Սեղմիր
ԲԱՌԱՐԱՆ
ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ

անգլ. - conventional theatre

ֆրանս. - théâtre de la convention

գերմ. - bedingt Theater

ռուս.условный театр

հայ. - պայմանական թատրոն

Թատերական արվեստի գեղարվեստական ​​ուղղություն, դրամատուրգից, դերասանից և ռեժիսորից հետո որի չորրորդ համաստեղծագործողը հանդիսատեսն էր: Առաջացել է 19-րդ և 20-րդ դարերի սահմաններում` ի հակադրություն ռեալիստական, հատկապես նատուրալիստական ​​թատրոնին։

Պայմանական թատրոնը ստեղծում է այնպիսի բեմականացում, որտեղ հանդիսատեսը պետք է օգտագործի իր երևակայությունը՝ ստեղծագործաբար ավարտին հասցնելու տեսարանից ստացված ակնարկները։ Հանդիսատեսը ոչ մի րոպե չի մոռանում, որ իր առջև խաղում է դերասանը, իսկ դերասանը՝ որ դիմացը դահլիճ է, ոտքերի տակ՝ բեմ, շուրջը՝ դեկորացիաներ։ Այս թատրոնի սկզբունքները 1920-ականներին մեծ տեղ են գրավել սովետական թատերարվեստում՝ Վ.Մեյրեհոլդի գլխավորությամբ, ում կարծիքով պայմանական մեթոդը թատրոնում դրամատուրգից, ռեժիսորից և դերասանից հետո ենթադրում է չորրորդ ստեղծագործողին, որը հանդիսատեսն է: ​​

Պայմանական թատրոնի հիմքում ընկած է այն գաղափարը, որ թատերական արվեստն իր էությամբ պայմանական է: «Պայմանական թատրոն» հասկացությունը կարող է պարադոքսալ թվալ, քանի որ ցանկացած ներկայացման մեջ առկա է որոշակի պայմանականություն։ Անգամ ռեալիստական ​​ներկայացման դեպքում հանդիսատեսը գիտակցում է, որ այն, ինչ կատարվում է բեմում, իրականություն չէ։ Ռեժիսորի և հանդիսատեսի միջև կա  չգրված համաձայնություն խաղի կանոնների վերաբերյալ, ինչը թույլ է տալիս հանդիսատեսին կարեկցել կերպարներին՝ չնայած տեղի ունեցողի պայմանականությանը։ Այս պայմանականությունը դրսևորվում է թատրոնի տարբեր ձևերով՝ սկսած անտիկից՝ իր դիմակներով և կոստյումներով, մինչև արևելյան ծիսական թատրոն։  Սակայն հենց 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, ռեժիսորի մասնագիտության ի հայտ գալով, թատերական հայեցակարգի հարցերը ձեռք բերեցին առանձնահատուկ նշանակություն։

Պայմանական թատրոնի գաղափարադրույթի ձևավորումը կապված է սիմվոլիստական թատրոնի փիլիսոայության հետ: Գ.Շպետը համարում էր, որ յուրաքանչյուր թատերական գործողություն ինքնին պայմանական, սիմվոլիկ է: Սիմվոլիզմը որպես գեղագիտական ​​շարժում, որը ի հայտ էր եկել 19-րդ դարի վերջում, նշանավորվեց արմատական փոփոխություններով՝ եվրոպական մշակույթի մեջ։ Ձգտելով ընդհանրացման՝ սիմվոլիստներն ընդգծել են ձևի ենթատեքստն ու պայմանականությունը՝ դրանք հակադրելով նախորդ դարաշրջանի ռացիոնալիստական ​​ռեալիզմին։ Նրանց հայեցակարգում առանցքային դեր է խաղացել խորհրդանիշը` բազմիմաստ, պոետիկորեն անորոշ պատկեր, որը գոյության  առեղծվածները հասկանալու համար ճանապարհ է բացում: Այս գաղափարները զգալի ազդեցություն ունեցան դրամայի զարգացման վրա։

Բանաստեղծական պատկեր-նշանների վրա կենտրոնացած սիմվոլիզմի շրջանակներում սկսվեց պայմանական թատրոնի հայեցակարգի մշակումը։ Այս ուղղության մեջ կարևոր ներդրում են ունեցել դրամատուրգներ և ռեժիսորներ Մորիս Մետերլինկը, Հենրիկ Իբսենը, Ավգուստ Ստրինդբերգը, Ադոլֆ Ապիան, Մաքս Ռայնհարդը և Գորդոն Քրեյգը, Լ.Անդրեևը, Մետերլինկն ու Իբսենը, որոնց պիեսները ուրույն մանիֆեստ դարձան նոր թատրոնի համար, հրաժարվեցին ավանդական սյուժեից և հոգեբանական ռեալիզմից՝ հօգուտ ստատիկի, մթնոլորտայինի և պայմանականի։ Նրանց աշխատանքներում առաջին պլան են մղվել մահվան, քնի, լռության թեմաները, ինչպես նաև փիլիսոփայական մտորումները մարդու և աշխարհում նրա տեղի մասին:

Հետագայում թատերական պայմանականության հարցերը օրինչափորեն առաջանում էին տարբեր գեղագիտական ​​շարժումների շրջանակներում՝ հիմնականում ավանգարդիստական՝ ֆուտուրիզմի (ԿՄալևիչ.«Հաղթանակ արևի նկատմամբ», ֆունկցիոնալիզմի (Բաուհաուզի մեխանիկական թատրոն - Օ.Շլեմեր, Կ.Շմիդտ, Ֆ.Բոգլեր, Գ.Տելտշեր, Վ.Գրոպիուս և այլք), աբսուրդիզմի (Ս.Բեքեթ, Է.Իոնեսկո, Հ..Փիթեր և այլն)։  Այս արվեստագետների համար թերևս պայմանականության մասին հարցերը դիտարկվում էին միայն գեղագիտական ​​հատուկ ուղղությունների շրջանակներում։ Համաշխարհային պրակտիկայում միայն մեկ ռեժիսոր՝ Վ. Է. Մեյերհոլդն է մշակել պայմանական թատրոնի հայեցակարգը գլոբալ առումով որպես համակարգ՝ և՛ տեսականորեն, և՛ գործնականում. բոլոր ժանրերում և ոճական ուղղություններով, որոնցում նա աշխատել է։ Այսօր էլ «պայմանական թատրոն» տերմինը մշակութային գիտակցության մեջ ասոցացվում է առաջին հերթին Մեյերհոլդի անվան հետ։

Պայմանական թատրոնի գաղափարի ձևավորմանը Մետերլինկի դրամատուրիայից և եագիտությունից բացի նպաստել են նաև Գ.Ֆուկսի «Ապագայի բեմը», «Թատրոնի հեղափոխությունը» գրքերը և Վ.Բրյուսովի «Անպիտան ճշմարտությունը», «Ապագայի թատրոնը» և «Ռեալիզմն ու պայմնականությունը բեմում» տեսական աշխատությունները: Մեյերհոլդի համար պայմանական թատրոնի զարգացման խթան հանդիսացավ անհամաձայնությունը ռեալիստական ​​շարժման առաջատար ներկայացուցիչ Կոնստանտին Ստանիսլավսկու հետ։ Մեյերհոլդը քննադատել է բեմական ռեալիզմի մեթոդը, որին ծանոթացել է Մոսկվայի գեղարվեստական ​​թատրոնում աշխատելու ընթացքում։ Ստեղծագործական նոր մոտեցումներ փնտրելով՝ նա անցավ կոմեդի դել արտեի և ավանդական ճապոնական Նո և Կաբուկի թատրոնի ուսումնասիրությանը: Մեյերհոլդի հայեցակարգում ամենակարևոր բնութագիրը թատրոնի պայմանական բնույթն էր, իսկ դրա ընդգծման հիմնական մեթոդը պարզությունն էր։ Այն դրսևորվում էր դերասանական ուրույն խաղաոճով, ինչպես նաև  բեմի հարդարման նոր սկզբունքներով։ Դերասանի խաղի մեջ հիմնական արտահայտչամիջոցներն էին դեմք  - դիմակը, «սառեցված ժեստը» և դիրքային պաուզաները, այսպես կոչված ստոպ կադրերը։ Այս հայեցակարգում Մեյերհոլդը առանձնացրել է հետևյալ բաղադրիչները.

1. Մեծ  ընդհանրացում. այս բաղադրիչը հիմնված է այն բանի վրա, որ ոչ հանդիսատեսը, ոչ դերասանը չպետք է մոռանան, որ բեմում վերարտադրվում է թատերական գործողություն, այլ ոչ թե «կյանքի տարրի» մարմնավորվում։

2. Իմպրովիզացիան, որը դրսևորվում է դերասանի բեմում կերպարը ոչ թե պիեսում նախապես տրված չափանիշներով ստեղծելով, այլ «այստեղ և հիմա», այսինքն՝ ներկայացման ժամանակ իմպրովիզացիոն տարրեր ավելացնելով։

3. Դերասանը փոխանցում է ոչ թե կերպարը, այլ կերպարի նկատմամբ իր վերաբերմունքը։ Դերասանը պետք է բեմում կերպարը կերտի այնպես, որ կանխի նրա (կերպարի) երկակի մեկնաբանվելու հնարավորությունը հանդիսատեսի կողմից։

4. Նախախաղային տեխնիկա. Շարժումը ծնում է խոսք: Մինչ ռեպլիկը արտաբերելը դերասանը պլաստիկ շարժումներ է անում՝ ներկայացմանը դիտարժանություն հաղորդելու համար։ Մարմնի շարժումներն ու ժեստերը դերասանի գիտակցության մեջ պետք է առաջացնեն զգացմունքներ, որոնք կվերածվեն խոսքի:

5. Դերասանը պետք է լսի և տեսնի իրեն կողքից։ Դերասանը չպետք է ապրի իր դերը և զգացմունքներ, այլ պետք է դերը խաղա՝ վերահսկելով իր խոսքն ու գործողությունները։

6. Դերասանի սինթետիկ որակը պայմանավորվում է ձայնն ու առոգանությունը կառավարելու ունակությամբ, բեմում շարժվելու կարողությամբ և այլն։

7. Սոցիալական կերպարի դիմակի ստեղծումը հիմնված է կերպարի՝ որպես սոցիալական օբյեկտի գաղափարի վրա, այսինքն՝ երբ դերասանը խաղում է իր դերը, ցուցադրելով սոցիալական այս կամ այն խավին բնորոշ վերաբերմունք և համոզմունք։

8. Դերասանի գործողությունը կառուցվում է շղթայական՝ մտադրություն - իրականացում - արձագանք:

Պայմանական թատրոնի հիմնական գեղագիտական ​​միջոցը տեսողական պատկերն էր՝ արտահայտված դեկորացիաների, զգեստների, դիմահարդարման, դերասանի շարժումների և բեմական գործողությունների ռիթմի միջոցով։ Թատերական պայմանականությունը կենսականորեն հավաստի դարձնելու նպատակով Մեյերհոլդը մշակեց բիոմեխանիկայի համակարգ՝ վարժությունների մի շարք, որոնք նախապատրաստում են դերասանի մարմինը ստեղծագործական գործընթացին ակնթարթորեն ներգրավվելու համար (այդ շրջանի նրա բեմադրություններից է՝ Կրոմելինկի  «Մեծահոգի եջուրակիրը»)։

Բիոմեխանիկայի համակարգը հիմնված էր ռեֆլեքսոլոգիայի գաղափարների վրա (Վ.Մ. Բեխտերև և Ի.Պ. Պավլով), ինչպես նաև աշխատանքի օպտիմալացման սկզբունքների (Ֆ.Ու. Թեյլոր)։ Դերասանը, ըստ Մեյերհոլդի, պետք է վերահսկի իր գործողությունները, այլ ոչ թե ապրի դերը՝ իրեն զգալով  թատերական տեսարանի տարր։ Պայմանական թատրոնի հայեցակարգի համաձայն. թատրոնը կարող է գոյություն ունենալ նույնիսկ առանց բառերի, զգեստների և դեկորացիաների, եթե այն ունենա շարժման միջոցով մտքեր և զգացմունքներ արտահայտելու ունակ դերասան: Առանցքային էր նաև թատրոնի տեսողական կողմը։ Սիմվոլիստ արվեստագետներ Նիկոլայ Սապունովը և Սերգեյ Սուդեյկինը կարևոր դեր են խաղացել բեմադրական սկզբունքների ձևավորման գործում՝ ստեղծելով ոճավորված և պայմանական տարածություններ։ Սապունովը հրաժարվեց մանրամասն ռեալիստական ​​դեկորացիաներից՝ հօգուտ սովորական, ռիթմիկ կազմակերպված տարածքների։ Նրա բեմական կոմպոզիցիաները, որոնք աչքի էին ընկնում հարթ ֆորմաներով, զարդանախշությամբ և ընդհանրացված ձևերով, դիտողին տեղափոխում էին բանաստեղծական, «խորհրդանշական» աշխարհ։

Սուդեյկինը նույնպես զարգացրեց նմանատիպ գաղափարներ։ Նրա սցենոգրաֆիկ լուծումները, համադրելով մոդեռնիզմի, կուբիզմի և ֆուտուրիզմի տարրերը, ստեղծեցին առեղծվածային ու միստիկ կերպարանափոխության մթնոլորտ։

Այսպիսով, պայմանական թատրոնը դարձավ բեմական արվեստի նոր ձև, որտեղ առաջատար դեր էին խաղում սիմվոլիկան և ձևի պայմանականությունը։ Այս հայեցակարգը հակադրվում էր ավանդական ռեալիզմին ու նատուրալիզմին և արտահայտվում էր տարբեր գեղարվեստական ​​շարժումներում, հատկապես սիմվոլիզմում: Մեյերհոլդի ներդրումը պայմանական թատրոնի զարգացման գործում մնում է զգալի և պահպանում է իր ազդեցությունը թատերարվեստի վրա։ Օրինակ պայմանական թատրոնի մեթոդաբանության ազդեցության հհետքերը նկատելի են նաև ներկայումս բավական հայտնի «Սաունդ դրամայի» մորֆոլգիական շերտերում:

Գրականության ցանկ

1. Լ.Հախվերյան, Թատերագիտական բառարան, Երևան -1986

2. А.А.Колесникова,, «Условный театр» В. Мейерхольда до 1917 года: рождения и трансформация

3. А.Е.Лахно, «Условный театр» Леонида Андреева,

4. Мейерхольд говорит: о природе условного театра

5. Условный театр 

6. Мейерхольд говорит: о реализме и условности в театре

7. Театральная энциклопедия, том-3, Москва - 1964

8. Театральные термины и понятия / Материалы к словарю, Выпуск III, Санкт - Петербург -2015

Համահավաքող՝ ԱՆԻ Տեր - Հովհաննիսյան

խմբագրելի

28.11.2024   01:43

49 հոգի