Սեղմիր
ԷՍՍԵ

10.10.2025  00:15

Ես մի աններելի բացթողում ունեի՝ չէի նայել իմ շա՜տ սիրելի Նարինե Գրիգորյանի` «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը։ Սեպտեմբերի 27-ի երեկոյան ես որոշեցի գնալ թատրոն։ Այդ օրն ամենախորհրդանշական օրն էր «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» ներկայացումը նայելու համար։ Սեպտեմբերի 27-ը 2020-ի մեր պատերազմի օրն էր, հինգերորդ տարին՝ պատերազմից հետո՝ դեռևս բազում մտահոգություններով, անհանգստություններով, անորոշություններով։

Գիտեի, որ Նարինեի ներկայացումը մեր առաջին պատերազմի (և այս փոքրիկ հողն ու այս փոքր ժողովուրդը համարակալված պատերազմներ ունի) օրերի մասին է, Նարինեի անձնական պատմությունն Է, բայց և պատկերացնում էի, որ Նարինե Գրիգորյան տաղանդավոր մարդու, նրա թատերական տաղանդի մեկնությամբ այն չի կարող միայն Նարինեի անձնական պատմությունը լինել, և վստահ էի, որ այն պատմություն է մեր ապրածի, մեր զգացածի, մեր ձեռք բերածի ու մեր կորցրածի մասին։

Եվ չսխալվեցի։

Նարինե Գրիգորյանն իր ողջ տաղանդով՝ թեթևությամբ, իր ապրումների ու զգացողությունների բյուրեղությամբ, իր ապրածի անկեղծությամբ ու շիտակությամբ, իր անսակարկ նվիրումով արվեստին, իր ապրած օրերին ու ժամերին, ամուր բռնեց հանդիսատեսի ձեռքն ու գնաց, խորացավ այն ժամանակի մեջ, երբ պատերազմը, դաժան պատերազմը՝ որպես առաջին պատերազմ, մեր տանն էր, Արցախում էր, Հայաստանում էր, երբ այդ պատերազմի հաղթանակներն ու պարտությունները մերն էին, երբ պարտության ցավն ու կսկիծը, հաղթանակի ցնծությունն ու ուրախությունը մերն էին։

Նարինե Գրիգորյանի սերունդն այն սերունդն էր, որ մեծանում էր այդ պատերազմի մեջ, մեծանում էր օրով, ժամով, վայրկյանով, մեծանում էր իր վախերով ու անհանգստություններով, իր կորուստներով ու ձեռք բերածով, իր հպարտությամբ ու ճակատագրի իր բաժին ժամանակով։ Հասունանում էր՝ մեծանալով իր մանկության մեջ, իր մանկության անհոգության մեջ, թերևս, երբեմն, թերևս, անտեղյակ աշխարհի անցուդարձից, երբեմն այն զգալով իր բնազդներով, իր հարազատի, իր սիրելիի տխրությամբ, իր հարևանի անթարթ հայացքի խորքի վախով, իր ծնողի լռության մեջ ու ցավի, և հասունանում էր իր խորը զգացողություններով, իր անջնջելի նստվածքներով, իր չխամրող հիշողություններով։

Նարինե Գրիգորյանը՝ ամենապարզ, ամենամաքուր, ամենաանպաճույճ իր մոտեցումներով, առանց շքեղությունների ու ռեժիսորական տարատեսակ լուծումների, առանց ձևի ու կաղապարի՝ իր դերասանական բացառիկ վարպետության, պատումի իր անկեղծության, նույնիսկ՝ իր ձայնի անկեղծության շնորհիվ, մանկությունից եկող իր ներսի ձայների շնորհիվ, մանկության իր մաքուր հիշողությունների, ապրումների շնորհիվ մի ողջ դերասանախմբի, մի ողջ մեծ թատրոնի ուժով «խաղում» էր իր ժամանակը։ «Խաղում» էր մի քիչ ժպիտով, մի քիչ թախիծով, մի քիչ ծիծաղով։ Եվ ծիծաղի ու լացի, ուժի ու անուժության, անցյալի ու ներկայի այդ հուժկու խառնուրդում, այդ հուժկու հրավառության մեջ Նարինե Գրիգորյանը երևակում էր մի ողջ ժողովրդի պայքար, որը չի կարող անդարձ կորչել ժամանակ հոլովույթում։

Նարինեն «խաղում» էր իր ժամանակը, որը նաև մերն էր, մեր ժամանակը, բոլորիս ժամանակը։

Նարինեն ապրում էր իր ապրածը, իմ, քո, շատերի, հազարավորների ապրածը, ապրում էր՝ թողնելով ուղերձներ, հույսեր, ապագայի տեսլականներ, անցյալի հուշեր։

Նարինեն «խաղում» էր ու ես հիշում էի 89-ի փետրվարի իմ մեկնումը Արցախ, Ստեփանակերտի օդանավակայանում բուն դրած ռուս-ադրբեջանական տանդեմ զինվորականներին, օմօնականներին, նրանց թշնամական հայացքները, հիշում էի այն ուղղաթիռը, որով Հայաստան էի գալիս՝ դիակների հետ, մարդկանց, որոնք իրենց կյանքն էին տվել հայրենիքին, հիշում էի իմ երեխաների ցրտից սառչող ձեռքերը, հագուստների կույտը, հիշում էի երեք վերմակը, որի տակ մտնում էի գիշերները, երբ կեսգիշերն անց վերադառնում էի տուն աշխատանքից։

Նարինեն այդ մասին էր «խաղում»։

Ինչպե՞ս էր Նարինե Գրիգորյանն այդպիսի ընդհանրացումներ արել մոնոներկայացմամբ, ինչպե՞ս էր ժամանակի այդ խտացումին հասել, ինչպե՞ս էր իր մեղմ, հանդարտ, ժպիտով, պարզ, անպաթոս խոսքով խոսել շա՜տ մեծ բաների՝ հայրենիքի, նվիրումի, սիրո, անդավաճանության, ընտանիքի, փոխհարաբերությունների, հայրերի ու դուստրերի, մայրերի ու տատիկ-պապիկների, հարազատության ու, ընդհանրապես, կյանքի մասին, պատերազմով ապրվող կյանքի մասին, միայն Նարինե Գրիգորյան մեծ արտիստին, ռեժիսորին, մարդուն է հասու։

ԱՐԱՅԻԿ Մանուկյան

999 հոգի