Ես վաղուց արդեն Համազգային թատրոնի մշտական ու հավատարիմ երկրպագուն եմ, ու ամենանուրբ քիմք ունեցող հանդիսատեսին համարձակորեն կարող եմ հրավիրել հետս Համազգայինի յուրաքանչյուր ներկայացում դիտելու… Այս անգամ հյուրս թոռնիկս էր, որ չնայած դեռ երեք տարեկան է, բայց արդեն իսկական թատերասեր է…և ինձ համար շատ կարևոր ու պատասխանատու հյուր… Այդ պատճառով սովորականից մի փոքր ավելի անհանգիստ էի… նախ «մեծերի» թատրոն դեռ շատ չենք գնացել, համ էլ գիտենք էլի էդ «մեծերի թատրոններում» մանկական ներկայացումների վերաբերմունքն ու որակը…
Բայց երբ մի հարկի տակ հավաքվում են տաղանդավոր, մտածող, պատասխանատու և իրենց գործը, ու ամենակարևորը՝ երեխաներին չափազանց սիրող մարդիկ, իրենք չեն կարող չգիտակցել, որ փոքրիկ հանդիսատեսը ամենակարևորն է… և ուրեմն մանկական ներկայացումը պետք է ունենա նույնքան կարևոր ուղերձ, գաղափար, ու դեռ մի քիչ էլ ավելին… և որ մանկական հումորը կարող է լինել նուրբ, այլ ոչ գռեհիկ… որ երաժշտությունը կարող է լինել լուրջ ու ներդաշնակ, այլ ոչ պարզունակ, որ բեմական ձևավորումը կարող է աներևակայելի երևակայություն արթնացնել, և որ դերասանները այնպիսի վարպետությամբ ու լրջությամբ աշխատեն՝ կարծես սա իրենց ամենակարևոր դերն է…
Նարինե Գրիգորյան , Տաթև Ղազարյան , Վիկտորիա Ռիեդո - Հովհաննիսյան , շնորհակալ եմ անչափ թոռնիկիս մեկ ու կես ժամ փայլող աչուկների ու անկեղծ զրնգուն ծիծաղի համար։ Դուք հրաշք եք... Վերջին տարիներին տարբեր երկրներում դիտածներիս մեջ՝ սա լավագույն մանկական ներկայացումն էր…
26.01.2025