Սեղմիր
ԴՐԱՄԱՏՈւՐԳԻԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

27.07.2025  23:19

Մենադրաման թատերա-գրական ձև է: Մինչև 1986 թվականը հայալեզու գրականագիտական բառարաններում չկար «մենադրամա» (մոնոդրամա) եզրույթի մեկնաբանությունը. 1986-ին լույս տեսած «Թատերագիտական բառարանում» անվանի թատերագետ Լևոն Հախվերդյանը գրել է. «ՄԵՆԱԴՐԱՄԱ -  մոնոդրամա (hուն. Monos-մենակ և drama-դրամա բառերից): Թատերագրության ժանր՝ պիես-մենախոսություն: (Ընդգծումը մերն է – Է. Զ.): Կատարում է մեկ դերասան, որ անձնավորում է պիեսի միակ գործող անձին[1]…»: Անգամ Պատրիս Պավիի հայտնի «Թատրոնի բառարան»[2]-ում «մենադրամա» եզրույթը տեղ չի գտել, սակայն հանգամանորեն մեկնաբանվել է «մենախոսությունը», որը բազմաթիվ տարրերով կապակցված է մենադրամայի հետ:


[1] Հախվերդյան Լ., Թատերագիտական բառարան, Երևան, Հայաստան, 1986, էջ 127:

[2] Пави П., Словарь театра, Москва, ПРОГРЕСС, 1991, 522 с.


Հաշվի առնելով գրական երեք սեռերի և նրանց ժանրերի հատկանիշները` կարող ենք փաստել, որ մենադրամայի համար «ժանր» եզրույթը` որպես ստեղծագործության տեսակ, սահմանափակ է, նեղ և գիտականորեն չհիմնավորված: Ինչու՞ չի կարող մենադրաման տեղավորվել «ժանր» հասկացության մեջ. որովհետև ժանրը ենթադրում է կոնկրետություն անգամ ժանրային փոխներթափանցումների դեպքում: Չէ՞ որ մենադրաման կարող է լինել մելոդրամատիկական, աբսուրդի, կատակերգական, դոկումենտալ և այլ ենթաժանրերով, ուստի հիմնավորված չէ այն ժանր համարելը:

Մենադրաման ժանր անվանելու օրինակներ կարելի է գտնել ոչ միայն արտասահմանյան[3], այլ նաև հայ գրականագիտական հոդվածներում. «Մոնոդրամայի ժանրի պիեսները հիմնականում խոսքային կառույցներ են և բնական է, որ դրամատիզմը ասելիքի տիրույթում է հասունանում: Ուստի պատահական չէ, որ գործողությունը այս ժանրի դրամաներում բացակայում է[4]…» (Ընդգծումը մերն է – Է. Զ.):   «Ընդհանրապես մոնոդրաման այսօր հաճախ հանդիպող և արձակին ավելի մոտ ժանր է[5]…» (Ընդգծումը մերն է – Է. Զ.):


3. Bortnik Zh.., Суб’єктна організація сучасної монодрами як основний носій жанру, Studia Ucrainica Varsoviensia 5, № 5 (2017): 127–130. 

4. Ավանեսյան Ա., «Արդի հայ դրամատուրգիան (1991-2008 թթ)», Երևան, Գրական էտալոն, 2011, էջ 22:

5. Տե՛ս Քալանթարյան Ժ., Խոհեր արդի դրամատուրգիայի շուրջ/ tatron-drama.am/archives/5440


Մեր հեղինակած «Դրամայի տեսություն» մեթոդական ուղեցույցում մենադրամայի բնորոշման համար օգտագործվել է «ժանրատեսակ» բառը, որով նկատի ենք ունեցել ժանրային «տեսականին», ենթաժանրերը կամ որևէ (ենթա)ժանրային պատկանելությունը, ապա շարունակել, որ մենադրաման «կարող է գրվել ցանկացած ժանրով կամ ենթաժանրով[6]»: Սակայն, այնուամենայնիվ, վերոնշյալ բառից խուսափելը նախընտրելի կլիներ:


6. Տե՛ս Զոհրաբյան Է., Դրամայի տեսություն, Երևան, Էդիթ պրինտ, 2025, էջ 61:


Հետևապես, մենադրաման գեղարվեստական կամ թատերա-գրական ձև է, որը կարող է գրվել տարբեր ժանրատեսակներով: Մենադրամայի ձևային-կառուցվածքային  հատկանիշ է համարվում նաև մեկ գործող անձ ունենալը պիեսում, այնինչ ժանրը, որպես այդպիսին, նման առանձնահատկության պահանջ չունի: Մենադրաման, պատկերավոր ասած, տարան է, ոչ թե պարունակությունը: Մենադրամայի մյուս առանձնահատկությունն այն է, թե ինչպե՞ս  է պատմությունը մատուցվում (դիտարկվում է որպես կառուցվածքային միավոր, ձև), ոչ թե ինչպիսի՞ պատմություն է (ժանր):

Մենադրաման նաև երաժշտադրամատիկական երկ է, որը նվագախմբի կամ գործիքային անսամբլի նվագակցությամբ, երբեմն նաև երգչախմբի մասնակցությամբ ներկայացնում է մենակատարը: Մենադրաման Եվրոպայում ձևավորվել է 18-րդ դարի կեսերին Ժան-Ժակ Ռուսոյի ստեղծագործության մեջ (օրինակ՝ «Պիգմալիոն», 1770)։ Դրա հետագա զարգացումը նշանավորվել է օպերային արվեստի հետ սերտացմամբ։ Մենակատարի դերերգը մենադրամայում հաճախ լինում է կամ մելոդեկլամացիա կամ մելոդիզացված ռեչիտատիվ։ 19-20-րդ դարերում այս ժանրին պատկանող նշանակալի ստեղծագործություններից են Էկտոր Բեռլիոզի «Լելիո կամ Վերադարձ դեպի կյանքը» (1831), Առնոլդ Շյոնբերգի «Սպասում» օպերան (1909)  և այլն։

Հեղինակները, երբեմն ստեղծագործական-«գրականագիտական» մոտեցում դրսևորելով, կարող են իրենց գործերն անվանել տարբեր եզրույթներով, որոնք դառնում են ոչ մնայուն կամ գիտականորեն չհաստատված: Օրինակ՝ մալազիացի հեղինակ Աբդուլ Սամադ Սաիդն իր «Լազրի Մեոն» վերնագրով մենադրաման կոչել է «դեկոն»[7]՝ որպես «պիես-դեկլամացիա»:


7 Кукушкина Е. С., Монодрама в национальной драматургии Малайзии: ретроспектива возникновения жанра, Litera, 2022,  № 9, DOI: 10.25136/2409-8698.2022.9.38753, ст. 19-32.


Եվրոպայում ձևավորվեց 18-րդ դարում, իսկ ակունքները ձգվում են մինչև անտիկ շրջան՝ մինչ էսքիլոսյան ողբերգությունը (Ֆրինիխ): Առաջին  օրինակները կարելի է գտնել հունական դրամատուրգիայում Պիսիստրատի օրոք։ Դիմակն ու հագուստը փոխելով՝ մեկ դերասանը  մարմնավորում էր տարբեր դերեր՝ ընդմիջմանը հանդես գալով երգչախմբի առջև: Չունենալով ժանրային հստակ հատկանիշներ՝ այն չձևավորվեց որպես առանձին ենթաժանրային միավոր: Մենադրամայում կարևորություն ունի հատկապես ներքին գործողությունը, իսկ արտաքին գործողությունները միշտ չէ, որ ակտիվ են: Առաջին մելոդրաման՝ Ժան ժակ Ռուսսոյի «Պիգմալիոնը» (1762), օպերայի համար գրված էր մենադրամայի տեսքով, իսկ խոսքային տարբերակով առաջին օրինակներից է Ֆրենք Սեյերի՝ դիցաբանական թեմայով գրված «Պանդորա» (1790) մենադրաման:  19-րդ դարում բեմահարթակներից ընթերցվել են մեկ կամ մի քանի գործող անձանցով տեքստեր, սակայն հազվադեպ են դա կոչել մենադրամա[8]: 20-րդ դարի գրականագիտության մեջ այն անվանվել է նաև դրամատիկական մենախոսություն:


8. Տե՛ս www.cambridge.org/core


Մենադրամայում, որը հիմնականում մեկ գործողությամբ է լինում, կոնֆլիկտի դրսևորման ձևերն այլ են, քան թատերագրական (ենթա)ժանրերում, իսկ դրամատիկական գործողությունը զարգանում է այն սյուժեում, որը հիմնված է գործող անձի ներքին ձգտման վրա՝ իրականացնել որոշակի մտադրություններ: Ինքն իրեն կամ ուրիշին բարձրաձայն դիմելու միջոցով հերոսը ձգտում է նաև օբյեկտիվացնել իր ապրումները: Գործող անձը կարող է հակամարտության մեջ լինել ինքն իր կամ շրջապատող աշխարհի հետ և հաճախ ինքնաքննության, հետահայացության համատեքստում կարող են բախման մեջ մտնել իր նախկին ու ներկայիս ես-երը, որոնց միջև անդունդներ կամ աշխարհայացքի կտրուկ  փոփոխություններ են լինում (օրինակ՝ Ս. Բեքեթի «Քրափի վերջին ձայներիզը» պիեսում ներքին կոնֆլիկտ կա ծերացող և երիտասարդ Քրափների միջև. երկփեղկված են հակասական երկու ես-երը): Ի տարբերություն բազմակի կերպարներով և փոխհարաբերություններով ավանդական պիեսների՝ մենադրամայում ավելի կարևորված են գործող անձի հոգեբանական, զգացմունքային տիրույթները և ներքին շարժերը: Հերոսի ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է իր ներաշխարհի վրա. մենախոսության միջոցով նա ստեղծում է այլ իրականություն՝ որպես սեփական «այլակերպ գոյության» իրականացման տարածք (օրինակ՝ Ն. Կոլյադա - «Ի ծնե նշանը»):

Մենադրաման զերծ չէ էպիկականությունից, որովհետև հերոսը  երբեմն կարող է  ավելի շատ պատմել, քան գործել: Կերպարի խոսքն իմաստային առումով ավելի է հարստացնում խորհրդանիշերի, այլաբանության ու փոխաբերության կիրառումը:

Մինչև 20-րդ դարավերջ  գերակշռել է «անխառն» պիեսների թիվը, որտեղ փորձ է արվել պահել թատերագրության ժանրային կամ ենթաժանրային սկզբունքները, թեև, այնուամենայնիվ, այլ ժանրատեսակներից տարրեր առկա են գրեթե բոլոր թատերգություններում, օրինակ՝ Սեմյուել Բեքեթի «Երջանիկ օրերը», որն առանց հիմնավորման երբեմն անվանում են են «մենադրամա»[9]:


9. Տե՛ս www.dhakatribune.com/showtime


21-րդ դարասկզբի համաշխարհային դրամատուրգիայում (ներառյալ 2025 թվականը)  ամենավառ կերպով են դրսևորվել  ժանրային ու ենթաժանրային փոխներթափանցումները՝ գրեթե բոլոր պիեսներում պայմանավորելով հիբրիդայնություն: Օրինակ՝ ռուս արդի դերասան-դրամատուրգներից Եվգենիյ Գրիշկովեցի մենադրամաներում  «հատուկ ուշադրություն է դարձվել գեղարվեստական մենադրամատիկ կառուցվածքին՝ քնարականի և էպիկականի համադրմանը, ինքնավերլուծությանը, քրոնոտոպին, մենահերոսին և միջտեքստային երկխոսությանը[10]»: Մենադրամայում կարող է ի հայտ գալ նաև «գիտակցության հոսք»:


10. Веснік БДУ, Монодрама в творчестве Е. Гришковца, сер. 4. 2009, № 3, ст. 26.


Կան պիեսներ, որտեղ մեծ մասամբ խոսում է մեկ գործող անձը՝ ստանալով մի քանի հակիրճ ռեպլիկներ, մինչդեռ, այնուամենայնիվ, նման պիեսները չեն կարող կոչվել մենադրամա (Ս. Բեքեթի «Երջանիկ օրերում» Ուիլլին ունի մի քանի կարճ պատասխաններ): Իր նատուրալիստական պիեսներով հայտնի շվեդ դրամատուրգ Ավգուստ Սթրինդբերգի «Ավելի ուժեղը»[11] վերնագրով երկու գործող անձանցով պիեսում միայն մեկը՝ Մադամ X-ն է խոսում ու խոսում: Սա համարվում է մենադրամա, որովհետև ընդունված է, որ նման պիեսներում կարող են լինել անխոս «զրուցակիցներ»: Նույն եղանակով է գրել իր թատերական երկը Նինա Մազուրը՝ ««Ամոկ» (P. S.)[12]», Նատալյա Մոշինան՝ իր «Փամփուշտը»[13] և այլն:


11. www.goodreads.com/en

12. Տե՛ս tatron-drama.am/archives/1272

13. Տե՛ս shepilovsky.ru/n-moshina-pulya


Մասնավորապես 21-րդ դարասկզբից ի վեր մենադրաման դարձավ այսօրեական թե՛ Եվրոպայում ու Ռուսաստանում, թե՛ Հայաստանում:

Մենադրաման առնչակցվում է թե՛ էպիկականին, թե՛ դրամատիկականին, իսկ պատճառն այն է, որ հերոսը ներկայանում է և՛ որպես պատմող, և՛ որպես գործող անձ: Չնայած որ մենադրաման, ըստ Արիստոտելի դասակարգման,  համարվում է միմետիկ, այնուամենայնիվ, այն զերծ չէ պատմողական-նկարագրողական շերտից,  ավելին, այն գրեթե միշտ դառնում է մենադրամատիկ կառուցվածքի անքակտելի տարրը: Մենադրամայի կոմպոզիցիա ստեղծելու արտահայտչաձևերը բազմազան են: Օրինակ՝  իրադարձությունների հաջորդականությունը կարող է խախտվել՝ արտացոլելով հերոսի հոգեվիճակները:

Այսպիսի պիեսներում հերոսն իր խոսքը հաճախ ուղղում է հանդիսականին (Ա. Չեխով - «Ծխախոտի վնասի մասին», 1886), անխոս գործող անձին (Վ. Բրյուսով - «Ճամփորդը», 1911), հեռախոսային խոսակցին (Ժան Կոկտո - «Ձայն մարդկային», 1930), իսկ հետահայացությունը կարող է դառնալ գեղարվեստական հնարանք (օրինակ՝ ուկրաինացի անվանի դրամատուրգ Յարոսլավ Ստելմախի «Կապույտ ավտոմեքենան»[14], 1991):


14. Տե՛ս tatron-drama.am/archives/6136


Ռուս ռեժիսոր, տեսաբան Նիկոլայ Եվրեինովը մենադրամայի համար մշակել է հայեցակարգ, որտեղ հերոսի ընկալմամբ է ներկայացվում աշխարհը՝ հանդիսատեսին ներգրավելով նրա զգացողությունների ու մտքերի մեջ:  Նրա նպատակն էր ընթերցող-հանդիսատեսին մղել գործող անձի հետ ապրումակցման, իսկ գործող անձին անվանում էր «գործողության սուբյեկտ» կամ պարզապես «ես»։ Այդ «ես»-ի հարաբերությունները աշխարհի հետ, մարդկանց ու իրերի նկատմամբ նրա սուբյեկտիվ ընկալումներն են ամբողջացնում գործողության բնույթը։ Հեղինակի նպատակն էր ցույց տալ այն, ինչ տեսնում կամ զգում է հերոսը՝ հենց այդ հերոսի տեսանկյունից։ Եվրեինովի մենադրաման ռուսական նախահեղափոխական թատրոնում կիրառվում էր միայն բեմական պարոդիայի տեսքով՝ «Ծուռ հայելի» թատրոնում (Ն. Եվրեինովի «Հոգու կուլիսներում»):

Մենադրամայի տարրեր կան նաև գրականության այլ ձևերում, օրինակ՝ մենախոսություններում, էպիստոլյար արձակում, խոստովանական պոեզիայում, ասացողների արվեստում (կամ storytelling-ը) և այլն: Որքան էլ մենախոսությունը լինի մեկ գործող անձի կողմից, արտահայտի նրա հոգեվիճակը, մտքերը, նպատակները, գաղափարներն ու զգացմունքները, միևնույնն է, այն չի կարող համարվել մենադրամա բառի լայն իմաստով: Մենադրաման ունի  կոմպոզիցիա՝ իր բաղադրիչներով՝ հանգույց, կոնֆլիկտ, դրամատիկական լարման բարձրակետ և հանգուցալուծում: Մասնավորապես 21-րդ դարում մենադրամա ներկայացնելու դեպքում թատրոններում խուսափում են բեմի «ծանրաբեռնվածությունից»՝ տանելով նվազագույն միջոցներով առավելագույնը պատկերելու բարդագույն արվեստին: Դոկտոր Բենեդիկտ Բայնեբայն էլ մենադրամայի ստեղծման հետ է կապում մինիմիալիզմը. «Մենադրամա ստեղծելու հետ կապված ամենահիմնարար տեսություններից մեկը մինիմալիզմն է[15]»:


15. International Journal of Arts and Humanities, Vol. 4(3), S/No 15, September, p. 134-145.


Ինչպես մյուս ժանրաձևերով, մոնոդրամայի ձևաչափում ևս որոշ դրամատուրգներ գրել են պիեսներ հատուկ այս կամ այն դերասանի համար՝ հաշվի առնելով նրա բեմական կարողությունները, նկարագիրը և այլն. «Ֆրանսիացի դրամատուրգ Ժ. Կոկտոն մադամ Բերտե Բովիի համար ստեղծել է «Ձայն մարդկային» (1930), իսկ գերմանացի դրամատուրգ Ֆ.-Կ. Կրեցը դերասանուհի Թ. Գիզեի համար գրել է «Հետագա հեռանկարներ» (1990) մենադրամաները[16]»:


  16. Торопина Н. А., Художественное своеобразие монодрамы М. РавенхиллаThe Experiment”, Филологические науки. Вопросы теории и практики,  том 16, выпуск 4., 2023, ст. 1050-1055.


Հայտնի մենադրամաներից են Ավգուստ Սթրինդբերգի «Ավելի ուժեղը» (1888-9), Յուջին Օ’Նիլի «Նախաճաշից առաջ» (1916), Սեմյուել Բեքեթի «Քրափի վերջին ձայներիզը» (1958), Պատրիկ Զյուսքինդի «Կոնտրաբասը» (1981), Նիկոլայ Կոլյադայի «Ամերիկուհին» (1991), Եվգենիյ Գրիշկովեցի «Ինչպես կերա շանը» (1998), Մարկ Ռավենհիլի «Փորձարարությունը» (2009) և այլն:

20-րդ դարավերջին և 21-րդ դարասկզբին հայ դրամատուրգիայում գրվել են բազմաթիվ մոնոդրամաներ՝ հարստացնելով ազգային թատերագրությունը: Հայտնի են Ալեքսանդր Թոփչյանի «Ե՛վ մարդ, և՛ Աստված», Ռաֆայել Նահապետյանի «Մարդկանցից այն կողմ», Կարինե Խոդիկյանի «Պենելոպե», Սամվել Կոսյանի «Տերևի կամքը չհարցնելով», Սամվել Խալաթյանի «Սիմոն թագավոր», Աստղիկ Սիմոնյանի «Ճշմարտության հովտում», Սառա Նալբանդյանի «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է», Անուշ Ասլիբեկյանի «Մերսեդես և Զարուհի», տողերիս հեղինակի «Տիկին Սիրանույշ» և այլ մենադրամաներ, որոնցից մեծ մասը բեմադրվել են տարբեր թատրոններում: Ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարահի մի շարք երկրներում կան մենադրամաներին նվիրված միջազգային փառատոներ:

21-րդ դարում մենադրաման թատրոններում ամենագործուն և ընդգրկուն ձևերից է, ուստի չենք կարող չհիշատակել նաև լայն տարածում ունեցող սթենդափերի, էստրադային մենաներկայացումների, ասացողական արվեստի գրական հենքերը, որոնք նույնպես գրվում են մենադրամայի թատերագրական սկզբունքներով:               

Այսպիսով՝ մենադրաման դրամատիկական ձև է մեկ գործող անձով և կարող է գրվել տարբեր ժանրերով ու ենթաժանրերով՝ ենթարկվելով նաև ժամանակին բնորոշ փոխներթափանցումների:

ԷԼՖԻՔ Զոհրաբյան

2343 հոգի