Սեղմիր
ՌԵՎՅՈւ, ՌԵՑԵՆԶԻԱ

Դեբյուտ երևանյան բեմում ռեժիսորական աշխատանք ներկայացնելու առումով, եթե հաշվի չառնենք Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում վերջինիս դիպլոմային աշխատանքը: Ինգա Շահբազյանը «Արմ Մոնո Պլյուս» թատերական փառատոնի շրջանակում Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» ստեղծագործության հիման վրա ներկայացրեց «Էլջերնոն - Գորդոնի էֆեկտը» բեմավորումը՝ ՀԹԳՄ դահլիճում: Առաջին քայլերն անող երիտասարդ ռեժիսորի համար հաճելիորեն զարմացնող ձեռքբերումներով և փորձի պակասով պայմանավորված վրիպումներով ներկայացում, որը հիմնավոր հույս է տալիս՝ Նարինե Գրիգորյանի, Վահան Բադալյանի, Հռիփսիմե Շահինյանի, Սուրեն Շահվերդյանի, Լուսինե Երնջակյանի, Գրիգոր Խաչատրյանի, Լիկա Էլբակյանի, Լյուդվիգ Հարությունյանի, Զարուհի Անտոնյանի ռեժիսորական արդեն իսկ միջին սերնդից հետո երիտասարդ օժտված ստեղծաործողների համայնք է ձևավորվում հայ թատրոնում:

Ավելորդ ու անտեղի մեծամտություն չսադրելու համար այդ երիտասարդ ռեժիսորների անունները մեկ առ մեկ չենք նշի և կարձանագրենք, որ այս մոնո ներկայացման դերակատարը շնորհալի դերասանական գերդաստանի շառավղից սերող Արման Մաթևոսյանն էր: Ռեժիսորի հետ միասին նրանք գտել էին մտավոր խնդիրներ ունեցողի աուտենտիկ անկեղծությունն ու դա ձևաստեծող վերջինիս հակազդեցությունները ներկայացնելու խաղային վճիռը. զարմացական հայացք, նյարդային անկանոն պրկում ցուցադրող մատների ժեստեր, խոսքի իմպուլսիվ ոգևորվածություն: Ուղղակի ներկայացման առնվազն մեկ երրորդում կերպարի խոսքում երբեմն - երբեմն դուրս էր սպրդում խիստ հայկական տոնայնության հնչողությունը: Այն դեպքում, երբ բեմից վկայաբերվում են տիպիկ եվրոպական, ասենք օրինակ՝ Շտրաուս ազգանունը բժշկի: Սա տարիների փորձառության պակասից եկող առավելապաշտական խնդիր է, որը թույլ չի տալիս ավեի պրակտիկ լինել և դերասանի կողմից կերպարի խոսքի ներքին - ազգային շերտերի արտահայտչական արգելքը չհաղթահարելու դեպքում, գրական հենքի տեղայնացման կամ էլ էթնիկ չեզոքացման գնալ:

Տեքստից մաքրել եվրոպականությունը ցուցադրաբար մատնող բառ - նշանները, որպեսզի դերասանդ տեղ - տեղ գերխաղային գայթակղությունների հետ սիլի բիլի չանի, մանկամտության նմանող միամտությունն էլ երբեմնակի տոնածառային մանկական ներկայացման կերպարի խաղեղանակային մատույցներին չհասցնի: Այդուհանդերձ, Ինգա Շահբազյանն ու Արման Մաթևոսյանը միով բանիվ հաջողացրել էին վիրահատությունից հետո միջին վիճակագրականից էլ բարձր ինտելեկտ ձեռք բերած անձի սոցիալական դրաման ընդունելի էմոցիոնալ խորության և թափի համակցումով հրամցնել: Առանց անհարկի այլևայլությունների ընկալելի և դրանով իսկ հետևողի համար ապրումակցային դարձնել իր նման մարդկանց հանդեպ միջավայրի արգահատելի պահվածքի գիտակցումը: Սենտիմենտալ թող չհնչի, բայց սա՝ մեծամասնությունից տարբերվողի նկատմամաբ մարդկության ցուցաբերած վերաբերմունքն է երկրի քաղաքակրթական իրական նկարագիրը երևակողը:

Ինչևէ, բեմադրական աշխատանքում գնահատելի է նաև ռեժիսորի կողմից ցուցաբերած բեմի կառուցվածքային - ձևաբանական օրինաչափությունների կամ ինտուտիվ զգացողությունը կամ էլ՝ գիտակցական իմացությունը: Մանրամասնենք: Ետնաբեմի աշխատանքային ձախ անկյունում խորանարդի գրեթե վերացական գծապատկեր էր ստեղծել՝ 3D նկարչության սկզբունքով: Դա բեմի ոչ ծանր հատվածն է և այնտեղ դատարկավուն, այսինքն՝ ինչ - որ տեղ նաև թեթև տարածական մոդել ստանալը վիզուալ համոզչականության էֆեկտ է հարուցում: Դա էլ իր հերթին նպաստում է նշանային առաքելություն ունեցող այդ միկրոտարածքի գաղափարահուզական ֆունկցիոնալությունը զարգացնելուն՝ այն նույնիսկ մետաֆորային տարանշանակության սահմանագծին հասցնելով:

Իբրև մտքի սրության դեֆիցիտի հետ պայքարողի ինտելեկտից թափուր, այն է՝ դատարկությունը ձևային հիմք դարձնող ապաստարան - կացարան է ընկալվում այդ խորանարդը: Միևնույն ժամանակ նաև որպես քաղքենի և տգետ միջավայրը գոյավորող հասարակության քառակուսի մտածողությունը (թերևս՝ ձևային բովանդակություն) ակնարկում: Այս տարիքում տարածական լուծումով նմանօրինակ գաղափարձևումներին մերձենալն, ինչ խոսք, տվյալ ստեղծագործողի մասնագիտական ապագայի համատեքստում ակնկալիքներ ծնող է: Մնում է բավարար չափով հետևողականություն և ստեղծագործական տեսիլք - երազանքի ետևից մինև վերջ գնալու կամք և վճռականություն:

Հ.Գ. Մեկ դիտարկում ևս. 21-րդ դարի առաջին քառորդի սահմանագծին բեմադրություն անելիս, հաշվի առնելով կենսառիթմերի գերարագությունը, պետք նկատի ունենաս նաև այն հանգամանքը, որ դրա հետ ուղիղ համեմատական է բեմական ժամանակի կենսունակության կրճատումը: Առավելևս մոնոներկայացման ձևաչափում դա շատ ավելի ընդգծված է արտահայտվում և ճնշող մեծամասնության դեպքերում առավելագույնը 40-45 րոպե ժամանակաչափն է, որ կարողանում է չձանձրացնել հանդիսատեսին: Եթե իհարկե որպես դերասանական հումք ձեռքի տակ չունես Սերգեյ Դանիելյանի, Ջեմմա Ադամյանի, Դավիթ Հակոբյանի, Տաթև Թարյանի, Իշխան Ղարիբյանի, Ջուլիետ Ստեփանյանի, Մուրադ Ջանիբեկյանի, Լուսինե Կոստանյանի, Գագիկ Մադոյանի, Նարինե Գրիգորյանի, Արման Նավասարդյանի, Տաթև Ղազարյանի պես դերակատարներ: Ուրեմն սեփական արժեքավոր գործը չխամրեցնելու նկատառումով կարելի է ինչ - ինչ  խմբագրումների գնալ՝ հասկանալով, որ նման հարցերում է արվեստը զոհողություններ պահանջում:

ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյան

226 հոգի