Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

«Մհեր Մկրտչյան» Արտիստական թատրոնում կարևոր օր էր, դահլիճը մարդաշատ էր. եկել էին` մեր էպոսի`«Սասնա ծռեր» ֊ի բեմադրությունը նայելու, եկել էին` վստահ, որ վայելքի ու հիացմունքի հերթական չափաբաժինն են ստանալու, որովհետև բեմադրությունը Նարինե Գրիգորյանինն էր, մի մարդու, որ վաղուց էր ապացուցել՝ իր համար խնդիր չէ պատմվածքի, վեպի բեմադրությունը ու հիմա էլ` էպոսի...

Սկսվեց... Բեմին Արմեն Քուշկյանն էր` հաղթանդամ, գեղեցիկ, վճռական, որ հանգիստ քայլեց մի պտույտ ու ձեռքի տոպրակից թափվող սպիտակ զանգվածով գծեց մի շրջան, որը, կարծես, եգիպտական դիցաբանությունում հանդիպող իր պոչը խայթող օձի շրջանն էր հավերժություն, կյանքի ու մահվան անվերջ շրջափուլը, ինչպես նաև վերածնունդն ու նորացումը խորհրդանշող։

Նա հետո մի հրաշքով դարձավ Մըսրա Մելիք, որն աշխարհի երեք կողմի տերն էր, բայց քանի որ ձեռքերը երկար էին ու ավելի էին երկարում, որոշեց չորրորդին էլ տիրել ու գրեց իր զորականչը... Անթիվ,անհամար ձիավորներն եկան, խմեցին գետի ջուրը, վրան խփեցին Մըսրա դաշտում և ...  Եվ փայլուն դերակատարը, որ իր մենախաղով առաջին րոպեներից քարացրել էր հանդիսատեսին, դարձավ Վերգո, փնտրեց Ձենով Հովանին, ձեռքի թասով ջուրը վարպետորեն օգտագործեց` Վերգոյի էությունն ի ցույց դնելու համար, հետո դարձավ Դավիթ` «ծուռ» Դավիթ...

Վերոնշյալ «ծուռը» էպոսի ամենասիրելի հերոսն է, ու ահա հանդիսատեսը արդեն տեսնում է Դավթին` հայրենիք ու հող պաշտող, համառ, ազնիվ, երախտագետ Դավթին, որ որոշել է հեծնել Քուռկիկին ու գնալ պատերազմ... Շնորհիվ փառահեղ բեմադրության ու վարպետ դերասանի` աչքիդ առաջ Քուռկիկ Ջալալին էր` հավերժ նորոգվող հրեղեն ոգին, ակաջներումդ էլ` բեմը դղրդացնող սմբակների դոփյունը։ Նրա ու Դավթի կռվից փոշին երկինք բռնեց... Ազնիվ Դավիթը հասավ կռվի դաշտ, արթնացրեց քնած զորքին ու Մելիքին...

Վերջինիս երեք զարկից հետո հողին ամուր կանգնած էր նա,ու չնայած իր երկու զարկը բաշխել էր իրեն փոքր ժամանակ տիրություն արած մորն ու քրոջը, իր երրորդ զարկով երկու կես արեց Մելիքին... Վերջում մեր սիրելի «ծուռը» բաց թողեց թշնամու զորքին` հուսով,որ նրանք էլ չեն գա իրենց դեմ կռիվ ...

Հանդիսատեսը տեսավ Թուր կեծակին (այն միասնականության, հզորության խորհուրդն ուներ), Խաչ պատերազմին` կրակերանգ` որպես, էներգիայի, զորության, արարող ուժի խորհրդանիշ, որ հիշեցնում էր հաղթանակի սիմվոլի նշանակություն ունեցող խաչվառ, տեսավ ու լսեց Մելիքի վրա սգացող Իսմիլ խաթունին` ձեռքերում սեղմած պատանք հիշեցնող սավանը, սարսռաց Ձենով Հովանի ձայնից, զարմացավ աչքի առաջ աննկատ ու վարպետորեն կերպարանափոխվող դերասանի խաղը տեսնելիս, հիացավ հագուստի, առարկաների ձևափոխություններով...

Վերոգրյալը փոքր տոկոսն է տեսածիս, լսածիս ու զգացածիս, Մելիքի նման ես ու ինձ հետ շատերը երկու կես եղան, ու մեր կեսերը մնացին դահլիճում` բեմին (Դավթի հետ)` վերևից թափանցող խորհրդանշական ու պայծառ լույսի ներքո... Շնորհակալություն։

02.04.2025 թ.

ԼՈւՍԻՆԵ ՊԱՐՈՆՅԱՆ

254 հոգի