրությանը:

Խոսենք նաև մեր հարյուրավոր ինքնագործ թատերական խմբերի, ժողովրդական թատրոնների համար ստեղծվող դրամատուրգիայի մասին:

Ոչ հեռու անցյալում այս բնագավառում վիճակը միանգամայն անմխիթար էր: Ինքնագործ թատերախմբերի խաղացանկը լցված էր պարզունակ, կիսագրագետ պիես-շարադրանքներով: Այստեղ ընդունվում և բեմադրվում էին գրականության հետ ոչ մի կապ չունեցող մարդկանց գործեր, և այդ ամենը արդարացվում էր այն պատճառաբանությամբ, թե իբր ինքնագործ արվեստի համար պիեսներ կարող են գրել ինքնուս մարդիկ: Վերջին տարիներին հիմնովին վերակառուցված է ինքնագործունեության խաղացանկը: Ինքնագործունեության համար պիեսներ են գրում արդեն մեր պրոֆեսիոնալ հեղինակները:

Չնայած որոշակի հաջողություններին, այնուամենայնիվ, այս բնագավառում ևս դրամատուրգիան դեռ պահանջվող մակարդակի վրա չէ: Փոքրածավալ պիեսներ գրելուց, չգիտես ինչու, խուսափում են մեր անվանի գրողներից շատերը: «Պատի թերթ», «Տնամերձ այգի» հաջողված պիեսների հեղինակ Ն. Զարյանը վաղուց է, ինչ «խռովել է» այդ ժանրից: Բայց հիշենք, թե Չեխովը, Գոգոլը, Սունդուկյանը, Դեմիրճյանը ինչ բարձր արվեստով են գրել մեկ գործողությամբ պիեսներ, և այդ փոքր գործերը խաղալու ինչ մեծ հնարավորություն են տալիս: Եվ ահա մեր պրոֆեսիոնալ գրողների գործն անում են ուրիշները, այսինքն՝ ստեղծվում են երկեր, որ նվիրված են առօրյա մանր-մունր երևույթների և գեղարվեստական արժեք չունեն:

Թատերական խաղացանկի մշակումը, կազմակերպումը և իրականացումը ստեղծագործական լուրջ և տքնաջան աշխատանք է պահանջում: Այդ խաղացանկը ինքնուրույն ժամանակակից դրամատիկական երկերով ապահովելը, ինչ խոսք, մեկ մարդու կամ մեկ թատերահանդիսատեսային կազմակերպության գործ չէ, ինչպես և վեր է անգամ բոլոր թատրոնների ուժերից ու հնարավորություններից:

Արդի ինքնուրույն դրամատուրգիայի ոչ բարվոք վիճակի համար պատասխանատու են առաջին հերթին իրենք՝ գրողները: Նրանք դեռևս կապված չեն թատրոնի ամենօրյա կենդանի կյանքին: Ավելին, մեր արձակագիրներից շատերի մտքով էլ չի անցնում մոտենալ դրամատուրգիայի ժանրին: Իրենց հերթին, մեր թատրոններն էլ նույն անտարբերությամբ են վերաբերում նրանց: Իսկ ինչքան հետաքրքիր մտահղացումներ կարող են ծնվել թատրոնների և գրողների համատեղ աշխատանքից:

22.11.2025  03:47

ԱՐՏԱՇԵՍ Բաբայան

Նյութի աղբյուրը՝ Սովետական Արվեստ , 1968 թ. N 3

318 հոգի