26.11.2024 01:52
Իտալացի դերասան, դրամատուրգ և ռեժիսոր Վինչենցո Սալեմմեի «...իսկ դրսում ձյուն է գալիս» («...e fuori nevica!») ստեղծագործությունը Համազգային թատրոնում բեմադրել էր ռեժիսոր, դերասան Դավիթ Հակոբյանը։ Տիիկ իտալական այս պատմությունը նեապոլցի դրամատուրգ Սալեմմեն թղթին է հանձնել 1995 թվականին, նույն թվականին էլ բեմադրվել է՝ նախ Նեապոլում, ապա Հռոմում Լուկինո Վիսկոնտիի հիմնած «Էլիզեո» թատրոնում, որտեղից իր դերասանական փայլուն ճանապարհն է սկսել Մարչելլո Մաստրոյանին։ Հետագայում պիեսն ունեցել է հարուստ բեմական պատմություն։ Բեմադրություններից մի քանիսում հեղինակը ստանձնել է գլխավոր դերը, իսկ 2014 թվականին պիեսի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմ, որի ռեժիսորն ու գլխավոր դերակատարը ինքն է եղել։
Երեք եղբայր՝ Էնցոն (Ստեփան Ղամբարյան), Չիկոն (Վարշամ Գևորգյան) և Սթեֆանոն (Արման Նավասարդյան) տարիներ անց հանդիպել են, պատճառը մոր մահն է և նրա թողած ժառանգությունը։ Սակայն, այն ստանալու համար, կա պայման. եղբայրները պիտի միասին ապրեն և հավասարապես խնամեն իրենց հիվանդ եղբորը՝ Չիկոյին։ Չիկոն աուտիզմով հիվանդ է։ Նավից նավ թափառող երաժիշտ Էնցոյի համար պայմանը դաժան է, բայց հանուն փողի պատրաստ է համակերպվել, որովհետև խաղամոլության և ձրիակերության պատճառով բավականին մեծ պարտքեր է կուտակել։ Սթեֆանոն, ճիշտ է, շարունակում է հոգ տանել հիվանդ եղբոր մասին, սկզբում թվում է՝ չի էլ մտածում նրանից ազատվելու մասին, սակայն գործողությունների և դեպքերի արդյունքում պարզվում է, որ ինքն էլ է հոգնել, մոր տված խոստումը դժվարանում է պահել, և վերջապես ինքնել է ուզում իր կյանքը դասավորել. ամուսնանալ, երջանիկ ընտանիք ունենալ։ Երեք կերպար, երեք տարբեր բնավորություն բեմի վրա պատկերում են երեք կյանք, որոնցից ամեն մեկն իր չստացված կենսագրությունն է խաղում։ Չնայած կատակերգական իրադրություններին և ծիծաղաշարժ դիալոգներին, այնուամենայնիվ դրությունները դրամատիկական են, վերջաբանը ողբերգական։
Բեմանկարչական ձևավորումը ավելի քան խոսուն է. բեմահարթակին կառուցված թեք հարթակը ամբողջական է դառնում աջ և ձախ կողմերում կախված խզբզած ֆրագմենտներով և աջ անկյունում կախված անդեմ կնոջ նկարով, որը տղաների հանգուցյալ մոր դիմանկարն է։ Բեմանկարիչը Դավիթ Մինասյանն է։ Թեքահարթակին կատարվող գործողությունները նույնքան շրջված էին, նույնքան անսովոր, որ իրենք հերոսներն էլ մի պահ կորցնում էին իրականության սահմանն ու տրվում Չիկոյի հնարովի խաղերին, դառնում նրա իրականության մասնակիցները։ Սա նրանց շրջված կյանք էր, երերուն իրակնությունը, իսկ հարթակի վերջում երևացող պատուհանը, որը պատված էր անհույս խավարով՝ անհայտ ապագան, որտեղից այդպես էլ ոչ մի լույս չի երևում։
Դրամատուրգիական հենքն իր սյուժետային կառուցիկ պայմանաձևով, կատակերգական դինամիկ իրադրություններով, սուր դիալոգներով, էքսցենտրիկ խարակտերներով ռեժիսորին և դերասանների ստեղծագործելու, երևակայելու լայն հնարավորություններ է ընձեռում։ Երեք կերպարներից յուրաքանչյուրը (պիեսում կա ևս մեկ կերպար՝ նոտարը, որի մուտքը երկրորդ գործողությունում է) բնավորություն է՝ իր խտացումներով, գունեղանակներով։
Էնցո-Ղամբարյանը խաղամոլ, կնամոլ, ձրիակերի բնավորություն է խաղում։ Նա մեկ նպատակ ունի՝ որքան հնարավոր է շուտ վերցնել իր բաժին ժառանգությունն ու փախչել այդ տնից։ Հետևաբար, ջանասիրաբար, բայց զգուշությամբ համոզում է Սթեֆանոյին Չիկոյին հոգեբուժարան ուղարկել։ Դերասանը խաղում էր մի մարդու ով թքած ունի բոլորի, ամեն ինչ վրա։ Նա 18 տարեկանում հեռացել էր տնից և երբեք չէր հետաքրքրվել իր ընտանիքով։ Ս.Ղամբարյան-Էնցոյի բեմական ներկայությունը լարված, մի քիչ ջղային, երբեմն ագրեսիվ վճիռներով էր իրականացվում, բարձր ռեգիստրներում հնչող խզված ձայն, ձեռքերը գրպանում շարժվելը բեմում, ինչը ներքին անհանգստությունը թաքցնելու նշան է, խաղային հախուռն դրվագներ, որն ինչպես կերպարի բնավորության, կենսակերպից, այնպես էլ իտալացու էքսցենտրիկ, դյուրագրգիռ բնավորության նրբերանգներից, էմոցիոնալությունից էր բխում։ Նրան ոչինչ չի հուզում, ոչ մոր մահը, ոչ հիվանդ եղբոր ճակատագիրը, ոչ Սթեֆանոյի հիասթափությունը, երբ վերջինս իմանում է, որ այն կինը ում հետ պատրաստվում էր ամուսնանալ պարզվում է սովորական պոռնիկ է։ Մարդուն կարեկցելու զգացումը խորթ է Էնցոյին։ Նրա մտքին մի բան կա միայն փողը. դրանով էլ պայմանավորված էր կերպարի վարքագիծը, տեսարանից տեսարան ավելի ու ավելի համռորեն իր նպատակին հասնելու ձգտումը։ Ռուսերենում մի տիպիկ բնորոշում կա бездельник (անբան), կարծես այս բնորոշումը լինի դերասանի մտքում իր դերը խաղալիս։ Այդ բնորոշման է մղում նաև իր հարաբերությունները եղբայների հետ, նույնիսկ Չիկոյի համար մեկ աման կարտոֆիլի խյուս չի ուզում պատրաստել, էլ ուր մնաց խնամի, հոգ տանի նրա մասին։ Նա Չիկոյին ավելորդ բեռ է համարում։
Արման Նավասարդյանը հայ թատրոնի այն դերասաններից է, ում արհեստավարժությունը կասկածից վեր է. բեմում մշտապես ցուցաբերում է զարմանալի կենտրոնացում, խոսքի, գործողության, բացառիկ վարպետություն։ Կերպարի ինչպես հոգեբանական, այնպես էլ պլաստիական վճիռները դերասանը դրսևորում է զարմանալի ճկունությամբ, թեթև, բնական։ Նավասարդյան Սթեֆանոն դրամատիզմով լեցուն կերպար է։ Նրա կյանքն անցել է հիվանդ մոր և եղբոր հոգսերի բեռան տակ։ Թերևս դրանից է, որ դերասանն անընդհատ ուսերը դեպի առաջ է կանգնում, երբեմն խեղճացած. մեծ պատասախանատվություն կա դրված իր վրա։ Ներքին անհանգստություն է նկատվում իր բեմական ներկայության մեջ, որը դրսևորվում է նրա շփոթահար հայացքում, մոլորված շարժումների մեջ։ Չնայած իր ապրած տխուր կյանքին, նա չար չէ, աշխատում է ազնիվ ապրել: Թեև Էնցոն փորձում է սադրել նրան, համոզել ամեն կերպ ազատվել Չիկոյից, բայց նա ներքին անհանգստություն ունի, համարձակությունը չի ներում դրժել մորը տված խոսքը, կամ գուցե խի՞ղճն է տանջում։ Դերասանի վարքագծում կատակերգական տարրեր են նկատվում, դա նաև Նավասարդյանի խաղային նկարագրից է գալիս, նա իր բնույթով կատակերգական տիպի դերասան է, բայց չափի զգացում ունեցող, երբեք բեմում չի տրվում տարերայնության, արտաքին խաղին, և կերպարը չի տանում էմոցիոնալ աղքատացման։ Տպավորիչ էր Նոռայի (նա այն կինն է, ում սիրում էր Սթեֆանոն և պատրաստվում էր ամուսնանալ հետը) իսկական մասնագիտության մասին նրա իմանալու տեսարանը։ Հիասթափություն, ցավ, տառապանք, ոտնատակ եղած երազանքներ երևացին դերասանի դեմքին, կարկամած խոսքի մեջ, շվարած կեցվածքում։ Հայրական հոգատարություն կա նրա վարքագծի, ենթագիտակցական թիկունքում. ինչպես էլ որ իրենց պահեն եղբայրները, նրանց հանդեպ բնազդային պատասխանատվություն է զգում։
Չիկոն աուտիզմով հիվանդ տղա է։ Այս հիվանդությանը բնորոշ է շփման ու հաղորդակցման խախտումներ, վարքագծի սահմանափակ կամ կրկնվող դրսևորումներ։ Դերասանի առջև բարդ խնդիր է դրված։ Խաղալ վարքագծային և մտավոր խնդիրներ ունեցող հասուն մարդու, բեմական իրականության մեջ դրսևորվել ըստ էության և հավաստի դժվար առաջադրանք է։ Աուտիզմն այն հիվանդություններից է, որի պատկերման համար մանրակրկիտ աշխատանք է պետք տանել՝ յուրացնել ժեստերը, դիմախաղը, խոսքը, վերաբերմունքը շրջապատին։ Ըստ դերի համար առաջադրված հանգամանքների և խնդրի դերասանը խաղում էր մի մարդու, ով չունի մտքի կենտրոնացում, սևեռուն է, ժպտում է երբեմն, բայց ոչ իմաստավորված, չի նայում դիմացինի աչքերին, հաղորդակցվում է անկանոն շարժումներով։ Օրինակ, երբ Չիկոն ինչ-որ բանից ոգևորվում էր, գլուխը վեր էր բարձրացնում, կիսատոն ծիծաղում էր, այնուհետև ձեռքերը վեր պարզած մատներով անկանոն շարժումներ էր անում։ Իր պարզ ուրախությունն արտայահտելու համար նա բացականչում էր «Ձյուն է գալի՛ս»։ Անհատականության գիտակցման բացակայության պատճառով անընդհատ կրկնօրինակում է Սթեֆանոյի կամ Էնցոյի շարժումները, խոսելաոճը։ Այս հիվանդությունը բնորոշելիս մասնագետները վարքագծային սահմանումներ են տալիս, հիվանդության դրսևորման տարբեր աստիճանների համար։ Նրանց բնորոշումներից «ռիտուալ վարքագիծ» ասվածը հատուկ էր Չիկոյի անհատական դրսևորումներին։ Այն ենթադրում է ամենօրյա չփոփոխվող գործողություններ, անփոփոխ ճաշացանկ։ Չիկոն ամեն օր արթնանում է գիշերվա ժամը 3-ին, վառում մոմերը և նշում իր ծննդյան օրը, ուտում է միմիայն կարտոֆիլի պյուրե, միշտ խաղում է նույն խաղերը։
Գևորգյան-Չիկոն ապրում է իր հնարովի աշխարհում։ Վարքագծային կրկնությունները, որը հատուկ է այդ հիվանդությունն ունեցող մարդկանց արտահայտված էին նրա հորինած խաղերում։ Ոստիկան և գող, պիցցերիայի աշխատակից և հաճախորդ, այս խաղրը զվարճացնում էին նրան, նա ստիպում էր եղբայրներին մասնակցել իր հորինած պայմանական աշխարհի իրադարձություններին։ Դերասանն այս դերը մարմանվորել էր իր մասնագիտական զինանոցի ամբողջ ներուժը խտացնելով, դրսևորելով մինչ այս եղած իր դերակատարւմների համեմատ աննախադեպ արտաքին խաղի հմտության։ Վերրջինիս անձնավորած Չիկոն թեև հիվանդ է, բայց հիմար չէ, նա միանգամից հասկացել էր եղբայրների ծրագրերն ու մշակել իրենը։ Հետաքրքիր էին կառուցված Չիկոյի և եղբայրենրի հարաբերությունների դրսևորումները։ Սթեֆանոն Չիկոյի նկատմամբ հոգատար է, համբերատար, մեղմ, Էնցոն՝ ընդհակառակը, լարված է: Չիկոն նրան նյարդայնացնում է մինչ այն պահը, երբ հասկանում է, որ նրանից կարող է օգուտ քաղել (Չիկոն Էնցոյի փոխարեն խաղադրույք է կատարում ձիերի վրա և անսպասելի կերպով մեծ գումար է շահում)։ Չնայած այդ ամենին Չիկոից ազատվելու միտքը նրանց հանգիստ չի թողնում։
«...իսկ դրսում ձյուն է գալիս» ներկայացումը արժեքավոր է ոչ միայն դերասանական փայլուն խաղեղանակներով, մասնագիտական դժվարամատույց մարտահրավերներով, բեմական յուրօրինակ ներկայությամբ, այլև ռեժիսորական աշխատանքով: Բեմադրական գործունեություն ծավալող հայ թատրոնի առաջատար դերարարներրից մեկը մասնագիտական բնավորության թելարանքով կարևորել էր ներկայացման դերասանակենտրոն ուղղվածությունը (այս բառի դրական իմաստով, չենք շփոթում 19-րդ դարի դերասանակենտրոնության հետ, որն ավելի շատ փառքը ուրիշի հետ չկիսելու մղման, բեմում ինքնկենտրոն խաղի դրսևորում էր)։ Ռեժիսուրան ոչ թե դերասանի անկարողությունը թաքցնելու, մասնագիտական բացթողումները կոծկելու միջոց էր դարձել, այլ ընդհակառակը, կերպարներրի ներքին շերտերի բացահայտման չդադարող գործընթաց էր նախաձեռել: Ներկայացումը ուշարժան էր որպես մեկ ամբողջական պատկեր, իր բոլոր բաղադրատարրերով: Բեմադրական կուռ աշխատանք, մտածված, տրամաբանված և պատճառաբանված բեմավիճակներ, ճաշակավոր և գաղափարամետ նկարչական ձևավորում, դերասանական որակ, նուրբ հումոր։ Այն ավարտվում է եղբայրների մահով, անսպասելի ավարտ կատակերգական իրրավիճճակների չդադարող շարքի համար (Չիկոն մորֆինի մեծ չափաբաժին է տալիս Սթեֆանոյին և Էնցոյին, որպեսզի եղբայրները չլքեն իրեն, մնան իր հետ), բայց հանդիսատեսի մեջ մեղմ ժպիտ հարուցում, կարեկցանքով ու ափսոսանքով միախառնված։