26.04.2025 22:48
Ժամանակակից մարդը շրջապատված է հոգնեցուցիչ աղմուկով և չդադարող տեղեկատվական հոսքով։ Եվ հնչող խոսքը, նույնիսկ բեմում, դարձել է սովորական, հաճախ դատարկ, երբեմն էլ ձանձրացնող։ Եթե տարիներ առաջ բեմում դերասանը կարող էր հանդես գալ երկար մոնոլոգներով և պաթետիկ տեքստով, ապա ներկայիս հանդիսատեը այլ էսթետիկական հույզերի փորձառություն է փնտրում թատրոնում։ Գուցե թե մոռացված զգայունության վերականգնում: Խ.Օրտեգայի աշխատությանը և հետդրամատիկական թատրոնին հղում անող ավագ սերնդի գործընկերներիս դիտարկմամբ (Ա.Խզմալյան ‹‹Ապամարդկային թատրոն››, Գ.Օրդոյան ‹‹Դրամայի մերժման միտումները››)՝ դա խոսքի հանդեպ եղած վստահության սպառվածության ցուցիչ է: Եվ հեղինակի ու դրամայի մահվան արձանագրումներից (Ռ.Բարտ, Հ.Հովհաննիսյան) հետո թատերարվեստում կրկին առավել գնահատելի է դարձել պերճախոս լռությունը և այն հնարավորինս տեսանելի դարձնող մարմնի լեզուն։ Այսօր ավելի հաճախադեպ են փորձերը բեմադրել այս ժանրի ներկայացումներ: Ու թեև շարժման թատրոնը համարվում է համամարդկային արտահայտչականությամբ հանդիսատեսի հետ հաբերվող արվեստի ճյուղ, այդուհանդերձ, բեմարվեստի այս տեսակը հետևողից պահանջում է կատարել ինտելեկտուալ և զգայական աշխատանք՝ յուրաքանչյուր մանրուք ընկալել խիստ պայմանականորեն, վերծանել ‹‹մարմնական տեքստերը››, տարածաժամանակային չափումներն ու ամենաթափանց լռությունը։ Ոչ հեռավոր անցյալում շարժման թատրոնի ներկայացումները հասանելի և «ընթեռնելի» էին միայն պատրաստված թատերասերների համար։
Միևնույն ժամանակ 24/7 ռեժիմով թարմացվող նոր փորձություննրի առջև կանգնած ժամանակակից թատրոնը, հիմա, ինչպես երբեք, ունի գերխնդիր. հանդիսատեսին ներգրավված պահել ներկայացման ամբողջ ընթացքում։ Իսկ նրան հետաքրքիր է այնպիսի ներկայացում, որն անդրադառնում է այսօրվա խնդիրներին՝ սոցիալական արդարություն, ինքնության փնտրտուք, տարատեսակ փոխհարաբերություններ։ Ինչ խոսք, նշված գրեթե բոլոր կետերի ապացույցը վերջերս Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ժեստերի լեզվով բեմադրված «Հարաբերություններ»՝ ներկայացումն էր (ռեժիսոր՝ Էլմիրա Սոլոյան, բեմանկարիչ՝ Արեգ Միրիջանյան, ժեստերի լեզվի թարգմանիչ՝ Ժաննա Ցականյան, դերակատարներ՝ Ելենա Կասիմյան, Արմեն Մարգարյան, Աննա Մանուչարյան, Մանվել Խաչատրյան)։ Առաջին հայացքից պարզ մի վերնագիր, որն իր խորքում պահում է մեզ հարազատ մոլորությունների դրամատիզմով հագեցած պատմություն։
Այսպես կոչված սյուժեի հիմքում ընկած են չորս սիրային զույգի պատմություններ, բայց ոչ շեքսպիրյան կրքերի էմոցիոնալ թափով, այլ մեր առօրյա կյանքից վերցված ինֆանտիլության մոտիվներով։ Այս չորս զույգերն ապրում են միևնույն իրականության տարբեր կողմերում, բայց նրանց հարաբերությունները կործանվում են այն ամենով, ինչ թելադրում է արդի ժամանակի ճնշող օրակարգը։ Հնարավոր է, որ այս չորս զույգը ոչ միայն առանձին իրականությունների մեջ է ապրում, այլև միմյանց տրամաբանական շարունակությունն է։ Զույգերի պատմությունները անուղղակիորեն համադրվում են՝ ստեղծելով քիչ թե շատ իմաստավորված և իր յուրահատուկ սիմբիոզային պայմանաձևն ունեցող բովանադակություն։ Ստեղծվում է խառնածին մի ամբողջություն, որտեղ յուրաքանչյուր զույգ դառնում մեկ այլ բեկորի, մեկ այլ պատմության մաս։ Պատմության, որը ցույց է տալիս, թե ինչպես են ժամանակի ընթացքում զույգերի հարաբերությունները փոխվում՝ կոտրելով տարածության և ժամանակի սահմանները։ Անշուտ անհայտություն և անորոշություն հասցեագրումով, քանի որ անուղղակիորեն առաջադրվել են հարցեր, որոնք չունեն ուղղակի պատասխաններ:
Դա կյանքի է կոչվում պայմնական եզրագծով կամերային տարածքում: Վայր, որտեղ բեմը և հանդիսատեսը չունեն հստակ սահմանագիծ։ Ամեն ինչ միևնույն հարթության վրա է՝ կարծես հանդիսատեսը դառնում է ներկայացման անբաժան մաս։ Փորձում ես զգուշորեն տեղավորվել՝ չխաթարելով այն նուրբ մթնոլորտը, որը ստեղծում նախապես տրված բեմավիճակը։ Նրանք՝ պայմանական կանանց և տղամարդականց կերպարներն արդեն իրենց անկյուններում են՝ լուռ, յուրաքանչյուրը խորը լարվածությամբ փորձում է մուտք գործել իր կերպարի հոգեբանական տարածք։ Դա ոչ միայն մեխանիկական պատրաստություն է, այլ ներքին զրույց՝ սեփական կերպարի, սեփական մտքի և հանդիսատեսի հետ, ինչը հեշտ գործընթաց չէ։ Դերասանի համար այս վիճակը երկակի է․ մի կողմից նա փորձում է ամբողջությամբ ներքաշվել կերպարի մեջ՝ դառնալ դրա մարմնավորումը, մյուս կողմից՝ չի կարող անտեսել այն զննող հայացքները, որոնք սահում են բեմի վրա։ Հանդիսատեսը՝ լինելով այդքան մոտ, գրեթե շնչելով նույն օդը, բնականաբար ներգրավում է դերասանի ուշադրությունը։ Բեմական հյուսվածքում յուրաքանչյուր տարածք ունի չորրորդ պատի՝ արհեստականորեն ստեղծված սահմանի գաղափարը։ Տվյալ դեպքում դա ոչ թե ուղղակի տեսողական պատ է, կամ վարագույր, այլ մի սահման, որն ամրագրված է բարոյահոգեբանական վտանգը նախազգուշացնող և մուտքն արգելող ժապավենով։ Ներկայացման սկիզբը չի գալիս սովորական, սպասելի եղանակով։ Այն գալիս է մի ձայնով՝ անսպասելի ու միաժամանակ, ծանոթ ինչպես օդանավում ուղևորներին դիմավորող ձայնը։
Ձայնի հնչերանգը ոչ միայն տեղաշարժում է քեզ մի իրականությունից մյուսը, այլ նաև բերում է մի հեգնական շունչ, հուշում, որ սպասվում է ոչ սովորական ներկայացում։ Այդ պահից հետո բեմի վրա հայտնվում է մի դերակատար, որը մինչ այդ բեմում չէր։ Նա, ով առաջիկա ողջ ներկայացման ընթացքում մնալու է անտեսանելի-տեսանելի, բայց ոչ կենտրոնում: Գործողությունների մեջ անշեղ բեմահարդարի կերպարն է։ Ամբողջ ընթացքում տեսարանների փոփոխությունը ազդարարվում է նրա մուտքով, երբ գալիս է փոխելու բեմական իրերը։ Ճշգրիտ, արագ շարժումներով վերցնում է հին առարկաները, փոխարինում նորերով։ Ոչինչ չի մնում հաստատուն։ Տարածությունը ժամանակի թելադրանքով ներքուստ շարժման մեջ է։ Նրա շարժուձևն ինքնին նշանակալից է․ մոտենում է բեմի ‹‹չորորդ պատում›› գտնվող ձգված ժապավենին, կտրում։ Այդ ժապավենի կտրումը դառնում է սահմանների վերացման ակտ՝ բեմը և հանդիսատեսը այլևս տարբեր չեն։ Այսինքն, դա ոչ միայն ֆիզիկական ակտ է, այլև խորհրդանշական ժեստ, որը ուղերձ է հանդիսատեսին.«Դուք այլևս դիտող չեք։ Դուք այստեղ եք։ Դուք ներսում եք։ Սա այլևս ձեր պատմությունն է»։
Ի դեպ, լուսային պարտիտուրը, նույնպես պայմանականություն հրավիրող է. ըստ կոմպոզիցիոն մասերի հուզական բովանդակության համապատասխան գունախաղ որդեգրած մոտեցումը սկզբում ակնարկում է երկինք, որտեղ կան աստղեր։ Արդյո՞ք այս ամենը տեղի է ունենում բաց երկնքի տակ և ամեն մեկս այդ պատմությունների կրողն ենք, թե՞ այդ ամենն ընդհամենը գեղեցիկ խաբկանք է։ Բացի այդ, բեմի ձախակողմյան հատվածում երբեմն լուսագրվում են բառեր, օրինակ՝ «7 տարի միասին»: Բեմը գեթ մեկ պահ պարապ չէ։ Դինամիկ է եղած բոլոր տարրերի փոխազդեցությունն ու հարաբերությունը։ Նույնիսկ ամենասովորական առարկան՝ աթոռը, սեղանը, շարժման մեջ է։ Դրանք դադարում են լինել պարզ ռեկվիզիտներ ու վերածվում են պատմություններ կրողների՝ տվյալ դետալի գաղափարական կոդի էմոցիոնալ բեռով։ Բեմի ետնամասում կան խորհրդանշական մետաղյա ճաղեր։ Այդ ճաղերը կարող են թվալ պարզապես դեկորացիա, բայց երբ դերասանները հայտնվում են դրանց հետևում՝ լուռ, անկեղծ, մի պահ՝ անզեն աչքով, ամեն ինչ փոխվում է, կարծես անկողին է ծառայում, և գիշերային այդ տեսարանում դերասաններն արդեն իրար մոտ են, բայց հեռախոսի մի թրթռոց և օտարությունը պատրաստ է։ Այստեղ ընտանեկան կյանքը պատկերված է որպես մի փոքր բանտ՝ պայմանականություններով լի մի տարածք, որտեղ մարդիկ ապրում են կողք-կողքի, բայց օտարացած։ Դերասանների խաղը մերկ է։ Չկա ավելորդություն։ Նրանց դիմախաղում կարելի է տանջվածության հետքեր նկատել։ Բեմում ապրում են ոչ թե կերպարով, այլ իրականությամբ և իրենց լռությունները խոսում են ավելի բարձր, քան բառերը։ Նրանք հիշեցնում են մեզ, որ երբեմն ամենամեծ ցավը գալիս է այնտեղ, որտեղ պիտի լիներ սերը։ Տեսարանը միաժամանակ պարզ է և խորաթափանց։ Այն չի ստիպում զգալ, այլ տալիս է հնարավորություն՝ տեսնել, անդրադառնալ, պատկերացնել, որ միգուցե դա հենց մեր պատմությունն է։
Ինչևիցե, առաջին զույգը բեմում է՝ մերկ՝ իրենց ցավերով, վախերով, փխրուն ներաշխարհով։ Ընթրիք, շարժումներ, բայց առանց հաղորդակցություն։ Դերասանները կատարում են գործողություններ՝ նստում են, հագնվում ու հաց ուտում։ Բայց այս ամենը կատարվում է առանց ուշադրության, առանց մի նշույլ անկեղծ մտերմության։ Նրանք ֆիզիկապես միասին են, բայց միայնակ, հոգեպես՝ մոլորված, կարծես քայլում են զուգահեռ իրականություններում։ Կինը և տղամարդը փորձում են ոչ միայն ծանոթանալ միմյանց, այլև քանդել իրենց միջև եղած անտեսանելի պատնեշը։ Դա պատ չէ քարից, այլ շաղախված է անհայտությամբ, չլսված բառերով, չտեսած հայացքներով։ Նրանց զգուշավոր շարժումներն անշտապ են, ‹‹սառը ռիթմ››, մի անտես ցավ պարունակող։ Ամեն քայլի մեջ կա կասկած, փորձ՝ մի կողմ թողնել ներսում եղած մտահոգությունները։ Եվ հենց այստեղ է, որ առավելապես զգայելի է դառնում ողբերգականության ներուժ ունեցող միջանձնային դրամատիզմը։ Երբ ի վերջո հասնում են միմյանց, դառնում են օտարներ։ Ինչ-որ բան արդեն անդառնալիորեն կորսված է։ Դերակատարների աչքերում մենք կարող ենք կարդալ ամբողջ պատմությունը՝ վախի, հիասթափության, երբեմն մի ակնթարթային լույս, որ հանկարծ մարում է։ Իսկ վերջում, երբ հնչող երաժշտությունն այլևս անկարող է խորապես արտահայտել ամեն օր ինքնասպան եղած զգացմունքը, նրանք անում են մի ժեստ։ Շարժում, որը գրեթե անկատ շշնջում է. «Քնես - կմոռանաս»։ Իսկ հանդիսատեսի մեծ մասը չի տիրապետում ժեստերի լեզվին։ Ու դա այս ներկայացման հմայքն է․ մենք ունենք վարկած, բայց ոչ երբեք ամբողջական ճշմարտություն։ Մենք ենթադրում ենք, զգում ենք, բայց երբեք վստահ չենք։
Տեսարանը փոխվում է։ Բեմում լուռ, բայց զգայուն լարումով հայտնվում են առաջին տեսարանի տղամարդ դերասանն ու երկրորդի կին կերպարը։ Նրանց հանդիպումը չի ազդարարվում հանդիսավոր կամ բացահայտ։ Արդյո՞ք նրանք մի նոր զույգ են մի նոր պատմություն, թե սա հասարակ դավաճանության տեսարան է մենք հակված ենք առաջինին։ Նրանց միջև կա մի խորը ձգողականություն։ Ոչ ֆիզիկական, այլ հոգեկան՝ երկու մարդ, որոնք զգում են միմյանց կարիքը։ Նրանք կողք-կողքի են կանգնած, առանց բարձրաձայն խոսքերի, բայց ներկա են իրար կյանքում այնպես, ինչպես միգուցե երբեք ոչ ոք չի եղել։ Այդ լուռ փոխադարձությունը մի պահ ստիպում է հավատալ՝ այս երկուսը միգուցե կարող էին գտնել միմյանց, բայց կրկին օտարում կա։ Նույնիսկ այն պահին, երբ փորձում են հեռախոսը դնել մի կողմ, երբ մարմինները մոտ են, հոգիները մնում են հեռու։ Մի թրթռոց, մի ձայն, մի շեղող ազդակ, և նրանք կրկին հեռանում են։ Ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեպես։ Դառնում են միմյանց օտար, անծանոթ՝ ինչպես բոլոր զույգերը ներկայացման ընթացքում։
Սա կյանքում պատահող օրինաչափություն է, որը, դարձ ի շրջանս յուրն ակնարկելով, ներկայացման ամբողջ ընթացքում կրկնվում է։ Որքան էլ մոտ լինենք միմյանց, մենք հաճախ խանգարում ենք մեր իսկ ներսի փակուղիներով։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ նույնիսկ փրկվելու ձգտումը հաճախ բախվում է նոր խոչընդոտնտերի, նոր պայմանականությունների։ Անընդհատության այդ կոնցեպցիան իրեն համարժեք պլաստիկական վճռի է հետամտում՝ գործածելով ուրույն կինետիկ ալգորիթմ: Տղամարդու կերպարը, որ սկզբում հանդարտ էր, ինքնամփոփ, գործողությունների մեջ մեղմ և զուսպ, այժմ շարժումների բացազատման է հասել։ Շարժաձևերն ավելի սուր են, պրկվածություն մատնող։ Կարծես ներսից ինչ-որ բան ջարդվել է, և այժմ նա փորձում է վերակառուցել իրեն ուրիշի ներկայությամբ։ Իսկ կնոջ կերպարը, որը նախկինում կոշտ էր, կոպիտ՝ առօրեական ճնշումներից կաղապարված, այժմ բացահայտում է մի փխրունություն, որը մինչ այս պահը թաքնված էր իր պաշտպանական ռեակցիաերի հետևում։ Ոճավորված շարժման պլաստիկ նկարագրին նմանող ալիքի կորագիծ է նշմարվում նրա շարժակերպում: Փաստորեն լռության սրտագրային զուգադրումներն են մարմնավորվում, որոնց համահավաքը դառնում է վերնագրում մեր կողմից նախանշվածի կոնցեպցիոն ամբողջությունը:
Այդպես է, քանի որ այստեղ ցանկությունը չի ասվում տարտամ բառերով, այն չի խտացվում անմիջականությամբ։ Այն ցուցադրվում է մարմնի մինիմալիստական լեզվով՝ հստակ, նրբագեղ, միևնույն ժամանակ հուզականորեն հագեցած։ Թվում է, թե նրանց գործողությունները պարզ են, բայց, երբ վերջին զույգը բեմ է դուրս գալիս, բեմում խնձորը, դանակը, վերածվում են խորհրդանշական պատկերների։ Նոր համադրությամբ արդեն ծանոթ դեմքերը՝ առաջին տեսարանի աղջիկը և երկրորդ տեսարանի տղան միանում են մի տարածքում՝ ստեղծելով մի նոր հարաբերության պատում։ Սկզբում ամեն ինչ թվում է սովորական՝ առօրյա առարկաներ՝ խնձոր, դանակ։ Մի պարզ կենցաղ, մի սովորական երեկո։ Բայց ինչպես ամբողջ ներկայացման մեջ, ամեն սովորական իր սեմանտիկ ծագում ունի և իմաստային տարանշանակություն է հարուցում։ Դանակը դերակատարուհու մոտ սպանելու ցանկություն է առաջացնում, իսկ խնձորը՝ սովորական մի միրգ, վերածվում է խորհրդանիշի։ Մի պահ աղջիկը վերցնում է խնձորը ու կծում։ Այդ գործողությունը հիշեցնում է մի այլ ժամանակ ու մի այլ պատմություն՝ Եվայի Մեղքի ու իմացության Աստվածաշնչյան խորհուրդը։ Ո՞վ գիտե, միգուցե այն մեղք չէ, այլ ուժ։ Ոչ թե անկում, այլ սեփական կամքի դրսևորում։ Երբ աղջիկը կծում է խնձորը, տեսարանը մի պահ կանգ է առնում։ Իսկ հետո՝ հանկարծ, նա հագնում է տղամարդու կոշիկները։ Կոշիկներով քայլելով, նա կարծես իր ընտրյալին ասում է՝ «Ես ուզում եմ հասկանալ քեզ»։ Դրանով իսկ հարուցում տղամարդու պաշտպանական ռեակցիայից բխող վերոգրյալ ագրեսիան, ինչն էլ կնոջը ներքաշում է իր հուզական և վարքագծային ռեգիստր: Նա երևի թե անարդյունք փորձում է համահունչ դառնալ տղամարդուն։
Այնուհետև, վերջին տեսարանն է։ Բեմահարթակը կարծես դարձել է փակ տարածք՝ բախում իրականության և պայմանականության միջև։ Չորս դերակատարները այնտեղ են՝ ճաղերի մոտ, ճաղերի ներսում, ճաղերի վրա։ Ֆեյսբուքյան երանգի աթոռների վրա, այն է՝ համացանցի սոցցանցային միկրոկետերում նստած՝ չորս դերակատարները ժեստերի լեզվով մեզ ինչ-որ բան են հաղորդում։ Դա խոսք չէ, բայց այն խոսուն է։ Յուրաքանչյուրն իր ոճով, իր մարմնով, իր լռությամբ ասում է մի ճշմարտություն՝ մեկը հանդարտ, մյուսը՝ հուզական, մեկը՝ բացիեբաց, մյուսը՝ դեռ թաքնված։ Այսուհանդերձ հանդիսատեսը չի ստացել ուղղակի և վերջնական պատասխան։ Դերակատարները բեմում ինչ-որ բան են փնտրում։ Սկզբում այդ փնտրտուքը կարծես ֆիզիկական է՝ աչքերով, շարժումներով փորձում են գտնել մի բան, որ բացակայում է։ Ժամանակի հետ պարզ է դառնում, որ նրանք փնտրում են գաղափարական ինքնորոշումն իմի բերող ելակետ ու հեռանկարային թիրախ: Իրենց կյանքի, իրենց սիրո իմաստ։ Եվ ահա, մի պահ։ Որպես բացահայտում՝ փակ պատուհանի մյուս կողմից տեսնում են ցուցանակ։ Մի վաղածանոթ բառ՝ «ՍԵր»։
Գրված՝ պարզ բառ, որը ունի հազարավոր մեկնաբանություններ՝ մարմնականություն, ցանկություն, ինքնություն, սիրո հիմք, հիասթափության պատճառ։ Այն, ինչը ներկայացման ընթացքում առկա էր ենթագիտակցորեն՝ որպես ներքին գործողության շարժիչ ուժ, որպես կոնֆլիկտի ակունք, որպես մերձեցման և օտարման առանցք։ Եվ հենց այդ պահին, վերջին ակտում, բեմ է մտնում անշունչ իրերի աշխարհի ներկայացուցիչը, այսինքն՝ անէության մարմանցում բեմահարդարը։ Խաղի անտեսանելի կերպարը։ Նա բերում է նոր ցուցանակ՝ վրան գրված է պարզ, սոցիալական էկզիստենցիալության աստիճան սառնշունչ, ֆինանսական կենցաղ պարտադրող բառ՝ «ՎԱՃԱՌՎՈՒՄ Է»։ Այս բառը կտրուկ պոկում է մեզ զգայական հյուսվածքից՝ բերելով դեպի դառնահամ իրականություն։ Սերը։ Մարմինը։ Կյանքը։ Ձգտումը։ Նույնիսկ ճշմարտությունը՝ վաճառվում է։ Դա կատակ չէ։ Դա մի բացահայտում է՝ մեր գոյության պայմանների մասին։ Դերակատարները վերադառնում են առաջին տեսարանի դիրքերին՝ ուղիղ այն կետը, որտեղից ամեն ինչ սկսվել էր։ Շարժումները, նստելու ձևը, հայացքները։ Ժամանակը կարծես պտտվել է։ Բայց այս ողջ շրջապտույտը տեսած հանդիսատեսը չի կարող նույնը լինել։
Իսկ դատավճիռը ցուցադրող բեմահարդարը նույն հանգստությամբ մոտենում է ու նորից փակում բեմը ժապավենով՝ ինչպես ներկայացման սկզբում։ «Ժեստը» պարզ է, բայց այդ ժապավենը հիմա այլ իմաստ ունի։ Այն արդեն միայն բեմը չի բաժանում հանդիսատեսից։ Այն բաժանում է մեր սովորական իրականությունը այն աշխարհի խորքից, որն այժմ արդեն մեզ մոտ է։ Ներկայացումը չպատասխանեց բոլոր հարցերին, բայց դրեց դեռևս համլետի շուրթերում խլրտացող հիմնահարցը․ի՞նչ արժե մեր զգացմունքը, եթե այն հեշտությամբ դառնում է ապրանք։ Եվ ի՞նչ է մնում մարդուց, երբ նույնիսկ սերը վաճառվում է։ Ավարտվում է նույն կետում, որտեղ սկսվեց։ Բայց դա այլևս սկիզբ չէ, փակ շրջան է, կամ գուցե՝ նոր բացվող աչքերի մի նոր շրջափուլ…