Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Այս ներկայացումն այն մասին է, թե ինչպես պետք է սիրել հայրենիքը և հայրենակցին և ինչպես չպետք է սիրել... Բացվում է վարագույրը, աչքիդ առաջ մի զարմանալի հանրակառք է ,ուր շտապում էին բարձրանալ հասարակության տարբեր խավի,դիրքի,տարբեր մասնագիտության ու տարբեր հագուկապով մի խումբ մարդիկ... Բեմի անկյունում նստած հեղինակը, որ քիչ հետո դառնում է կառապան (Վարշամ Գևորգյան), փետուրե գրիչը ձեռքին,գրում է բարձրաձայն մտածելով։ Կարծես հենց նրա դիմաց դրված էջերից դուրս եկած լինեին բեմին կանգնած մարդիկ` այնքան իրական ու տիպիկ,որ թվում էր Մոպասանը հենց նրանց դեմքերն է աչքի առաջ ունեցել «Ճարպագունդը» գրելիս։ Ու հանկարծ դու էլ պոկվում ես հանդիսատեսի քո աթոռից, հայտնվում ես բեմին ու շատ մոտ` նրանց կողքին, նրանց շնչելն ու արտաշնչելն զգալով` ունկնդրում ես ու ականատեսն ես լինում ողջ զավեշտալի ու ողբերգական պատմության։

Պարզվում է, որ այս հայրենասեր մարդկանց, որոնցից յուրաքանչյուրը տեսականորեն շատ հստակ գիտեր` ինչ պիտի աներ Ֆրանսիայի համար, բայց գործնականում թերանում էր, ֆրանս֊պրուսական պատերազմի ելքն էր ստիպել րոպե առաջ հեռանալ սիրելի քաղաքից (պրուսական զորքը մտել է Ռուան քաղաք)։ Ամեն մեկն իր պատճառն ուներ, և թերևս Էլիզաբեթի` Փափլիկի (Տաթև Ղազարյան) հեռացման պատճառն էր ուշադրության արժանի. նա չէր կարող իր քաղաքում տեսնել պրուսացիներին։ Ահա նա նստած է բարձր խավի,այլ համոզմունքների ու բարոյականության տեր մի խումբ մարդկանց կողքին, որոնք նրա «մասնագիտությունից» խորշող ազնվականներ էին, բայց դա նրանց բնավ էլ չխանգարեց, որ իրենց քաղցը հագեցնեին Փափլիկի մեծահոգության ու հյուրասիրության շնորհիվ, իսկ ավելի ուշ հենց նրա «շնորհիվ» օգնությամբ հեռանային քաղաքից։ Ամբողջ ներկայացման ընթացքում այս «ազնիվ» պարոններն ու տիկինները հաճախ են հայտնվում ծիծաղելի իրավիճակում իրենց վախերի, շահամոլության ու մորթապաշտության պատճառով։

Հյուրատան սեղանի շուրջ (այստեղ դարձյալ իր խաղով աչքի ընկավ Վարշամ Գևորգյանը`սպասավորի դերում) նրանց հնչեցրած խրոխտ ճառերն աստիճանաբար շշուկների էին վերածվում, երբ տեսնում էին պրուսացի սպայի (Ստեփան Ղամբարյան) ստվերը,իսկ վերջինս ամեն ջանք գործադրում էր`արժանանալու Էլիզաբեթի ուշադրությանը, բայց արժանանում էր արհամարհանքի ու մերժման։ Բոլորը շատ համոզիչ բացատրում էին Փափլիկին, որ զոհաբերի իրեն հանուն բոլորի` առաջնորդվելով «Մեկը բոլորի համար, բայց ո'չ` բոլորը մեկի համար» կարգախոսով։ Փափլիկին միակ կարեկցողը, թերևս, դեմոկրատ Կորնյուդեն էր (Նարեկ Բաղդասարյան), որ ամբողջ ներկայացման ընթացքում հեռվից հեռու կռիվ էր տալիս պրուսացու հետ, ձեռքի տակ եղածը շպրտում նրա ուղղությամբ, ու երբ շատ հաստատ որոշած գնում էր` նրա հախից գալու, կարծես ոտքերը դավաճանում էին ու թողնում կես ճամփին, և նա մխիթարվում էր` խրոխտ երգեր երգելով և դրոշը ձեռքին այս ու այն կողմ վազելով։ Չնայած հերոսներն շատ քիչ էին խոսում, բայց դիտողն անվերջ լսում էր նրանց. խոսուն էին նրանց դեմքը, շարժումները, հագուստը, ձևավորման մաս կազմող առարկաները, նույնիսկ` երաժշտությունն ու գույները։

Բեմում առկա սևն ու սպիտակը կարծես խորհրդանշում էին մարդու ներաշխարհի մութ ու լուսավոր շերտերը ,որոնց կրողներն էին Մոպասանի հերոսները։ Դերասանների` մի քանի վայրկյան տևող անշարժ վիճակը կարծես նրա համար էր, որ հիշես հայտնի կտավները` հաջորդող ու նախորդող դեպքերով, և սառած դեմքերին կարդաս փայլուն վարպետությամբ ցուցադրվող վախերը,սեփական շահի համար ուրիշին զոհաբերելու մտադրությունը, բնավորության առանձնահատկությունները,արժեքները, որոնցով առաջնորդվում էին ... Կոմսը (Դավիթ Հակոբյան), կոմսուհին (Ալլա Սահակյան) այնպիսի ճարպկությամբ էին համոզում ու դեպի պրուսացու գիրկն ուղարկում Փափլիկին,որ վերջինս քիչ էր մնում նահանջեր իր հաստատուն երբեքից,որի համար արժանանում էր Կորնյուդեի հիացմունքին ու ջերմ համբույրին։ Շատ հետաքրքիր էին միանձնուհիները (Սերգեյ Թովմասյան և Մարիա Սեյրանյան), որ, ամբողջ ընթացքում աղոթագիրքը ձեռքում բռնած,փորձում էին փրկել իրենց և մյուսների մեղավոր հոգիները,վերջում բոլորի նման ուրախ էին, գոհ ու հարբած, որովհետև Փափլիկը պրուսացու մոտ էր ,ու իրենք կարող էին մեկնել։ Ձեռնարկատերը (Գագիկ Մադոյան), ձեռնարկատիրոջ կինը (Արմինե Անդրեասյանի) ամեն օրվա հետ սարսափով հաշվում էին կորուստները ու բոլորի նման րոպե առաջ փորձում Փափլիկին ուղարկել պրուսացու մոտ։

Հյուրատանը չորս օր մնալուց հետո (պրուսացի սպան արգելել էր հեռանալը,մինչև Փափլիկը իրեն չտրվի) կեղծ բարեպաշտների խումբը շարունակում է իր ճանապարհը` նույն արհամարհանքով ու խորշանքով վերաբերվելով Փափլիկին, իսկ վերջինս լաց է լինում` իր ձայնը խառնելով Կորնյուդեի հնչեցրած երգին։ Որտե՞ղ է սկսվում ու ավարտվում հայրենասիրությունը և մարդասիրությունը... Ցավոք, շատ հաճախ մարդու նկարագիրը փոխվում է, երբ գլուխ է բարձրացնում անձնական շահը։ Շնորհակալություն զարմանալի, հետաքրքիր, ծիծաղ ու լաց պարգևող բեմադրության (Նարինե Գրիգորյան), բեմի` աչք շոյող ձևավորման, հնարամիտ լուծումներով ստեղծված դեկորների (Վիկորիա Ռիեդո֊Հովհաննիսյան), դերասանական փայլուն ու անձնվեր խաղի համար (խաղ,որ աչքի էր ընկնում համաչափությամբ ), դուք` բոլորդ, գեղեցիկի զգացումը կրողներն եք։

13.01.2025

ԼՈւՍԻՆԵ ՊԱՐՈՆՅԱՆ

323 հոգի