09.11. 2025 23:39
Օրեր առաջ համացանցում հաճախ կարելի էր հանդիպել երկրի առաջատար թատերական օջախներից մեկի՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի Գյումրվա հյուրախաղերի բուռն արձգանքն արձանագրող տեսանյութերի: Խոսքը ‹‹Լակոտը›› և ‹‹Մարդը ափի մեջ›› մրցանակակիր ներկայացումների մասին է: Երկուսի վերաբերյալ էլ մասնագիտական կարծիք հայտնելու թատերախոսական առիթներ բարեբախտաբար ունեցել ենք: Վերը նշվածներից պոետիկ թատրոնի նմուշ հանդիսացող ներկայացմանը վերբերող ծավալուն վերլուծությունը եզրափակել էինք այն համոզմամբ, որ ‹‹Մարդը ափի մեջ›› բեմադրությունը պետք է սփյուռքի տարբեր համայնքներով շրջի՝ ելնելով Հայստան - Սփյուռք կապերի ամրապնդման ազգանպաստ ռազմավարությունից:

Եվ կյանքը ցույց տվեց, որ մեր դիտարկումն անտեղի չէր. տվյալ ներկայացումը սփյուռքահայ հանդիսատեսի կողմից մեծ ցնծությամբ էր ընդունվել: Այս ներկայացումը պակաս ոգևորությամբ չընդունվեց նաև արդեն երրորդ տարին Հայաստանի Թատերական գործիչների միության և Ամո Խարազյանի անվան Արտաշատի պետական դրամատիկական թատրոնի նախաձեռնությամբ անցկացվող Արտաշատի հանրապետական թատերական փառատոնի ընթացքում: Թատերական կարևորագույն մի միջոցառում, որի առաջնահերթ նպատակը մայրաքաղաքում գեներացվող երկրի մշակութային կենտրոնաձգությունը թոթափելն է: Խթանելը մշակութային ապակենտրոնացումը, որպեսզի մարզում բնակվող հավանական ապագա թատերական գործիչ երեխաներն ու երիտասարդները նույնպես հնարավորություն ունենան առնչվելու բարձրարվեստ թատերական ստեղծագործություններին:

Ստանան տեսլական չափանիշ, որը դեպի բարդ մասնագիտություն տանող ճանապարհին, նրանց անընդհատաբար մոտիվացնող գործոնն է լինելու: Հիրավի քիչ չեն դեպքերը, երբ ականավոր թատերական գործիչների մասնագիտական ընտրության հարցում թատերական գործիչների հետ հանդիպումը կամ էլ որևէ ներկայացման ազդեցիկ դրվագն է եղել շարժառիթը: Եվ ավելի քան վստահ ենք, որ տարիների ընթացքում այս թատերական փառատոնի արդյունքում էլ կլինեն նման օրինակներ: Փառատոնի օգտակարության մեկ այլ դրսևորումներից է նաև Արտաշատի թատրոնի խաղացանկի բազմազանությանը նպաստելը, ինչը թատրոնի տնօրեն՝ Կամո Նաղդալյանի անշրջելի առաջնահերթություններից մեկն է: Բացատրենք, թե ինչպես:

Գաղտնիք չէ, որ մայրաքաղաքային և մարզային թատրոններին ընդունելով իրենց հյուրընկալ հարկի տակ՝ նեղ շրջանակով մասնագիտական քննարկումների առիթ էլ են ունենում: Այս քննարկումների ընթացքում են, որ սաղմանվորվում ու ձևավորվում են ապագա համատեղ ծրագրերն ու հրավիրյալ ռեժիսորների գործունեության հնարավորությունները: Այսինքն, փառատոնի ընթացքում ստեղծվում է անուղղակի նպաստավոր հարթակ, որի շնորհիվ Արտաշատի թատրոնի դերասանները հնարավորություն են ստանում, պատկերավոր ասած՝ մասնագիտական ‹‹արյան փոխներարկման›› գործընթացում ներգրավվելու: Ասել է թե՝ մասնագիտական «կենսանյութը» թարմացնել տարատեսակ գեղագիտություններ կրող ռեժիսորների աշխատանքային մեթոդների հետ անմիջականորեն առնչվելով, դա իրենց զգայական փորձառության շերտերում ներդնելով և այդ կերպ իրենց արտահայտչական բազան է՛լ ավելի բովանդակալից դարձնելով:

Թատրոնի տնօրենի այս հեռատես մոտեցման ուղղակի արդյունքն է դառնում դերասանների խաղային որակի նկատելի աճը: Օրինակ՝ նախկինում Գավառի թատրոնում հանդես եկող և արդեն մի քանի տարի Արտաշատի թատրոն տեղափոխված Լաուրա Ստեփանյանի պարագայում տեսանելի է խաղաձևերի համադրման հարցում տարեց տարի վերջինիս ավելի անկաշկանդ դառնալը: Նույնիսկ հուզամտածական հակամիասնականություն մատուցելուց չերկնչելը: Դիցուք՝ փառատոնի ընթացքում Սաթէ Խաչատրյանի բեմադրած ‹‹Մանուշյան›› ներկայացման ընթացքում դերասանուհին Օլգայի կերպարին օժտում է փոխհակասող վարքաձևերով:

Խոսքի հնչերանգներում միաժամանակ առաջ է բերում և՛ կտտանքների վարպետներից վախվորածության, և՛ ֆաշիզմին դիմադրող շարժումի անհանդուրժողականության հուզերանգները: Այս փոխհակասական գործընթացներն են, որ նրանում գոյավորում են ներքին կոնֆլիկտ ասվածն ու կերպարը զերծ պահում միագիծ լինելուց: Նույն ներկայացման մեջ ոչ պակաս վառ օրինակ է Հայկ Սարգսյանի բեմական ինքնազգացողությունը, որն առանց երկնչելու կարելի է դերասանական հայտնություն համարել:

Մանուշյանի դերակատարման ընթացքում նա հաջողացնում է համոզիչ լինել, թե՛ բանաստեղծին բնորոշ ռոմանտիկ - լիրիկական լալագինության ինտոնացիաներում, թե՛ ողբերգական գիտակցումը հուշող մենախցային մոնոլոգում, թե՛ այս երկուսի համաձուլվածք հեղափոխական պաթոսում և թե՛ օրիորդ Ասատուրյանին մարդակուլ համակարգից փրկելուն միտված ինքնախոստովանականը գոռալու դրվագում: Ըստ էության քմահաճ արտահայտչաձև ձայնի բարձր ու կիսաբարձր տոներում, որոնք կարողանում է հատու կերպով լարված երկխոսության համապատասխան բնույթի գագաթնակետ և հանգուցալուծում դարձնել: Այդպիսով, ապացուցում է, որ բավարար չափով տիրապետում է տարբեր գաղափարահուզական դրություններում էկլեկտիկայի գիրկը չընկնելու և համարժեք բարոյահոգեբանական ռեգիստրներ առաջադրելու տեխնիկային:

Հարկավ, բերված դերակատարողական օրինակները փաստում են, որ փառատոնն իրապես հեռանկարային է, բազմակողմանիորեն արդյունավետ: Այն, հանդիսատեսի՝ էսթետիկական կողմոնորշումներում չմոլորվելուն աջակցելուց բացի, խթանում է նաև թատրոնի ստեղծագործական որոնումները, իրատեսական դարձնում այդ գործընթացների կենսունականությունը: Եվ իհարկե, այս հանգամանքների առկայությամբ ամեն հաջորդ տարվա փառատոնին կարծես անհերքելի դարձնում այս թատերական միջոցառման տևական լինելու անհրաժեշտությունը: