Խորվաթ գրող Միրո Գավրանի ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան քառասուն լեզուներով, հրատարակվել են 250 տարբեր հրատարակիչների կողմից։ Նրա դրամաներն ու կատակերգությունները 400-ից ավելի անգամ բեմադրվել են աշխարհի տարբեր բեմերում և ունեցել են շուրջ երկու միլիոն հանդիսատես... «Իմ կնոջ ամուսինը» կատակերգությունը հեղինակը գրել է 1991-ին։
Այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական թատրոնի բեմում երեք տաղանդավոր դերասաններ՝ Մկրտիչ Արզումանյանը, Արման Նավասարդյանը և Էվա Խաչատրյանը ներկայացնում էին այդ պիեսը։ Մշակված էր դերասանական խաղի ամենափոքր դետալներն անգամ, շարժումներն ու նույնիսկ միմիկաները։
Շուրջ երկու ժամ տևող ներկայացման մեջ անգամ անփոփոխ դեկորացիան չէր հոգնեցնում։ Ցանկություն չկար դուրս գալու այդ բնակարանի միջավայրից, քանի որ այն լցված էր ծով էմոցիաներով, հումորով ու հրաշալի դերասանների խաղով (ակամայից հիշեցի Էլդար Ռյազանովի, «Գարաժ» ֆիլմը, որն ամբողջությամբ նկարահանվել էր մեկ սենյակում)։
Բեմադրող ռեժիսոր Նարինե Մալյանը հրաշագործի պես էր արարել ներկայացման ամեն մի րոպեն։ Տրամադրության ու գործողությունների արագ ու անսպասելի փոփոխությունները խոսում են բեմադրիչի անքննելի հաջողության մասին։ Տրամադրող ու բեմադրությունը լրացնող էր նաև երաժշտական ձևավորումը։ Բրավո ամբողջ ստեղծագործական կազմին։ Շնորհակալություն այսօրվա թատերական հրաշալի երեկոյի համար։
31.03.2025