Ո՞րն է արվեստի ուժի չափման միավորը: Թերևս, կենսունակությունը: Որքան էլ, որ տեխնոլոգիական զարգացվածությունը կատարողական արվեստում շլացուցիչ է լինում, միևնույն է՝ այն էսթետիկական հույզի մակարդակում է մնում: Չի՛ ներքաշում քեզ ապրիօրի ապրումների հողմապտույտի մեջ, քանի որ այդտեղ չես նշմարում տարատեսակ զգացմունքներիցդ որևիցե մեկի պարզորոշ զուգահեռը: Ուրեմն ազդեցությունն էլ դրա, մեծ ցանկության դեպքում անգամ չի՛ կարող տևական լինել:

Հանդիսատեսային ինքնազգացողությունը քննող այս մտածումների ճշմարտացիության ապացույցը վերստին դարձավ «Հայ ֆեստ» փառատոնի ընթացքում ներկայացված «Ստվերների պարը» մեդիա ջրային ներկայացումը: Նորարարական տեխնոլոգիաների շնորհիվ ջրալույսից կերտված զույգի լակոնիկ - աբստրակտ պարը, որն ինչ-որ պահի զարմացնում է, նույնիսկ ստիպում մտածել մարդկային երևակայության դեռևս չբացահայտված հնարավորությունների մասին: Բայց այդ ամենի ներազեցությունը գրեթե առոչինչ է դառնում, երբ նկատում ես ջրալուսե պարին անշեղորեն հետևող անծանոթուհու պատկերը: Պլաստիկական վճիռ, որին պայմանականորեն «համակ ուշադրություն» կարելի կոչել: Մեջքով է շրջված, դեմքը չես տեսնում, բայց իր փոխարեն մեջքի ձգվածությունն ու մարտկան կեցվածք հուշող ձեռքի լարվածքն են խոսում: Կենսագրություն ակնարկող մի ամբողղջ հոգեվիճակ, գուցե և հոգեկան գործընթաց է առջևումդ, որը կրկին վերահաստատում է, որ տեխնոլոգիան հպանցիկ հմայանք է, մարդն ու մարդկայինը՝ ակամայից մնայուն...
16.10.2025