Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Ընդհանրապես ընունված չէ հատկապես առաջին կուրսի ուսանողների աշխատանքների մասին մասնագիտական խոսք ասելը: Նոր - նոր ձևավորվող ապագա թատերական գործչին խոցելու և կոտրելու վտանգը բավական մեծ է: Սակայն օրերս ԵԹԿՊԻ - ի բեմում Ռուբեն Բաբայանի ռեժիսորա - դերասանական առաջին կուրսում բեմական շարժման դասախոս Մարիկա Դովլաթբեկյանի ռեժիսորական մասնակցությամբ արված «Մարդիկ» բեմական ֆանտազիան, ստիպում է չլռել: Թեկուզև այն պատճառով, որ մեկ կիսամյակում այդ ուսանողներն այնպիսի ֆիզիկական պատրաստվածություն են ձեռք բերել, որպիսին նույնիսկ շաժման թատրոնի ներկայիս որոշ այսպես ասած փորձառուները չունեն:

Խոսել աուտիստ Անտոն Խարիտոնովի տեքստի այսպես ասած ֆիզիկական վերացարկում - վերարտադրության մասին: Հանրության և նրա անդամ մարդկանց հատկությունների հարակրկնողական ներկայացում, ինչը թե՛ աուտիստների խոսքի տիպականացում է ակնարկում, թե՛ մարդուն, անընդհատաբար մտքի սկիզբ դարձնելով, ներկայացման ռիթմական կառույցում հանգային կեցության դատապարտում վերջինիս: Այդ «հանգե չհայտարարագրված, բայց ճակատագրով պարտադրված վանդակում», հանրության և նրա մասնիկներրի վերաբերյալ իր դեգերուն զգացողությունների համապատկերը հնարավորինս կենսուրախ վերաշարադրում: 

Ու փույթ չէ, որ Մուշեղ Բաբայանի ձեռամբ ձևաստեղծված կիսաբեկ բեմատարածական լուծումը Ֆիզիկական շարժումների իլյուստրատիվ ֆոնի մեջ ծիկրակող ֆիզիկական գորոծողությունների ուրվապատկերների հետ միասին երբեմն կաֆկայական ինքնօտարումի զացողություններ էր հարուցում: Այդ ամենը մթնոլորտային անմիջականության ու ամբողջականության էր իր նյարդային ձգողականությամբ քաշում տանում խաղային տարածքի ետնանկյում հանգրվանած «Կանգուն» երաժշտախումբը: Այն ամեն անգամ ռիթմական կտրուկ միջամտություն անելիս, ասես աուտիստի հուզամտածական հոսքի իմաստային հանգուցակետերը նշեր: Այնու, որ մտքի ամեն մի տեսակ, անկախ իր խտությունից ու ամրությունից, յուր գոյության իրավունքը վաստակում է հենց մարդկային ու մարդածին լինելու հիմքով: 

16.04.2025

ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյան

693 հոգի