Սեղմիր
ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ԱՆԿՅՈւՆ

18.11.2020  15:38

Շեքսպիրի «Համլետը», լինելով համաշխարհային դրամատուրգիայի ամենից հետազոտված ստեղծագործությունը, շարունակում է նորանոր առեղծվածներ առաջադրել մեկնաբաններին։ Դրանց մեջ կան այնպիսիները, որ դարերի ընթացքում դարձել են դասական։ Շատ սերունդներ են փորձում լուծել այն «գլուխկոտրուկները», որոնք իր գործերում դրել է մեծ հեղինակը։ Այդ անորոշություններից մի քանիսը վերաբերում են Հորացիոյի կերպարին, ում առաջին հայտնությունն առաջին գործողության մեջ արդեն իսկ առաջ է բերում հավանական ու անհավանական մեկնությունների մի շարք։

Բեռնարդո

Ասա, Հորացիո՞ն է դա:

Հորացիո

Նրա մի մասը:

(Արարված I, Տեսարան I)[1]

Bernardo

What, is Horatio there`

Horatio

A piece of him.


[1] Այստեղ և հետագայում բոլոր հատվածները բերվում են Հովհաննես խան Մասեհյանի թարգմանությամբ: Վ. Շեքսպիր, Համլետ: Երևան, «Հայպետհրատ», 1961:


Այս երկու ռեպլիկների տարբեր թարգմանություններին ծանոթանալով՝ նկատում ենք, որ դրանք բոլորն այս կամ այն չափով տարբերվում են միմյանցից։ Կա նաև տեսակետ, թե թարգմանիչները «վախեցել» են՝ դրսևորել որոշակի վերաբերմունք դրանց հանդեպ։

Լոզինսկու թարգմանության մեջ Բեռնարդոյի հարցին Հորացիոն պատասխանում է՝Кусок его։

Նույնքան վերացական է հնչում դա Ռադլովայի թարգմանությամբ՝Лишь часть его։ Պոլևոյի թարգմանությամբ՝ «Я за него», Կաշինի թարգմանությամբ՝Если не весь, то частица его”, ըստ Կրոնեբերգի թարգմանության՝Отчасти։

Առաջին հայացքից այս պարզ ռեպլիկն արդեն քանի դար է, ինչ շեքսպիրագետների շրջանում տեղիք է տալիս սուր բանավեճերի։

Իրենց ժամանակին Հիսը և Սթիվենսը[2] այս խոսքերի մեջ նկատել են միայն հումոր և ոչ ավելին։

Կատակ է համարել այս խոսքերը նաև Դովեր Վիլսոնը[3], ով ենթադրում էր, թե Հորացիոն պարզապես սառել է, և խեղճից միայն «մի մասն» է մնացել։

Նույն կարծիքին է եղել նաև Մորոզովը[4]. «Հորացիոյի պատասխանը կատակային է։

Ռուսերենում դա կարելի է հաղորդել «Он самый», «Да, вроде него», «Я за него» արտահայտություններով»։


[2] Ջորջ Սթիվենս (Stevens, George, 1736 - 1800 թթ.), անգլիացի հետազոտող: 1766 թ. հրատարակել է Շեքսպիրի 20 պիեսների ժողովածուն, ինչպես նաև՝ Երկերի լիակատար ժողովածուն:

[3] Ջոն Դովեր Վիլսոն (1881 – 1969), Վերածննդի դարաշրջանի դրամատուրգիայի մասնագետ, Շեքսպիրի ստեղծագործական գործունեության հետազոտող:

[4] Մորոզով, Միխայիլ Միխայիլի (1897 – 1952), սովետական գրականագետ, թատերագետ, մանկավարժ, թարգմանիչ, ով իր ողջ կյանքը նվիրել է Շեքսպիրի ստեղծագործությունների ուսումնասիրությանը: Խորհրդային գիտական շեքսպիրագիտության հիմնադիրներից մեկը:


Պ. Ալեքսանդերն[5] այսպես է բացատրում ռեպլիկի իմաստը. «Ցուրտ է ու կեսգիշերուստի և նա այստեղ է կիսով չափ»։

Ըստ Գլոչեսթերյան եպիսկոպոս Վարբուրթոնի[6]՝ ով, իր հիմնական գործունեությունից բացի, գրել է նաև Շեքսպիրի մասին, Հորացիոն «մաս» բառի տակ ենթադրում է Բեռնարդոյին պարզած իր ձեռքը։ Նկատի առնելով, որ հանդիպումը տեղի է ունենում խոր գիշերվա մեջ, Կլեմենտ Ինգլբին[7]՝ անգլիացի գիտնականն ու քննադատը, հնարավոր է համարել, որ Հորացիոն գրեթե «անտեսանելի» է եղել Բեռնարդոյին։

Չիշվիցն այս ռեպլիկում նկատել է փիլիսոփայական իմաստնություն. «Հորացիոն ներկայանում է իբրև մարդ իր արտաքին կերպարանքով, զուտ իբրև ամբողջական էության մի մաս»[8]:

Գրեթե նույն ձևով է դատում Ջենքինսը. «Ձեռքը, որ նա պարզում է, նյութական է, նրա մնացյալ մասն ստվերում է, ինչը հնարավորություն է տալիս ներկա լինելու ոչ ամբողջապես»:

Ըստ Մոլտկեի` «Հորացիոն ուզում է ասել, որ իր անհավատության հետևանքով (ուրվականի գոյության հանդեպ) նա ներկա չէ ամբողջապես, ոչ մարմնով ու հոգով և պատրաստ է հսկել միայն զուտ իր էության մարմնական մասով»[9]:

Տրվում են և այլ անհավանական մեկնություններ այս ռեպլիկին:

Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով այն վարկածը, որ Համլետի դասընկերոջ դերում դիտարկվում է հին հռոմեական պոետ Քվինտուս Հորացիուս Փլակկուսը[10], Հորացիոյի պատասխանը թվում է շատ տրամաբանական: Պիեսում պատկերված է ոչ թե հենց ինքը` հռոմեացի պոետը, այսինքն` Հորացիուսը, այլ միայն նրա մասը: Եվ դրամատուրգը, թյուրիմացությունները կանխելու համար, նախապես զգուշացնում է այդ մասին. «Համլետում» տրված է ոչ թե հենց պոետի կերպարը, այլ նրա նախատիպը:


[5] Պետեր Ալեքսանդեր (Peter Alexander, 1893 – 1969), անգլիացի թատերագետ, շեքսպիրագետ: 1935 թ.-ից Գլազգոյի համալսարանի պրոֆեսոր: Նրա Շեքսպիրի աշխատանքների ժողովածուն հայտնի է “the Alexander text” անվամբ:

[6] Վիլիամ Վորբերտոն (William Warburton, 1698 – 1779), անգլացի գրող, գրաքննադատ, քահանա, Գլոչեսթերում եպիսկոպոս:

[7] Ինգլբի, Կլեմենտ Մէնսֆիլդ (Clement Mansfield Ingleby, 1823 – 1886), անգլիացի գիտնական և շեքսպիրյան գրաքննադատ:

[8] Морозов М. М. Статьи о Шекспире. М.: Художественная литература, 1964. С. 147.

[9] Морозов М. М. Статьи о Шекспире. М.: Художественная литература, 1964. С. 147.

[10] Արա Երնջակյան, «Հորացիոյի կերպարը՝ որպես հին հունական պարերգի (խորոսի) մետամորֆոզ» ատենախոսություն, Երևան, 2012:


Մյուս հարցը, որ դարձյալ ուսումնասիրողների ուշադրության կենրոնում է, այն է, թե ինչու է Համլետը դիմավորում Հորացիոյին այնպես, կարծես վաղուց չի հանդիպել նրան:

Համլետ

Հորացիո՞ն է սա, թե ոչ, ես ինքս ինձ մոռանում եմ:

(Արարված I, Տեսարան II)

Hamlet

Horatio-or I do forget myself!

Ավելին, հարցը դրված է այնպես, որ կարելի է ենթադրել, թե նրանք մինչ այդ չեն հանդիպել: Եթե ընդունենք Հորացիոյի կերպարի ավանդական մեկնությունը, սա թվում է առավել քան տարօրինակՀամլետ թագավորի սպանության նախօրեին նրանք եղել են Վիտտենբերգում և չէին կարող չհանդիպել: Մեր ընկալումների համատեքստում սա դարձյալ տրամաբանական է թվում. Համլետը չէր սպասում, որ Էլսինորում կտեսներ պոետ Հորացիուսին: Նա այնքան է զարմացած, որ անգամ մոռանում է սեփական «Ես»-ը: Դա բնական է. եթե իր առջև հռոմեացի պոետն է, ապա կամ ժամանակն է շավղից դուրս սայթաքել, և Հորացիուսը հարություն է առել, կամ ինքն էլ` Համլետը, ինքը չէթե ոչ, ես ինքս ինձ մոռանում եմ»): Ի վերջո, նրանց միջև դարերի հեռավորություն կա: Սրան հաջորդում է Հորացիոյի պատասխանը.

Հորացիո

Ինքն է

(Արարված I, Տեսարան II)

Horatio

The same, my Lord…

Այսինքն` Համլետը չի սխալվել. իր առջև է հռոմեացի պոետը: Ինչպես նկատում ենք, Շեքսպիրը կանգ է առել առաջին տարբերակի վրա, որը խորացնում է ողբերգության բովանդակությունը: Հորացիոն հավելում է. «…և հավետ ձեր խոնարհ ծառան» («…and your poor servant ever»): Հենց այս խոսքերով էլ նա հայտարարում է իր նոր դերը, որ նրան է հանձնարարել դրամատուրգը: Տարակուսելի ոչինչ չկա: Երկու իրականությունների զուգադրումը (իրական` Հորացիո-Հորացիուսի, և գեղարվեստական` Հորացիուս-Հորացիոյի` Համլետի ուսումնական ընկերոջ), ինչպես հայտնի է, հատուկ է եղել Շեքսպիրին:

Ինչ վերաբերում է նրան, որ Համլետն ու Հորացիոն թագավորի հուղարկավորությունից հետո երկու ամիս չեն հանդիպել, նույնպես բացատրելի է: Հորացիոն պիեսում ունի որոշակի խնդիր` հանդիսականին ներկայացնել ողբերգության սյուժեն (պարերգչախմբի գործառույթը) և պատմել աշխարհին պալատական իրադարձությունների մասին[11]: Այս առաջադրանքը նա կատարում է հաջողությամբ: Հորացիոն հայտնվում է ճիշտ պահին, ճիշտ տեղում և հայտնում է միայն այն, ինչ անհրաժեշտ է իմանալ հանդիսականներին կամ գործող անձերին՝ պիեսի սյուժեն առաջ մղելու համար: Ոչ ավելին: Հենց այս պատճառով է նա մնում Էլսինորում, երբ Համլետը մեկնում է Անգլիա (սա նույնպես եղել է շեքսպիրագետների ուշադրության կենտրոնում): Նա պետք է տեղյակ լիներ Էլսինորում տեղի ունեցող իրադարձությունների մասին Համլետի բացակայության ժամանակ (նկատի ունենք Օֆելյայի խենթանալը և Լաերտի ընդվզումը): Թերևս հենց այս պատճառով է Համլետն իր ընկերոջը դիմում «Դամոն, իմ սիրելի»: Սա ողբերգության ևս մեկ առեղծվածային կետերից է, որ իր բացատրությունն է ստանում մեր մեկնության շրջանակում: Հիշենք, որ այսպես էր կոչվում մ. թ. ա. IV դարում Սիրակուզներում ապրած հույնը: Նրա ընկեր Ֆինտիասը մեղադրվել էր բռնապետ Դիոնիսոսի հանդեպ դավադրություն կազմակերպելու մեջ ու դատապարտվել մահվան (ինչ-որ առումով սա հիշեցնում է Դանեմարքայի դեպքերը): Մահապատժից առաջ Ֆինտիասը համոզում է տիրանին՝ մի քանի օրով ազատ արձակել իրեն` ընտանեկան խնդիրները կարգավորելու համար: Իր փոխարեն նա թողնում է ընկերոջը:


[11] Արա Երնջակյան, «Հորացիոյի կերպարը՝ որպես հին հունական պարերգի (խորոսի) մետամորֆոզ» ատենախոսություն, Երևան, 2012:


Համլետը հրաշալիորեն գիտակցում էր, որ իր հարկադրական բացակայության ժամանակ Էլսինորում պետք է մնա ընկերը՝ թեկուզ և պատանդի կարգավիճակով: Վերջինս պետք է շարունակեր կառուցել պիեսը և հավաքել հավելյալ տեղեկություն գլխավոր խնդրի իրագործման համար, այն է` պատմել աշխարհին Դանիո թագավորության չարագործությունների մասին:

Պետք է նշել, որ պիեսի սկզբից իսկ Շեքսպիրը հուշում է` Հորացիոն ընդհանուր քիչ բան ունի Դանիայի հետ: Հիշենք, որ Ֆրանցիսկոյի հարցմանը.

Ֆրանցիսկո

Կա՛ց, էհե՜յ, ո՞վ է։

Francisco

                                  Stand and unfold yourself.

հետևում է Հորացիոյի ոչ երկիմաստ պատասխանը.

Հորացիո

Հայրենակիցներ

Horatio

                                                             Friends to this ground…

իսկ դրան հաջորդող արքունական սպա Մարցելլոսի ռեպլիկը

Horatio

                                                             Friends to this ground…

իսկ դրան հաջորդող արքունական սպա Մարցելլոսի ռեպլիկը.

Մարցելլոս

Եվ հարկատուներ Դանիո արքայի։

Marcellus

And liegemen to the Dane.

ավելի է ընդգծում այն փաստը, որ բեմում տարբեր երկրների հպատակներ են:

 Իրականում, unfold բայը կարելի է թարգմանել իբրև բացահայտել, ի հայտ բերել, լույս աշխարհ բերել: Հենց սա էլ անում են այս դրվագի բոլոր հերոսները: Եթե զուգադրենք Բեռնարդոյի` «Long live the king», Մարցելլոսի` «And liegemen to the Dane» ու Հորացիոյի` «Friends to this ground» պատասխանները, կարող ենք հաստատել, որ սպաներ Բեռնարդոյի և Մարցելլոսի կողքին ներկա է մի մարդ` Հորացիոն, ով Դանիայի հետ ոչ մի առնչություն չունի: Դա է հաստատում սույն ռեպլիկների լեզվաբանական վերլուծությունը:

Քիչ անց Հորացիոն ուրվականի մասին խոսելիս նույն հստակությամբ է պատասխանում արքայազնին.

Համլետ

Շա՜տ տարօրինակ:

Հորացիո

Կյանքովս երդում, հարգելի տերս, որ ճշմարիտ է:

(Արարված I, Տեսարան II)

Hamlet

'Tis very strange.

Horatio

As I do live, my honour'd lord, 'tis true.

Ա. Թոփչյանի «Համլետ»-ի թարգմանությունը[12], որն ընդհանուր առմամբ ավելի մոտ է բնագրին, այս դրվագում դարձյալ չի արտահայտում Հորացիոյի պատասխանի ողջ իմաստը.

Համլետ

Զարմանում եմ…

Հորացիո

Կյանքս վկա, որ սա ճիշտ է, հարգելի տեր:


[12] Ուիլյամ Շեքսպիր, Համլետ, անգլերենից թարգմանությունը, ուսումնասիրությունը և մեկնությունները՝ Արամ Թոփչյանի, Երևան, «Սարգիս Խաչենց-Փրինթինֆո», 2013:


Իսկ Շեքսպիրի մոտ բառացիորեն Հորացիոյի խոսքերը հնչում են այսպես. «Ճշմարիտ այնքան, որքան որ ես կամ…»:

 Այսինքն, իրականում, Փլակկուս Հորացիուսը վաղուց մահացած է, սակայն նա էլ, ինչպես ուրվականը, հարություն է առել: Իսկապես, եթե ընդունենք, որ ռեպլիկում առկա է ինչ-որ փիլիսոփայական իմաստ, ապա մեր կարծիքով ճիշտ կլիներ այլ կերպ կառուցել դա.

Հորացիո

Ճշմարիտ այնքան, որքան որ ՄԵՆՔ կանք…

Բայց Հորացիոն խոսում է միայն իր մասին, և այս իմաստով Հորացիոյի պատաս- խանը բավական իմաստավորված է:

Նման դատողությունների լույսի ներքո պարզ է դառնում, թե ինչու է Հորացիոյի խոսքը հագեցած լատինաբանությամբ, անտիկ աշխարհի պատկերներով: Հիշենք փառքի գագաթին հասած Հռոմն ու «Հզոր Հուլիոսի»-ն, տամուկ աստղը, որ «ներգործում է Նեպ- տունի ահեղ պետության վրա», արհավիրքների նախագուշակներին, «Առաջընթացներ, որ միշտ կանխում են բախտի քույրերին», աքլորին, «այդ առավոտվա շեփորահարը,/…Զար- թեցնում է օրվա աստծուն» և այլն:

Նյութի աղբյուրը` ԵԹԿՊԻ,  «Հանդես»-№19, Երևան-2017

ԱՐԱ Երնջակյան

1388 հոգի