Սեղմիր
ԷՍՍԵ

21.11.2020    01:17

1943թ  Ֆրանսիացի փիլիսոփա, գրող Ժան Պոլ Սարտրը հեղինակեց իր «Փակ դռների ետևում» (Դռնփակ) հայտնի պիեսներից մեկը, որում ներկայացրել է իր պատկերացրած դժոխքը: Ըստ նրա`դժոխքը դա առանց պատուհանների մի սենյակ է՝ երեք աթոռ և մի դուռ: Եվ այսպես, սպասավորի ուղեկցությամբ ներս են մտնում հերոսները, նրանք երեքն էլ արատավորներ են, որի պատճառով էլ հայտնվում են այս սենյակում, երեքն ել տարբեր պատկերացում ունեն դժոխքի մասին: Բայց քիչ հետո գիտակցում են, որ չի լինելու ոչ մի ֆիզիկական տանջանք: Եվ դա նրանց թեկուզ կարճ ժամանակով՝ փրկության մի փոքր հույս է տալիս, կարճատև հուսադրում, քանի որ դաժան իրականությունը երկար սպասեցնում: Իրական դժոխքը սկսվում է այն ժամանակ, երբ նրանք գիտակցում են, որ երբեք իրար չեն կարող հասկանալ, որ ամեն մեկը «կախված» է մյուսից, ու այդ փակ եռանկյունին սկիզբ է տալիս մտքի դժոխքին, որը շատ ավելի դաժան է ու սարսափելի ա՛յն ամենից, ի՛նչ նրանք սպասում էին: Ներկայացման հանգուցալուծմանը հասնելիս նրանց մարդկային կերպարներն աստիճանաբար վերափոխվում են գիշատիչների ու սկսում են ֆիզիկական տանջանքներ աղերսել:

 Իտալական «ԻնկոնտրոՎերսո» (InControVerso/Իտալիա) ընկերությունը "The Others"-անվանմանբ իր ներկայացման համար յուրահատուկ առարկայական միջավայր էր ստացել: Եթե Սարտրի մոտ գործողությունը կատարվում էր ճաշասենյակում, ապա այստեղ բեմի դեկորացիան ուներ դժոխային տրամադրություն` սև վարագույրներ, երկաթյա աթոռներ և դարպասներ: Հետաքրքիրն այն էր, որ բեմը բաժանված էր երկու հարկի. առաջին հարկում տեղի էր ունենում նրանց դժոխային կյանքը, իսկ երկրորդում՝ հերոսները տեսնում էին հատվածներ իրենց երկնային կյանքից: Ներկայացման սկսվելուն պես սպասավորը ներս է հրավիրում առաջին ուղեկցին:

  Ժոզեֆ Գարսենը` լրագրող հրատարակիչ է: Հենց սկզբից նա երևում է ուժեղ, վստահ, վեհ սկզբունքների տեր մարդ, սակայն ընթացքում բարձրացնում է իր վախկոտ դեմքը և ասես ջայլամի նման նորից թաքցնում այն դիմակի տակ: Ողջ կյանքը տանջել է իր կնոջն այն  պատճառով, որ վերջինս անմոռաց սիրել ու նվիրվել է իրեն: Եվ իր «ուժեղ» մարդ լինելու պայքարը շարունակվում է անգամ դժոխքում: Ու միայն այստեղ է նա սկսում գիտակցել, թե ինքն ով է և ինչ սարսափելիի արարքներ է գործել իր կնոջ նկատմամբ: Թեպետ, հետադարձ ճանապարհ չկա: Ամբողջ ներկայացման ընթացքում նա ապարդյուն ձգտում է ձեռք բերել Ինեսի վստահությունը և հարգանքը` հիմարաբար կարծելով, որ այսպիսով կփրկվի:

Ինես Սեռանոն՝ տղամարդկային պահվածքով քառասունամյա տիպիկ լեսբուհի է՝ խելացի, դաժան ու ցինիկ կին: Իր բեմական ողջ ներկայությամբ ատում է Գարսենին, ամեն ձևով գրեթե հավասարը հավասարի պայքարում ու պատերազմում նրա դեմ: Այն տեսակ չարագործներից է, ովքեր ներթափանցելով մարդու ներաշխարհ և կառավարելով նրա գործողությունները՝ հասնում են իրենց դժոխային նպատակին: Այդպես և փորձառու լեսբուհին գայթակղել է եղբոր կնոջը, որի հետ էլ միասին սպանել են եղբորը: Այնուհետև բեմում գտնվողներին է «միանում» Ժոզեֆը` բառերի կտրատ հնչողությամբ, ինչը խոսքը միատոն է դարձնում, որը անբնական էր թվում և դրանով նվազեցնում ուշադրությունը իր կերպարի հանդեպ: Միակ կերպարն է՝ նայում է իրականությանը սթափ և պնդում է, որ մյուսներն էլ հետևեն իր օրինակին: Լինելով մերժված Էստել Ռիգոյի կողմից, նա ժամանակ առ ժամանակ կորցնում է ինքնատիրապետումը, տուրք տալիս հիստերիային, որի համար ցավոք գերխաղային արտահայտչաձեր էին ընտրվել:

 Էստել Ռիգոն՝ ըստ էության, այս անդուռ եռանկյունին փակողն է: Ֆրանսիացի բարձրաշխարհիկ ձևամոլ և թեթևամիտ կին է: Սարսափահար, թե իրեն ինչ է սպասվում դժոխքում, խորամանկորեն փորձում է թաքցնել իր հանցանքը ուրախ և երջանիկ դիմակի տակ: Անմիջապես ձգտում է դեպի Գարսենը` չպատկերացնելով, որ Ինեսի ներկայությամբ դա անհնարին է: Էստելը դարձել է ասես խաղալիք երկու երեխաների միջև, որոնք քաշքշելով իրար մեջ քիչ-քիչ պատառոտում են նրա «շորերը»: Կրքերը մե՛կ թեժանում են, մե՛կ` հանդարտվում: Իրավիճակի պրկումը անսպասելիորեն վերածվում է պարային մարտի, որտեղ եռանկյունաձև շղթան կարծես թե ուր որ է կքանդվի, բայց ոչ… Վերջնարդյունքում երեք կերպարները  գալիս են մի եզրահանգման. իրենք մեկը մյուսի համար հատուկ են ընտրված և այս մտավոր դժոխքին վերջ չի լինելու: Եթե անգամ ներկայացման վերջում պայմանական դուռն անսպասելիորեն բացվում է, ապա նրանք քարացած մնում են իրենց տեղերում՝ գերադասելով մեկը մյուսին և իրենց դժոխքը: Տարօրինակ չէ. երբ մարդը գիտակցում է, որ իր ապրած կյանքում չի կարողացել հասնել ազատության, այդ պահից դժոխքի վանդակադռան սռնիները լինելության էկզիստենցիալ բացվածքն են համերգում:

ԱՇՈՏ Մարաբյան

769 հոգի