Սեղմիր
ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ԱՆԿՅՈւՆ

08.11.2020   02:26

«Ռիչարդ III»-ը՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Թատրոնի հանդիսատեսը վերջին տարիներին էապես նվազել է: Թատերական գործիչները դժգոհում են, սակայն թատրոնի որեւէ դերասան կամ բեմադրիչ չի ուզում տեսնել մեղքի իր բաժինը: Իսկ ինչպե՞ս կարող է մարդ ձգտել դեպի մի վայր, որտեղ նրա լսողությունը սղոցելու են սարսափելի առոգանությամբ, ուր վիրավորելու են իր մայրենի լեզուն: Պարոնա՛յք, ինչո՞ւ եք հրավիրում մեզ հիանալու նման Ռիչարդով: Բարդ է խոսել ներկայացման մասին, որտեղ հետաքրքիր մտահղացումները մի ընդհանուր խառնուրդի մեջ են անհասկանալի, անտրամաբանական տարրերի հետ` դե արի ու ջոկիր ոսպն ու ձավարը մոխրից: Բեմադրիչը` Արթուր Սահակյանը, եւ բեմանկարիչը` լուսահոգի Վահագն Թեւանյանը, իսկապես դիպուկ վճիռ են գտել բեմական տարածության համար: Շեքսպիրի պիեսները նախատեսում են ելիզավետյան շրջանի երկու կամ երեք մասի բաժանված բեմի կառուցվածք: Թեւանյանն ու Սահակյանը փոխարենը երեք հարթակ են բերել բեմ: Երկուսը բեմի պտտվող շրջանի արտաքին մասի վրա են` մեկը ճաղերով, մյուսը գահով: Երրորդը բեմի կենտրոնը զբաղեցրած թեք հարթակ է, որ նույնպես պտտվում է, խաղարկվում է որպես ճանապարհ դեպի մյուս հարթակները եւ որպես ինքնուրույն տարածություն: Արդյունքում՝ բեմադրության մեջ պահպանվել է սյուժեի զարգացման դինամիզմը, որ Շեքսպիրի պիեսների արժանիքներից մեկն է:

Ի պատիվ բեմադրող Արթուր Սահակյանի՝ անհրաժեշտ է նշել, որ կառուցվածքն արդարանում է բեմական դիրքերի (միզանսցենների) միջոցով` տեսարանի ավարտն ու անցումը հաջորդ տեսարանին չեն առաջացնում ընդհատման զգացում, հերոսները սահուն են բարձրանում հարթակի վրա կամ բեմ իջնում, չի զգացվում ռեժիսորի առաջադրած դիրքը զբաղեցնելու դերասանի ճիգը: Բեմադրողի կատարած աշխատանքի մեջ թերեւս արժե նշել նաեւ Ռետկլիֆի եւ Լովելի մասնակցությամբ սպանությունների տեսարանները` նրանց անտարբեր, գործնական վերաբերմունքն է սարսափ ներշնչում: Սակայն ներկայացման ընթացքում Լովելն սկսում է կարեկցել իր զոհերին, ցավել նրանց հետ, ինչն անհասկանալի է մնում թե՛ պատճառի, թե՛ նպատակի առումով, հատկապես, որ գործընկերոջ վարքագիծը մնում է անփոփոխ: Օգտագործած բեմական էֆեկտներն ավելացրեցին բեմադրության տպավորչականությունը` բուտաֆորական կտրած գլխից մինչեւ արհեստական արյունն ու Ռիչարդի ձեռքը նիզակի ծայրին: Առհասարակ ներկայացման ընթացքում հասունացած լարումը ֆինալում պետք է որ ավելի տեսարանային վճիռ ստանար, չմնար խոսքային շերտում: Բեմադրողը լիարժեք աշխատել է, միայն մի տեսարան այդպես էլ չտեղավորվեց ընդհանուր պատկերի մեջ` գլխավոր դերակատարի հետույքի պարը (այլ անուն չեմ գտնում) գեղարվեստական չդարձավ, մնաց գռեհիկ, զզվելի:

Շեքսպիրը գրել է մոնումենտալ ողբերգություն, բեմադրողները գտել են դրան հարմար ձեւեր, հերթը դերասաններինն է: Բազմամարդ խմբից պետք է առանձնացնենք եւ խոսենք երկուսի` Տիգրան Ներսիսյան-Ռիչարդի եւ Մարիամ Դավթյան-Լեդի Աննայի մասին: Ժամանակակից թատրոնում կերպարի մեկնաբանության հիմնական գծից մինչեւ այս կամ այն դիրքն ու շարժումը որոշելու իրավունքը դերասանները զիջել են ռեժիսորին: Այժմ դրամատիկական թատրոնում խոսքն է նրանց հիմնական ստեղծագործական ասպարեզը: Եվ ի՞նչ է անում այս ասպարեզում Մարիամ Դավթյանը: Կլորացնում է «լ» տառը եւ փափկացնում «ր»-ն, եթե դրան հետեւում է ձայնավո՞ր: Որպեսզի համապատասխանի ռուսերենի հնչյունաբանությա՞նը: Գուցե արժե՞ր դերասանությամբ զբաղվելուց առաջ ուղղել լեզվի արատը, որպեսզի «ս» տառը չզբաղեցնի «թ»-ից «ֆ» ընկած ողջ միջակայքը. տեքստը պարզապես չի հասկացվում: Դերասանի առջեւ դրված նվազագույն խնդիրը հերոսի գործողություններն ու խոսքերը կատարման մեջ արդարացնելն է: Մարիամ Դավթյանը թերեւս ինքն էլ չգիտի (կամ գիտի, բայց մեզնից է գաղտնի պահում), թե ինչո՞ւ է փոխվում Լեդի Աննայի վերաբերմունքը Ռիչարդի նկատմամբ, ի՞նչ ներքին ճանապարհ է նա անցնում: Կարճ. աչքերը չռելը դեռ դերասանություն չէ:

«Ռիչարդ III» ներկայացման առանցքային հերոսը հայտնվելու պահին տպավորում է` արտահայտիչ գրիմ, անճոռնի կեցվածք: Կերպարը, կարծես, սկսում է ուրվագծվել, սակայն այդ ուրվագիծն անէանում է, հենց դերասանը մեկ նախադասություն է արտասանում: Հեղինակի տեքստը լսելի է, սակայն անհասկանալի է մնում, թե ո՞վ էր այս Ռիչարդը, ինչո՞ւ էր այսքան դաժան, ի՞նչ շարժառիթներ ու նպատակներ ուներ: Կերպարի ամբողջ խոսքը կառուցված է մեկ ինտոնացիոն սկզբունքով` եթե նախադասության մեջ երեք եւ ավելի բառ կա, ապա վերջին վանկն անպայման երկարացվում է: Ինչո՞ւ: Գուցե ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանին հանգիստ չի տալիս «ողբերգակ դերասան» բառակապակցությո՞ւնը (ինչպես Թովմաս Ֆասուլաճյանին երիտասարդ տարիներին): Եվ ամբողջ երեք ժամ նույնը, մի փոքր բարձր կամ ցածր, բայց նույնը: Հիշեցրեց գայլի ոռնոց, բայց առանց բովանդակության: Դերասանի գործը բեմում հեղինակի տեքստն իմաստավորելն է, ոչ թե իմաստազրկելը: Անշուշտ, լավ կլիներ խոսել նաեւ մյուս դերակատարումների մասին, հատկապես, որ աշխատանք կատարված է, բայց վերոհիշյալ երկու դերակատարումներից հետո օբյեկտիվ խոսքն ասելն անհնար է: Հնարավո՞ր է, արդյոք, դատել նվագախմբի երաժիշտների ստեղծագործության մասին, եթե երկու մենակատարները շփոթել են նոտաները եւ նվագում են բոլորովին այլ ստեղծագործություն, այլ տոնայնության մեջ, այլ ռիթմով: Մնում է միայն կրկնել Տիգրան Ներսիսյան-Ռիչարդի խոսքերը. «Ավաղ, խեղճ Յորիկ/Շեքսպի՞ր»:

Նյութի աղբյուրը`  Առավոտ Օրաթերթ / Մշակույթ Ապրիլ 29,2014

ՎԱՍԻԼԻ Գևորգյան

891 հոգի