2025 թվականը դեռ չսկսված` վերևներում (Աստծո հետ չխառնեք) որոշեցին, որ թատերագիտությունը առանձին մասնագիտություն չէ, և թատրոնները չունեն Թատերակետերի կարիքը (չնայած չենք զարմանում, թատրոն փակողից ինչ սպասես)։ Այսպիսի մտայնություն, կարծում եմ, ձևավորվել է մի քանի պատճառներով։ Իշխանական սրտին մոտ որոշ խառնակիչներ, իրենց պաշտոնից կամ մասնագիտությունից բխող պարտականությունների պատշաճ կատարումը թողած զբաղվել են բամբասչիությամբ, հետկուլիսային խարդավանքներով` ընդդեմ թատերագետների, որովհետև նրանց դուր չի եկել, որ մենք չէինք գրում սրտաճմլիկ հոդվածներ կոծկելու համար նրանց մասնագիտական անկարողությունը, կամ թե՝ օր օրի մեր գրած նյութը տարածվում ու կշիռ էր ունենում, ազդելով որոշ պրոցեսների վրա, ձևավորում կարծիք։
Երկրորդ պատճառը, ըստ իս, իսկապես որակյալ ստեղծագործական պրոցեսների մասին թատերագետների պրոֆեսիոնալ վերլուծական, քննական աշխատանքների առատությունն էր, որի ֆոնին իրենց միջակությունն էլ ավելի ցցուն էր երևում... Ինչևիցե, սիրելիներ, ուզում եմ ձեզ տխրեցնել։ Անկախ այն հանգամանքից՝ կլինի ֆինանսավորում, թե՝ ոչ, մենք գրելու ենք, որովհետև ժամանակն օգտագործել ենք ինքնակրթվելու, ոչ թե դավեր նյութելու վրա, իսկ այ ձեր միջակությունն ու փոքրոգությունն անբուժելի են: Դե բնության դեմ էլ նախարարին ո՞նց բողոքեն... և, ուրեմն, սպասեք նոր հոդվածի...
13.01.2025