Սեղմիր
ԲԱՌԱՐԱՆ
ԿԱԹԱՐՍԻՍ

հուն. - catharsis (catharos - մաքուր)

ֆրանս. - catharsis

հայ. - կաթարսիս, (մաքրագործում, քավություն)

ռուս. - катарсис - очищение

անգլ. - catharsis

գերմ. - katharsis

իսպ. - catársis.

Հանդիսատեսի հուզամտածական համակարգում կրքերի մաքրագործման հանգեցնող ոբերգության նպատակներից և հետևանքներից մեկը, որը լինում տառապող հերոսի հետ՝ այդ հետևողի ապրումակցման-նույնականացման ընթացքում: Ողբերգականի ուժը այդ մաքրագործման հնարավորության ընձեռման մեջ էր տեսնում նա: Հին հույների ըմբռնումով՝ կաթարսիսը մարմնի զերծումն է վնասակար նյութերից և հոգու զերծումը՝ հոռի կրքերից: Հասկացությունը բարոյագիտական և գեղագիտական նշանակություն է ստացել Արիստոտելի աշխատություններում և հատկապես՝ նրա ‹‹Պոետիկայի›› մեջ: Մարդկության պատմության ընթացքում թատերագիտության առաջին հիմնորոշ այդ աշխատության հեղինակը, կարծում էր, որ արվեստի ամեն տեսակին հատուկ է իրեն բնորոշ էսթետիկական զգացողությունն ու ապրումը հարուցել ընկալողի և ըմբռնողի ներաշխարհում:

Նա համարում էր՝ ողբերգությունը կարևոր և ավարտուն, որոշակի ծավալ ունեցող գործողության վերարտադրումն է խոսքի օգնությամբ, որի մասերից ամեն մեկը երանգավորված է յուրովի. վերարտադրումը ոչ թե պատմելով, այլ գործողությամբ, որը մաքրագործում է այդ և համանման կրքերը կարեկցանքի և երկյուղի միջոցով: Ընդ որում նա կարծում էր, որ մարդիկ վախենում են միայն հավանական չարիքնեից, այսինքն կարեկցանք զգում մարդկանց նկատմամբ այն ժամանակ, երբ նրանց հետ պատահում է այն ամենը, ինչից վախենում ենք մենք մեզ համար:

Արիստոտելի այս և այն միտքը, որ երկյուղը ծնում է կարեկցություն, ենթարկվել է փիլիսոփայական, կրոնական, բարոյագիտական, հոգեբանական, բժշկական, գեղագիտական ամենատարբեր մեկնությունների, որոնք կրում են դրանց ծնունդ տված ժամանակաշրջանի, հեղինակների մասնագիտության, աշխարհհայացքի և գեղագիտական համոզմունքների կնիքը (Մաջ, Կոռնել, Գյոթե, Քելլեր, Բերնայս, Նովսադսկի, Վիգոտսկի):

Պլատոնը կաթարսիսը չէր կապում արվեստի հետ՝ այն համարելով հոգու մաքրագործմամբ գաղափարների գեղեցկությունը ձևախեղող միջամտություններից զերծ պահող միջոց:

Պյութագորասի հետ կապված կար լեգենդ, որ նրան հաջողվել է երաժշտության միջոցով հասնել մարդկանց ոչ միայն հոգու, այլև մարմնական տկարությունները դարմանել: Եվ պյութագորականները մշակել են տեսություն, համաձայն որի՝ հատուկ ընտրված երաժշտության միջոցով հոգին մաքրազերծվում է այնպիսի վնասակար կրքերից, ինչպիսիք են զայրույթը, խանդը, վախը, տենչանքը: Երաժշտության վրա էր տարածում կաթարսիսի ընդգրկումը (փրուգիական, այլ ոչ թե դորիական լադի մասնակցությամբ) նաև Արիստոտելը՝ նկատի ունենալով կրոնական երգեցողության ամոքիչ հատկությունը: Հետագայում մեղեդային կաթարսիսի այս թեզի իռացիոնալ մեթոդաբանության մոդելն է առաջադրում հունական արվեստը դիոնիսոսյան և ապոլոնյան տարբաժման ենթարկող Ֆ.Նիցշեն: Նա հավաստում է, որ ողբերգության երաժշտության ոգուց ծնված կաթարսիսային ազդեցությունը կոչված է վակխանալիկ, զվարճացնող էքստազի ազդեցության տակ գտնվողին այնտեղից դուրս բերելուն:

Հայ և բյուզանդական մեկնիչները (‹‹Գիրք պիտոյից››, Դիոնիսոս Թրակացու ‹‹Քերականության›› մեկնություններ) դրան տվել են կրոնաբարոյախոսական բնույթ:

Վերածննդի գեղագիտության մեջ տեղ էին գտնում կաթարսիսի թե՛ էթիկական, թե՛ հեդոնիստական ընկալումները:

Կլասիցիզմի տեսաբանների պարագայում գերակշռում էր ռացիոնալիստական մոտեցումը: Կոռնեյլը համարում էր, որ ողբերգությունը ցույց տալով, թե կրքերն ինչպես են մարդկանց հանգեցնում դժբախտության, ստիպում են մարդկանց բանականությանը ձգտել զսպվածության: Ողբերգության հարուցած ապրումակցման զգացողությունները մեզ սովորեցնում են կառավարել մեր կրքերը, որպեսզի խուսափենք բարոյական կոնֆլիկտներից: Այսինքն գլխավորը, որ տեսնում էր նա արիստոտելյան կատարսիսում, դա՝ կրքերի սանձելը, նույնիսկ՝ արմատախիլ անելն էր: Կոռնեյլը նույնիսկ Արիստոտելի սահմանած այդ ‹‹կատեգորիան›› խմբագրել - ուղղելու փորձ է կատարել՝ ցուցաբերելով կատեգորիկ դատողություններ: Նա չէր ընկալում, թե ինչպես կարող ողբերգությունը միաժամանակ հարուցել երկու զգացմունքներ: Կարծում էր, որ կարեկցանքը վերաբերվում է նրանց, ում դժբախտությունը մենք տեսնում ենք, իսկ վախն արդեն՝ մեզ: Ուրիշին տեսնլով խղճալի վիճակում դա պրոեկտում ենք մեզ վրա և վախը այդ դրությունում հայտնվելու մեզ դրդում է կրքերից մաքրագործման:

Լուսավորականության ներկայացուցիչներից Լեսինգը հակված էր կաթարսիսը ձերբազատել կլասիցիստական նեղ բարոյագիտական մեկնության կապանքներից: Կարծում էր, որ ողբերգական կատարսիսի հարուցած կրքերը փոխկապակցված են և համոզմունք էր հայտնում, թե որտեղ չկա վախն այդ, այնտեղ տեղ չի կարող տեղ ունենալ կարեկցանքը: Նա կաթարսիսն այնպիսի կրքերի հարուցման հետ էր կապում, որոնք հանգեցնում են անձի սոցիալական ակտիվացմանը:

Դասյեն համարում էր, որ վախի ու կարեկցանքի միջոցով մաքրվում են մարդկային բոլոր կրքերը, նույնիսկ այդ վախի ու կարեկցանքի աֆեկտները:

Գյոթթեն կաթարսիսն ընկալում էր որպես արվեստի օգնությամբ մարդու հոգևոր աշխարհի փլուզված ներդաշնակության վերականգման գործընթաց:

Հեգելը կողմնակից էր կաթարսիսն ընկալել ողբերգության միջոցով հանդիսականին ազնվացնելու, վեհացնելու դիտանկյունից:

Ֆրոյդը մոտավորապես նույնն էր կարծում՝ կաթարսիսը հոգեթերապիայի  մեթոդներից մեկը համարելով:

Յա.Բերնայսի կողմից կաթարսիսի մեկնությունն է հետագայում հետազոտողների եզրակացությունների համար ելակետային դարձել, որի համաձայն Արիստոտելը նկատի է ունեցել ողբերգության ոչ թե բարոյական, այլ հոգեբանական ներգործություն. ողբերգությունը հանդիսատեսի մեջ ուժեղացնում է կարեկցանքի ու երկյուղի զգացումները և դրանով իսկ լիցքաթափում, թեթևություն է բերում նրա հոգուն:

Լ. Վիգոտսկու տեսակետը կաթարսիսի ազդեցության մասին այդ օրինակներից մեկն է, որը Խորհրդային Միության գեղագիտության մեջ այս հարցի հոգեֆիզիոլոգիական ընկալումների հիմքն է դրել: Նրա կարծիքով արվեստի գործն, ազդելով մարդու վրա, նրանում ‹‹հակադիր ուղղությունների աֆեկտներ›› է հարուցում, որոնք հանգեցնում են պայթյունի և այդ կերպ նյարդային էներգիայի լիցքաթափման: Աֆեկտների այս լիցքաթափող ինքնայրման մեջ է տեսնում Վիգոտսկին էսթետիկական հակազդեցության կաթարսիսային բնույթը: Վիգոտսկին նաև հերքել է կաթարսիսի հոգեկան գործընթացի հետ կապված այն թյուր ըմբռնումը, թե ապրումակցումը զուտ ինտուիտիվ՝ անբացատրելի պրոցես է, որը կատարվում է գիտակցությանը զուգահեռ: Նա հակադարձում է, նշելով, որ պահանջմունքի հիմքում ընկած էմպաթիայի գործընթացի հիմքում երևակայությունն է: Ավելին նա կարծում էր, որ կաթարսիսը մարդու սոցիալական փորձը գումարում է ստեղծագործական փորձին՝ սոցիալական պահանջմունքի ձևավորման շնորհիվ:

Ողբերգության կաթարսիսային ազդեցության մասին յուրօրինակ պատկերացում է ձևավորում Գրիգոր Նարեկացու ‹‹Մատյան ողբերգության›› պոեմի ընթերցումը, որն այաձևն է տիեզերական ներդաշնակության կամ աններդաշնակության միստիկ - տրանսային վերապրումի: Մարդկային տառապանքի, ինքնազննումի և ինքնախարազանման այդ ազդեցիկ երկն ընթերցողին համակում է երկյուղով ու կարեկցանքով, որոնք և մաքրագործում են նրան ու թեթևություն բերում հոգուն, ինչպես ըստ արիստոտելի՝ մաքրագործող ամոքող ազդեցություն էր ունենում անձանց վրա կրոնաան երգեցոությունը: Ողբերգությունից բացի համանման ազդեցություն է գործում հանդիսատեսի վրա նաև դրամայի և նույնիսկ կատակերգության հերոսի ճշմարիտ տառապանքը՝ պաթոսը, որ հին հունարենում կրում էր և՛ հոգեկան բուռն վերելքի, և տառապանքի իմաստ: Այդ տառապանքը սովորաբար հաջորդում է ճանաչմանը և կատաստրոֆային՝ իբրև դրանց անմիջական հետևանք: Այստեղ վճռորոշ դերակատարում ունի կոմիզմի տեսության մեջ տեղ գտած հոգեկան գործընթացներից փոխհատուցման թեզը: Այն իր արձագանքն ստացել նաև կատարսիսի գիտական մեկնաբանման հարցում՝ ձևավորելով արվեստի կաթարսիսա - փոխհատուցողական գործառույթի երեք հիմնական ասպեկտներ:

1. հեդոնիստական  խաղային, զվարճալի

2. փոխհատուցողական

3. կաթարսիսային.

Լայն առումով Արիստոտելի կռահումը վերաբերում է ողբերգական շեշտեր ունեցող ամեն մի գեղարվեստական երկի՝ անգամ պարարվեստին ու նկարչությանը: Օրինակ՝ գործողությունների կաթարսիսային հանգուցալուծում է Ն.Կոնրադը նկատել Աստվածների Ուձումի հին ճապոնական պարի մեջ:

Օգտագործված գրականություն

1. Արիստոտել, Պոետիկա, Երևան - 1955թ.

2. Լ. Հախվերդյան. Թատերագիտական բառարան, Երևան – 1986թ.

3. ԱրիստոտելՊոետիկա, Երևան - 2025թ.

4. Ռոմանոս Սահակյան., Գեղագիտություն, Երևան - 2008

5. Յու.Բորև., Գեղագիտություն, Երևան - 1982

6. Театральная Энциклопедия, Том-2, Москва - 1963г

7. Эстетика. Словарь, под.общ. ред. А.А. Беляева, Л.И.Новиковой, В.И. Толстых, Москва -1989

8. Древнегреческая литературная критика, отв. ред. Л.А.Фрейберг, Москва - 1975

9. В. П. Шестаков., Очерки по истории эстетики / От Сократа до Гегеля, Москва - 1979

10. М.Ф. Овсянников., История эстетической мыссли, Москва – 1978

11. П.Пави, Словарь театра, Москва - 1991г.

12. Л. Выготский., Психология искусства, Москва – 1968

13. Т. Шибутани., Социальная психология, Москва - 1964, բերված է՝ Ռոմանոս Սահակյան., Գեղագիտություն, Երևան - 2008-ից

14. Искусство японии., Москва - 1965, բերված է՝ Ռոմանոս Սահակյան., Գեղագիտություն, Երևան - 2008-ից

15. Аристотель., Риторика, спб 1894, բերված է՝ Ռոմանոս Սահակյան., Գեղագիտություն, Երևան – 2008-ից

16. Денеш Золтаи., Этос и Аффект, Москва - 1977

17. Античная литература, под. Ред. А. А. Тахо - Гади, Москва – 1986г.

համահավաքող՝  ԳԱՅԱՆԵ Թովմասյան

խմբագրելի

23.11.2024  01:56

642 հոգի