Սեղմիր
ԴՐԱՄԱՏՈւՐԳԻԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

18.11.2020     03:31

Հայտնի է, որ Սարոյանին հաճախ դուր չեն եկել պրոֆեսիոնալ արտիստների խաղը եւ իր ժամանակի մի շարք դրամատուրգների գործեր: Մի կողմից` «նոր տեսակի» պիեսի, մյուս կողմիցa թատերական նոր մեթոդ ու ոճ ստեղծելու ձգտումը նրան մղեցին գրելու «ոչ ավանդական» խաղեր եւ բեմադրելու դրանք: «Ուոշինգթոն թայմզի» թատերախոսականում նշվում է, որ, ինչպես հաճախ, «Անփայլ խաղով փչացնում են Սարոյանի գործը», այսինքն՝ բեմադրակազմը, բեմադրիչն ու դերասանները, «Քո կյանքի ժամանակը» ներկայացնելիս կրկին բախվել են «սարոյանականի» թյուրընկալման խնդրին1:

Բարոյական արժեքները, հասարակ մարդու հանդեպ տածած սերը, հեգնանքի ու հումորի, ուրախության ու թախծի համադրումը դարձան Սարոյանի ոչ միայն կարճ, այլև առհասարակ նրա ողջ ստեղծագործությունների հիմնային, գեղագիտական հատկանիշները, որոնք մասն են կազմում մի եզրի` «սարոյանականի»:

«Նա ինքը (Վ. ՍարոյանըԷ. Զ.) արդեն իսկ ստեղծել է իր սեփական ածականը,–գրում են Լոուրենս Լին եւ Բերրի Գիֆֆորդը «Սարոյան» գրքում,– «Saroyanesqueը» (սարոյանականը) ուներ հստակ իմաստ: Սարոյանական կերպարն անուշ, էքսցենտրիկ մարմնավաճառն էր՝ ոսկեհուռ սրտով, ոտքերը հազիվ քարշ տվող ծեր շոտլանդացին` ծռմռված, մաշված շեփորով, խոշորաչն մանուկը, ում ավյունով լի անմեղությունը ստիպում էր ընթերցողին կամ հանդիսականին տեսնելու աշխարհն այնպես, ինչպես դա երեւում է վաղորդյան անձրեւից հետո»2: Սարոյանականը տեղավորել որեւէ իզմի կամ դպրոցի մեջ, նշանակում է սահմանափակել հեղինակի գեղարվեստականգեղագիտական աշխարհայացքը, ինչպես արվել է որոշ գրականագետների կողմից:

Վ.Սարոյանի ոչ միայն կարճ, այլեւ առհասարակ բոլոր պիեսների առանձնահատկություններից է բազմաձեւությունը: Նա իր թատերախաղերից եւ ոչ մեկը չանվանեց կատակերգություն, ողբերգություն կամ ողբերգակատակերգություն, որովհետեւ նրա դրամաներում միախառնված են ծիծաղն ու լուսավոր թախիծը, իրականն ու երազայինը: Սարոյանի դրամատուրգիայում կարելի է գտնել էքզիստենցիալիստական փիլիսոփայության, մոդեռնիստական, սոցիալհոգեբանական դրամայի, ռեալիզմի, աբսուրդի թատրոնի, անտիդրամայի, իրավիճակային թատրոնի ու սյուրռեալիզմի մի շարք տարրեր. նա անհատապաշտ է, հույսի գրականության կրող կամ «ռոմանտիկ էքզիստենցիալիստ»3 (Թելմա Ջ. Շին): Սարոյանի դրամատիկական երկերի կոմպոզիցիան տարբեր է թե´ մեկ գործողությամբ` կարճ պիեսներում, թե´ մի քանի գործողությամբ դրամաներում: Նրա պիեսները հիմնականում չունեն վառ արտահայտված կոնֆլիկտ, դրամատիկական լարման բարձրակետ, հաճախ բացակայում է էքսպոզիցիան, երբեմն խաղն ավարտվում է առանց հանգուցալուծման:

Թատերագիրը համաշխարհային դրամատուրգիա բերեց «սարոյանական» թատրոնը` ուրույն գեղագիտությամբ, հասարակ, կյանքում «մերժված» մարդկանց պատկերասրահով, պարզ ու խոսակցական լեզվով, հաճախ գործողությունների միագիծ զարգացմամբ, լի էպիկականությամբ, իմպրովիզացիոն եղանակով, դրվագայնությամբ, ողբերգականի ու կատակերգականի համադրմամբ, քնարականխոհական երանգներով, էքսցենտրիզմով: Ավանդական 


 

1. Տե´ս http://www.washingtontimes.com/news/2004/sep/14/20040914-090559-1566r/?page=all.

2. Lee L. & ..., p. 9.

3. Critical Essays on William Saroyan, New York, G.K. Hall, 1995. p. 96.

 

գրականության ու թատրոնի հետքերով չգնալու, նոր ձևեր բացահայտելու մղումը նրան ստիպեցին ստեղծել սեփական «օրենքները», բացահայտ հրաժարվել գրելու դասական եղանակներից: Իսկ քննադատներից շատերը հաճախ անտեսում էին այն նորությունը, որ բերել էր հեղինակն իր հետ, և տրվում էին դրամայի ավանդական չափանիշներով դատողություններին` անտեսելով հեղինակի գրական անհատականությունը և ոճը: Գրականագետ Էդուարդ Ֆոսթերը գրում է. «...Սարոյանի պես գրողին չպետք է դատել ընդունված չափանիշներով. միակ համապատասխան չափանիշը կամ չափանիշները, վերջիվերջո, հենց իր ստեղծագործության առաջադրած չափանիշներն են»4: Մեկ այլ գրականագետ` Շահեն Համամջյանը, Սարոյանի դրամաների ընկալման ուղենշային բանաձևում է տալիս. «Սարոյանի պիեսները կարող ենք ավելի լավ ըմբռնել, եթե դրանք դիտենք ավելի շատ մեր սրտի, քան բանականության աչքերով... »5:

1930-ականներին գրած փորձարարական թատերգություններն առակների էին նմանվում: Նա ոչ միայն չհրաժարվեց իր որդեգրած դրամատուրգիական սկզբունքներից, որոնք հակասության մեջ էին «ավանդականի» հետ, այլ նաև շարունակեց ստեղծել բազմաձև «սարոյանական» կոչված թատրոնը: Սկսած «Մետրոյի կրկեսը» պիեսից` Սարոյանը կարևորեց յուրաքանչյուր դրվագի բազմաշերտությունը, կարճ պիեսների մշտական հատկանիշներ դարձրեց պոետական տարրերը, պայմանականությունը: Սարոյանի թատերագրությունը մի նուրբ առանձնահատկություն ևս ունի. ձգտում է շոշափելի դարձնել պիեսը ընթերցողի համար: Եթե 20-րդ դարի բազում թատերագիրներ գրել են, այսպես ասած, «ընդունված» ռեմարկներով, ապա Սարոյանը դրանք ներկայացրեց պոետիկ, քնարաէպիկական կամ խոհափիլիսոփայական երանգներով: Ռեմարկին ռեմարկից դուրսնշանակություն տալը դառնում է Սարոյանի թատերագրության սկզբունքներից մեկը: Այդ ռեմարկներն ունեն նաև հեգնական և հումորային նուրբ երանգներ. «Ամերիկացի մեծն Ապուշը մի անանուն երիտասարդ է, ով բերկրանք է ստանում իր ապրելուց, հետաքրքրասեր է ամեն բանի հանդեպ, տենչում է հասկանալ ամեն ինչ, լի է հոգատարությամբ, սիրով, զավեշտով, թախիծով, զայրույթով և այն մյուս բոլոր բաներով, որոնք մարդու ինքնության մասն են կազմում, բայց ամենավառը նրա մեջ հոգատարությունն է:

Նա ճամփա է ելնում մարդկանցով լի մի աշխարհում: Ամեն տեսակ մարդկանցով: Գնում է մեկից մյուսի մոտ` զննելով նրանց դեմքերը: Բոլորը զբաղված են` ոչինչ անելով»6:

Մի շարք անհեթեթ և հերոսական իրադարձություններ ամերիկացի մեծն Ապուշի կյանքում», թարգմանությունը մերն է): Սարոյանի կարճ պիեսներում խոսքը հաճախ դառնում է իրադրությունների ակամա, անմտադիր ու անուղղակի արտահայտումը: Սարոյանի պիեսները որոշակիորեն ընդլայնեցին ոչ միայն ամերիկյան, այլ նաև համաշխարհային թատրոնի հորիզոնները: Նա համակ լրջությամբ էր վերաբերվում փորձարարություններին` շարունակ որոնելով թատերագրական նոր ձևեր ու կառուցվածքներ: Որքան էլ նա համարվում է հույսի ու լավատեսության գրականության կրող, այնուամենայնիվ նրա մի շարք կարճ դրամաներում իշխում են հոռետեսական, մռայլ տոներ ու գույներ, ինչպես, ասենք, «Հե՛յ, ո՞վ կա» պիեսում: Դրամատուրգի բազմազգ հերոսները հաճախ դառնում են անտիհերոսներ, ովքեր «փոքր» մարդիկ են, տխրության մեջ` լի լավատեսությամբ: Նրա հերոսները հաճախ պայմանական են, ալեգորիկ, երբեմն՝ որևէ գաղափարի անձնավորումը կամ դիմակ: Միշտ չէ, որ Սարոյանի կերպարների բնավորությունները շոշափվում են գործողության կամ մյուս գործող անձանց խոսքերում: Դրամաներում, անկախ հեղինակի`


4.  Critical Essays on William Saroyan, G.K. Hall & Co., An Imprint of Simon & Schuster Macmillan, New York,

1995, p. 22.

5. Saroyan W., “Eight Plays”, p. 12.

6. §Նարցիս», 2 / 2008, էջ 5:

 

կերպարաստեղծման դավանած սկզբունքներից, տիպերը և առհասարակ բոլոր հերոսները բացահայտվում, բնութագրվում են գործողությունների և իրենց կամ մյուս գործող անձանց խոսքերի միջոցով: «...Արարքների բնույթի մեջ կարող ենք շոշափել բարոյական ինքնատիպությունը ու մարդու բնավորությունը, կռահել այն, ինչը ձևավորված է նրա հոգում... »7: Իսկ թատերագիրը նյութին տալիս է այնպիսի կազմակերպվածք, որ ընթերցողը կամ հանդիսականն ինքը եզրակացնի, թե ինչպիսին է այս կամ այն տիպը, բնավորությունը: Սարոյանական հերոսների պատկերասրահում հաճախ փոքրիկ փոփոխություններով կրկնվում են կերպարները: Նրա վերջին շրջանի պիեսները նույնպես ունեն տարբեր կառուցվածքներ և զերծ չեն բարոյախոսական ուսուցողական բովանդակությունից: Վ. Սարոյանի թատրոնը պահանջում է թարմ մոտեցումներ ու բեմական լուծումներ, որովհետև թատերագիրն ստեղծեց պիեսի նոր տեսակ` իր կառուցվածքայինկոմպոզիցիոն առանձնահատկություններով, որ տարբերվում է դրամայի հեգելյան ըմբռնումից: Հեգնանքը և հումորը (և ոչ միայն) դարձան սարոյանական թատրոնի գեղարվեստական արտահայտության կերպերը: («Ամերիկացի Մեծն Ապուշը», «Օպերա՛, օպերա՛», «Մետրոյի կրկեսը» և այլն): Որքան էլ Սարոյանը նոր հայացքներ բերեց ամերիկյան թատրոն, այնուամենայնիվ օգտագործեց նաև գեղարվեստական հնարանքներ, որոնք նորություն չէին դրամատիկական երկերում: Օրինակ՝ խաղ խաղի մեջ սկզբունքը Օպերա՛, օպերա՛»): Այս հնարանքը ներկայացվում է «սարոյանականհատկանիշներից մեկով` իմպրովիզացիոն եղանակով: Խաղ խաղի մեջ հնարանքը կա նաև «Ռադիոպիեսում»:

Երիտասարդը տեղում «սարքում» է ամերիկյան վոդևիլների թեթևությունն ունեցող ներկայացում: Գլխավոր կերպարի` Երիտասարդի ստեղծած զավեշտախաղը հիշեցնում է ոչ միայն իտալական լացցի (իտալ. lazzo ‐ կատակ), այլ նաև «լավ սարքված» այն դրամաները, որոնք բեմադրվում էին մասնավորապես 20‐րդ դարի 20‐30‐ական թվականներին: Մասնավորապես կարճ խաղերում կերպարի ստեղծման «սարոյանական» առանձնահատկություններից է մեկերկու նախադասությամբ կամ ինչոր մի արարքով հերոսներին տիպականացնելը, բնավորությամբ օժտելը: Թերևս դրամատուրգի սերը բուռլեսկի, վոդևիլի և կրկեսի հանդեպ խթանեցին գրելու վոդևիլային թեթևությամբ կարճ պիեսներ, որոնք լի են երաժշտությամբ, երգով, պարով, ձայնային էֆեկտներով ու, այսպես կոչված, «աղմուկներով» ու ակրոբատիկայով: Այսպիսով, Վ. Սարոյանի պիեսներն իրենց ինքնատիպությամբ ու ավանդականին հակադրվելու միտումով մասնակիորեն հիշեցնում են անտիդրամաներ: Այն խաղերը, որոնք պատկանում են Սարոյանի գրչին, իրենց գեղարվեստական արժանիքներով ու պակասություններով հանդերձ, ստեղծեցին թատրոնի նոր տեսակ և կոչվեցին «սարոյանական», որը, թվում է, արդեն ունի եզրույթի նշանակություն: Դրանով հատկանշվում են հետևյալ օրինաչափությունները.

ա) Դրամատիկական խոսքը սեղմ է, պարզ և հագեցած:

բ) Բազմագործառութային ռեմարկները ձեռք են բերում գեղարվեստական առանձին

արժեք: Դրանց գործառական նշանակությունը:

գ) Հակիրճությունը դառնում է ոճային առանձնահատկություն:

դ) Դրվագայնությունը, բազմաշերտությունը և գործողությունների` հաճախ վերընթաց զարգացման բացակայությունը:

ե) Հումորը, հեգնանքը և էքսցենտրիզմը:

զ) Ավտոմատ գիրը, ձևի բացակայությունը (formlessness), օտարման տարրերը,

կաղապարների բացակայությունը:

 է) Գերիշխող լավատեսությունը, ողբերգականի ու կատակերգականի համադրումը, մարդասիրությունը, բարությունը, պայծառ թախիծն ու բանաստեղծականությունը:

ը) Նյութի և ձևի հակասությունը:

թ) «Հույսի» գրականության դրսևորումները նրա թատերախաղերում:

Վիլյամ Սարոյանի դրամատիկական երկերի ընկալումը փոխակերպվում է ըստ սոցիալհասարակական և բարոյական հեղաբեկումների, սակայն չի կորցնում իր խոհական արժեքը, քանզի գեղարվեստական կերպափոխման կենտրոնում մարդն է իր հավիտենական որոնումներով: Այս է հաստատում նաև ինքը՝ Սարոյանը. «Իմ գրվածքները կհայտնաբերվեն նորից ու նորից»:


7. Гартман Н., Эстетика, Издательство иностранной литературы, Москва, 1958, ст. 258.

Նյութի աղբյուրը` ԵԹԿՊԻ

«Հանդես» №19 Երևան-2017

ԷԼՖԻՔ Զոհրաբյան

886 հոգի