Սեղմիր
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

30.08.2025  07:07

ՀԹԸ (ՀԹԳՄ) - 85

Հայ թատերական արվեստի պատմության մեջ մեծ է թատերական, գեղարվեստական, բարեգործական և այլ ընկերությունների, միությունների դերը, որոնք դեռ 1860-ական թվականներից հայաբնակ մշակութային կենտրոններում կարգավորել և ղեկավարել են թատերական կյանքը։ Ընկերություններ են գործել Կ. Պոլսում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում (Գյումրի), Երևանում, Նոր Նախիջևանում, Բաքվում, Թեհրանում, Նոր Ջուղայում, Ախլցխայում, Կահիրեում, Նյու Յորքում և այլ քաղաքներում[1]: Թվում է, նման ընկերությունների կարիքը եղել է, քանի որ պետական հոգածության տակ չեն գտնվել թատրոնները և կառավարելու խնդիր են ունեցել։ Բայց փաստերը ցույց են տալիս, որ նման ընկերությունները ծավալուն աշխատանք են տարել նաև այն շրջանում, երբ թատրոնները ունեին պետական կարգավիճակ։ Այս տարի լրանում է Հայկական թատերական ընկերության(ՀԹԸ) 85-ամյակը, և սա լավ առիթ է խոսելու նրա ստեղծման և անցած ուղու մասին։

Գուրգեն Ջանիբեկյան

Հայկական թատերական ընկերությունը, որն ավելի ուշ վերանվանվել է Հայաստանի թատերական գործիչների միություն (ՀԹԳՄ), հիմնադրվել է 1940 թվականին Գուրգեն Ջանիբեկյանի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով կազմակերպել թատերական գործընթացները և խթանել ստեղծագործական ուժերի գործունեությունը։

ՀԹԳՄ ձևավորման գաղափարը ծնվել է 1939 թվականին, երբ Հայկական արվեստի տասնօրյակի նախապատրաստման օրերին Գուրգեն Ջանիբեկյանն ու թատերական քննադատ Իոհան Ալտմանը հանդիպել և զրույցներ են ունեցել թատերարվեստի հարցերի շուրջ։ Նման կազմակերպություն ունենալու միտքը ոգևորել է սունդուկյանցիներին։ Ջանիբեկյանի գլխավորությամբ ստեղծվել է կազմակերպչական հարցերով զբաղվող մի խումբ, որի կազմում եղել են Հայկանուշ Դանիելյանը, Արուս Ոսկանյանը, Հասմիկը, Միքայել Մանվելյանը, Գրիգոր Ավետյանը, Վաղարշ Վաղարշյանը, Հրաչյա Ներսիսյանը, Օլգա Գուլազյանը։ Նրանք դիմել են Համառուսաստանյան թատերական ընկերությանը և Հայաստանի կառավարությանը՝ ընկերություն կազմակերպելու թույլտվություն ստանալու համար։

Աննա-Մելիքի հուշերից իմանում ենք, թե ինչ նպատակներ և խնդիրներ են դրել իրենց առջև կազմակերպիչները.

«1. Համախմբել սովետական թատրոնի ստեղծագործական աշխատողներին:

2. Թատերական ընկերության անդամներին պրակտիկ աջակցություն ցույց տալ կոնֆերանսների, բանավեճերի, ցուցահանդեսների, կոնսուլտացիաների, մրցույթների միջոցով:

3. Հաստատել կուլտուրական կապեր ու ստեղծագործական փորձի փոխանակում միութենական հանրապետությունների արվեստի վարպետների հետ:

4. Օժանդակել գիտահետազոտական աշխատանքներ վարող հիմնարկ-ձեռնարկներին՝ սովետական թատրոնի տեսական պրոբլեմների մշակման խնդրում։

5. Ամեն կերպ օժանդակել թատերական ինքնագործունեության զարգացմանը և բարգավաճմանը:

6. Ունենալ սեփական ներկայացուցչություն կառավարական հիմնարկներում և սովետական թատրոնին վերաբերող հասարակական կազմակերպություններում»[2]:

ՀԹԸ անդամ կամ թեկնածու կարող էին լինել. «դրամայի, օպերայի, երաժշտական կոմեդիայի, բալետի դերասանները, բալետմեյստերները, դիրիժորները, ռեժիսորները, նվագախմբի սոլիստները, դրամատուրգները, քննադատները, թատերագետները, թատրոնների դիրեկտորները, գեղարվեստական ղեկավարները»[3]։ ՀԹԸ անդամ և թեկնածու պետք է ընդուներ ՀԹԸ վարչության նախագահությունը՝ տեղական բաժանմունքի որոշման կամ ընդհանուր ժողովի հիման վրա։ Ջանիբեկյանը իր «Հայաստանի Թատերական Ընկերությունը» հոդվածում[4] նշում է անհրաժեշտ սեկցիաները՝ դերասանական, ռեժիսորական, քննադատների և թատերագետների, բալետի, ասմունքի: Հստակ է եղել նաև նախատեսվող բաժինները (կաբինետները).

1. Հայ թատրոնի պատմությունն ուսումնասիրող կաբինետ:

2. Կոլիոզ-սովխոզային թատրոններն և թատերական ինքնագործունեությունը ուսումնասիրողների կաբինետ:

3. Ռուսական թատրոնն ուսումնասիրող կաբինետ:

4. Արևմտա-եվրոպական թատրոնն ուսումնասիրող կաբինետ:

5. Եղբայրական հանրապետությունների թատրոններն ուսումնասիրող կաբինետ:

Նշված դիմումը ստորագրել են՝  Գրիգոր Ավետյանը, Հասմիկը, Թաթիկ Սարյանը, Վահան Դասոյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Արուս Ոսկանյանը, Վաղարշ Վաղարշյանը, Միքայել Մանվելյանը, Վավիկ Վարդանյանը, Վարդան Աճեմյանը, Հրաչյա Ներսիսյանը:

1940-ի ապրիլի 10-ին ՀՀ Ժողկոմխորհի Արվեստի գործերի վարչության հրամանով հիմնվել է ընկերությունը, որն Ռուսաստանից հետո Խորհրդային Միությունում եղել է երկրորդը։ ՀԹԸ Նախագահության կազմում են եղել  Հ. Դանիելյանը, Ա. Ոսկանյանը, Վ. Վաղարշյանը, Ա. Գուլակյանը, Ս. Մելիքսեթյանը, Կ. Մինասյանը, նախագահը՝ Գ. Ջանիբեկյանը։

Տիգրան Շամիրխանյան

Ստեղծման առաջին տարիներին ընկերությունը գործել է համեստ պայմաններում, չի ունեցել իր սեփական շենքը (բազմաթիվ դժվարություններից հետո Ջանիբեկյանին հաջողվել է ստանալ ժողկոմսովետի շենքը), սակայն կարճ ժամանակ անց կարողացել է դառնալ հայ թատերական կյանքի կենտրոնական օղակը։ Կառույցի կայացման տարիները համընկել են Հայրենական պատերազմի հետ։ Թատերական ընկերության նախաձեռնությամբ ձևավորվել են տասնյակ արտիստական խմբեր, որոնք համերգ-ներկայացումներով մեկնել են զինվորական և գյուղական համայնքներ։ Թիկունքում մնացած թատերարվեստի գործիչները գործնականում դարձել են մշակութային ճակատի մարտիկներ։ Թատրոններում բեմադրվել են հայրենասիրական և հերոսական թեմաներով գործեր։

Գուրգեն Ջանիբեկյանի շնորհիվ ՀԹԸ-ն դարձել է համակարգող կառույց։ Այն իր գոյության սկզբից ի վեր ոչ միայն ստեղծագործական, այլև կազմակերպական առաքելություն է ստանձնել։ Նրա շուրջ համախմբված թատերական գործիչները մշակութային քաղաքականության ձևավորման վրա ունեցել են նշանակալի ազդեցություն։ Անընդմեջ են եղել քննարկումները դերասանական արվեստի, խաղի տեսական հիմնախնդիրների, խոսքի և մարմնի մշակույթի ձևավորման հարցերի շուրջ։ Ջանիբեկյանը առանձնակի կարևորել է թատրոններում բեմանկարիչների և կոմպոզիտորների ստեղծագործական ներգրավվածության անհրաժեշտությունը՝ դիտարկելով այն որպես բեմարվեստի ամբողջականության ապահովման նախապայման։ Չեն անտեսվել թատերական գործընթացում երիտասարդների պատրաստման ծրագրերը։

Կազմակերպվել են նաև ներկայացումների շուրջ զեկուցումներ և քննարկումներ։ Այսպես, օրինակ, զեկուցումներ են կարդացել Հ. Գյուլիքևխյանը և Ս. Հարությունյանը  «Պատվի համար» և «Խաթաբալա» ներկայացումների մասին, կազմակերպվել են արվեստագետների ստեղծագործական երեկոներ, հուշ-երեկոներ: Արուս Ոսկանյանը Երևանի և շրջանային թատրոնների համար բազմաթիվ զեկուցումներ է կարդացել բեմական խոսքի մշակույթի մասին, Գարեգին Լևոնյանը՝ թատրոնը հին Հայաստանում թեմայով, Վահրամ Թերզիբաշյանը ներկայացրել է արևմտահայ բեմի պատմության առանձին դրվագներ: Քննարկումներ են եղել դրամատուրգների նոր երկերի շուրջ (Եկատերինա Բահաթուրի «Սմբատ Առաջին» պատմական դրաման, Արմեն Արմենյանի, ըստ Րաֆֆու վեպի, «Դավիթ բեկ» բեմավորումը, Հայկ Բեյլերյանի «Հազարան բլբուլը», Ա. Արաքսմանյանի «Արծվիկը», Ն. Մուրադյանի «Հանճարեղ սիրտը»։)։ Հետաքրքիր փորձ է եղել կազմակերպել Օլգա Գուլազյանի հուշերի ձեռագրի ընթերցումը: Մոսկվայից հրավիրվել են տարբեր մասնագետներ՝ արվեստի և տեսության հարցերի շուրջ քննարկումներ ունենալու համար, մեծ տեղ է տրվել և փորձի փոխանակամանը։ Աննա-Մելիքը հիշում է Արշակ Բուրջալյանի բեմադրած «Համլետի» շուրջ քննարկումներն ու մոսկովյան արտիստների հետ հանդիպումները. «Ընկերության կազմակերպած քննարկումներից ու հանդիպումներից ամենամեծ տպավորությունը ես ստացել եմ նախ 1942 թվականի մայիսին կազմակերպված «Համլետ» ներկայացման դիսպուտից և ապա Մոսկվայի գեղարվեստական ու փոքր թատրոնների մի խումբ վարպետների հետ ունեցած հանդիպման երեկոներից։ «Համլետ»-ի շուրջը վիճաբանությունը տևեց երկու երեկո և ըստ էության չավարտվեց։ Քանի որ ոչ բոլոր ցանկացողները կարողացան ելույթ ունենալ»[5]: Այս հուշագրությունից կարող ենք ենթադրել, որ որոշ ներկայացումների քննարկումներ տևել են մի քանի օր։ Այս տարիներին որպես զեկուցողներ և ներկայացում քննարկողներ ՀԹԸ-ի հյուրն են եղել Մ. Տարխանովը, Ա. Ֆևրալսկին, Գ. Չախիրյանը, Ս. Մելիք-Զախարովը, Մ. Գրիգորևը, Ա. Ջիվելեգովը, Մ. Մորոզովը, Գ. Գոյանը, Յու. Յուզովսկին, է. Վիլենսկին...

Վավիկ Վարդանյան

Մեծ ուշադրություն են դարձրել, որպեսզի թատրոններում լինեն դասական դրամատուրգիայի նոր բեմադրություններ, ինչպես նաև ժամանակակից գրողների ստեղծագործություններ։ Ընկերությունը հետևողականորեն ձգտել է համադրել ազգային գեղարվեստական ավանդույթները ժամանակակից փորձառության հետ՝ դրանով իսկ ձևավորելով հայ բեմարվեստի նոր որակ։

ՀԹԸ գործունեության կարևոր ուղղություններից է եղել հայ թատերական ժառանգության պահպանումն ու ուսումնասիրությունը։ Իր ելույթներից մեկում, հրատապ հարցերի շարքում Գուրգեն Ջանիբեկյանը շեշտում է, որ իրենց արժանի տեղը զբաղեցրած արտիստների վերաբերյալ մինչ այժմ բացակայում են գիտական ուսումնասիրությունները։ Նա թատերագետներից պահանջում է հետևողականորեն իրականացնել այնպիսի հետազոտություններ, որոնք կիմաստավորեն և կարժևորեն հայ թատրոնի անցյալը և ներկան[6]։ Նմանատիպ ելույթները չեն մնացել անհետևանք. հետագա տարիներին ՀԹԳՄ-ի նախաձեռնությամբ հրատարակվել է հայ բեմարվեստի երախտավորներին նվիրված «Սովետահայ բեմի վարպետներ» շարքը։ Այդ գրքաշարը ներառել է երեք տասնյակից ավելի ուսումնասիրություններ, որոնց թվում են՝ Ռ. Զարյանի «Հասմիկ», Վ. Թերզիբաշյանի «Ժասմեն», Դ. Դզնունու «Համբարձում Խաչանյան», Ա. Հունանյանի «Ալեքսանդր Աբարյան», Ա. Բարսեղյանի «Արտավազդ Փաշայան», Ռ. Մադոյանի «Արծրունի Հարությունյան», Վ. Վարդանյանի «Գուրգեն Գաբրիելյան», Գ. Ստեփանյանի «Մկրտիչ Ջանան», Խ. Ավագյանի «Թադևոս Սարյան», Ս. Հարությունյանի «Հրաչյա Ներսիսյան», Լ. Սամվելյան «Լևոն Քալանթար», Ալ. Արաքսմանյան «Արուս Ասրյան», Պահարե «Ստեփան Քափանակյան» և այլ աշխատություններ։ Հրատարակվել են դերասանների հուշագրությունները։ Ընդհանուր առմամբ, հարյուրից ավելի անվանի արվեստագետների գործունեությունը արժանացել է անդրադարձի ՀԹԸ-ի կողմից հրատարակված գրքերում։

Կարևոր ենք համարում նաև այն փաստը, որ հենց այս տարիներին են սկսել լուսանկարվել ժամանակի ներկայացումները ( «Օթելլոն», «Երկիր հայրենին», «Մեծ բարեկամությունը»), որոնք համադրելով քննադատական հոդվածների հետ, պատկերացում ենք կազմում եղած բեմադրությունների մասին։

Վաղարշ Վաղարշյան

Մեծ նշանակություն է տրվել շրջանային թատրոնների գործունեությանը: Արխիվային փաստաթղթերում երևում է, որ Մոսկվայում ՀԹԸ հաշվետվությունը ներկայացնելիս, նախագահը հարց է բարձրացրել, որ շրջանային թատրոնները ունեն դերասանների պակաս։ Չնսեմացնելու համար թատրոնների արված աշխատանքը, նախագահը նշում է, որ դա ամենևին չի նշանակում, որ ներկայացումներն ունեն վատ որակ։ Նա շեշտում է, որ ՀԹԸ  ամեն ինչ անում է, որ շրջանային թատրոններում նույնպես կայանան քննարկումներ, զեկուցումներ, ստեղծագործական երեկոներ[7]։ Ուսումնասիրելով այս շրջանի պատմությունը տեսնում ենք, որ, իսկապես, Երևանի առաջատար դերասանները, ռեժիսորները, թատերագետներն ու քննադատները հաճախակի գործուղվել են շրջանային թատրոններ՝ ներկայացումներ դիտելու, զրույցներ անցկացնելու, զեկուցում կարդալու:

1944 թվականին, Համառուսական թատերական ընկերության հետ միասին, Շեքսպիրի ծննդյան 380-ամյակին նվիրված  շեքսպիրյան 6-րդ համամիութենական փառատոնը կազմակերպվել է Երևանում։

Հրաչյա Ղափլանյան

Շատ կարճ շրջանում թատերական ընկերությունը կարողացել է ստեղծել իր սեփական գրադարանը. «Գրքերի մեծ մասը մենք հավաքեցինք արվեստի աշխատողներից, իբրև նվիրատվություն։ Մյուս մասն սկսեցինք գնել բուկինիստական գրախանութից, հետագայում սկսեցինք ձրիաբար ստանալ Համառուսաստանյան թատերական ընկերության գրադարանից, որի վարիչն էր մեր սիրելի ընկեր Արտավազդ Աղանբեկյանը։ Կարճ ժամկետում հավաքվեց ավելի քան 1500 կտոր գիրք»[8]:

ՀԹԸ ստեղծումից ընդամենը մի քանի տարի անց, Գուրգեն Ջանիբեկյանի զեկույցներից պարզ է դառնում, որ ՀԹԸ-ն 1946 թ. ՍՍՌՄ ազգային թատրոնների կաբինետի լուծարումից հետո կանգնել է ֆինանսական դժվարությունների առջև։ Թատերական ընկերության համար տնտեսական բազա ստեղծելու համար Ջանիբեկյանը դիմում է վերադաս մարմիններին, որպեսզի թույլատրեն կազմակերպել տնտեսական միավորում, որի հասույթով ծավալեն ընկերության աշխատանքները։ Կառավարությունը թույլատրում է թատերական ընկերությանը կից բացել գեղարվեստական արտադրական կոմբինատ։ 1945 թ. բացվել է արտադրամասը, 1947-ից կարողացել է աշխատել իր ողջ ծավալով։ 1948 թվականին Հայակական թատերական ընկերությունը պետական միջոցներից այլևս ոչ մի ռուբլի չի ստացել։ Կոմբինատն ունեցել է. «պարիկների պատրաստման, արձանագործական, բուտաֆորական, կենդանագրական, բեմական ձևավորման, մետաքսագործվածքային, տրաֆարետային, դերձականոցի, ներկատան, հյուսնոցային և մի քանի մանր խառը ցեխեր, ինչպես օրինակ երաժշտական, լուսանկարչական, թանաքի պատրաստման և խաղալիքների։ Այս բոլոր ցեխերը հարմարեցված են այնպես, որ կարողանան օժանդակելու թե՛ թատրոնների և թե՛ լայն սպառման պահնջները»[9]։

Տարբեր հանրապետությունների թատերական ընկերությունների համագործակցության արդյունքում կազմակերպվել են ինչպես փառատոներ, այնպես էլ միացյալ հյուրախաղեր։ Նման նախաձեռնությունների անհրաժեշտության մասին վկայում է նաև 1946 թվականին Մոսկվայում ներկայացված զեկույցը, որտեղ օրինակ է հիշատակվում «Օթելլոյի» բեմադրությունը։ Պիեսը նույն ժամանակաշրջանում բեմադրվել է և՛ Թիֆլիսում, և՛ Երևանում։ Առաջադրվում է հարց՝ ինչու հանդիսատեսի դատին հյուրախաղերի միջոցով չներկայացնել այդ երկու տարբեր մեկնաբանությունները[10]։ Այս փորձն ու ավանդույթները հետագայում թույլ են տվել Հր. Ղափլանյանին ՀԹԳՄ-ին կից ստեղծել «Բարեկամություն» թատրոնը, որը իր տեսակի մեջ առաջինն էր ԽՍՀՄ-ում։ Թատրոնի ակտիվ գործունեության շնորհիվ Հայաստանի տարբեր քաղաքների հանդիսատեսներ ծանոթացել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելոռուսիայի, Լատվիայի, Էստոնիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Չեխոսլովակիայի մի շարք թատերական խմբերի արվեստին։ ՀԹԳՄ-ի ջանքերով 1967-ին հիմնադրվել է Երևանի Դրամատիկական թատրոնը, որը 1989-ից կրում է նրա հիմնադիր Հրաչյա Ղափլանյանի անունը։

Խորեն Աբրահամյան

Թատերական ընկերությունն իր վրա է վերցրել նաև հայ թատերարվեստի գործիչների «լքված» գերեզմանների խնամքի և պահպանության պարտականությունները։ 19-րդ դարի 80-90-ական թթ. առաջնուհի Ազնիվ Հրաչյան վախճանվել է 1919 թվականին և թաղվել Դիլիջանի գերեզմանատանը։ Հանգամանքների բերումով գերեզմանը չի ունեցել տապանաքար։ Դերասանուհու մահից մոտ քառասուն տարի անց՝ 1962 թվականին, ՀԹԸ նախաձեռնությամբ՝ ի հիշատակ դերասանուհու, շիրիմին դիմաքանդակ է դրվել։ Բախտիար Հովակիմյանը նշում է, որ նույն ջանքերրով վերականգնվել է 20-րդ դարի դերասանուհիներից Սաթենիկ Ադամյանի գերեզմանը Բաքվում։

1953-2006թթ. Հայաստանի թատերական ընկերության նախաձեռնությամբ ստեղծվել է «Թատերական Երևան» Երևանի թատրոնների շաբաթական ամփոփ ծրագիրը (խմբագիրներ՝ Լևոն Խալաթյան, Յաշա Չախոյան): Այստեղ տպագրել են մայրաքաղաքի թատրոնների ծրագրերը, թատրոնների և բեմարվեստի գործիչների հոբելյանական տարելիցների նյութեր, թատերական ընկերության և այլ օջախների ստեղծագործական միջոցառումների, մայրաքաղաքի և հանրապետության թատերական նորությունների մասին: «Թատերական Երևանը» ունեցել է նաև տեղեկատու բաժին և թատերասեր հասարակությանը ներկայացրել է թատրոնի գործիչներին նվիրված նոր մենագրությունները: Իբրև հավելված հայերեն և ռուսերեն լույս է ընծայել հյուրախաղերի ժամանած խմբերի ներկայացումների ծրագրերը: Տարիների ընթացքում ՀԹԳՄ-ն հաստատել է սերտ համագործակցություն սփյուռքահայ թատերական գործիչների հետ, որի արդյունքը հանդիսացել է 1991-ին Երևանում անցկացված Սփյուռքահայ թատրոնների փառատոնը, որին մասնակցություն են ցուցաբերել Թեհրանի, Բեյրութի, Հալեպի, Փարիզի, Լոս-Անջելեսի և այլ քաղաքների թատերական կոլեկտիվներ։ Թատերական ընկերության գործունեության ոլորտները տարիների ընթացքում ընդլայնվել են նոր փառատոներով՝ «Սյունիք 96», «Շիրակ 97», «Անտիկ աշխարհը և մենք» և այլ, որոնց մասնակցություն են ունեցել նաև Թբիլիսիի Ադամյանի անվան և Ստեփանակերտի Փափազյանի անվան թատրոնները, ինչպես նաև Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Կիևի և Ռուսթավիի մի շարք թատերական կազմակերպություններ[11]։

Երվանդ Ղազանչյան

1990-ական թվականներից ՀԹԸ-ի նախաձեռնությամբ թատերական մամուլը վերականգնելու փորձեր են եղել, որոնք տպվել են ընդամենը մի քանի համարներով: Դրանք են՝ 1990-1991թթ. «Բեմ» թատերական-վերլուծական, գրական, գեղարվեստական հանդեսը (խմբագիր՝ Անելկա Գրիգորյան), 1991 թվականին հրատարակված «Հուշարար» ամսաթերթը (խմբագիր՝ Գրիգոր Ջանիկյան) և 2008 թվականին տպագրված «Թատրոն» երկշաբաթերթը (խմբագիր՝ Սոնա Մելոյան):

2020 թվականից (2020–2024 թվականը ներառյալ կայքը գործել է ԿԳՄՍ ֆինանսական աջակացությամբ) թատերական մամուլին փոխարինելու է եկել «Թատերակետեր» թատերագիտական կայքը, որը Հայաստանի թատերական գործիչների միությունը հիմնադրել է թատերագետ Տիգրան Մարտիրոսյանի նախագծային առաջարկով։ Կայքն առայսօր իրականացնում է թե՛ մշակութային ժառանգության պահպանման, թե՛ կրթական, թե՛ հայ թատերագիտական մտքի միջազգայնացման (կայքը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն), և թե՛ հայրենի թատերագիտության շտեմարան ստեծելու ու աստիճանաբար այն հարստացնելու ծրագրերը:

1996 թվականից թատերական գործիչների ստեղծագործական նվաճումները գնահատվում են «Արտավազդ» մրցանակի միջոցով (մարտի 27-ին՝ թատրոնի միջազգային օրը), որը շնորհվում է մի շարք անվանակարգերում՝ ընդգրկելով լավագույն դերակատարություններ, բեմադրություններ, ձևավորումներ, թատերախոսականներ

2003-ից սկսել է անցկացվել Արմ-Մոնո մոնոներկայացումների ամենամյա միջազգային փառատոնը՝ ընդգրկելով ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կատարողներ։ Ներկայումս փառատոնի տնօրենն է Մարիաննա Մխիթարյանը։ 2006 թվականից սկսել է անցկացվել Երիտասարդ ռեժիսորների հանրապետական փառատոնը, որի տնօրենն է եղել Սոնա Մելոյանը։ ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է Երևանի շեքսպիրյան միջազգային փառատոնը, որի ներկայիս տնօրենն է Կարո Բալյանը։

Միության ղեկավարներն են եղել Գուրգեն Ջանիբեկյանը (1940-1949), Տիգրան Շամիրխանյանը (1949-1952), Վավիկ Վարդանյանը (1952-1955 1959-1965), Վաղարշ Վաղարշյանը (1955-1959), Հրաչյա Ղափլանյանը (1965 - 1988), Խորեն Աբրահամյանը (1989 - 1995), Երվանդ Ղազանչյանը (1995 - 2007): 2007թ.-ից ցայսօր ՀԹԳՄ նախագահն է Հակոբ Ղազանչյանը:

Հակոբ Ղազանչյան

Ընկերության հիմնական նպատակը եղել է թատրոնների կայացմանը, նրա ստեղծագործական չափանիշների և կազմակերպական համակարգի ձևավորմանը նպաստելը։ Ընկերության գործունեությունը պետք է դիտել ոչ միայն մասնագիտական, այլև հասարակական-մշակութային երևույթ՝ ուղղված հայ թատրոնի ինստիտուցիոնալ զարգացմանը։  

Միավորելով դերասաններին, ռեժիսորներին, դրամատուրգներին և այլ մասնագետների, համակարգելով թատերական գործընթացները, խթանելով երիտասարդ սերնդի մասնագիտական պատրաստումը, կազմակերպելով ներկայացումների քննարկումներ, գիտաժողովներ ու հուշ-երեկոներ, հրատարակելով գիտական ուսումնասիրություններ և հուշագրություններ, ՀԹԳՄ-ի 85-ամյա գործունեությունը թողել է ինքնին մեծ ժառանգություն, որն արժանի է ուսումնասիրության։

Օգտագործված աղբյուրներ

[1] Տե´ս, Бахтиар Овакимян., 120 летие армянского театрального общества, Ереван -1984․

[2] Գուրգեն Ջանիբեկյան,(Ժողովածու-ալբոմ),Երևան, ՀԹԸ, էջ 265։

[3] Նույն տեղում։

[4] Տե´ս, Ջանիբեկյան Գ., Հայաստանի Թատերական Ընկերությունը, Գրական թերթ, 1940, 10 հունիսի, N 16։

[5] Գուրգեն Ջանիբեկյան,(Ժողովածու-ալբոմ), Երևան, ՀԹԸ, էջ 271։

[6] Տես, ԳԱԹ, Գ. Ջանիբեկյանի ֆոնդ, N69։

[7] Տես, ԳԱԹ, Գ. Ջանիբեկյանի ֆոնդ, N71, էջ 3։

[8] Նույն տեղում, էջ 272։

[9] ԳԱԹ, Գ. Ջանիբեկյանի ֆոնդ, N73։

[10] Տես, ԳԱԹ, Գ. Ջանիբեկյանի ֆոնդ, N71, էջ 8։

[11] Տես, Հովակիմյան Բ., Թատերական օրացույց 2010, Երևան, Լիմուշ, 2010, էջ 30:

ՆԱԻՐԱ Շահվալադյան

1866 հոգի