Ռաֆայել Գրիգորյան
Արտիստի կյանքի տարիները փոքր-ինչ այլ կերպ են հաշվվում, չէ՞ որ նրանք սեփական ընտրությամբ, թմրեցնելով իրական էությունը, կյանք են տալիս այլ անձանց՝ իրենց կերպարներին: Ապրում են, տառապում, երջանկանում ու մեռնում բեմում և թմբիրեից վերադառնում են, երբ պետք է խոնարհվեն հանդիսատեսի առաջ և ընդունեն ծափահարությունների վաստակած ալիքը:
Իսկ, երբ ավարտվում է արտիստի ֆիզիկական ներկայությունը, կարծես վերածնվում են նրա կերպարները՝ արթնանալով հանդիսատեսի հիշողության էջերում:
2016թ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն իր հոբելյանական 150-րդ թատերաշրջանում նախաձեռնել էր Վիլյամ Շեքսպիրի «Լիր Արքա» ողբերգության բեմադրումը: Համարձակ մտահղացումը կյանքի կոչելու նպատակով հրավիրվում է «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը:
Ռաֆայել Գրիգորյանը, ով երկար տարիներ որպես դերասան հանդես չէր գալիս համաձայնում է մարմնավորել Լիր Արքայի կերպարը, և ռեժիսորը վստահեցնում է, որ ավելի լավ Լիր դժվար թե գտնվեր:
Ներկայացման մեջ զբաղված էին թատրոնի գրեթե բոլոր դերասանները, մասսայական տեսարաններում` նաև ուսանողները: Եվ բոլորը զբաղված էին բառի ամենախորը իմաստով: Ոչ մի դատարկ հայացք, բոլորը ներկա էին, հետաքրքրված և ակտիվ:
«Նախանձելի մասշտաբային ներկայացում: Լավ իմանալով այս պատմությունը չձանձրանալ ոչ մի վայրկան: Սա ամբողջ անձնակազմի հաղթանակն է»: Այսպես է մեկնաբանել Արթուր Բախտամյանը: Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի, ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյանն էլ լրագրողների հարցին նման պատասխան է տվել.
«Շեքսպիր ունենալ խաղացանկում, կարծում եմ, պարտադիր է և ամեն դերասանի համար մի մեծ դպրոց է, աշխատանքի լայն հնարավորություն: »:
Այսպիսին էր պրոֆեսիոնալ հանդիսատեսի առաջին տպավորությունը, ինչից կարելի է ենթադրել, որ ներկայացումը ստացված է: Մոտ 3 ժամ 700 հոգի միաժամանակ էր շնչում, ներկայացումը «բռնել էր հանդիսատեսի զարկերակը»:
Զարմանալիորեն Արթուր Սահակյանը կարողացել էր կատարյալ դերասանական ընտրություն կատարել: Յուրաքանչյուր դերասան ստացել էր հենց այն դերը, որը պիտի լավագույնս մարմնավորեր: Սա, թերևս, հասկանալի կլիներ, եթե բեմադրողը տեղի ռեժիսոր լիներ, ծանոթ լիներ դերասանների հնարավորություններին, բայց այս դեպքում նման դերաբաշխումը ռեժիսորական վարպետության արդյունք է:
Շեքսպիրյան պիեսները նախատեսում են ելիզավետյան շրջանի երկու, կամ երեք մասի բաժանված բեմի կառուցվածք: Բեմադրող նկարիչ Գարիկ Մանուկյանը և ռեժիսոր Արթուր Սահակյանը իսկապես դիպուկ տարբերակ են ընտրել՝ օգտագործելով երեք հարթակ-դեկոր: Ի դեպ, հարթակներ օգտագործվել են նաև Արթուր Սահակյանի մեկ այլ շեքսպիրյան բեմադրության ժամանակ՝ / Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն «Ռիչարդ 3-րդ»: Գուցե սա կայուն բեմադրական ոճ է, գուցե զուգադիպություն: Ինչևիցե, վերադառնանք «Լիր արքային»: Ներկայացումը սկսվում է մուրացկանների տեսարանով:
Քաթանե երկարափեշ հագուստով լիովին ծածկված 13 մուրացկաններ աջ դռնից մտնում են և ծանրաքարշ քայլերով շարժվում դեպի բեմ: Առաջինը նշան է տալիս, և վարագույրը բացվում է: Մուրացկանները սիմվոլիկ կերպով ներկայացնում էին գլխավոր գործող անձանց, որոնք շարժվում են դեպի մահ: Զուգահեռներ տանելով կարելի է նկատել, որ հիմնական ողբերգական կերպարների թիվը հենց 13 է: Մուրացկանները բեմից դուրս են գալիս տարբեր ելքերով, սա ևս պատահական չէ:
Կերպարները հանդիպում են իրենց ողբերգական վախճանին տարբեր ճանապարհներով: Բեմը դատարկ է առաջնաբեմում Սամվել Խաչատրյան-Քենտը և Սամվել Գրիգորյան-Գլոստերն են: Կրում են ռազմական-տոնական հանդերձանք և կոտոշավոր գլխարկներ: Որպես փոխադարձ հարգանքի դրսևորում, երկխոսության ժամանակ նրանք հանում են գլխարկները: Խոսքն օրգանական է, պարզ և հստակ հնչողությամբ: Բացակայում է վերամբարձ պաթետիզմը, որ սովորաբար տեսնում ենք շեքսպիրյան բեմադրություններում:
Դանդաղ, բայց վստահ քայլերով դահլիճի միջնամասով դեպի բեմ է քայլում Սարգիս Ղարիբյան-էդմունդը: «Էդ… Էդ… Էդմունդ» կարծես Գլոստերն անգամ դժվարությամբ է մտաբերում որդու անունը: Այս կերպ արտահայտվում է նրա վերապահ վերաբերմունքը, ինչն ավելի ակներև է համեմատության մեջ: Երբ խոսում է Էդգարի մասին, մի ոտքի վրա հենված դիրքը փոխում է հպարտ կեցվածքի, իսկ կիսահեգնական տոնին փոխարինում է ամուր, կայուն ձայնը:
Սամվել Գրիգորյան - Գլոստերի նման արտահայտչամիջոցները պարարտ հող են նախապատրաստում Սարգիս Ղարիբյան-Էդմունդի մենախոսության տեսարանի համար, և որոշ չափով արդարացնում են նրա դաժան և հաշվենկատ քայլերը:
Ներկայացման առանցք հանդիսացող «ժառանգության բաժանման» տեսարանում դատարկ բեմ են բերվում և կենտրոնական մասում դասավորվում երեք խոշոր փայտե հարթակներ: Հատկանշական է դեկոր-հարթակների հասարակ փայտե կառուցվածքը: Դրանք խորհրդանշական էին բարձրությամբ և բեմում դրված դիրքով: Կենտրոնում դրվածը գահն էր՝ դրոշով և կոտոշավոր խորհրդանշանով:
Ի սկզբանե կենտրոնում գտնվող հարթակին կանգնած է Հասմիկ Վիրաբյան -Կորդելիան:
Նման բեմավիճակը արտացոլում է աղջիկների դիրքը հոր սրտում, ի ցույց դնելով, որ գերադասելին և սիրելին Կորդելիան է և նրա համար է նախատեսված ժառանգության «առյուծի բաժինը» : Իսկ Լիրն իր 2 խեղկատակների հետ առաջնաբեմում է՝ ցածր, առանց աստիճանների սայլի վրա: Լիրի կերպարը կարող ենք եռամիասնություն համարել`Արքա Լիրը, նրա միտքն ու խիղճը` խեղկատակների կերպարանքում:
Տեսարանային հոգեբանությունն արտահայտվում է երաժշտական ձևավորմամբ: /Դիթմար Բոնան, Գագիկ Բարսեղյան/ Կրկնվող երաժշտական մեղեդին կարելի է որակել որպես խնջույքի և խենթության լեյտմոտիվ: Այս մեղեդին պարբերաբար կրկնվում է ժառանգության բաժանման տեսարանում: Բեմը բազմամարդ է, բոլորը երփներանգ տոնական հագուստ են կրում, բացի Կորդելիայից: Զգեստների ձևավորմամբ ցուցադրված էր տեսարանի հանգուցալուծումը. ավագ դուստրերի համար տոնական, Կորդելիայի համար` բեկումնային:
Կոտոշների առկայությունը և' կենտրոնական դեկորի վրա, և' զգեստների ձևավորման մեջ, կարելի է որակել որպես ժամանակի «կոտոշավոր» արքունիքի խորհրդանիշ:
Ռաֆայել Գրիգորյան - Լիրը թագ չէր կրում և չուներ արքային բնորոշ կեցվածք: Սակայն այս տիպն արդարացված էր: Ներկայացված էր Լիր, ով ունի իշխանություն առանց թագի և արքայական դիրք` առանց համապատասխան կեցվածքի: Իշխանությունն ու դիրքը թույլ են տալիս, որ ծերության տարիներին նա հեգնանքով խոսի փեսաների մասին, խեղկատակների հետ կատակներ անի, կիսափռված դիրքով ներկայանա ամբողջ արքունիքի մոտ: Սակայն այդ նույն իշխանությունն ու դիրքը նրան թույլ չեն տալիս ներել Կորդելիայի լռությունը: Տիգրան Գաբոյան - խեղկատակը Լիրի ներաշխարհի հայելին է: Նա կուչ է գալիս, թախծալից դեմքի արտահայտությամբ համոզում Կորդելիային շտկել խոսքը: Ապա բեմի երկրորդ պլանում գրկում նրան և փորձում մխիթարել:
Ռաֆայել Գրիգորյան - Լիրն իր ներաշխարհի տագնապներն արտահայտում է ձայնի ուժգնության փոփոխությամբ: Կորդելիայի խոսքից հետո նա սկսում է գռմռացող ձայնով խոսել և այս տեմբրը պահպանվում է մինչև տեսարանի ավարտը:
Հենվելով Գոներիլին ուղղված Լիրի խոսքի վրա`«…Քեզ եմ սահմանում ես արդ տիրուհի …Թող Ալբանիի և քո սերնդի… Պատկանեն դրանք մինչև հավիտեան…»[1]
[1] Շեքսպիր, Արքա Լիր, Երևան 2006թ., էջ 21
Գոներիլը ներկայացված էր հղի, ինչը Գոհար Խաչատրյանը օգտագործում էր, որպես կերպարային արտահայտչամիջոց:
Այս հանգամանքը սրություն է հաղորդում հաջորդող տեսարանին, երբ Գոներիլը հրաժարվում է իր հարկի տակ պահել 100 ասպետ:
Զայրացած Լիրն անիծում է դստերը, դիմելով աստվածներին, խնդրում, որ անժառանգ թողնեն նրան, մինչդեռ տեսարանի առաջին հատվածում քնքշորեն գրկում է դստերը, նուրբ ժեստով արժեվորում նրա վիճակը:
Երկրորդ գործողությունը ևս սկսվում է մուրացկանների տեսարանով, բայց այս անգամ մուրացկանի կարգավիճակում երկու խեղկատակներն են, ասել է թե՝ հենց Լիրը:
Ռեժիսորական մանրակրկիտ աշխատանքը չի կարող ցանկալի արդյունք ապահովել, եթե դերասանը այդ աշխատանքը չի բազմապատկում, ապա փոխանցում հանդիսատեսին: Մերօրյա ներկայացումների ամենացավոտ խնդիրը մոնո դերասաններն են: Խաղընկերոջ ներկայությունը զգալ և դառնալ տեսարանի մասնիկ քչերին է հաջողվում:
Դերասանական կատարյալ «դուետ»… Սամվել Գրիգորյան-Գլոստեր և Արսեն Միքայելյան-Էդգար: Կույր Գլոստերը խոսում է, որդու հետ, մտածելով, որ մի խենթ է իր կողքին: Արսեն Միքայելյանի դիմախաղը, առանց ավելորդ ծամածռության արտացոլում է նրա ներաշխարհի մորմոքը:
Տիգրան Գաբոյան - Խեղկատակ, Վարագ Գևորգյան-Խեղկատակ և Ռաֆայել Գրիգորյան-Լիր Արքա` կատարյալ եռամիասնություն: Երբ օտար հայացք չկա անգամ դժվար է հասկանալ ով է արքան և ով խեղկատակը: Ֆիզիկական և հոգեբանական կերտվածքով ծայրաստիճան անհամատեղելի 3 դերասաններ դարձել էին մեկ էություն:
«Լիր Արքա» ներկայացումը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում մնաց ճիշտ այնքան, որքան այս թատրոնում ստեղծագործեց Ռաֆայել Գրիգորյանը: Այսօր հայ նորագույն թատրոնի լավագույն Լիր Արքան արդեն հավերժության արտիստն է:
05.04.2025