Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Տարաոճ համադրողականություն ենթադրող այս բարդընկալ վերնագիրը վերաբերում է օրերս Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում նախաձեռնված պերֆորմատիվ փարձարարականությանը: Մոտեցման այն եղանակին, երբ  շեշտը դրվում է, ոչ միայն վերջնական արդյունք ստեղծագործության, այլև արվեստի գործի ստեղծման պրոցեսի վրա: Եվ ահա ճարտարապետ, նկարիչ Աշոտ Թադևոսյանը նշյալ թատրոնի բեմի գրեթե ետնամասում՝ հանդիսատեսի աչքի առջև, սկսում է նկարել, ինչն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում է ետնաբեմում կախված եռակտոր մեծ էկրանին:

Բայց դա դեռ ամենը չէ. երկու մասից բաղկացած ստեղծագործական այս ակտը (նկարի վաճառքից գոյացած ողջ հասույթը տրամադրվելու էր քաղցկեղային հիվանդություններ ունեցող երեխաների ապաքինմանը ծառայող հիմնադրամին) տեղի էր ունենում Ս.Ռախմանինովի երկրորդ և երրորդ դաշնամուրային կոնցերտների հնչողության ներքո, որն իրականացվում էր օպերայի և բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ (դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան): Այսինքն պերֆորմատիվ փորձարարականության միջնորդությամբ միաձուլվում էին նկարչականը, երաժշտականն ու վիդեոարտի տարրը: Այսպիսով, դաշնակահար Զարինա Շիմանսկայայի նվագակցությամբ հնչող Ռախմանինովի երկրորդ կոնցերտի ներքո սպիտակ պաստառի առջև ճերմակազգեստ նկարիչն է սկսում գունագծերի խաղը: Այո՛, այստեղ՝ Թադևոսյանի շարժումներում և դրանցից ‹‹ծագող›› գունային էսքիզներում, կարելի է որսալ խաղային տարերքին բնորոշ ռիթմական ներշնչանքը:

Նա ասես իր թիկունքից հնչող ռիթմերից ստացած իմպրեսիոնիստական հպանցիկ, թրթռուն տպավորությունները սինեսթեզիկ զգացողությամբ պատկերեր. առավել մեղմ ռիթմերի ընթացքում բացերանգ նախապատվություններ էր ցուցաբերում՝ հիշեցնելով ‹‹մի քիչ ավելի վարդագույն նվագեք›› հայտնի կոմպոզիտորի համազգացողական դիտարկումը: Ու այդպես՝ մինչև առաջին մասը կազմող երկրորդ կոնցերտի ավարտը կստանար այսպես ասած նկարի նախապատկերը: Այն խաղային տարերքի առավել բուռն մղումով ավարտին պետք է հասցներ երկրորդ հատվածը կազմող երրորդ կոնցերտի կատարման ներքո: Ուշ ռոմանտիզմի ներկայացուցիչ համարվող Սերգեյ Ռախմանինովի այն ստեղծագործության, որը կատարողական տեսանկյունից հայտնի է իր խիստ բարդությամբ, ինչպես նաև՝ հուզական խտացումներով ու էքսպրեսիվ ռիթմական առանձանահատկությամբ:

Այստեղ արդեն մենք տեսնում ենք Իլյա Պապոյանի կողմից վարպետորեն հնչեցվող ռիթմական նկարագրին համարժեք գունային, և շարժողական դինամիկա: Արդեն սևազգեստ դարձած նկարիչը լրացնում է իր կտավը կտրուկ, թնդեցում ասոցացնող շեշտակի շարժաձևերով ու դրանց շարունակությունը դարձող գրեթե ագրեսիվ գունաբծերով: Ստանում այն ամփոփ գունախաղային պատկերը, որին ամենևին խորթ չէ ռիթմական ռախմանինովյան պատկանելությունը: Տեսալսողական աշխարահազգացողությունը, որում ո՛չ այսօր, ո՛չ էլ երեկ, զգայականորեն շոշափվել են, թե՛ ռոմանտիզմի, թե՛ իմպրեսիոնիզմի և թե՛ էքսպրեսիոնիզմի էատարրերը:

ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյան

25.06.2025

668 հոգի