01.03..2025 21:53
Այլևս հայտնի իրողություն է, որ մեկը մեկից աբսուրդային իրողությունների հեղինակ մեր բազմատառ նախարարությունը դրամաշնորհային մրցույթի[1] Թատերարվեստի ծրագրերի շրջանակում 2025թ. համար մրցունակ չհամարեց ‹‹Թատերակետեր›› թատերագիտական ծրագիրը: Ուստի հինգ տարի շարունակ անհերքելիորեն արդյունավետ գործունեություն ծավալած (շատ ու շատ թատերական գործիչների կարծիքից բացի, իրենց իսկ աշխատակիցների բանավոր խոստովանությամբ) կրթամշակութային նշանակության ծրագրի ֆինանասավորումը ոչ նպատակահարմար: Նախանշված ոչ թվային ցուցանիշները տարիներ ի վեր գերակատարող մի ծրագիր, որն այս և այլ դրական կողմերի հետ միասին 21-րդ դարի հայ թատրոնի պատմության համար աննախադեպ թատերախոսական ակտիվություն հարուցելով, ոտքի կանգնեցրեց ոտքի հետ գնացող հայ թատերական քննադատությունը: Այդպիսով փակե՛ց ‹‹ու՞ր է հիմա թատերագիտություն›› դատարկամիտ զազրախոսությունների տխրահռչակ էջը:
[1] Թե որքանով է այդ գործընթացը մրցույթի տարրական նորմերին համապատասխանում, դա այլ հոդվածում մանրամասնորեն կքննենք:
Սրանք զուտ փաղաքուշ ինքնահաճույքի համար գրված հոգեմերսիչ բառեր չեն, քանի որ ՀԹԳՄ - ի ‹‹Թատերակետեր›› թատերագիտական կայքում տարվա կտրվածքով հրապարակվող 25-30 թատերախոսականներն, իսկապես, առողջ մրցակցային միջավայր ձևավորեցին, և ‹‹Թատերակետեր›› թատերագիտական կայքից բացի մշակութային կայքերում սկսեցին թատերախոսականներ հրապարակել թատերագետներ (Լևոն Հախվերդյանի ուսանողներից՝ Հովհաննես Երանյան, Գայանե Մկրտչյան, Նունե Հախվերդյան), որոնք այդքան էլ հաճախ չէին թատերախոսականներով հանդես գալիս: Ընդհուպ մինչև իսկ այնպիսի ոգևորիչ իրավիճակ արձանագրվեց, երբ մեկ ներկայացման (Համազգային թատրոնի խաղացանկից՝ ‹‹Եվ նորից… Գարուն››) մասին հինգ տարբեր հեղինակների թատերախոսականներ էր հրապարակվում: Սա մեկ բան է նշանակաում. 21-րդ դարի հայ թատրոնի պատմության հետագա հետազոտողի համար հարուստ նյութ էր ամբարվում: Բայց պարզվում է՝ այլ երկրների բարի նախանձը շարժող այս ձեռքբերումը ԿԳՄՍ ղեկավարության բարոյահոգեբանական ընկալուչներին խիստ խորթ է: Դա սույն բարձրաստիճան տիկնոջ և լուսանկարվելուց այդպես էլ չհագեցող[2] իր տեղակալի համար բավարար չէ ‹‹Թատերակետեր›› ծրագիրը հաջողված և թատերարվեստի զարգացմանը նպաստող համարելու համար:
[2] Վերջին մեկ տարվա ընթացքում տվյալ չինովնիկը կարծես թե միայն դրանով է աչքի ընկել: Սոցիալական արդարության համատեքստում բավական բարձր աշխատավարձ ստանալու հույժ կարևոր նախապայման է, ինչ խոսք…
Եվ ի՞նչն է պակասում ‹‹Թատերակետերին›› ըստ իրենց գերատեսչական պատկերացումների, կհարցնի ընթերցողն ամենայն հավանականությամբ: Թատերագիտության տեսանկյունից անհեթհեթ հնչող նախարարական մի քանի ակնկալիքներից մեկը հետևյալ հարցն է. քանի որ կարևոր է թատրոն - հանդիսատես և դրա համապատկերում թատերախոսական - ընթերցող հետադարձ կապը, արդյո՞ք մենք՝ ‹‹Թատերակետերի›› հեղինակներս զբաղվե՞լ ենք մեր ընթերցազանգվածի ուսումնասիրությամբ, այդ համատեքստում հետազոտական հարցումներ անցկացրե՞լ ենք: Հարցն, իհարկե, ապշեցնող էր, բայց այդ դիլետանտական պահանջը լսելիս ուժերի մեծ լարումով չկորցնելով ինքնատիրապետումը, ստիպված եղանք հակադարձել, որ դա թատրոնի սոցիոլոգիային է վերաբերում և թատերագետը չպետք է դրանով զբաղվի, այլ նեղ մասանգիտական ուղվածությամբ և թեմատիկ հետաքրքրություններով թատերական թեքում ունեցող սոցիոլոգը: Այնու, որ սոցիալական երևույթներից թատերասեր մարդկանց սոցիալական վարքի օրինաչափություններն, այս պարագայում՝ թատերախոսական հանրույթի արտադրանքի հետ հարաբերվելու զարգացումների նրբություններն ուսումնասիրելը սոցիոլոգիայի գործառույթն է: Քավ լիցի, ամենևին չենք հերքում այն ճշմարտությունը, որ թատերարվեստը, լինելով սինկրետիկ տիրույթ, արվեստագիտության ճյուղերից թատերագիտությանը թելադրում է գրականագիտությունից, երաժշտագիտությունից, կինոգիտությունից, արվեստաբանությունից, մշակութաբանությունից և հոգեբանությունից բացի նաև սոցիոլոգիայի հետ սերտորեն առնչվել, բայց ո՛չ դրանով զբաղվել ու ամենագիտությամբ տառապող «летчик - гинеколог» - ի կարգավիճակում հայտնվել:
Իսկ առնչվելը, դա այն է, երբ ներկայիս կամ ոչ հեռավոր անցյալի թատերարվեստին վերբերող սոցիոլոգիական - հասարակագիտական հետազոտությունը սոցիոլոգի[3] թատերագետը հանգամանալից համադրելով թատերական իրողությունների պատճառահետևանքային նկարագրի հետ, համոզվելով, որ դրանք հավաստի և արժեքավոր են, իր իսկ թատերագիտական հետազոտության ինչ-ինչ կետերում դրանց վրա հիմնվելով պատմատեսական ենթադրություններ, դատողություններ ու եզրակացություններ է անում:
[3] Օրինակ՝ միջնադարյան Հայաստանում թատրոնամերժության հանգամանքները ուսումնասիրող Ժաննա Անդրեասյանի «Սեր[ռ]ը թատրոնում և եկեղեցում. Մի ճառի պատմություն» հետազոտությունը:
Եվ եթե անգամ ենթադրենք, որ ինչ-որ մի թատերագետ առանց պրոֆեսիոնալիզմի տարրական պահանջին համապատասխանության, այսինքն՝ առանց սոցիոլոգի մասնագիտական կրթության և փորձառության իրեն իրավունք է վերապահում թատրոնի սոցիոլոգիայով զբաղվել, ապա ակնհայտ է հետյալը: Նրա արածը՝ դիլետանտական թաթալաբազությանը տուրք տալով սոցիոլոգի կաղապարի մեջ խցկվելն, ուղղակի հակամասնագիտական անճոռնիություն է լինելու: Նույնիսկ արհեստական բանականության քննությունը դժվարությամբ բռնող կամ չբռնող մակերեսային նյութ: Մենք իհարկե առանց որևէ հեգնական միտումի հասկանում ենք, որ սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Ժ.Անդրեասյանի համար թանկ է իր մասնագիտությունը և դրա հեռանկարը, հայաստանյան ճակատագիրը (ինչպես և մեր՝ թատերագետներիս համար թատերագիտության ապագան): Ասենք ավելին, կասկած էլ չունենք, որ տիկին նախարարը հայկական սոցիոլոգիայի արևի տակ իր տեղը մասնագիտական արդար քրտինքով, հետևաբար և արժանիորեն է զբաղեցրել:
Այդուհանդերձ, անհեռանկար է և առնվազն բարոյական չէ մասնագիտությանդ բեռը թատերագետների վզին փաթաթելն ու այն թատերական քննադատության կենսագոյության վտանգման հիմնավորում-պատճառաբանություն դարձնելը: Հետևապես, նախարարի կողմից, մեղմ ասած, տեղին չէ իր ձեռքին եղած միակ բանալիով՝ սոցիոլոգիայով բացել թատերարվեստի բոլոր դռները: Չէ՞ որ այդպիսով սոցիոլոգիան բնակարանի գողությամբ զբաղվողների մոտ սովորաբար լինող փականային ունիվերսալությամբ աչքի ընկնող բանալիակերպ հարմարանքի է վերածվում: Մնում է պարզել ու հասկանալ՝ վերադասի դրդմա՞մբ, սեփական նախաձեռնությամբ միտումնավո՞ր, թե նեղ մասնագիտական նրբություններից կատարելապես անտեղյակի աղետալի մղումով է նախարարն իր անմեկին տեղակալի հետ միասին անբեկանելիորեն փաստարկված այս վնասակար դիլետանտիզմը կյանքի կոչում: Անողոքության աստիճան թափանցիկ ժամանակը ցույց կտա…