Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Մի վարկած է սա՝ հաշմված անցյալի,

Լցված ցավերով և հնարամտությամբ՝

կիսաքաղց սերնդի:

<<Հաղթանակի գենեզիս>>-ն այն բացառիկ դեպքերից է, երբ ուզում ես խոսել, բայց ինչ-որ բան գրելուց տասը չէ, հարյուրն էլ չափում ես, միևնույն է՝ չես կողմնորոշվում: Ինչու՞, որովհետև բեմից հրամցվածը տիպականից էլ դենը ճանաչելի է, ու թվում է՝ ինքնությանդ հայելու վրա ես մտքերդ մաքրագրելու: Ցանկացած մասնագիտական սրում, եթե ոչ կոտրվածք, ապա նվազագույնը՝ ճաքեր կառաջացնի կենսագրությանդ արտացոլանքում: Եվ ի՞նչ են արել համազգայինցիները թատերաց <<մունդառ>> արարածին այսպիսի անելանելի վիճակում դնելու համար: Պատկերացրեք՝ առանձնապես, ոչինչ:

Պարզապես իրենք իրենց հետ մաքսիմալ անկեղծ են եղել: Ըմբռնել, որ հաղթական անցյալի բարոյահոգեբանական ծագումը բացահայտելու գաղտնիքը ոչ՛ ճռճռան էֆեկտներ խաղացնելու, առավելևս, ո՛չ էլ՝ մթին պայմանականություններ խորհրդակերպելու մեջ է: Այլ ողբերգականը անսեթևեթ ինքնահեգնանքով հրամցնելու և դրա հետ մեկտեղ մանկանալուց չամաչելու մեջ է: Եթե անգամ գործը սնիկերսային սև հումորին է հասնում:

Նման տխրազվարթ իրողության բեմական հետահայացի հավաստիության հարցում, ինչ խոսք,անուրանալի է Վարշամ Գևորգյանի ձևացումի խաղային տարերքի, Նարինե Գրիգորյանի թատերային գրավչության և Արման Նավասարդյանի կոլորիտային հմայքի գործոնը: Առանց որոնց անմոռաց անցյալից չէին հառնի Երևանի, Արցախի և Բերդի երեխաների հավաքական կերպարները: Ընդ որում՝ մասնավորից ընդհանուրին գնալով կարողացել են կերպարային գծերը իրադարձությունների անդադրում հերթափոխում չտարալուծել: Քողարկված արխիտեկտոնիկայով դիպաշարում պահպանել բովանդակային ամբողջականությունը՝ համակենսագրական տրիպտիխ մանրակերտելով: Ինքնաձիգի կրակահերթի տեմպոռիթմով բանալի դեպքերի էքսպոզիցիոն հնչեցմամբ, հուշել, որ փորձություններին սիրաշահելու կենսամշակույթն է հաղթողի հոգեբանության թիկունքում:

Չէ՞ որ, կեցության օդակախ քրոմոսոմները նշան առ նշան հիշեցնում են կինոքննադատ Կարեն Ավետիսյանի դիպուկ նկատած <<գտնված երազ>>-ի գենտիկ տեսլապատկերը: Այսնիքն, բառակրկնողական հնարքներով թեմատիկ անցումներն ու երաժտականությամբ միջնորդավորված փոխհարաբերությոնները: Հեղինակ Սառա Նալբանդյանի հանգամանքային նրբահմուտ ներհյուսումներն առ այն, որ արցախյան պայքարում պատերազմող կողմերին է խաչվում КВН-ի եզրափակիչում հայերի ու ադրբեջանցիների խաղը: Յո.Հոյզինգայի ազիզ խաթրեն՝ խաղերի խաղը, քանզի առջևում դեռ մանկական այգեպանի պերիպետիկ ռազմականացումն է: Եվ ուղղակի շանտղություն կլինի չասելը, որ այս ներկայացումը վստահաբար այդ տարիներից զարգացած հայից թափուր Հայաստան գործընթացի մոտ մեկ միլիոնանոց արդյունքի ճարահատյալ մասնակիցների պարտադիր տեսնելիքն է: Իբրև, հաղթանակած հայրենիքի դատարկության հետգրումային ախտորոշում, մինչև որ հերթը 2016-ի քառօրյաի Docudram-ին հասնի…

07.11.2020

ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյան

 

536 հոգի