05.04.2025 04:18
Հիմնաբառեր. Պարարվեստ, մշակույթ, ինքնություն, պատերազմ, հաղթանակ, ազգագրություն, պատմություն:
Ռազմապարերը միտված են բարձրացնելու կռվողների մարտունակությունը, ապահովելու մարտական գործողությունների բարեհաջող ընթացքը՝ նպաստելով հաղթանակին: Հայոց մեջ տվյալ բնույթի պարերն ունեն մարտական կառուցվածքին համապատասխան ձև: Ուսումնասիրությունների արդյունքում առանձնացրել ենք Վանի հետևյալ ռազմապարերը. «Քերծի» (իր տարբերակներով), «Լութկի», «Վանա քոչարի», «Զինվորի պար», որոնք գրանցվել են վերջին տարիներին անցկացված մեր դաշտային հետազոտությունների ընթացքում:
Հայոց մարտապարերին տարբեր դիտանկյուններից անդրադարձել են երաժշտագետ Սպիրիդոն Մելիքյանը[1], պարագետներ Սրբուհի Լիսիցյանը[2], Ժենյա Խաչատրյանը[3], Նաիրա Կիլիչյանը[4], ինչպես նաև ազգագրագետ-բանահավաքներ Վարդ Բդոյանը[5], Վարդան Պետոյանը[6]։
Հոդվածում փորձելու ենք վերլուծել մեր կողմից գրառված Վանի ռազմապարերի կառուցվածքային առանձնահատկությունները` դրանք բաժանելով համապատասխան պարբերությունների և իրականացնելով պարի բովանդակային վերլուծություն` ելնելով ոչ թե անվան ստուգաբանությունից, այլ պարի կառուցվածքից: Ապա Վանի ռազմապարերը համեմատելու ենք Հայաստանի մյուս տարածաշրջանների ռազմապարերի հետ, փորձելու ենք ճշտել, հստակեցնել մարտապարերի կատարման հանգամանքները, տեղը, ժամանակը, անդրադառնալ Վանի ռազմապարերի բեմական մշակումներին, ինչպես և ռազմապարերի ուսուցման և տարածման գործընթացներին մեր օրերում:
Վան-Վասպուրականի ռազմապարերի կառուցվածքային առանձնահատկությունները.
Հայոց մեջ բոլոր պարատեսակները, այդ թվում և ռազմապարերը, ունեն իրենց բնորոշ կառուցվածքը: Մեր կողմից գրանցված դաշտային ազգագրական հետազոտությունների արդյունքում Վանի ռազմապարեր հանդիպել են Արարատի մարզի Ներքին Դվին[7], Շաղափ[8] գյուղերում, Մասիս քաղաքում[9], Արագածոտնի մարզի Ագարակ[10] գյուղում: Գրանցվել են ռազմապարերի «Լութկի», «Քերծի», «Վանա քոչարի», «Զինվորի պար կամ Ասկյարի» տարբերակները։ Հատկանշական է, որ բանասացների մեծ մասն արմատներով Վասպուրականից են:
Մարտապարերին մասնակցում էին միայն տղամարդիկ, կանանց մասնակցությունն արգելվում էր, քանի որ պարի բարդ շարժումներն ու մասնակիցների խիտ դասավորությունը ենթադրում է տղամարդկային ուժ ու տոկունություն: Նշված բնույթի պարերը կատարելու համար մասնակիցներից պահանջվում է ֆիզիկական ուժ և տեխնիկական պատրաստվածություն: Անգամ սխալ բռնելաձևի կամ ոչ ճիշտ քայլ կատարելու դեպքում հավանական է մասնակցի ձեռքի կամ ոտքի ոլորվելը: Մարտապարեր սովորելիս և դրանց տեխնիկան ու արտահայտչական բարդությունները հաղթահարելիս երիտասարդները ոչ միայն ֆիզիկապես մարզվում էին, այլև յուրացնում այն սոցիալական ու մշակութային նորմերի համակարգը, որը բնորոշ է տվյալ համայնքին[11]:
Վանի ռազմապարերի կառուցվածքին բնորոշ է մեկ կամ երկու գծով գծաշարքը: Շարժումները լինում են գծի ուղղությամբ` հարձակողական, պաշտպանողական, նահանջողական: Պարի ուղղությունը հիմնականում լինում է առաջ ընթանալ և ետ դառնալ` գծի ուղղությունը պահելով, կամ աջ ուղղությամբ անկյունագծով շարժվելով: Ռազմապարերի շարքում մասնակիցների դասավորությունը խիտ է, պարաքայլերում գերակշռում են ծունկոտրուկները, ոտքի ուժգին հարվածները, պարաքայլերի խաչաձև անցումները, իսկ բռնելաձևը` ափ ափի ամուր բռնելաձևով կամ ճկույթներով:
«Քերծի» ռազմապարն ունի երկու տարբերակ. առաջին տարբերակը միաշար է, կատարվում է մեկ գծով` աջ ուղղությամբ[12], երկրորդ տարբերակը երկշար է, կատարվում է երկու գծով` դեմ դիմաց առաջխաղացմամբ: Երկշար խմբերը խիստ համաչափ են կատարում առաջխաղացումն ու ետ նահանջումը` պահելով պարաքայլերի ճշգրիտ հաշիվը: Հատկանշական է, որ Վասպուրականում Քերծի անունով կա և´ գյուղ, և´ լեռ[13]:
Մեկ գծաշարով «Քերծին»[14] կատարվում է հետևյալ կերպ. մասնակիցները կանգնում են մեկ հավասար շարքով, միմյանց շատ մոտ` գրեթե ուս ուսի կպած, բռնելաձևը` ճկույթներով: Պարի ուղղությունը դեպի աջ է, երաժշտական ռիթմը` 2/4: Պարը բաղկացած է երեք պարբերությունից: Պարը կատարվում է անկյունագծով, հետագիծը` քառանկյունատիպ (տե´ս լուսանկար 1):
Երկու գծաշարով «Քերծիի» կառուցվածքը. Շարքերը միմյանցից գտնվում են կենտրոնական` հատման գծից չորս քայլ հեռավորության վրա: Բռնելաձևը՝ ափերով խաչաձև բռունցք կազմած (ժողովրդական տերմինը` «չանգալ բռնել»)[15]: Պարի ուղղությունն առաջ և ետ շարժվելն է, երաժշտական ռիթմը` 4/4: Բաղկացած է չորս պարբերությունից. Այս տարբերակն առկա է հայաստանյան գրեթե բոլոր ազգագրական խմբերի՝ «Մարաթուկ», «Անդոկ», «Սասնա ծռեր», «Ակունք», «Կարին», «Վերադարձ», «Վարք Հայոց» պարացանկերում:
Երկու գծաշարով Քերծիում պարի պատկերը կազմված է երկու հակառակորդ շարքերից` դեմ դիմաց ուղիղ գծաշարով: Պարի հիմքում ընկած է հարձակվելու և պաշտպանվելու գաղափարը, որը կատարվում է հետևյալ կերպ. մի գծաշարը հարձակվում է, մյուս` հակառակորդ գիծն ետ է նահանջում: Այնուհետև նույն հարձակումը կատարվում է հակառակ շարքի կողմից: Պարն ավարտվում է՝ երկու խմբերի մեկ հավասար գիծ դառնալով (տե´ս լուսանկար 2):
«Վանա Քոչարու» կառուցվածքը նույնպես երկու գծաշարով է` դեմ դիմաց: Բայց հանդիպում է նաև մեկ գծաշարով կատարում[16]: Պարի շարժման ուղղությունը անկյունագծով է, երաժշտական ռիթմը` 2/4: Բռնելաձևը. թիկունքի ետևից խաչաձև, որի արդյունքում պարաշարքը խիտ դասավորության տեսք է ստանում (տե´ս լուսանկար 3):
Լութկի ռազմապարն ունի երկու տարբերակ` և´ մեկ գծաշարով, և´ երկու: Բռնելաձևը` ափերով խաչաձև բռունցք կազմած:
Մեկ գծաշարով Լութկին[17] բաղկացած է երեք պարբերությունից, կատարվում է անկյունագծով, երաժշտական ռիթմը` 2/4 ( տե´ս լուսանկար 4), իսկ Երկու գծաշարով Լութկին[18] բաղկացած է երեք պարբերությունից (տե´ս լուսանկար 5)։
«Զինվորի պար կամ ասկյարին»[19] ունի երեք պարբերություն: Պարի ուղղությունն աջ է, ռիթմը` 2/4, պարաշարքի կառուցվածքը միագիծ է, բռնելաձևն` ափ ափի, հետագիծը` քառանկյունատիպ (տե´ս լուսանկար 6):
Այսպես՝ նկարագրված ռազմապարերին բնորոշ է քառանկույն պարագիծը և երաժշտական 4/4 կամ 2/4 ռիթմը:
Վան-Վասպուրականի ռազմապարերն իրենց պարային կառուցվածքով նման են զորաշարք-քառե կառուցվածքին[20], որը հին արևելյան ռազմարվեստում զորաշարքի կառուցվածքներից մեկն է: Պարաշարքում մասնակիցների դասավորությունը հիշեցնում է զորաշարքի խիտ դասավորությամբ կոհորտ ռազմարվեստի կառուցվածքին (տե´ս լուսանկարներ 7, 8)[21]:
Վասպուրականի ռազմապարերի զուգահեռները հայկական մյուս տարածաշրջանների ռազմապարերի հետ.
Վանի ռազմապարերն իրենց ինքնատիպ բնութագրական հատկանիշներով տարբերվում են Սասունի, Մուշի, Համշենի, Փերիայի, Կիլիկիայի, Մուսա լեռան և այլ տարածաշրջանների ռազմապարերից: Հիմնական շեշտը դրված է պարաշարքերի խիտ դասավորության վրա: Պարաքայլերում ոտքերի ուժգին հարվածները գերակշռող են, իսկ ձեռքերի շարժումները ամուր բռնելաձևի պատճառով գրեթե ստատիկ են: Վանի ռազմապարերին բնորոշ է երկու հավասար գծաշարով կառուցվածքը: Մասնակիցների կազմը պարտադիր զույգ թվով է լինում: Հավասարաչափ են կատարվում պարի շարժումները:
Սասունի և Մուշի մարտապարերի «Ծափ» պարատեսակում` Յար խուշտա, Թաք Յարխուշտա, Թաք աղրուշտա, Սըլիվանի Յար խուշտա, Խարզանի Յար խուշտա, Թուր ու մարթալ[22], փերիահայերի Չուբազի կամ Փեդփեդի[23] մարտապարերի հիմքում ընկած է մենամարտելու, մրցակցելու և հաղթանակելու գաղափարը: Այս պարերում պարտվող մասնակիցը դուրս է գալիս պարից, իսկ պարը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև հաղթող է ճանաչվում այն խումբը, որտեղ մասնակիցների գերակշռող թիվ կա[24]:
Վան-Վասպուրականի տարածաշրջանի ռազմապարերի կառուցվածքը նմանվում է պատնեշի, ինչը հիմնականում նպատակաուղղված է տարածքի պաշտպանությանը:
Սասունի, Մուշի, Համշենի, Փերիայի ռազմապարերին բնորոշ է հանկարծաստեղծությունը, այսինքն`բուն պարային կայուն շարժումներից բացի կատարվում են իմպրովիզացիոն` հանկարծաստեղծ շարժումներ, որը բնորոշ չէ Վանի ռազմապարերին: Այստեղ պարաքայլերը կատարվում են զույգ հաշվով, պարագիծը սիմետրիկ է և հավասարաչափ:
Ռազմապարերի կատարման տեղը, ժամանակը.
Ռազմապարերը, որպես կանոն, կատարվել են.
. մարտը սկսելուց առաջ և ավարտելուց հետո,
. զինադադար հաստատելիս,
. կարևոր նշանակություն ունեցող տարածք ազատագրելուց հետո[25],
. ռազմի ընկերներից մեկին հուղարկավորելուց հետո։
Այսպիսի փաստերի մասին վկայություններ հանդիպել են մեր դաշտային ազգագրական հետազոտությունների ընթացքում, նաև տարաբնույթ աղբյուրներում՝ փաստագրական և գեղարվեստական գրականության մեջ, գեղարվեստական ֆիլմերում: Փաստագրական հենքի վրա ստեղծված գեղարվեստական ստեղծագործություններից մեկից տեղեկանում ենք, որ Գևորգ Չաուշի և նրա զինակիցների կազմակերպած ժողովներից մեկն ուր քնարկվել են ինքնապաշտպանական ջոկատների և հայդուկներին վերաբերող հարցեր, առաջադրվել նոր ինքնապաշտպանական ծրագրեր ավարտվել է մասնակիցների խրոխտ «քոչարի» պարով, որտեղ պարողների շարքը գլխավորել է Գևորգ Չաուշը: Գրքում կարդում ենք. «Նրանց խրոխտ պարից թնդում էր անտառը: Հայդուկները պարում էին կռվելու պես և կռվում պարելու պես»[26]: Նմանատիպ օրինակ հանդիպում է նաև Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» գրքում, որտեղ հայդուկները երկարատև մարտից հետո սկսում են պարել ռազմական «Թռնոքի», «Ծափ պար»: Գրքում կարդում ենք. «Ֆիդայիները պարելիս կանգնում էին զույգերով` ճակատ ճակատի, այնուհետև դանդաղ առաջանալով ծունկի իջնում, օրորվելով պտույտներ գործում և ձեռքերը ուժգին բախում միմյանց»[27]: Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վիպասքի հիմքում անցյալ դարասկզբի հայ իրականության հրաշապատում ռեալականությունն է՝ բեկված հեղինակային ժամանակակից մտածողությամբ[28]:
Մարտապարեր կատարվում էին նաև կռիվն ավարտվելուց հետո հաղթանակ տոնելիս, որի վառ օրինակն է թուրք ոստիկանական ուժերի դեմ մղած մարտերից մեկում Գևորգ Չաուշի ջոկատի հաղթանակը, որտեղ նրանց հաջողվեց թուրքերին պարտության մատնել: Հաղթանակը տոնվեց ֆիդայիների ռազմական քոչարի պարով. «Գևորգը այնպես պարեց, որ մասնակիցների հիշողության մեջ մնաց ընդմիշտ»[29]:
Գևորգյանի «Նիկոլ Դուման» գրքի «Խանասորի արշավանքը» գլխում նկարագրվում է 1895 թ.-ից սկսած համիդյան կանոնավոր ջարդերի և բազմաթիվ հայերի գաղթի մասին: Սալմաստը լցված էր հայ գաղթականներով, ինչի հետևանքով հայազգի ազատագրական գործիչները ձեռնունայն չէին մնում: Ազատագրական կռիվներից մեկում նկարագրվում է, որ դեպի Վան տանող ճանապարհին Սարայ գյուղաքաղաքում Նիկոլ Դումանի փոքր զորախումբը մեծաքանակ քրդերի դեմ կռիվ է մղում: Քրդերը հազարավոր էին, իսկ Նիկոլ Դումանի զորքը գրեթե 54 հոգի: Թվում էր թե նրանց դրությունը անելանելի է: Դումանը և նրա զինակից ընկերները առանց խուճապի մատնվելու դիմում են մի հնարամիտ քայլի, ինչը միտված էր հակառակորդի կռվելու զգոնությունը թուլացնելուն և ժամանակ շահելուն: Քրդերի կրակոցների ներքո Դումանն իր զինակից ընկերների հետ միասին սառնասրտորեն հանում են գրպաններից թաշկինակները և սկսում «Կլոր պար» պարել: Քրդերով շրջապատված Դումանի զորքը շարունակում էր պարել՝ արհամարելով վտանգը: Ապշահար քրդերը դադարեցնում են հրացանաձգությունը և նրանց նայում: Հատկանշական է, որ նմանատիպ իրադարձության արտացոլում տեսնում ենք Համո Բեկնազարյանի կողմից էկրանավորած «Զանգեզուր» ֆիլմում (1938 թ.) «Արմենի պար» տեսարանը: Ֆիլմի գլխավոր հերոս Արմենը լեռան գագաթին պարելով փորձում էր իրար դեմ կռվող դաշնակ և բոլշեվիկ հայերի զինված հակամարտությունը կանխել[30]: Իհարկե պարը երկար շարունակվել չէր կարող, քրդերը սթափվելով հարձակվում են Նիկոլ Դումանի փոքր խմբի վրա և սկսվում է արյունալի պայքարը: Ապա քրդերին օգնության են հասնում թուրքական կանոնավոր բանակը: Քուրդ հրոսակների խմբերը տապալվում են ֆիդայիների դիպուկ հարվածներից, հայերի զբաղեցրած ամուր և անսասան դիրքերի շնորհիվ: Կռիվն ընթանում էր սաստիկ սառնամանիքի ժամանակ, երբ ձյունը մի վերստ բարձրությամբ դրած էր: Երկու օր շարունակ հայ ֆիդայիններին հաջողվում է կոտրել բազմաքանակ քրդերի դիմադրությունը, այնուամենայնիվ Դումանի[31] մարտական խմբից վեց հոգի զոհվում են[32]:
Մարտական գործողությունների ժամանակ պարը՝ որպես զգայական, հուզական մակարդակում կատարվող գործողություն փոխում է իր գործառույթը՝ դառնալով ռազմական խնդիր լուծելու միջոց, այսպես այն կատարվում է.
Ա. հակամարտության սկզբի մեկնարկում՝ լարվածությունը թուլացնելու և հակառակորդի ուշադրությունը շեղելու համար,
Բ. թշնամու վրա փափուկ ուժի գործադրում,
Գ. ժամանակի շահում՝ հնարամիտ քայլի դիմելուց կամ այն մտածելուց առաջ:
Թվարկված կետերը հստակորեն տեսնում ենք նաև 1919 թ.-ի «Զոդ օպերացիայի» իրականացման ժամանակ:
Անցած դարի սկզբին 1919 թ.-ին հայերը «Զոդ օպերացիան» սկսում են ուժ չգործադրելու խաղաղության ուղերձով. հայկական ուժերը զուռնա-դհոլի նվագակցությամբ մոտենում են Մեծ Մազրա գյուղին՝ պահպանելով որոշակի հեռավորություն, նվագակցությանն ի պատասխան հնչում է թաթարների կողմից ուժգին հրացանազարկ, որին հայկական կողմը չի պատասխանում, հավանաբար շարունակում է նվագը և համապատասխան կրակ բացում դեպի թշնամին: 1919 թ. ապրիլի 14-ին Մեծ Մազրան հայերի կողմից ազատագրվելուց հետո պարզվում է, որ գյուղում մնացել էին միայն զինված թաթարները, իսկ բնակիչները նախապես իմնանալով հայերի պլանների մասին՝ հեռացել էին բնակավայրից[33]: Վարդենիսի ծանր վիճակը և Գեղարքունիքի հայաբնակ մյուս գյուղերի համախմբումը մեծ դեր ունեցավ ազատագրման գործում, հատկապես պետք է նշել, որ կամավորականների մեջ կային նվագողներ, ինչպես Դավիթ Ենգիբարյանը, վերջինս կռվի ժամանակ դհոլ էր խփում[34]:
Առհասարակ կոպալի հարվածների հնչյունները մեծ դհոլի վրա՝ ժամանակի և տարածության մեջ թնդանոթից արձակված արկի պայթյունի տպարվորություն է ստեղծում, այն առավել ուժգին է հնչում հատկապես լեռնային լանդշավտում: Այս մեթոդն՝ ամենայն հավանականությամբ հայ ֆիդայինների մարտավարական գործիքակազմի կարևոր բաղադրիչներից մեկն է եղել՝ առավելևս պաշտպանողական զենքի սակավության պայմաններում[35]:
Ուշագրավ է նաև, որ 1945 թվականի մայիսին՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտին նվաճված Բեռլինում Ռայխստագի հարևանությամբ հայկական Թամանյան դիվիզիայի մարտիկները պարում էին «Քոչարի» ռազմապարը, այդ կերպ տոնելով մեծ հաղթանակը[36]: Այս նույն երևույթը հանդիպում է Ղարաբաղյան պատերազմի ժամանակ 1993 թ., երբ գրավվում է Աղդամը. հաղթանակը տոնվում է տարածքում գտնվող ադրբեջանական մզկիթի հրապարակում: Մարտապարերից կատարվում են «Վանա քոչարի», «Յար խուշտա», «Մըշո Խըռ», «Սասնա քոչարի» պարերը[37]:
Թվարկված մարտապարերը կատարվում էին «Տավրոս», «Կարս»[38], «Շատախ»[39] և այլ ավանդական պարային խմբերում: Առհասարակ երգի և պարի խմբերի դերը մեծ էր պատերազմում կռվողների մարտունակությունը բարձրացնելու գործում[40]: Ղարաբաղյան պատերազմում լինում էին այնպիսի դեպքեր, երբ ադրբեջանական կողմը ռացիայով կապ էր հաստատում հայ մարտիկների հետ և խնդրում, որ հայկական որևէ ռազմապար կատարեն, ինչի դիմաց խոստանում էին, որ այդ օրը ոչ մի կրակոց չի լինի հայկական դիրքերի ուղղությամբ[41]:
Բանասացների հաղորդմամբ արցախյան հերոսամարտում, որպես կանոն, մարտապարեր կատարվում էին մարտիկների կողմից` ամեն առավոտյան մարտի գնալուց առաջ, և երեկոյան` մարտական դիրքերից վերադառնալուց հետո: Պարերի կատարման տեղ էր տվյալ վայրի կամ գյուղի կենտրոնական հատվածը, հրապարակը, որտեղ տղամարդկանց հոծ բազմություն էր հավաքվում[42]:
Ռազմապարեր կատարվել են նաև կռվում նահատակված մարտիկին հուղարկավորելուց հետո. նմանատիպ փաստեր հանդիպում են Սրբուհի Լիսիցյանի աշխատությունում, նաև մեր դաշտային նյութերում[43]: 1992 թ. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Մոնթե Մելքոնյանի զոհվելու յոթերորդ օրը «Տավրոս» պարային խմբի կողմից կատարվել են ռազմապարեր` ի հիշատակ Մոնթե Մելքոնյանի[44]:
Հատկանշական է վերջին 2020 թ.-ին հուլիս ամսին Նոյեմբերյանի շրջանում ադրբեջանական հերթական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողին հուղարկավորում են «Յար խուշտա» պարի ուղեկցմամբ, որի տեսանյութը տեղադրվել է tik-tok համացանցային էջում[45]: 2020 թ. հանդիպում են բացառիկ դեպքեր, երբ արցախյան 44 օրյա պատերազմի հետևանքով նահատակված զինվորներին հուղարկավորում են «Յար խուշտա» պարով: Այսպես «Կարին» ավանդական երգի-պարի անսամբլի պարող՝ Հարութի թաղման արարողակարգը ուղեկցվել է «Յար խուշտա» ռազմապարով, որը կատարվում էր ազգագրական խմբերի տղաների մասնակցությամբ, Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» համույթի անսամբլի պարող Սևակի թաղման ժամանակ երթի առջևում պարում էին «Յար խուշտա» ռազմապարը:
Պարը մարդու հուզական դրսևորման բարձրագույն կետն է. այն արտահայտվում է թե´ ուրախության, և թե´ տխրության իրավիճակներում[46]:
Ուխտատեղերում, սրբավայրերում, երբ ֆիդայիներն ուխտ էին կնքում կամ ֆիդայի դառնալու երդում տալիս, դա, որպես կանոն, ավարտվում էր ռազմապարով: Այսպիսի արարողություն էկրանավորվել է Ժիրայր Ավետիսյանի «Ձորի Միրոն» ֆիլմում, որտեղ Գևորգ Չաուշը և իր ֆիդայի ընկերները երդման արարողությունից հետո պարում են «Յար խուշտա»[47]:
Ուխտագնացությունների ժամանակ ռազմապարերը կատարվում էին միայն տղամարդկանց կողմից, որովհետև դրանք տեխնիկապես բարդ շարժումներից են բաղկացած: Բացի երիտասարդ և միջին տարիքի տղամարդկանցից մասնակցում էին մեծահասակ տղամարդիկ նույնպես[48]:
Ռազմապարերն իրենց հիմնական գործառույթից բացի կատարվել են նաև հարսանեկան խնջույքների և տարեկան տոների ժամանակ: Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի` արմատներով Վանի Նոր Շեն գյուղից Ռուբիկ Կարապետյանի պատմելով` հարսանեկան խնջույքների ժամանակ մյուս պարերի թվում կատարվում էին ռազմապարեր` Քերծի, Լութկի, Վանա քոչարի[49]: Տարեկան տոների ժամանակ կատարվող ռազմապարերի վկայություններ հանդիպում ենք նաև գեղարվեստական գրականության մեջ: Օրինակ, Հակոբ Մնձուրու «Էմիրիկյանի փուռը գնաց» պատմվածքում նկարագրվում է Վարդավառից մինչև Աստվածածնա տոնն ընկած կիրակի օրերին խնջույքների ընթացքում կատարվող ռազմապարերը: Դրանք կատարվում էին մասնակիցների` դեմ դիմաց կանգնած երեքական հոգով` իրար մոտենալով և ծափ զարկելով, այնուհետև ետ դառնալով: Այն սկզբից դանդաղ տեմպով էր սկսում, ապա արագանում: Տեմպի արագացման ժամանակ մասնակիցների ափերը կարմրում էին և չէին դիմանում ցավին[50]: Ռազմապարի նկարագրություն հանդիպում է Ակսել Բակունցի «Ծիրանի փողը» պատմվածքում, որտեղ պարի մասնակիցներն ընկնելով պարով պայմանավորված էմոցիոնալ հոգեվիճակի մեջ՝ առավել ուժգին ափերի հարվածներով արյուն էին հանում միմյանց ձեռքից, անգամ միմյանց էին բախվում կրծքով, ծնկներով[51]:
Վանի ռազմապարերի բեմական մշակումները.
Վասպուրականի մարտապարերից հիմնականում «Քերծիին» և «Վանա քոչարուն» անդրադարձել են հայ անվանի պարի բեմադրիչներ Սրբուհի Լիսիցյանը, Վահրամ Արիստակեսյանը, Վանուշ Խանամիրյանը: Դրանք այժմ էլ ընդգրկված են «Հայաստանի Պարի Պետական», «Բարեկամություն», «Բերդ» պարային համույթների պարացանկում, ինչպես նաև Երևանում ձևավորված պարի ավանդական ինքնագործ խմբերում` «Ակունք», «Վան», «Մասունք», «Սասուն», «Սասնա ծռեր», «Կարին», «Մարաթուկ», «Վերադարձ», «Վարք Հայոց», «Տարոն» և այլն: Պարուսույցների կողմից պարերը բազմաթիվ բեմական գեղարվեստական լուծումներ են ստացել. փոխվել են պարի պատկերները, կառուցվածքները՝ այն բաժանելով սխեմաների, պարաքայլերը` հարմարեցվելով բեմական պայմանականությանը, ինչպես նաև բեմադրողի ստեղծագործական մտահղացմանը:
Վան-Վասպուրականի գեղարվեստական մարտապար է հայ պարի բեմադրիչների կողմից բեմականացված «Շատախի ռազմապարը», որի բեմադրման համար նյութ է հանդիսացել Շատախի «Լորիկ» պարը[52]: «Շատախի ռազմապար» կոմպոզիցիոն բեմադրությունն ընդգրված է որոշ ինքնագործ խմբերի պարացանկում, իսկ արդյունքում «Լորիկ» խմբապարը դեռևս բնագրային տարբերակով առկա է «Ակունկ» երգի-պարի անսամբլի երկացանկում[53]:
Հատկանշական է, որ ավանդական որոշ ինքնագործ պարային խմբերում կանայք նույնպես մասնակցում են ռազմապարերին[54], բայց նաև առանձնանում են այնպիսի խմբեր, ինչպես օրինակ «Սասնա Ծռեր», «Տավրոս», «Վերադարձ», որոնք դեմ են կանանց մասնակցությանը մարտապարերում: Արդյունքում ունենք հետևյալ պատկերը. պարի կրող-բանասացի փոխանցած պարը բարձրանալով բեմ` բազմաթիվ մշակումների է ենթարկվում և այդ երևույթը անգամ նկատվում է որոշ ավանդական ինքնագործ խմբերում: Փոփոխման երևույթը բնականոն և օրինաչափ գործընթաց է, ինչը նպաստում է պարի զարգացման և կենսունակ մնալուն:
Հայոց բանակում ռազմապարերի ուսուցումը և տարածումը նշանակալի դեր է խաղում ժողովրդական մարտապարերի մշակույթի վերաիմաստավորման գործում: Շուրջ մեկ տասնամյակ է, ինչ այս ծրագիրը սկսել է իրագործվել հայկական բանակի գրեթե բոլոր զորամասերում: Մարտապարերը բանակում ընդգրկված են պարտադիր ուսուցանվող առարկաների շարքում[55]: Պարերի թվում ներառված են «Վանա քոչարին», Սասունի «Յար խուշտա», «Մշո Խըռ», Վասպուրականի երկու գծաշարով «Քերծի», «Լութկի», «Շեյխանի», իսկ հետագայում ծրագրվում է ընդգրկել նաև Կիլիկիայի, Մուսա լեռան, Փերիայի, Համշենի ռազմապարերը նույնպես[56]: Պետք է նշել նաև, որ զինծառայողների մասնակցությամբ թվարկված պարերի կատարումները լայն տարածում են գտել սոցիալական ցանցերում: (լուս. 9):
Եզրակացություններ
1. Վան-Վասպուրականի տարածաշրջանին բնորոշ ռազմապարերը տարիների ընթացքում և սերնդափոխության արդյունքում բազմաթիվ փոփոխությունների ենթարկվելով` դեռևս շարունակում են մնալ կենսունակ հայոց մեջ:
2. Վան-Վասպուրականի ռազմապարերն իրենց պարային կառուցվածքով նման են զորաշարք-քառե ռազմարվեստի ձևին, որը հին արևելյան ռազմարվեստում զորաշարքի կառուցվածքներից մեկն է: Պարաշարքում մասնակիցների դասավորությունը հիշեցնում է զորաշարքի խիտ դասավորությամբ կոհորտ ձևին:
3. 1992 թ. մայիսի 7-ին Շուշի քաղաքն ազատագրելուց մեկ օր առաջ՝ Շուշիի մատույցներից մեկում կամավորական ջոկատները հայկական ժողովրդական պարի-երգի արարողություն էին իրականացնում: Կատարվում էր «Քոչարին»: Պարը զուտ կատարում չէր, այլ ծես՝ նպատակաուղղված ապահովագրելու մարտական գործողությունների բարեհաջող ընթացքը: Մեկ օր հետո մայիսի 8-ին բերդաքաղաքը ազատագրելուց հետո Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու բակում հաղթանակը վավերացվեց պարով՝ դառնալով Հայաստանի պատմության փայլուն էջերից մեկը:
4. Հայոց բանակում մարտապարերի պարտադիր ուսուցումը նպատակաուղղված է հայ զինվորի մեջ դաստիարակել հոգու արիություն և հայրենիքը պաշտպանելու պատրաստակամություն, հայրենիքի հանդեպ պարտքի զգացում:
[1] Ս. Մելիքյան, Հայ ժողովրդական երգեր ու պարեր, հ. 1, Եր., Հայպետհրատ, 1949, Էջ 119-156: Աշխատանքում նոտագրված են ռազմապարերի հետևյալ պարեղանակները. Լութկի, Քեռծի, Մըշո խըռ, Ձիավեն, Շեխանի և Շեվհալանի, Աշիր գյոդ (երկու տարբերակ), Թուր մարթալի, Յարխուշտա, Շարանի:
[2] Սրբուհի Լիսիցյանը հավաքագրել է տեղեկատվություն հետևյալ ռազմապարերի մասին, որոնք բնութագրական են Վանին՝ Քերծի (երկու տարբերակ), Շեյխանի, Շատախին՝ Շարանի, Թրախաղ, Հայոց Ձորին՝ Հալայ քշտա, Սասունին՝ Չոլ Մայդան, Աշիրի գուվընդ, Յար խուշտա, Մաչինո Մնդո, Թուր ու մարտալ: Նա անդրադարձել է նաև ռազմապարերի անունների ստուգաբանությանը: Մանրամասն տե´ս. С. Лисициан, Армянские старинные пляски (сост. и отв. ред. Э. Х. Петросян). Ереван: Изд-во АН Арм. ССР, 1983, с.121-159:
[3] Ժ. Խաչատրյան, Ռազմական պարեր. – Պարը հայոց մեջ։ Հոդվածների ժողովածու, Երևան, «Էդիթ Պրինտ» հրատ., 2013,էջ 83-86:
[4] N. Kilichyan, Clap Dances: The Stage Version. – Dans Muzik Kultur. ICTM 20th Ethnochoreology Symposium Proceedings 1998. Special Edition, Summer 2000. Istanbul, 2000, p. 305-308: Ն. Կիլիչյան, Յար խուշտա ռազմական խաղ-պարը. – Ծիսական պարը հայոց մեջ։ Գիտաժողովի նյութեր, Երևան, «Մուղնի» հրատ., 2002, էջ 46-53:
[5] Վ. Բդոյան, Հայ ժողովրդական խաղեր, հ. 2, Երևան, Հայկ. ՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1980,
էջ 83-84:
[6] Վ. Պետոյան, Սասնա ազգագրությունը, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1965, էջ 422:
[7] Ն. Շամամյան, 2011,Դաշտային ազգագրական նյութեր (այսուհետև ԴԱՆ), Արարատի մարզ, գյուղ Ներքին Դվին:
[8] Ն. Շամամյան, 2015, ԴԱՆ, Արարատի մարզ, գյուղ Շաղափ:
[9] Ն. Շամամյան, 2015, ԴԱՆ, Արարատի մարզ, քաղաք Մասիս:
[10] Ն. Շամամյան, 2010, ԴԱՆ, Արագածոտնի մարզ, գյուղ Ագարակ:
[11] Ն. Կիլիչյան, նշվ. աշխ., էջ 47:
[12] С. Лисициан, նշվ. աշխ., էջ 122:
[13] Ն. Շամամյան 2010, ԴԱՆ, Արարատի մարզ, գյուղ Ներքին Դվին:
[14] Փաստա-վավերագրական ֆիլմ «Վասպուրական»։ Ֆիլմը նկարահանվել է 1986 թ. «Երևան» ստուդիայում, ռեժիսորն է Հովիկ Հախվերդյանը, օպերատորը՝ Ռուդոլֆ Ժամհարյանը, պրոդյուսերը (տնօրեն)՝ Գագիկ Մկրտչյանը։ Տե՛ս https://www.youtube.com/watch?v=t_2Uyeg3L2c։ Մեկ գծաշարով Քերծի պարը կատարվում է 2:35-3:58 րոպեների միջև ընկած ժամանակահատվածում։
[15] С. Лисициан, Старинные пляски и театральные представления армянского народа. Т. 2, Ереван: Изд-во АН Арм. ССР, 1972, с. 28:
[16] Տեղեկատվությունը տրամադրել է ազգագրական բազմաթիվ պարախմբերի խորհրդատու և պարուսույց Հարություն Փանոսյանը:
[17] Փաստա-վավերագրական ֆիլմ «Վասպուրական»։ Լութկի պարի կատարումը 16:43-18:40 րոպեների միջև է:
[18] Ն. Շամամյան 2010, ԴԱՆ, Արագածոտնի մարզ, գյուղ Ագարակ:
[19] Ն. Շամամյան 2010, ԴԱՆ, Արագածոտնի մարզ, գյուղ Ագարակ։
[20] Հ. Հակոբյան, Հայոց պատերազմները և ռազմարվեստը Տիգրան Մեծի օրոք (Հայոց պատերազմները և ռազմարվեստը, պր. 4), Երևան, 2013, էջ 150:
[21] Հ. Հակոբյան, նշվ. աշխ., էջ 150:
[22] Ն. Կիլիչյան նշվ. աշխ, էջ 48:
[23] «Չուբազի» կամ «Փեդփեդի» պարը կատարվել է Աշտարակի շրջանի «Փերիա» պարի խմբի կողմից 1980-ական թվականներին (հիմնադիր, գեղ. ղեկավար` Ռուդիկ Հարոյան). պարախմբի անդամներն եղել են պարի կրողները: Հետագայում այս պարն ընդգրկվել է «Վերադարձ» ազգագրական խմբի պարացանկում: Այս պարը կատարում են միայն տղամարդիկ` երկար փայտերով: Պարբաշու փայտն ամենահաստն ու երկարն է` պարի մասնակիցների փայտերի համեմատ: Պարողները փայտերով մենամարտում են, և հաղթանակում է այն խումբը, որտեղ մասնակիցների քանակը գերակշռում է: Տեսանյութը պահվում է Ռուդիկ Հարոյանի անձնական արխիվում:
[24] Պարտություն հասկացությունը ռազմապարերում դրսևորվում է հետևյալ կերպ. «Ծափ» պարատեսակներում երկու հակառակորդ խմբերի միջև կայանում է ուղիղ գծով հարձակում և բախում` ձեռքերի ուժգին ծափ-հարվածներով: Եթե երկու խմբերից մեկ մասնակիցը ձեռքերի ուժգին հարվածից ընկնում է գետնին, համարվում է պարտված և խմբից դուրս է գալիս: Պարտությանը հավասարազոր է նաև խմբերից մեկի մասնակցի ուժասպառ լինելը, հարվածներին դիմակայել չկարողանալը, որին հետևում է կամովին խումբը լքելը: Վերջում հաղթող է ճանաչվում այն խումբը, որտեղ մասնակիցների քանակը գերակշռում է: Նույն սկզբունքը ընկած է նաև «Թուր ու մարտալ», «Թրախաղ» պարերում, որտեղ երկու խմբերի մասնակիցները մրցում են թրերով: Որ մասնակիցը թրի հարվածով կարողանում է օդ թռցնել հակառակորդ մասնակցի գդակը` համարվում է հաղթող, իսկ թռցված գդակի տերը դուրս է գալիս պարից: Այս պարերում նույնպես հաղթում է այն խումբը, որի անդամները պարի ավարտին մնում են գերակշռող: Իսկ փերիահայերի «Չուբագի» պարը կատարվում է փայտերով: Պարելու ընթացքում պարից դուրս է գալիս այն մասնակիցը, ում փայտը կոտրվում է:
[25] Հատկանշական են Ղարաբաղյան պատերազմի ժամանակ տարբեր ջոկատների կողմից նկարահանված այն տեսանյութերը, որոնցում առկա են ազատագրված տարածքներում ֆիդայիների կողմից կատարվող ռազմապարերը: Դրանք հիմնականում Վասպուրականի, Սասունի, Մուսա լեռան ռազմապարերն են:
[26] Ս. Պողոսյան, Կ. Պողոսյան, Ինձ բահ տվեք… (Գևորգ Չաուշ). փաստագրական վեպ, Երևան, «NB-ՊՐԵՍ» հրատ., 1990, էջ 422:
[27] Խ. Դաշտենց, Ռանչպարների կանչը, Երևան, «Սովետական գրող» հրատ., 1997, էջ 171-172:
[28] Լ. Մուրադյան, Գրականագիտական դիտարկումներ ժամանակի մեջ. Ուսումնասիրություններ և հոդվածներ, Եգեա տպ., Եր., 2021, էջ 419:
[29] Ս. Պողոսյան, Կ. Պողոսյան, նշվ. աշխ., էջ 422:
[30] Ն. Շամամեան, Հայոց պարային մշակոյթը Ի. դարի հայկական գեղարուեստական եւ վաւերագրական ֆիլմերում.— Հայկազեան Հայագիտական Հանդէս, հատոր ԼԶ, Պեյրութ, 2016, էջ 445-464:
[31] Դուման մականունը տվել են քրդերը, ինչը նշանակում է փոթորիկ, տե´ս Հ. Գևորգյան, Նիկոլ Դուման, Հրազդան տպ., Երևան, 2002, էջ 39:
[32] Հ. Գևորգյան, նշվ. աշխ., էջ 33-34:
[33] Ա. Գրիգորյան, Ա. Բոբոխյան, Օպերացիա «Զոդ» ինչպես Հայաստանը 1919-ին պահեց Սոթքի բնագիծը, Հասրաթյան-Մինասյան հիմնադրամ, տպ. Newmag, Եր., 2022, էջ 133-134:
[34] Ա. Գրիգորյան, Ա. Բոբոխյան, նշվ. աշխ., էջ 189:
[35] Ն. Շամամյան, Մարտապարերն արցախյան հերոսամարտում. – Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի, N 2 (10),Եր.,2022, էջ 145-154:
[36] Այդ դրվագն առկա է «Պոեմ հերոսական» վավերագրական ֆիլմում, որը նկարահանվել է 1968 թ. հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում։ Ֆիլմի սցենարի հեղինակն է Ա. Սարոյանը, ռեժիսորը՝ Ժիրայր Ավետիսյանը, օպերատորը՝ Ս. Սողոմոնյանը։ Տե՛ս http://www.arm-cinema.am/am/documentaries/966.html։ Պարով հատվածը տե´ս
https://www.youtube.com/watch?v=Oj4Bw3vgxUU։
[37] Ն. Շամամյան, 2015, ԴԱՆ, Արարատի մարզ, քաղաք Մասիս:
[38] «Կարս» խումբը ստեղծվել է Թաթուլ Կրպեյանի կողմից` նախքան Ղարաբաղում պատերազմ սկսվելը: Հետագայում խմբի կազմի տղամարդիկ մասնակցում են Ղարաբաղյան պատերազմին:
[39] «Շատախ» խմբի ղեկավարներն էին Աբրահամ Նազոյանը և Էդիկ Միրզոյանը:
[40] Հատկանշական է, որ այս ավանդույթը մինչ այսօր գործում է Տավուշի սահմանամերձ գյուղերում: Այս տարածքներում «Սասնա Ծռեր», «Անդոկ», «Վերադարձ» ազգագրական խմբերը հաճախ են հանդես գալիս ռազմապարերի և հայրենասիրական երգերի կատարումներով:
[41] Ն. Շամամյան, 2015 ԴԱՆ, Արարատի մարզ, քաղաք Մասիս:
[42] Ն. Շամամյան, 2015, ԴԱՆ, Արարատի մարզ, քաղաք Մասիս:
[43] Ն. Շամամյան, 2009, ԴԱՆ, Արագածոտնի մարզ, գյուղ Աշնակ: Հմմտ. Лисициан 1983, 81-82:
[44] Ն. Շամամյան, 2015, ԴԱՆ, Արարատի մարզ, քաղաք Մասիս: Նյութը տրամադրել են «Տավրոս» ավանդական պարի խմբի անդամները:
[46] Ն. Շամամյան, Ռազմապարերն արցախյան հերոսամարտում, էջ 145-154:
[47] Ն. Շամամյան, «Յար խուշտա» պարը հայ կինեմատոգրաֆիայում, Յուրի Մկրտումյանի ծննդյան 80 ամյակին նվիրված գիտաժողովի նյութերի ժողովածու, Երևան, 2020, էջ 102-108: «Ձորի Միրոն» գեղարվեստական ֆիլմը նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում 1979թ.: Ֆիլմում ֆիդայիների երդման արարողության տևողություն է` 15:5519:49: Տե´ս https://www.youtube.com/watch?v=ykIeIMXuB8E:
[48] Վ. Պետոյան, նշվ. աշխ., էջ 422-426:
[49] Ն. Շամամյան, 2009, ԴԱՆ, Արագածոտնի մարզ, գյուղ Ագարակ:
[50] Հ. Մնձուրի, Երկեր, Երևան, «Սովետական գրող» հրատ., 1986, էջ 288: Այստեղ նշվում է նաև, որ Մնձուրում ռազմապարերն անվանվում էին «Հարայ հրոցի պարեր» կամ «Քաջապարեր», էջ 288: Պատմվածքում նշվում է, որ Մնձուրում ռազմապարերն անվանվում էին «Հարայ հրոցի պարեր» կամ «Քաջապարեր»։
[51] Ա. Բակունց, Երկեր, հ. 1, Երևան, Հայկ. ՍՍՀ ԳԱ հրատ., 1976, էջ 193-206: Շամամյան 2020, էջ 469-478: Տե´ս Ն. Շամամյան, «Եար խուշտա» պարի վկայութիւնները Ակսել Բակունցի Ծիրանի փողը պատմուածքում. – Հանդէս Ամսօրեայ, Հայագիտական ուսումնաթերթ, թիւ 1-12, Վիեննա 2020:
[52] Նկատառումը Շաղափ գյուղի (արմատներով Շատախից) բանասացներ Էդիկ Միրզոյանինն և Աբրահամ Նազոյանինն են:
[53] Հմմտ. «Վասպուրական» ֆիլմում կատարվող «Լորիկ» պարի ( պարի տևողությունը` 5:37 -7:10) երաժշտությունը, կառուցվածքը, պարաքայլերը «Շատախի ռազմապար» բեմադրության հետ, Պարը կատարվում է «Կարին» ավանդական պարի-երգի խմբի կողմից, տե´ս https://www.youtube.com/watch?v=Rwhb4Pxcjsk:
[54] Որոշ ավանդական պարի խմբերում կանանց մասնակցությունը ռազմապարերում պայմանավորված է ինչպես պարախմբում տղաների քիչ լինելով, այնպես էլ, մանավանդ վերջին տարիներին, հասարակական տարբեր ոլորտներում կնոջ ակտիվ ներգրավվածության գործոնով:
[55] Արարատի վաշտի հրամանատար Էդիկ Միրզոյանը, լինելով նաև պարուսույց, իր վաշտի զորակոչիներին սովորեցնում է Շատախի ռազմապարերը:
[56] Նյութը տրամադրելու համար մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ԼՂՀ պաշտպանության բանակի տարբեր զորամասերում մարտապարեր դասավանդող պարուսույց՝ Սարգիս Պարսամյանին: