Սեղմիր
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

19.11.2020   01:28

19-րդ դարավերջի կատակերգակներից` Արամ Վրույրի (Արամ Մաքասճյան) անունը հիմնականում կապում են թատերական արվեստի հետ: Բեմական գործունեությունը սկսել է 1882 թվականին, Թիֆլիսում: 1833-ից նա խաղացել է Գևորգ Չմշկյանի թիֆլիսյան թատերախմբում, և այս թատերախմբում էլ կնքվել է նրա բեմական անունը` Արամ Վրույր: «Նրան բնորոշել են սրախոս ու կատակաբան, բազմաշնորհ ու հնարամիտ, ամեն գործից գլուխ հանող»,- Դերենիկ Դեմիրճյանի խոսքերն է հիշում Հենրիկ Հովհաննիսյանը իր «Հայ թատրոնի պատմություն XIX դ.» գրքում1: Այս արտիստին է պատկանում Պարոնյանին, որպես բեմական հեղինակ, հայտնագործելու պատիվը: Նա հեղինակ է մի շարք բեմականացումների, թարգմանությունների, պիեսների: Մի շրջան երգել է Կարա-Մուրզայի երգչախմբում: 1891 թվականին Թիֆլիսում հրապարակվել է Արամ Վրույրի Պետրոս Ադամյանին և Դավիթ Թրյանցին նվիրված ուսումնասիրությունները: Նա աշխատակցել է «Մուրճ» ամսագրին, եղել է «Կայծեր» թերթի և «Կարմիր աքլոր» երգիծական շաբաթաթերթի պատասխանատու քարտուղարը: 1907-13 թվականներին խմբագրել և հրատարակել է «Հուշարար» հանդեսը: Վրույրը եղել է նաև Հայ գրողների կովկասյան ընկերության անդամ: Սակայն, այսքանով չի սահմանափակվում արտիստի հետաքրքրությունների շրջանակը: Քչերին է հայտնի, որ հայ կատակերգակը բեմական ու գրական գործունեությանը զուգահեռ զբաղվել է նաև հնագիտական-ճարտարապետական լուսանկարչությամբ և ունի մի շարք հնագիտական ուսումնասիրություններ: Իր հնագիտիտության գործունեության շարժառիթների մասին խոսել է հենց ինքը՝ հնագետ-լուսանկարիչը. «Արժե սովորել այն ամենը, ինչը մեզ մոտեցնում է անցյալին, վերակենդանացնել այն, և պատմական անունները ներկայացնել մեզ ոչ իբրև մեռյալ անուններ, այլ իբրև կենդանի մարդիկ: Արժե սովորել այն ամենը, ինչ հնարավորություն է տալիս մեզ տեսնել այդ  պատմության կենդանացած անձանց հոգու խորքը: Արժե գիտենալ այն բոլորը, ինչ օգնում է մեզ ավելի մոտիկից ըմբռնել, որ մենք երբեք կտրված չենք մինչև իսկ հեռավոր անցյալից, որ մենք՝ նրանց ուղղակի ժառանգներս, չվճարված պարտքեր ունինք վճարելու, և մենք պարտական ենք մեր շնորհակալության պարտականությունը նրանց, որոնց համար երկրային վարձատրություն այլևս գոյություն չունի: Մենք նրա համար ենք ապրում, որպեսզի շարունակենք հազար տարիներ առաջ սկսված աշխատանքը և որպեսզի մեր այդ աշխատանքը գիտակցաբար և արժանավոր կերպով կատարվի: Պետք է, որ մենք գիտենանք, թե իսկապես ինչ բան է, որի շարունակողները մենք պետք է լինենք»2:

            Արամ Վրույրը լուսանկարչությամբ հետաքրքրվել է ավելի վաղ, մինչ դերասանական արվեստին նվիրվելը: Թիֆլիսում նա հանդիպել է եվրոպական կրթություն ստացած Հովհաննես Քյուրքչյանցին (1851-1903), ում  դերը հայ լուսանկարչության մեջ բացառիկ է: Մինչ Քյուրքչյանի գործունեությունը հուշարձաններ լուսանկարելն ու դրանց վավերագրման աշխատանքներով զբաղվելը  մեզանում ընդունված չի եղել: Արամ Վրույրը որպես օգնական աշխատանքի է անցել Քյուրքչյանցի մոտ: Եվ ենթադրվում է, որ հենց իր ուսուցչից էլ սովորել է ստերեոսկոպիկ  լուսանկարչության տեխնիկան: Նա Քյուրքչյանից ժառանգել է նաև հայրենիքի ավերակները հավետ կորցնելու տագնապն ու ստանձնել է վավերագրելու պատասխանատվությունը: Այդ գործը Վրույրն արել է առանց վարձատրության, հիմնականում իր միջոցներով: Որպես հնագետ-լուսանկարիչ նա շատ հուշարձաններ է անմահացրել մինչ նրանց անփառունակ ոչնչացումը: Այս նվիրումի ու գործի կարևորությունը հասկացել ու գնահատել է Լեոն. «Պ. Վրույրը մենակ, առանց օգնականների և մանավանդ առանց նյութական աջակցության, որ գործի ամենակարևոր կողմն է, հանել է երկու հարյուր տեսարան, որոնցից հարյուրն արդեն հրատարակել է: Հայ բեմի այդ համեստ և, ինչ ասել կուզի, չքավոր գործիչը, կարելի է ասել, Անիի մեջ և Անիի շուրջը ոչինչ անծանոթ բան չէ թողել, այսպես որ նրա ժողովածուն ավերակների մայրաքաղաքի լիակատար, ամենամանրամասն տեսարանացույցը պիտի դառնա»3: Մեկ ուրիշ տեղում նա գնահատում է արված աշխատանքի արհեստավարժությունը. «Մենք պետք է վկայենք, որ այդ բոլոր լուսանկարները պ. Վրույրը պատրաստել է բարեխղճությամբ, գործի մեջ նկատվում է նրբություն, արվեստի կատարելագործություն: Պարոնը շատ ջանք է գործ դրել, որ պատկերները գոհացնեն մեր ժամանակի խիստ պահանջներին և չէ կարելի չասել, որ ավելի խնամքով և մաքուր բան հազիվ թե կարելի լինի տալ»4: Նրա լուսանկարչական արվեստը մասնագիտական տեսանկյունից բացատրում է արվեստաբան Վիգեն Գալստյանը. «Վրույրի ճարտարապետական լուսանկարները առանձնանում են հուշարձանի ծավալային և միջավայրային առանձնահատկությունների հավաստի և ճշգրիտ ներկայացմամբ։ Հրաշալի հասկանալով օպտիկական մեխանիկայի կանոնները նա ջանում էր խուսափել տարատեսակ տեսողական խեղումներից ու երկար և մանրակրկիտ զննում էր յուրաքանչյուր կառույցը, ընտրում դիտակետը ու սպասում լուսավորման առավել բարենպաստ պայմաններին նախքան այն լուսանկարելը։ Փաստա-վավերագրական այս ուղղվածությունը սակայն զերծ է հնագիտական լուսանկարչությանը բնորոշ պատկերային չորությունից ի շնորհիվ Վրույրի նուրբ կոմպոզիցիոն լուծումներին։ Նրա լուսանկարները սովորաբար ֆիքսում են հուշարձանը կենտրոնական առանցքից փոքր ինչ շեղված, ընդգրկելով շրջակա լանդշաֆտի որոշակի հատված` շեշտելով կառույցի հարաբերակցությունը բնության հետ»5։

            1892թ. որպես հմուտ լուսանկարիչ Արամ Վրույրը Նիկողայոս Մառի հետ մասնակցել է Անիի պեղումներին՝ արդեն քաջածանոթ տեղանքին: Վրույրի որդի Արտաշեսը գրում է. «Երբ 1892թ. Ն. Մառը ոտք դրեց Անի, Արամ Վրույրը արդեն այնտեղ էր»6: Նրա անմիջական մասնակցությամբ է հայտնաբերվել Անիի Գրիգոր Լուսավորչի տաճարի (Գագկաշեն) ավերակները: Անիի պեղումները լուսանկարներով վավերացնելուց բացի, նա կատարել է ուսումնասիրություններ, հանդես եկել Անիին նվիրված հոդվածներով: Այս ուսումնասիրությունից պատառիկներ, սևագիր օրինակներ են պահպանվում ԳԱԹ-ի Արամ Վրույրի ֆոնդում:

   Երբ ակադեմիկոս Մառը ընդլայնել է պեղումների ծրագիրը, աշխատանքներ են սկսվել Գառնիում, Դվինում, դեպի Վիշապազնունների սահմաններում (Աժդահայուրտի), Թալինում, Հաղպատում, Սանահինում, Վանում, Ջուղայում: Հին Ջուղայի, գլխավորապես գերեզմանատան և այդ տեղահանված գյուղաքաղաքի մասին պատմող ավանդությունները հավաքելն ու հիշատակարանները լուսանկարելը հանձնարարվել է Արամ Վրույրին7: Հնագետ-լուսանկարիչը Ջուղա է մեկնել իր որդու՝ Արայի հետ:  Ինչպես Անիում, այնպես էլ Ջուղայում կատարած ուսումնասիրությունները հետագայում դարձել են հոդվածներ: Հետագայում, Արամ Վրույրի «Ջուղա» հնագիտական անտիպ ակնարկը որդու՝ Արտաշես Վրույրի նախաբանով տպագրվել է «Պատմաբանասիրական հանդեսում»: Դեռ մանուկ հասակից մեկնելով Անի և Ջուղա, ներկա գտնվելով հնագիտական պեղումներին,   Վրույրի երկու որդիները՝ Արան և Արտաշեսը, ընտրել են իրենց հոր ուղին, իրենց կյանքը նվիրվել թատերարվեստին և հնագիտական լուսանկարչությանը:

            Արամ Վրույրը լուսանկարել է նաև հայ մտավորականներին ու արվեստագետներին, ունի նաև խմբանկարներ: Դրանք սովորական լուսանկարներ չեն այնքանով, որ արվել են հայկական հուշարձանների ֆոնին: Վիգեն Գալստյանը դրանք դիտում է որպես յուրօրինակ բեմականացումներ, որոնց միջոցով լուսանկարիչը ստեղծել է պատումային, այլաբանական և գաղափարական փոխկապակցվածություն պատմական Հայաստանի մշակութային ժառանգության ու հայ արդի մշակույթի կերտողների միջև8։ Նա լուսանկարել է Նիկողայոս Մառին, Թորոս Թորամանյանին, Սիրանույշին և այլոց: Դրանցից մի քանիսի բնօրինակները կամ կրկնօրինակները պահպանվել են Գրականության և արվեստի թանգարանում: Սիրանույշի լուսանկարը Անիի Առաքելոց եկեղեցու գավթի առջև արվել է 1904 թվականին, երբ Սիրանույշը այցելել է Անի: Դրա մասին պատմում է Արտաշես Վրույրը իր «Անիում» աշխատության մեջ: «Նա եկավ զվարթ և վերադարձավ դառնացած: Թե ինչո՞ւ էր դառնացած, չգիտեի, ես այն ժամանակ յոթ տարեկան էի միայն: <…> Ես լսեցի նրա սրտաճմլիկ ձայնը, որը հորդում էր նրա զգայուն սրտի խորքից. Նա խոսում էր մորս հետ և տեսա մի զույգ արտասուքի դառը կաթիլ՝ քամած նրա բոցաշունչ աչքերից: Տարիներ հետո, երբ ես հաճախ նայում էի Սիրանույշի նկարին, մտախոհ ու թախծոտ, որպես սգակիր մի մայր, Անիի Առաքելոց եկեղեցու գավթի առջև (լուսանկարված 1904թ.), իմ առջև, ինչպես մի տապանագիր, միշտ արձանանում էին մեծ գիտնականի հետևյալ տողերը: «Արձանագրության վիճակը ցույց է տալիս ոչ միայն այն, թե ինչպես շենքի փլուզման հետևանքով փշրված ու այլանդակված են արձանագրությունները ՝… մշակութային կյանքի թանկարժեք փաստերը, նմանապես և այն, թե ինչպես կործանիչ ուժերի շնորհիվ փշրված ու այլանդակված է Հին Հայաստանի պատմական իրականությունը»: … Նա հրաժեշտ տվեց սգավոր քաղաքին տխուր ու վշտակիր…»9 Հենց այս մասին է պատմում ավերակների մուգ ստվերների մեջ արևի լույսով ողողված արտիստուհու լուսավոր դեմքը՝ հայացքը հեռուներին հառած: Եկեղեցու գավթի մոտ բերող ճամփաներ չկան, քարքարոտ արահետներով այստեղ հասած կինը ճամփո՞րդ, թե՞ սգավոր մայր է գլուխը ձեռքին հենած, հենակետը բարակ մի ճյուղ, թիկունքում եկեղեցու հիմքի ավերակները, մի ժողովրդի հավատի ու հույսի ավերակները, տեղ-տեղ զարդանախշված, տեղ-տեղ փուլ եկած… ավերակների մեջ թափառող մի ուրուր է նա, որ ձագին տափաստաններում կորցրել է, կռինչը նվաղել …

            Այս այցելությունից հետո Սիրանույշը Արամ Վրույրից նվեր է ստացել ավերակների քաղաքի ստերեոսկոպիկ լուսանկարներ, որոնք այժմ պահպանվում են ԳԱԹ-ի Սիրանույշի ֆոնդում: 

            Ցավոք, Արամ Վրույրի լուսանկարչական աշխատանքները ամբողջությամբ չեն պահպանվել:  Իր լուսանկարների մեծ մասը Վրույրը 1909 թվականին տարել է Պոլիս տպագրության նպատակով: Գումարի սղության պատճառով տպագրությունը ձգձգվել է: Ապա՝ 1915 թվական: Պատերազմի ու եղեռնի շրջապտույտի մեջ հօդս է ցնդել ամբողջ «դարը»` վավերացված բազում ակնթարթներ, ազգային հետքեր ու դեմքեր, անմահացած կոթողների լուսանկարներ` փոշիացնելով ավերակները ժառանգողների դրանք անմահացնելու վերջին փորձերը: Վրույրի լուսանկարների մի մասն էլ Անիի գիտարշավի բազմաթիվ նյութերի հետ միասին կորել է 1917 թվականին: Մեկ վագոն կազմող այդ նյութերը, որոնք Թբիլիսի են ուղարկվել տեղի պատմահնագիտական ինստիտուտում վերամշակելու նպատակով, ինչ-ինչ հանգամանքների բերումով այդպես էլ տեղ չեն հասել: Անհասկանալի պատճառներով չքացել են:

 Այդուհանդերձ, Արամ Վրույրի և նրա որդիների մնացած աշխատանքները պահպանվել են  Գրականության և արվեստի թանգարանում՝ Արամ Վրույրի ընկերների ֆոնդերում, Հայաստանի պատմության պետական թանգարանում, ՌԴԳԱ արխիվի Սանկտ-Պետերբուրգի մասնաճյուղի ֆոտո արխիվում, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում, ՀՀ ճարտարապետների միությունում, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում:

 Պահպանված քանակի իմաստով, դրանք Արամ Վրույրի լուսանկարչական արվեստի ժառանգության «ավերակներն» են, բացառիկ նմուշներ, պատառիկներ, որնոցից դժվար չէ կռահել, թե ինչ «տաճար» է փուլ եկել:

Օգտագործված աղբյուրներ

Հովհաննիսյան Հ., Հայ թատրոնի պատմություն XIX դ., Երևան, «Նաիրի», 2010, էջ 633:

Վրույր Արտ., Անիում, Երևան, 1979, էջ 14:

Լեո, Անի, Երևան, 1963, էջ 65-66:

Լեո, Մի լուսանկարչական հավաքածու, «Մշակ», 1904, N 14:

Տե´ս, http://www.lusarvest.org/գործիչներ/վրույր-արամ/

Տե´ս, Վրույր Ա., Ջուղա, «Պատմաբանասիրական հանդես», 1967, N 4, էջ 170:

Տե´ս, Վրույր Ա., Ջուղա, «Պատմաբանասիրական հանդես», 1967, N 4, էջ 171:

Տե´ս, http://www.lusarvest.org/գործիչներ/վրույր-արամ/

Վրույր Արտ., «Անիում», Երևան, 1964, էջ 23:

ՆԱԻՐԱ Շահվալադյան

1397 հոգի