23.12.2024 00:58
Lատինական Ամերիկայում եւ Կարիբյան ավազանի երկրներում արվեստագետը համարյա ստիպված չի լինում հորինել։ Նա ունի մեկ այլ խնդիր՝ ինչպես անել, որ հավատան իր պատկերած իրականությանը։ Եվ այդպես եղել է միշտ, մեր պատմության ամենասկզբից: Մեր գրականության մեջ չկան գրողներ, որոնք ձգտեին ավելի ճշմարտացի լինել, եւ ում ավելի քիչ հավատային, քան հեղինակները, որ տվել են Վեստ Ինդիայի նվաճման ժամանակագրությունը։ Քրիստափոր Կոլումբոսի օրագիրն այս կարգի գրականության հնագույն նմուշներից է։ Կոլումբոսն ասում է, որ 1492 թ. հոկտեմբերի 12-ին իրենց դիմավորող մարդիկ «մորեմերկ» էին: Ուրիշ ժամանակագիրներ նույնպես պնդում են, որ Կարիբյան կղզիների բնիկները, որոնք իրենց դեռ ապահով քրիստոնեական բարոյականությունից անվտանգ, մերկ էին ման գալիս, ինչը միանգամայն բնական է արեւադարձային գոտիների բնակիչների համար: Այդուհանդերձ, այն «նմուշները», որ Կոլումբոսը Բարսելոնի թագավորական պալատ էր բերել, իրենց մարմինը փետուրներով ու արմավենու ներկած տերեւներով, տարօրինակ կենդանիների ատամներից ու ճանկերից կազմված ուլունքներով էին ծածկել։
Թվում է, թե դա հեշտ է բացատրել: Կոլումբոսի ճանապարհորդությունը՝ հակառակ նրա հույսերի, տնտեսական ձախողմամբ էր ավարտվել։
Նա ոչ միայն չէր գտել թագուհուն խոստացած ոսկին, այլեւ կորցրել էր նավերի մի մասը, չէր կարողացել բերել իր հայտնագործության կարեւորությունը ապացուցող, այդքան երկար ու թանկ ճամփորդությունը արդարացնող որեւէ բան: Ուրեմն, նա իր գերիներին զուտ գովազդի համար պիտի այդ կերպ հագցներ: Միայն խոսքերին հազիվ թե հավատային. չէ՞ որ ընդամենը երկու դար առաջ Մարկո Պոլոն Չինաստանից այնպիսի անհերքելի վկայություններ էր բերել, ինչպիսիք էին սպագետին ու մետաքսի շերամը:
Էլդորադոյի առասպելը ամենաչքնաղը, տարօրինակն ու վճռորոշն է մեր պատմության մեջ: Այդ երեւակայական երկիրը որոնողները նվաճեցին այսօրվա Կոլումբիայի համարյա կեսը, իսկ ճանապարհորդներից մեկը գտավ Ամազոն գետը: Եվ ինչն է ավելի աներեւակայելի. նա Ամազոնը հայտնաբերեց լողալով հոսանքն ի վար՝ հակառակ գետեր հայտնաբերելու է սովորական ուղղությանը: Բայց էլդորադոն բոլոր ժամանակների համար գաղտնիք կմնա: Ճիշտ այդպես երեւի ոչ ոք երբևէ չիմանա, թե ուր կորավ ոսկու այն հսկայական պաշարը, որ ուղարկվել էր ինկերի տիրակալին՝ որպես տուրք։ Կոնկիստադորների դյուրահավատությունը լիովին բացատրելի է, եթե հիշենք այդ դարերում տիրապետող մետաֆիզիկական տենդը եւ գրական խանդավառությունը, որոնցով ընդունվում էին ասպետական վեպերը։
Միայն դրանով կարելի է մեկնաբանել Կաբեսա դե Վակայի արտառոց արկածը. նրա նպատակն ավելի վեհանձն ու բանաստեղծական էր, քան Էլդորադոյի ոսկին՝ նրա արշավախումբը որոնում էր հավերժական երիտասարդության ակունքը: Պիսարոն հրաշալի գիտեր բազմաթիվ վեպեր, որ պատմում էին այն քսուքների մասին, որոնցով բավական էր շփել ասպետների կտրված գլուխները, որպեսզի դրանք միանգամից վերաճեին մարմիններին: Եվ ինչու չպիտի հավատար, եթե նրան XVI դարում պատմում էին բոլորովին ոչ հեռու մի թագավորության մասին, որտեղ երեք հազար արհեստավոր գիշեր ու զօր զբաղված էին մաքուր ոսկուց կահույք պատրաստելով, եւ որտեղ թագավորի պալատի ոսկե սանդուղքը պահպանում էին ոսկե շղթաներով ոսկե առյուծները: Առյուծներ` Անդերու՛մ:
Նունյես դե Բալբոային նույնպես շարադրել էին նման մի պատմություն, որի շնորհիվ նա հայտնագործեց Խաղաղ օվկիանոսը: Պիսարոն առանձնապես բան չհայտնաբերեց, բայց նրա դյուրահավատության աստիճանը հնարավոր է չափել այն արշավախմբի մեծությամբ, որը նա հանդերձավորեց անհավանական թագավորության որոնումների համար՝ 300 իսպանացի, 4 հազար հնդկացի, 150 ձի եւ հազարից ավելի շուն, որոնց վարժեցրել էին մարդ որսալու համար:
Ամենալուրջ խնդիրներից մեկը, որը մեր անպարագիծ իրականությունը դնում է գրականության առաջ` բառերի անհամարժեքությունն է: Երբ մենք գետի մասին ենք խոսում, եվրոպական ընթերցողը անկարող է պատկերացնել ավելի վիթխարի բան, քան Դանուբը, որի երկարությունը 2.850 կիլոմետր է: Մինչեւ չնկարագրես, նա դժվար թե պատկերացնի Ամազոնը` յոթ հազար կիլոմետր երկարությամբ: Տեղ-տեղ մեր գետն ավելի լայն է, քան Բալթիկ ծովը: Երբ մենք «ամպրոպ» բառն ենք գրում, եվրոպացիները պատկերացնում են որոտ ու կայծակ՝ նրանց համար դժվար է երեւակայել այն, ինչ մե՛նք նկատի ունենք: Անդերում, ըստ ֆրանսիացի ականատեսի, տեղատարափ անձրեւը գալիս է հինգ ամիս անընդմեջ։ «Նա, ով չի տեսել այդ ամպրոպները, անկարող է պատկերացնել դրանց մոլեգնությունը: Երկար ժամեր շանթերը հաջորդում են իրար՝ ինչպես արյան ջրվեժներ, եւ մթնոլորտը դողում է անվերջանալի որոտներից, որոնք արձագանքվում են անծայրածիր լեռներում»: Այս ժլատ նկարագրությունն էլ բավական է, որ նույնիսկ ամենակասկածամիտ եվրոպացին սարսափից ցնցվի:
Որպեսզի ամբողջությամբ հաղորդեինք մեր իրականության անսահմանությունը, ստիպված էինք նոր բառեր հորինել: Այդ անհրաժեշտությունը հաստատում են բազմաթիվ օրինակներ: Հոլանդացի ճանապարհորդ Ֆ. Վ. դե Գրաֆը, որն այս հարյուրամյակի սկզբին (XX դարի – Վ.Մ.) հետազոտել է Ամազոնի վերին հոսանքները, գրում է, որ գտել է աղբյուրներ, որոնց ջրով հինգ րոպեում կարելի է ձու խաշել, եւ որ որոշ տեղերում հերիք է ամբողջ ձայնով մեկ ինչ-որ բան ասել, որպեսզի տեղատարափ սկսվի: Կոլումբիայի Կարիբյան ծովափին ես հանդիպեցի կովի առաջ աղոթող մի մարդու: Երբ նա ավարտեց աղոթքը, ես տեսա, որ կովի ականջներից սատկած ճիճուներ թափվեցին: Այդ մարդը հավատացնում էր, որ բուժման այսօրինակ դասընթացներ կարող է անցկացնել նաեւ հեռավորությունից, բավական է միայն նրան նկարագրել անասունին ու տեղանքը, որտեղ այն գտնվում է:
1902 թվականի մայիսի 8-ին Մարտինիկում «արթնացավ» Պելե հրաբուխը: Մի քանի րոպեում այն ավերեց Սենտ Պիեռ նավահանգիստը՝ հրահեղուկ զանգվածի տակ թաղելով քաղաքի 30 հազար բնակիչներին: Բացառությամբ մեկի՝ Սիլվարեսի, որն այդ քաղաքի միակ բանտարկյալն էր: Նրան փրկեցին խցի ամուր պատերը՝ սարքված հատկապես այն նպատակով, որ նա չկարողանա փախչել։
Ինձ հատորներ պետք կգային, որպեսզի նկարագրեի Մեքսիկայի անհավատալի իրականությունը: Ես այստեղ եմ ապրում ահա քսան տարի եւ մինչեւ այժմ էլ շատ ժամեր եմ անցկացնում՝ հետեւելով ցատկող բակլաների թաղարին: Ինձ ասացին, որ բակլաների այդօրինակ շարժունակությունը պայմանավորված է այն բանով, որ դրանց մեջ կենդանի թրթուրներ են տեղավորվել: Այդ բացատրությունն ինձ բավարար չի թվում: Հրաշքն այն չէ, որ բակլաները շարժվում են, որովհետեւ նրանցում թրթուրներ կան, հրաշքն այն է, որ թրթուրները բնակվում են բակլաների մեջ, եւ որ բակլաները կարողանում են թռչել։
Աներեւակայելի իրականությունն առավելագույն թափ է ձեռք բերում Կարիբյան կղզիներում։ Այստեղ պարզունակ առասպելներին ու կախարդական հավատալիքներին խառնվել է մշակութային մի քանի շերտանստվածք, եւ այդ ամենը կազմել է մոգական միասնություն, որի գեղարվեստական բեղունությունն ուղղակի անսպառ է։
Անսահման ազատության, անաստված և անօրեն իրականության զգացում է կոփվել աշխարհների այս խաչմերուկում, որտեղ յուրաքանչյուրն ու ամեն ոք ենթադրել է, որ կարող է անել սրտի ուզածը. գողերը հանկարծ սկսում էին մտածել, որ իրենք արքաներ են, աքսորականներն իրենց ծովակալի տեղ էին դնում, կուրտիզանուհիները` նահանգապետի
կնոջ: Եվ՝ ընդհակառակը:
Ես ծնվել ու մեծացել եմ Կարիբյան ծովափին։ Ես գիտեմ այդ աշխարհը, նրա ամեն մի երկիրը, ամեն կղզին, եւ ահա թե ինչն է ինձ հուսախաբ անում. ո՛չ ինձ հետ է պատահել մի բան, որ իրականությունից ավելի սարսափելի լիներ, ո՛չ էլ ես եմ կարողացել այդ բանը հորինել: Առավելագույնը, ինչի ես ընդունակ եմ՝ փոփոխել իրականությունը բանաստեղծական միջոցներով։ Այսուհանդերձ, իմ գրքերից եւ ոչ մեկում չկա եւ ոչ մի տող, որը չհաստատվեր փաստերով:
Իրականությունը փոխելու իմ այդպիսի փորձերից մեկը գոճու պոչիկն էր, որն այդքան անհանգստություն պատճառեց Բուենդիա ընտանիքի անդամներին՝ «Հարյուր տարվա մենություն» վեպում: Ես կարող էի ինչ ասես հորինել, բայց ինձ թվաց, որ եթե ես նորածնին օժտեմ գոճու պոչիկով, ապա դա նվազագույն չափով կհամընկնի իրականությանը: Բայց եւ այնպես, հենց որ վեպը հռչակ ձեռք բերեց, երկու Ամերիկաների տարբեր մասերում սկսեցին հայտնվել պոչիկ ունեցողների խոստովանությունները: Մի երիտասարդ այդ մասին հայտարարեց թերթի միջոցով: Այս առթիվ նրա պարզաբանությունը նույնիսկ էլ ավելի զարմանալի էր, քան պոչիկը՝ ինքը։ Նա պոչիկով էր ծնվել, բայց երբեք եւ ոչ մեկին չէր ցուցադրել այն, քանի դեռ չէր կարդացել «Հարյուր տարվա մենությունը»։ «Ես չէի ուզում այդ մասին ոչ մեկին պատմել, քանի որ ամաչում էի,- ասել է նա։- Բայց հիմա, կարդալով վեպը ու լսելով նրանց, ովքեր նույնպես այն կարդացել են, հասկացա, որ դա բացարձակապես բնական բան է»։ Դրանից շատ չանցած, մի ընթերցող ինձ ուղարկեց թերթի կտրածո, որտեղ խոսվում էր սեուլցի մի աղջկա մասին։ Նա էլ էր պոչիկով ծնվել, բայց հակառակ իմ ենթադրություններին, աղջկա պոչիկը կտրել էին, եւ նա կենդանի էր մնացել։
«Նահապետի աշունը» գրելու նախապատրաստությունն ամենաբարդն էր իմ գրողական կենսափորձում։ Համարյա տասը տարի ես կարդում էի այն ամենը, ինչը կարողանում էի գտնել լատինամերիկյան դիկտատորների եւ հատկապես նրանց մասին, ովքեր բռնատիրում էին Կարիբյան ավազանում, որպեսզի գիրքը… որքան կարելի է քիչ հիշեցներ կյանքը: Բայց ամեն քայլափոխի հիասթափություն էի ապրում։ Վենեսուելական բռնապետ Խուան Վիսենտե Գոմեսի կանխազգացումները գերազանցում էին ցանկացած մարգարեական ձիրք, իսկ Հաիթիի բռնապետ դոկտոր Դյուվալյեն երկրից վտարեց բոլոր սեւ շներին, որովհետեւ նրա թշնամիներից մեկը, ջանալով փրկվել, թողել էր մարդկային կերպարանքն ու սեւ շան մարմին սողոսկել: Դոկտոր Ֆրանսիան, որի հեղինակությունը չափազանց մեծ էր որպես մտածող, փակեց Պարագվայի Հանրապետությունը, ասես դա իր սեփական տունը լիներ` բաց թողնելով միայն մի օդանցք, որի միջով փոխանցում էին փոստը: Մեր Անտոնիո Լոպես դե Սանտանան թաղեց իր սեփական ոտքը՝ հուղարկավորությունը զուգակցելով ճոխ հոգեհացով։ Լոպե Ագիրեի կտրված ձեռքն արձակեցին գետն ի վար, եւ յուրաքանչյուր ոք, ով տեսնում էր այն, ահից դողում էր՝ վախենալով, որ սարսափելի ձեռքը դեռ ի վիճակի լինի դանակ թափ տալ: Անաստասիո Սոմոսա Գարսիայի կալվածքում գազանանոց կար, որի վանդակները թեթեւ ճաղերով երկու մասի էին բաժանված՝ մի կեսում վայրի գազանն էր, մյուսում` Սոմոսայի քաղաքական հակառակորդը: Մաքսիմիլիան էռնանդո Մարտինեսը` սալվադորյան աստվածաբան-բռնակալը, հրամայեց փողոցի բոլոր լապտերներին թղթե թասակ հագցնել, որպեսզի հաղթահարի կարմրուկի համաճարակը։ Մորասանի արձանը, որը դեռ կանգուն է Տեգուսիգալպեում, իրականում մարշալ Նեյի արձանն է: Երբ պաշտոնական անձինք Լոնդոն էին ժամանել անհրաժեշտ քանդակը պատվիրելու, հանգել էին այն եզրակացությանը, որ ավելի էժան կնստի գնել արդեն պատրաստի ու պահեստ խցկած մի արձան, քան թե ծախս անել իսկական Մորասանի համար։
Կարճ ասած, մենք՝ Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի գրողներս, պետք է ձեռքներս սրտներիս դրած խոստովանենք, որ իրականությունը շատ ավելի լավ գրող է։ Մեր ճակատագրի, եւ երեւի նաեւ մեր փառքի գաղտնիքն այն է, որ փորձում ենք խոնարհությամբ, մեր բոլոր ընդունակությունները ներդնելով նմանօրինակել իրականությունը։
ԳԱԲՐԻԵԼ Գարսիա Մարկես
թարգմանիչ՝ ՎԱՀՐԱՄ Մարտիրոսյան