Սեղմիր
ԾԱՎԱԼՈւՆ ՎԵՐԼՈւԾՈՒԹՅՈւՆ

27.11.2024  04:15

Ավարտվեց աշխատավորների գեղարվեստական ինքնագործ ստեղծագործության համամիութենական առաջին փառատոնի հանրապետական եզրափակիչ փուլը: Մայրաքաղաքի տարբեր դահլիճներում ելույթ-հաշվետվություններով հանդես եկան նախորդ փուլերում ուշադրության արժանացած կոլեկտիվներն ու անհատները:

Մեր խոսքն այս դեպքում վերաբերում է փառատոնի, այսպես ասած, թատերական վերջնագծին հասած ժողովրդական թատրոնների այն աշխատանքներին, որոնք ներկայացվել էին հանրապետական ժյուրիի ու հասարակայնության գնահատությանը՝ Ս. Մ. Կիրովի անվան «Նաիրիտ» արտադրական միավորման մշակույթի պալատում:

Ցավոք, հասարակայնության մասին այս դեպքում պայմանաբար պիտի խոսել. մայրաքաղաքի թատերասերներից շատ քչերը հնարավորություն ունեցան դիտել ներկայացումները, իսկ առանձին ժողթատրոնների «դահլիճը» տառացիորեն ժյուրիի չորս-հինգ անդամներն էին:

Սա ո՛չ կարելի է բացատրել, ո՛չ էլ հասկանալ: Չէ որ փառատոնը ենթադրում է համընդհանուր հետաքրքրություն, ուշադրություն, տոն: Իսկ թատրոն ասվածը, առհասարակ, կարելի է պատկերացնել միայն ու բացառապես իբրև հանդիսանք: Էլ չասած այն մասին, որ բեմի ամենահմուտ վարպետներն իսկ չեն կարողանում խաղալ դատարկ դահլիճի առաջ, ուր մնաց թե ինքնուսները... (Վերհիշենք թեկուզ նշանավոր արտիստուհիներից մեկի աղերսը նորին մեծություն կայսրին. «Տեր արքա, միայն Ձեր առջև դժվար է խաղալ: Հրամայեցեք դահլիճը լցնել թեկուզ մի վաշտ դրագուններով»):

Սա՝ ի միջի այլոց: Իսկ ինչպիսի՞ն էին ցուցադրված ներկայացումներն իրենց բնույթով ու որակով, ի՞նչ չափով էին դրանք համապատասխանում փառատոնի պահանջներին, մեր այսօրվա ակնկալումներին:

Ամենից առաջ ուզում ենք ընդգծել այն իրողությունը, որ մեզանում առաջին անգամ հնարավորություն ստեղծվեց միասնաբար դիտարկել թե՛ կուլտուրայի մինիստրությանը և թե՛ արհմիութենական կազմակերպություններին ենթակա բոլոր ինքնագործ թատերախմբերի ստեղծագործությունը։ Եզրափակիչ փուլին մասնակցեցին 12 պետական և 5 արհմիութենական մշակութային օջախների Ժողովրդական թատրոններ, ընդ որում մրցանակների արժանացան հա- մապատասխանաբար 5 և 3 թատերախմբեր:

Ուշագրավ մյուս փաստն այն է, որ ժողովրդական թատրոններից շատերը ցուցադրեցին ժամանակակից ինքնուրույն գործերի բեմադրություններ։ Ընդամին կրկին անգամ հաստատվեց, որ այդ թատերախմբերը մեծ մասամբ հաջողության են հասնում հենց այս դեպքում: Արդարև, կենդանի իրականությունը, մեր օրերի մարդկանց գործերին ու խոհերին, կենցաղին ու բարոյական ըմբռնումներին արձագանքող պիեսները առավել մոտ nւ մատչելի են ինքնուս դերասաններին, որոնցից շատերն իրենք էլ նույն այդ իրականության անմիջական կերտողներից են՝ արդյունաբերության ու գյուղատնտեսության տարբեր բնագավառների աշխատավորներ, ուսուցիչներ, բժիշկներ, ինժեներներ և այլք։

Փառատոնը միաժամանակ ցույց տվեց, որ ժողովրդական թատրոնների խաղացանկը վերջապես սկսում է մաքրվել «սկեսուր-կեսրարի», «սիրում է չի սիրում» և նմանօրինակ այլ պրոբլեմներից ու ժամանակի էական կողմերը շոշափող տարբեր ժանրի ու ոճի պիեսները գնալով ամրապնդում են իրենց դիրքերը, թեև տավալի վրիպումները տակավին քիչ չենք։

Չի կարելի չնշել նաև, որ ժողովրդական թատրոնների մեծ մասում այսօր հանդես են գալիս նոր շնորհալի մարդիկ, որոնց երիտասարդական եռանդն ու նվիրումը թարմություն է հաղորդում ներկայացումներին, թատերախմբերի ողջ գործունեությանը: Անշուշտ դրական դեր է խաղում գեղարվեստա-թատերական ինստիտուտի շրջանավարտ ռեժիսորների ու նկարիչների առկայությունը մի շարք թատերախմբերում:

Եվ վերջապես, ժողովրդական թատրոններից շատերում որոշ չափով բարձրացել է ռեժիսորական աշխատանքի և դերասանական խաղի կուլտուրան, թեև այս մարզում դեռ անելիքներ կան թերություններ ու բացեր:

***

Փառատոնի ոսկե մեդալը շնորհվեց Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատի ժողովրդական թատրոնի «Պեպո» ներկայացմանը:

Խոստովանենք, մի որոշ երկյուղով էինք սպասում հանրահայտ ու «չարչրկված» պիեսի այս ներկայացմանը։ Դասական երկի նորօրյա մեկնաբանությունն ու մարմնավորումը առհասարակ դյուրին չէ, առավել ևս՝ ինքնագործ թատրոնի ուժերով: Բայց ներկայացումը փարատեց մեր թերահավատությունը ու եղավ փառատոնի հաճելի անակնկալներից մեկը:

Ժողովրդական թատրոնի գեղարվեստական ղեկավար, հանրապետության վաստակավոր արտիստ Գրիգոր Սիմոնյանի շնորհակալ ջանքը լավ արդյունքով է պսակվել. ներկայացումը դիտողին համակում է պիեսի հերոսական պաթոսով, բայց դրա հետ մեկտեղ, ինչ-որ մարդկային ինտիմ հնչողություն ունի, մի տեսակ սրտամոտ ու հարազատ:

Սա ամենից առաջ դերակատար՝ քարհատ բանվոր Մելիք Ալեքսանյանի բնական ու ներշնչված խաղից ստացվող տպավորությունն է: Նրա Պեպոն առնական է, պատվախնդիր, բայց միաժամանակ՝ բարի, կարեկցող, միամիտ ու պարզ: Եվ ասես մարդկային ցավից են ծնվում նրա բողոքի ու ընդվզումի պոռթկումները, աշխարհի բանն ըմբռնելու նրա մղումները:

Անսամբլային ու ռիթմիկ այս ներկայացման տպավորիչ ընդհանուր պատկերն ստեղծելու մեջ իրենց լուման ունեն հանդերձապահ Սեդա Գրիգորյանը (Եփեմիա), եռակցող Մարզպետունի Վարդանյանը (Գիքո), փականագործ Նորայր Հովհաննիսյանը (Կակուլի), բանվոր Արտաշես Մարգարյանը (Զիմզիմով), դասատու Իզաբելլա Գեվորգյանը (Կեկել) և ուրիշներ։ Անշուշտ, կան նաև մասնակի թերությունները: Ասենք, նկարիչ Վ. Խաչատրյանը շատ է շեշտել Պեպոյի աղքատ լինելը, ավելորդ ընդգծված է Շուշանի (Աշխեն Ալեքսանյան) աստվածապաշտությունը, չափից ավելի «ճնշված» է Սամսոնը (Աբով Սողոմոնյան), իսկ առհասարակ՝ առավել կարևոր խոսքերն, երբեմն ասվում են ի միջի այլոց, հարկ եղածին պես չեն իմաստավորվում:

Ի պատիվ թատերախմբի պետք է ասել, որ նախորդ փուլերում արված դիտողությունները ուշադրությամբ ունկնդրելով շատ բան խմբագրվել- մշակվել է: Սա գնահատելի հատկություն է, որ դժբախտաբար, ոչ բոլոր թատրոններին կարելի հասցեագրել:

Երևանի N 3 մշակույթի տան՝ համամիութենական և հանրապետական փառատոների կրկնակի դափնեկիր «Երիտասարդություն» ագիտ - թատրոնը Կարպիս Ֆեսչյանի բեմադրությամբ ներկայացրել էր Ս. Ղալումյանի «Երևանյան մանրապատումները» (նկարիչ՝ Պարգև Փարադյան, երաժշտական ձևավորումը՝ Համլետ Հակոբյանի), Իր տեսակի մեջ հանրապետությունում եզակի թատերախմբի այս աշխատանքն ուշագրավ է մի քանի առումներով:

Նախ՝ օրվա հետ խոսելու իր միտումով: Մեր կենցաղի, առավելապես քաղաքային առօրյայի այլևայլ ծալքերում դեռևս եղած հոռի սովորույթների, նախապաշարումների, անտարբերության, քաղքենության, անճաշակության և այլնի դեմ ուղղված ծաղրի սլաքները մեծամասամբ հասնում են իրենց նպատակին, դիպուկ բնութագրում-մերժում երևույթը:

Չի կարելի չողջունել թատերախմբի ձգտումը՝ կենդանի իրականությունից առնված նյութը բեմ հանել ու մատուցել աշխույժ տեմպ ու ռիթմով. հնարամիտ ռեժիսուրայով, իմպրովիզացիոն թարմ ձևերով: Երիտասարդ կոլեկտիվի շնորհալի ուժերն այս թատերախաղում, սակավ բացառություններով, հանդես են բերել նաև ուրիշ բարեմասնություններ՝ սրամտություն, դիտողականություն, բեմական վարքագծի հավաստիություն: Ուրիշ բան, որ դրամատուրգիական նյութի անկատարության, ինչպես և հայտնի օրինակների ազդեցությունից ազատվել չկարողանալու և փորձի պակասի հետևանքով, մանրապատումների զգալի մասը մնում է մի տեսակ հում վիճակում, չի ամբողջանում ավարտվում, չի հասնում ճշմարիտ գեղարվեստականության («Հրշեջը», «Բանաստեղծը», «Հիվանդանոցում» և այլն):

Որոշ մանրապատումներ, այո՛, լավ սկսվում են, սպասում ես ցավոտ հարցի կենսական ու թատերային անսպասելի, սուր, հետաքրքրական արծարծում, բայց հայտը, հազիվ ակնարկվելով, մնում է «իր մեջ», չի բացվում: Նատուրալ - կենցաղային խոսքը և պատումի չպատճառաբանված ընթացքը հաճախ ի չիք են դարձնում ուշագրավ մտահղացումը: Երբեմն էլ տպավորությունը փը- չացնում են գռեհկության ու անճաշակության դեմ ուղղված... գռեհկություններն ու անճաշակությունները: Թատերախմբի ղեկավարներին հատկապես այս հանգամանքը շատ պիտի մտահոգի. արվեստի զենքը, եթե անգամ այն բարձրացվում տգեղ ու խոցելի երևույթի վրա, չի կարող տգեղ ու խոցելի լինել: Ինչպես որ կենցաղ պատկերող արվեստը չպետք է տառապի կենցաղայնությամբ, պարզունակ մարդկանց ու երևույթների պատկերումը՝ պարզունակ լինի և այլն։

Եվ հետո. ագիտ-թատրոնում լոզունգը, պլակատը, խրատն ու հորդորը իրենց տեղը պետք է գտնեն իբրև պատկերվողի, ցույց տրվողի օրգանական արտահայտություն – ամփոփում և ոչ իբրև փակցված պիտակ, արհեստական պարտադիր կցոնք: Դժբախտաբար, այս դեպքում առիթ կա նման դիտողություն անելու. «Մանրապատումները», ինչպես և ողջ ներկայացումը, սկսվում և ավարտվում են չոր ճառային դեկլարացիաներով, որ դույզն չափով չեն ամփոփում» եղելությունը, բնական ընդհանրացում իմաստավորումներ չեն, և ոչ էլ հուզական տպավորության շիկացում:

Մեր այս, թերևս, խիստ դիտողությունների «արդարացումն» այն հավատն է, որ ունեցել ենք և ունենք «Երիտասարդություն» թատրոնի ուժերի ու կարելիությունների հանդեպ: Հենց այդ համոզումով էլ ժյուրին այս կոլեկտիվին շնորհեց ագիտ-թատրոնների համար սահմանված ոսկե մեդալ և դիպլոմ՝ վստահ, որ թատերախումբն իր սկսած շնորհակալ գործը կշարունակի ավելի մեծ եռանդով ու հետևողականությամբ, կփնտրի դրա- մատուրգիական լիարժեք նյութ, արտահայտչական նոր միջոցներ, կստեղծի տարբեր ժանրի ներկայացումներ, որոնց քաղաքացիական դրական լիցքը կդրսևորվի գեղարվեստական տակտով, չափի զգացումով:

Ժյուրին ժողովրդական թատրոնների համար սահմանված առաջին կարգի դիպլոմ շնորհեց Կիրովականի քիմկոմբինատի մշակույթի պալատի ժողովրդական թատրոնի «Իմ սիրելի Ժորժ» ներկայացման մասնակիցներին: Ընդ որում, այս թատերախմբին տրվեց նաև «Լավագույն ռեժիսորական աշխատանքի համար» դիպլոմը:

Երիտասարդ ռեժիսոր Ա. Զաքարյանը, իրոք, բարեխիղճ ու հնարամիտ է եղել այս բեմադրաթյունն անելիս։ Գրիգոր Տեր-Գրիգորյանի կատակերգության աշխույժ և սրամիտ պատկերները, կենդանի խարակտերները, հումորով լի, միաժամանակ «խայթող» ու մտորելու առիթ տվող երկխոսությունները բեմում գտել են իրենց արտահայտման ճշմարիտ կերպը: Չենք ուզում պնդել, թե կիրովականցիների աշխատանքն անվերապահ դրվատանքի է արժանի: Ներկայացման մեջ կան անհավասար դերակատարումներ, ունի որոշ խախտումներ (օրինակ՝ Ժորժ - Հայկասար Մխիթարյանի, քեռի Սիմոն-Շահեն Հարությունյանի, Կառլեն - Ալֆրեդ Զաքարյանի ռեալիստական անձնավորումների կողքին՝ Վովիկ Կիրակոսյանի գրոտեսկային կերպարանքը, ընդգծված ինքնամերկացումը, որ տարօրինակ ու անհամոզիչ է թվում): Բայց գլխավորն այն է, որ ռեժիսորն ու ինքնուս դերասանները հավատում են իրենց հերոսների արարքների ու խոսքի իսկությանը, բեմում ապրում են նրանց կյանքով և կարողանում են սկզբից մինչև վերջ հանդիսականին պահել կատակերգության մթնոլորտում տրամադրել նրան ուշադիր հետևելու հեղինակի և իրենց իսկ ասելիքին, ներկայացման գեղարվեստական խնդրի անբռնազբոս բացահայտմանը:

«Իմ սիրելի Ժորժ» ներկայացման մի առավելաթյունն էլ այն է, որ ռեժիսորն ու դերակատարները պատշաճ ուշադրություն են նվիրել բեմական մանրամասներին, խոսք գործողության տարբեր երանգների` դրսևորմանը, հետամուտ են եղել գործող անձանց, այսպես ասած, ինտոնացիոն կերպարայնությանը:

Առաջին կարգի դիպլոմի արժանացավ նաև Երևանի Ս. Մ. Կիրովի անվան «Նաիրիտ» արտադրական միավորման կուլտուրայի պալատի ժողովրրդական թատրոնը՝ էգոն Ռանետի «Քրեական տանգո» ներկայացման համար:

Վերջերս այդ թատրոնը հանդիսավորապես նշեց իր գործունեության 25-ամյակը։ Կազմակերպչորեն ամուր, ստեղծագործական բավականաչափ փորձ ու հմտություն ձեռք բերած թատերախմբի ավելի քան 20-ամյա գեղարվեստական ղեկավարն է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի շրջանավարտ Աղասի Եղոյանը: Հենց նրա վերջին բեմադրությունն էլ մտցրվել էր փառատոնի ծրագրում և ներկայացվեց ժյուրիի ուշադրությանը:

Էստոնացի թատերագրի՝ երկրում լայնորեն հայտնի այս պիեսում բախվում են իրարամերժ երկու աշխարհըմբռնում, երկու բարոյականություն՝ անաշխատ, պարազիտային, «թեթև» կյանքի փիլիսոփայությունը և սովետական իրականության բարձր իդեալներով ապրող մարդկանց կենսազգացողությունը։ Մեր կյանքի մութ խորշերում տակավին ծվարած քրեական տարրերը, որոնց սնող հողն են քաղքենիությունը, անտարբերությունը և էգոիզմը, փորձում են և կարող են ճանկել նոր զոհերի, եթե մենք զգոն չլինենք, եթե հանդես չբերենք քաղաքացիական ու մարդկային այն ակտիվությունն ու նրբանկատությունը, որ յուրաքանչյուր սովետական մարդու կարևորագույն հատկանիշն է:

Եվ ժողովրդական թատրոնի այս ներկայացման մեջ հնչում է հենց այդ կոչը՝ ուշադիր լինել մարդու, հատկապես երիտասարդ մարդու հանդեպ, անողոք բարությամբ գնահատել նրա յուրաքանչյուր քայլը, վրիպումը. թափանցել նրա հոգու խորքը, զորավիգ լինել նրա մեջ եղած լավին, հավատալ վստահել մարդու մեջ մարդկայինի հաղթանակին: Բեմի վրա մենք ականատես ենք լինում այսպես կոչված քրեական «ռոմանտիկայի» դիմակազերծմանն ու կրախին. էլեկտրոմոնայոր Հենզել Գաբրիելյանի Փիլիսոփան, մոնտաժող Ռազմիկ Բարխուդարյանի Արջը, հաշվետար Ալվարդ Գրիգորյանի Կետը, լաբորանտ Սիրանուշ Հակոբյանի Փիսիկը, նրանց «ընկերության» մյուս անդամները հասարակության համար վտանգավոր են ոչ միայն և ոչ այնքան իրենց քրեական արարքներով, որքան այն վարակիչ ու ապականող ազդեցությամբ, որ ունենում են իրենց շրջապատի, երիտասարդության վրա։ Ահա, նրանք ցանցել են Կառլեն Սարգսյանի անձնավորած Յանուսին՝ ազնիվ, բայց անխոհեմ ու տաքարյուն մի տղայի, որ խաբվել է սրանց «ռոմանտիկայով», «կտրիճությամբ» ու «հավատարմությամբ», Յանուսը՝ մանրահոգի ու նյութապաշտ քաղքենի հայրացուի (մեխանիկ Վահրամ Հովհաննիսյան) և «գուրգուրող-պաշտպանող» մոր (հրահանգիչ Գրետա Թադևոսյան) անմիտ ու անհեթեթ կյանքից երես թեքելով և անփորձությունից դեռ չնկատելով կյանքի ճշմարիտ ճանապարհը, կանգնում է կործանման եզրին։ Բայց նրան օգնության ձեռք են մեկնում իսկական մարդիկ՝ սովետական օրինականության պահապանները:

Պետք է ասել, որ ներկայացման մեջ անհամեմատ տպավորիչ են ստացվել (սա մասամբ գալիս է պիեսից) բացասական հերոսները: Միլիցիայի գնդապետը (Աղասի Եղոյան), լեյտենանտը (ինժեներ-շինարար Սամվել Խաչատրյան) և մյուսները ճշմարտախոս են ու արդարացի, բայց օժտված չեն առաջիններին հատուկ ներքին ճկունությամբ, բնավորության կենդանի գծերով ու դույներով:

Իբրև ցավալի վրիպում պետք է նշել ներկայացման «երկրորդական» դերերի կատարման անթույլատրելի ցածր մակարդակը (այդ կարգի մեկ-երկու դերակատար ներկայացման մեջ մտցվել էին վերջին պահին):

«Քրեական տանգո» պիեսի այս բեմադրությունը վերստին հավաստեց այն իրողությունը, որ ժողովրդական ուզածդ թատրոնը լավ արդյունք- ների կարող է հասնել միայն կանոնավոր ու հետևողական ջանքերի, գործի հանդեպ սիրո ու նվիրումի պայմանով:

Ա. Վամպիլովի «Դիպված մետրանպաժի հետ» պիեսի բեմադրությունը, որով փառատոնի եզրափակիչ փուլում հանդես եկավ Դիլիջանի ժողովրդական թատրոնը, երիտասարդ ռեժիսոր Աշոտ Աբաջյանի աշխատանքն է: Ի դեպ ներկայացմանը նա մասնակցում է նաև իբրև ՊոտապովիՄետրանպաժի») դերակատար:

Կոմիկական, գրեթե զավեշտական դիպվածով սկսվող ներկայացումը հանդիսականի ուշադրությունը լարված է պահում մինչև վերջ և, հետզհետե «լրջանալով», նրան մղում է լուրջ խոհերի:

... Ոչ մեծ մի քաղաքի հյուրանոցի վարիչ Կալոշինը՝ կարգ ու կանոնի, դրվածքի ու կանոնադրության բծախնդիր մի պահապան, ահա, դաստիարակում է երկու «կասկածելի» ջահելների, որոնք, նրա խորին համոզումով, տենչում են խաղալ իր գլխավորած հիմնարկի պատվի հետ, գիշերվա ժամը 11-ից հետո... շարունակել զրույցը Աստված մի արասցե, ինքը թույլ չի տա: Բայց համենայն դեպս, պետք է պարզել հատկապես տղայի ինքնությունը։ Եվ նրա հյուրանոցային քարտի «զբաղմունքը» բաժնում հանդիպում է մետրանպաժ բառին, որ իր շրջապատում ոչ ոք չի կարող վերծանել:

Իմպուլս գործարանի բանվոր Գրիգոր Քարտաշյանի Կալոշինը շփոթմունքի մեջ է. ինքը բռնել է աղջկան և տղային և կգրի, կհայտնի: Բայց եթե այս «Մետրանպաժը» կարևոր պոստ է՞... Հանկարծ ու վերադասը հանդիմանեց իրեն...

Հանդիսականը արդեն տրամադրվում է անվերապահ դատապարտելու այս տգետ, սամոդուր, պատեհապաշտ ադմինիստրատորին և սպասում է, թե ներկայացման հետագա ընթացքը լինելու է սրա ծանակումը: Բայց դեպքերն այլ կերպ են զարգանում։ Դիպվածը վերաճում է մարդկային դրամայի, պարզվում է, որ այս խեղճ ու կրակը իր պրոբլեմներն ունի. ծերության շեմին է կանգնած, տառապում է ինչ-որ հիվանդությամբ, կինը «հատուկ» ջանասիրությամբ է սպասարկում ռեստորանի մշտական այցելուներից մեկին։ Եվ առհասարակ՝ կյանքում ոչինչի չի հասել, չգիտի ինչ ասել է երջանկություն, հաջողություն, գնահատանք: Ինչ ասել է սեր, ընկերություն, մարդկային վերաբերմունք...

Եվ Կալոշին - Քարտաշյանը դեպքերի բերումով սկսում է... մտածել: Սկսում է կռահել կյանքի ողբերգությունը, իր կենսակերպի, մտածողության, վարքագծի ու կենցաղի ողորմելիությունը, անիմաստությունը։

Մտահոգվում է նաև հանդիսականը. ինչո՞ւ է այս մարդու ճակատագիրն այսպես եղել, ո՛վ է մեղավորը՝ միջավայրը, սովորույթների, նախապաշարումների տարերքը: Այո, այդ ամենը կա, բայց մեղավոր է նաև ինքը, Կալոշինը ապրել է իբրև «պտուտակ», «կատարող», հեշտ է ապրել և դրա համար էլ ի վերջո ընկել է ծանր դրության մեջ, կորցրել իր մարդկային դեմքը, անհատականությունը: Մի դիպված, և շենքը փուլ է գալու:

Այսպես չպե՛տք է ապրել, անհնար է այսպես ապրել: Եվ ուրիշին «հսկելուց» ու «կարգի հրավիրելուց» առաջ քաջություն և խելք պիտի ունենալ նայելու սեփական «ներսը», կշռելու սեփեկան խոսքն ու գործը, վիճակն ու ճանապարհը: «Դիպված մետրանպաժի հետ» ներկայացման խոցելի կողմը ավելորդ շարժն է առանձին դրվագներում, անհարկի չափազանցումները։ Դրանք ըստ երևույթին տուրք են հանդիսականների որոշ մասի թեթև ճաշակին և անհարիր են ընդհանուր ներկայացման ուղուն:

Փառատոնի երկրորդ կարգի դիպլոմ շնորհելով ներկայացմանը, ժյուրին, միաժամանակ, տղամարդու դերի լավագույն կատարման համար սահմանված մրցանակը պարգևեց Կալոշինի դերակատար Գրիգոր Քարտաշյանին:

Փառատոնի երկրորդ կարգի դիպլոմի արժանացավ նաև Իջևանի ժողովրդական թատրոնը «Սոխակների գիշեր» ներկայացման համար։ Վալենտին Եժովի պիեսը հուզումնալից մի պատում աշխարհը ֆաշիստական վանդալիզմի ու ստրկացման ահավոր վտանգից փրկած սովետական բանակի մարտիկների հումանիզմի, բարոյական ու մարդկային բարձր արժանավորության մասին: Հրանտ և Ռուբեն Հակոբյանների բեմադրությունը (նկարիչ՝ Վանյա Ղազարյան) համահնչուն է պիեսին: Ռուս զինվոր Բորոդինի (ուսանող Ս. Բաղինյան) և դեռատի գերմանուհի Ինգայի (մա- սաշող Ա. Սիմոնյան) փոխըմբռնումն ու սերը մեր աչքի առաջ ծնվելով, ամրանում ու թեժանում է, հաղթահարում փոխադարձ անվստահության, կասկածանքի, բորբոքված կրքերի ու նախապաշարումների բարձր պատնեշները: Հիրավի դժվար է անգամ պատկերացնել, թե դաժան գոտեմարտից անմիջապես հետո, ավերակների վերածված քաղաքում, աճի ու կասկածների մթնոլորտում կմտերմանան տարբեր ժողովուրդների զավակները։ Բայց ամեն ինչ հասկանալի է դառնում, երբ մտաբերում ես, թե ինչպիսի առաքելությամբ Բեռլին մտան սովետական բանակի մարտիկները, ինչպիսի դրոշ ծածանեցին Գերմանական ռեյխի միջնաբերդում:

Ներկայացման գեղարվեստական խնդիրը՝ վստահության, սիրո զգացումների վերածնունդը, ճշմարտության արդար հիման վրա ժողովուրդների և առանձին անհատների միջև վստահության վերականգնումը, բեմում էլ համոզիչ լուծում է գտնում առավելապես գլխավոր հերոսների լիրիկական թեմայի բարձր հնչողությամբ: Ս. Բաղինյանին և Ա. Սիմոնյանին հաջողվել է գլխավորը. նրանց հերոսները իրոք համակրելի են, լի երջանկության, սիրո անհագ տենչով, մարդկային բարությամբ ու մեղմությամբ: Եվ հենց դրանով էլ շահում են գնդապետ Լուկյանովի (մշակույթի տան դիրեկտոր Ս. Հակոբյան) սիրտը, համոզում նրան, որ դա հենց այն նվիրականն է, որի համար մարտնչել են իրենք, հասել մինչև Բեռլին: Եվ որ սերը, բարեկամությունը վերին նպատակ են, դրանք չեն կարող անարդար ու հանցավոր լինել:

Ափսոս որ ներկայացման որոշ մասնակիցներ չեն կարողանում պահել այս բարձր նոտան. իհարկե, կարելի էր ավելի ճիշտ դերաբաշխում անել և ավելի արտահայտիչ դարձնել դերապատկերները, նկարչական և երաժշտական ձևավորումները: «Սոխակների գիշերը» ևս արժանացավ երկրորդ կարգի դիպլոմի, իսկ Ինգայի դերակատար Ա. Սիմոնյանին շնորհվեց երիտասարդական կեր պարի լավագույն անձնավորման համար ՀԼԿԵՄ Կենտկոմի սահմանած մրցանակը։

Ստեփանավանի ժողովրդական թատրոնի աշխատանքը գնահատվեց «խաղացանկի ճիշտ ընտրության համար» հատուկ դիպլոմով:

...Դիտում ենք այդ թատրոնի «Կամուրջի վրա»՝ ներկայացումը և մտորում. Գուրգեն Բորյանի այս պիեսը չի հնանում, հերոսների խոսքը, ապրում ները այսօր էլ համակում են մեզ իրենց կրքո-տությամբ, օգնում ճշտելու մեր վերաբերմունքը իրականության որոշակի կողմերի հանդեպ, մտածել են տալիս:

Թատրոնի վետերան Ս. Խամբեկյանի բեմադրությունը, ճիշտ է, չունի բեմավիճակների ստույգ գծագիր, գույների ու երանգների ցանկալի հարստության, իսկ որոշ կերպավորումներ ցածր են ներկայացման «միջին մակարդակից» (օրինակ, ասենք, Ն. Ոսկանյանի միօրինակ տխուր Նունեն, Ս. Համբարյանի չափից ավելի աշխույժ և բացորոշ- խարդախ Արտեմ Ավալյանը)։ Բայց ներկայացման ընդհանուր տոնայնությունը գտնված է. անկեղծ շահագրգռությամբ, առանց բեմական սեթևեթանքի այն խոսում է հանդիսականի հետ նրան անհանգստացնող խնդիրների շուրջ, որոշակի հասցեով ուղղում նրա զգացողությունները։

Ներկայացման մեջ առանձնապես ուշագրավ են երկու դերակատարումներ: Պիեսի այս բեմադրությունում գնդապետ Լուսինյանը ոչ միայն «գաղափարական» անձնավորություն է, անբասիր ու սկզբունքային քաղաքացի, այլև ամենից առաջ պարզ ու համակրելի մի մարդ, որը կյանքի դժվար, բայց ճշմարիտ ճանապարհ է ընտրել և ահա ամեն ինչ անում է, որպեսզի իր հարազատները ևս այդպես ապրեն: Հովակիմյան Լուսինյանը անկեղծորեն կարեկցում է ժամանակի խութերի մեջ մոլորված իր ընկերոջն ու բարեկամին, գինարբուքով ու ավարայությամբ չարիքի դեմ «բողոքող» նրա որդուն (Արմեն-Հ.Օհանյան)։ Եվ կամենալով օգնել նրանց, դարձյալ իբրև միջոց ու ճանապարհ առաջարկում է ճշմարտությունը, մաքուր խիղճը, ազնիվ աշխատանքը:

Ուրույն գծերով է օժտված նաև Ս. Մելքոնյանի Բագրատ Տոնյանը: Ռեժիսորն ու դերակատարը իրավամբ շեշտել են այն իրողությունը, որ հավատի կորուստը, հասարակական մարդկային իդեալների մշուշումը ոչ միայն մարդու մեջ առաջացնում են հոգեկան խռովք, դառն ապրումներ, զայրույթ ու անհանգստություն, այլև հող են ստեղծում բարոյական անկման, զանազան արատների ու հանցանքների համար, մղում են դրանց:

Ս. Մելքոնյանի անձնավորած Բագրատը, ահա, մեզ ներկայանում է այդ «արժանիքների» բեռով. «բոլորն են անում» քաղքենական մտայնությանը գերի դառած այս մարդն արդեն չի խորշում դիմելու ամեն միջոցի՝ միջնորդություն, քծնանք, սպառնալիք, դեմագոգիա...

Փառատոնի խաղացանկում կային նաև արտասահմանյան դասական և ժամանակակից հեղինակների գործեր: Դրանցից մեկի՝ ամերիկյան թատերագիր Ռիչարդ Նեշի «Անձրև վաճառողը» պիեսի ներկայացումով եզրափակիչ փուլում հանդես եկավ Երևանի Լուսաշխի տան ժողովրդական թատրոնը:

... Պետք է բարի լինել, նկատել մարդու մեջ եղած լավը, գեղեցիկ, բարձր, ազնիվ լինելու նրա ունակությունը: Եվ ընդհակառակը, հարկավոր է զսպել ուժի, բռնության դիմելու դարանակալ գայթակղությունը, կյանքի, բնության, անարդարություններին ու ձախորդություններին չարությամբ պատասխանելու փոքրոգի մոլուցքը։ Սա՛ է փրկությունը, սա է մարդ մնալու գաղտնիքը, կյանքի վերին իմաստը:

Պիեսի գործող անձերից հինգը՝ Լուսաշխի տան դեղխորհրդի նախագահ Ռուբեն Կարապետյանի անձնավորած Կարրին, բեմադրական մասի վարիչ Գրիգոր Տալյանի Նոյը, ինստիտուտի ուսանող Գևորգ Մավյանի Ջիմը, մանկապարտեզի դաստիարակչուհի Եվգենիա Պոդպոմոդովայի Լիզին և արծաթագործ Ռիչարդ Տոնյանի Ֆայլը, ամեն մեկը յուրովի, ըմբռնում են այդ իմաստնությունը, որի մունետիկն է գիտաշխատող Ալբերտ Մելքոնյանի անձնավորած Ստարբակը՝ «անձրև վաճառողը»

Վերջինս սիմվոլիկ մի կերպար է, ասես, մարդկային հավատի, սիրո ու նվիրումի խորհրդանիշ, որ ապրում է մարդկանց մեջ, նրանց կողքին ու հայտնվում երբ հարկավոր է, երբ մարդիկ ուզում են տեսնել նրան: Ներկայացման լավն այն է, որ Ստարբակը մեզ թվում է նույնքան ռեալ, որքան որ իրական ու դաժան է մարդկային տառապանքը, հուսահատության հասնող թախիծը: Ժողովրդական թատրոնի ռեժիսոր Կառլեն Վարժապետյանը օգնել է դերակատարներից յուրաքանչյուրին ցայտուն ներկայացնելու իր անձնավորած կերպարի անհատականությունը, միաձույլ անսամբլի մեջ խոսելու իր ձայնով։ Ու թեև ինչ-որ ճնշվածության զգացում ես ունենում առանձին դրվագներում, նկատում անհարկի ինֆանտիլ «զեղմումներ» (հատկապես Կարրի-Կարապետյանի մոտ), բայց ներկայացումից հեռանում ես լավատեսորեն տրամադրված, այն հավատով, որ կան, ապրում են երկրի վրա մարդկային համերաշխությունը, երազանքը, լավի, գեղեցիկի տենչը՝ ամենազոր ու իմաստուն:

«Անձրև վաճառողը» ներկայացումը դարձավ «Լավագույն կատարման համար» մրցանակի դափնեկիր, իսկ Լիզիի շնորհալի դերակատարը Եվգենիա Պոդպոմոգովային շնորհվեց կանացի դերի լավագույն կատարման համար սահմանված դիպլոմը:

***

Փառատոնի եզրափակիչ փուլին, ինչպես վերն ասացինք, մասնակցում էին 17 ժողովրդական թատրոններ: Նրանցից 8-ը արժանացան մրցանակների ու պարգևների: Իսկ մնացածնե՞րը: Ի՞նչը խանգարեց նրանց հաջողության հասնել, ժյուրիի ուշադրությանն արժանանալ:

Նախ ասենք, որ «մերժված» ներկայացումներում էլ կային հետաքրքրական տեսարաններ, բեմական գյուտեր, ստույգ կերպավորումներ և, գլխավորը, շնորհալի մարդիկ, ինքնագործ արվեստի նվիրյալներ: Բայց այդ ամենը արժեզրկվում էր ընդհանուր գորշ ֆոնի վրա, իրմով ավելի նկատելի դարձնելով այդ գորշությունը:

Այսպես, Ազիզբեկովի շրջանային կուլտուրայի տան «Հայրական տուն» ներկայացումը (ռեժի սոր՝ Ս. Մարգարյան) դիտողին ճնշում էր իր մռայլ մահահոտ մթնոլորտով, պարտվողական տրամադրությամբ, իսկ գործող անձերից շատերն ասես անցյալ դարի պռոշյանական գյուղի թշվառ գեղջուկները լինեին: Ի դեպ, անգամ պիեսի լավատեսական ֆինալի խոսքերն արտաբերվում էին այնպիսի անլույս լալկան տոնով, որ վարագույրը փակվելուց հետո տարակուսում էիր, ի՞նչ են կամեցել ասել այս ներկայացումով, ինչո՞ւ են վարկաբեկել պիեսը, չէ որ Զ. Խալափյանի գործը կարող էր և այլ կերպ հնչել բեմից:

Եվ, իհարկե, պիտի կորչեր «Ջերմուկ» թերթի խմբագրության բաժնի վարիչ Սլավիկ Գևորգյանի (Ալեքսան) մտածված ու անկեղծ խաղից ստացածդ լավ տպավորությունը:

Սպիտակի կուլտուրայի տան ժողթատրոնը Ա. Բաբայանի «Տոսկանայի արծիվը» պիեսի բեմադրության մեջ համանման «էֆեկտի» հասել էր տեքստի անտարբեր անփույթ վերարտադրումով, սոսկ դեպք ու սյուժե խաղալու, անցքերի ու մարդկանց էության մեջ թափանցել չուզենալու ծուլությամբ: Գրեթե նույնը կարելի է ասել Թալինի շրջանային ժողթատրոնի «Արտասահմանյան փեսացու» (ռեժիսոր՝ Հ. Գարբուզյան), Հոկտեմբերյանի ժողթատրոնի «Խանումա» (ռեժիսոր՝ Ասքանազ Ստեփանյան), Իջևանի գորգագործական կոմբինատի ժողթատրոնի «Վենետիկյան երկվորյակներ» (ռեժիսոր՝ Վ. Ցուցուլյան), Գորիսի շրջանային կուլտուրայի տան ժողթատրոնի «Եզովպոս» (ռեժիսոր՝ Գ. Սարգսյան), մասամբ նաև Երևանի N 4 կուլտուրայի տան ժողովրդական թատրոնի «Առաջարկությունը» (ռեժիսոր՝ Ե. Հովհաննիսյան) ներկայացումների մասին: Որոշակի գեղարվեստական խնդրի, դրամատուրգիական նյութի ուրույն մեկնաբանության բացակայությունը ապարդյուն էր դարձրել այդ թատերախմբերի ջանքերը:

Ինչ վերաբերում է Ապարանի ժողովրդական թատրոնի «Գողացված երջանկություն» ներկայացմանը, պետք է ասել, որ հանրապետության վաստակավոր արտիստ Իշխան Ղարիբյանի խնամքով արած բեմադրությունը ժյուրիին ներկայացվեց մաշված, խարխլված վիճակում: Բեմադրողի աչքից հեռու՝ ներկայացման մասնակիցները կարողացել էին այնպես վերաձևել ներկայացումը, որ Ի. Ֆրանկոյի նուրբ և խորունկ դրաման ներկայանում էր իբրև «հերարձակ ապրումների» մելոդրամա՝ լացկան ու վանող։

Մեր երկրորդ դիտումը վերաբերում է ժողովրդական թատրոնների ներկայացումների խոսքի կուլտուրային: Այս առումով, ուղղակի պետք է ասել, գործերը լավ չեն ոչ միայն ուշադրության չարժանացած, այլ մասամբ նաև մրցանակ ու դիպլոմ շահած թատերախմբերում: Տեքստին վատ տիրապետելը, անհարկի սղումները, աղավաղումները, որոշ ներկայացումներում հարևանում էին առաջնաշեշտերին, պարզապես բառի, արտահայտության ստույգ իմաստը չըմբռնելուց եկող թոթովանքին։

Հարկ կա՞ ասելու, որ ժողովրդական թատրոնը ամենից առաջ լեզվի դպրոց պիտի լինի, բայց ինչ կարելի է սպասել այն «ուսուցչից», որն ինքը լավ չի տիրապետում բառի, խոսքի, լեզվի հարստությանը, նրա իմաստային ու արտասանական երանգներին: Ժողովրդական թատրոնների ռեժիսորները սա պիտի համարեն իրենց առաջնային խնդիրը դերակատարների հետ աշխատե չիս, գերատեքստն ուսումնասիրելիս:

Ներկայացումների ճնշող մեծամասնությունը անփույթ էր ձևավորված: Անճաշակ ներկոտած ետնավարագույրներ, կոշտուկոպիտ դեկորներ, չոր, վանող կահկարասի, էժանագին «բնանկարներ», պատահական ընտրված զգեստներ (մեծամասամբ՝ դերակատարների առօրյա հագուստը), անմշակ դիմապատկերներ... Այո, ժողովրդական թատրոնների տրամադրության տակ եղած միջոցները մեծ չեն, հնարավորությունները սուղ են: Բայց խոսքն այն մասին է, որ չի արվում կարելին, հնարավորը, որ պակասում է ամենից առաջ բարեխղճությունը, հնարամտությունը, ճաշակը: Մինչդեռ ժողովրդական թատրոններում հատկապես սահմանված է նկարչի հաստիք, իսկ շնորհալի նկարիչների պակաս մեր հանրապետությունը, փառք աստծո, չի զգում...

Ավելի տխուր վիճակում է երաժշտական ձևավորման գործը: Այստեղ արդեն իրոք որ ինքնագործունեություն է. ներկայացման ուզած պահին կարող է հնչել ուզած երաժշտությունը (մեծամասամբ՝ ջազային-էստրադային), ինչ փույթ, թե տրամադրությունը բոլորովին ուրիշ է։ Բանը հաճախ հասնում է կուրյոզների, օրինակ, «Վենետիկյան երկվորյակներ» կատակերգության մեջ մեկ էլ կլսես Օգինսկու «Հրաժեշտ հայրենիքին» պոլոնեզը...

Այն էլ ասենք, որ հյուրընկալ դահլիճի տնօրենները չէին կարողացել տրամադրել համապատասխան ռադիո - երաժշտական տեխնիկա, և ներկայացումների ոչ միայն երաժշտական, այլև միկրոֆոնային տեքստերը հաճախ վերածվում էին անհասկանալի տհաճ ճղճղոցի:

***

Հանրապետության ժողովրդական թատրոնների փառատոնային ելույթները, իրենց բոլոր թերություններով ու վրիպումներով հանդերձ, հավաստեցին, որ բնակչության բավական լայն խավերի գեղարվեստական սպասարկման գործում այսօր այդ թատերախմբերը կարող են շատ ավելի մեծ լումա բերել, ավելի ծանրակշիռ խոսք ասել. դրա համար կան և ուժեր, և հնարավորություններ: Փառատոնը միաժամանակ ցույց տվեց, որ հանրապետությունում գործող մոտ 30 ժողթատրոններից շատերը պատշաճ օգնություն չեն ստանում տեղերում: Հանրապետական համապատասխան կազմակերպություններ ևս մասնագիտական, կազմակերպական և նյութական պատշաճ օգնություն ցույց չեն տալիս հատկապես հեռավոր շրջաններում գործող ինքնագործ թատրոններին: Ոչ արդյունավետ են օգտագործվում կոնսուլտացիոն ժամերն ու միջոցները, հաճախ թատերախմբերն են գործուղվում պատահական մարդիկ, այդ պատճառով էլ ներկայացումները կարոտ են մնում մասնագիտական աչքի ու ձեռքի: Եվ, վերջապես, ե՞րբ պիտի կարգավորվի այդ խմբերը բեմական աքսեսուարներով ու նյութերով ապահովելու գործը:

Մայրաքաղաքում ժողովրդական թատրոնի յուրաքանչյուր ելույթ-հաշվետվություն անգնահատելի դեր է խաղում նրա ստեղծագործական աճի առումով: Այդ մասին քանիցս խոսվել է մամուլում և այլուր, բայց մինչև օրս այդ բանը չի արվում: Պե՛տք է արվի: Եվ ոչ ձևի համար ինչ-որ մի անկյունում, որևէ «առիթով», այլ թատերական հասարակայնության, մամուլի, ռադիոյի ու հեռուստատեսության ակտիվ մասնակցությամբ, խիստ ու հոգատար վերաբերմունքով։ Ժողովրդական թատրոններն արժանի են նման վերաբերմունքի:

ԽԱՉԱՏՈւՐ Ավագյան

Նյութի աղբյուրը՝ Սովետական արվեստ, 1977թ. №3

36 հոգի