Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Քաղաքական շոուները չհաշված, այս տարվա վերջին ներկայացումը, որ պատահեց, դա Մարիամ Ղազանչյանի հիմնած «Գալյա Նովենց» Թատերական դպրոցի առաջին ռեժիսորական խմբի (ղեկ. Հակոբ Ղազանչյան) կոլեկտիվ աշխատանքն էր: Վարդգես Պետրոսյանի «Դեղատուն Անի» վիպակի մոտիվներով և Ռուբեն Հախվերդյանի երգերով էտյուդային համահավաքը, որը վերնագրվել էր «Նամակներ պատանեկության կայարաններից»: Եվ չես փնտրում այստեղ սյուժետային գծի մանրամասներ ու կերպարային ինչ - ինչ հանգամանքներ, այլ հետևում ես բեմ ելած երիտասարդների զգացողություններին, քանի որ այս ուսումնական աշխատանքի մատուցման ընթացքում ամենից արժեքավորը նրանց ներքին համապատասխանությունն էր վերնագրում ընդգծված տարիքային շեմի առանձնահատկությանը:

Պատանեկան անկեղծությանը հարմար եկող բեմական ներկայությունների վկան էիր դառնում՝ որսալով կյանքի զեղծարար պայմանականությունները թոթափած անթաքույց վարքաձևեր: Դա կարող էր լինել Մարինա Զագրեբելնայայի աշխարհի հետ ունեցած ուշադրության հավերժ կռիվը, ինչը զգալու համար բավական էր զննել վերջինիս խոսքի ու դիմախաղի մեջ ծպտված նյարդը: Կամ էլ այդ նույն անարդար աշխարհից նեղացածությունն իր խորխորատներում իսկ թաղած, բայց դրա ցավի հետքերը թաքցնել չկարողացող հայացքը Նելլի Վարդանյանի: Ամաչկոտության թելադրանքով էմոցիոնալ թափից խուսափող գեղեցկադեմ Մադլեն Ստեփանյանի գրեթե երեխայական անխառն զայրույթը, հուզական լարվածությունից սերող Նազելի Ավետիսյանի ֆիզիկական կաշկանդվածությունը և դրան հակառակ՝ Անահիտ Պետրոսյանի պետք եղածից էլ մի փոքր ավելի անկաշկանդ պահվածքը: Այս ամենը նրանք հրամցնում էին ինքնակա էմոցիոնալ անկեղծությամբ՝ զուտ պահի ռեֆլեքսիվ ազդեցությամբ գործելով:

Ավելին, ի դեմս հեռախոսի կողքին կանգնած Մարիա Բավիկյանի կանացի կեցվածքի, հաջողացնում էին նաև կինոկերպարային զգացողություններով պարփակված ակնթարթներ հաղորդել բեմում տեղի ունեցողին հետևողին: Ժամանակի տարածական խտացմամբ զգալ տալ սիրուն ճակատագրված կնոջ ապրումների պատկերահոսքը, այդ ստատիկ, բայց ավելի քան էսթետիկ դրվագում: Սա է սակավախոս թատրոնի հրաշքը, որ ժամանակի զգացողությունը կորցրած որոշ ռեժիսորներին հերթական անգամ անուղղակիորեն սովորեցնում էր, թե անիմաստ երկարաբանելու փոխարեն որքան շատ բան կարելի է փոխանցել մեկ - երկու ակնթարթում, եթե ունես ճաշակ, դրության ըմբռնում ու պայմանաձևի գիտակցում: Փաստ, որ արժե ընդունել ի գիտություն և չտրվել պարտադիր կերպով մի քանի ժամ տևողությամբ ներկայացում ստեղծելու գայթակղությանը: Աշխարհը գաղափարապես չի որբանա ամենևին, եթե երբեմն էլ լինեն փոքր ինչ համառոտախոս, ինչպիսին որ էր 45 րոպե տևողությամբ ուսանողական այս ներկայացումը:

30.12.2024

ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյան

826 հոգի