Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

23.11.2024   04:38

Հայտնի գրաքննադատ և թատերագետ Տիգրան Հախումյանի սույն հոդվածը գրվել է 1969-ին,  Արուս Ոսկանյանի մահվան 25-ամյակի առիթով։ Հոդվածը խմբագրությանն է տրամադրել քննադատի որդին՝ Սիմոն Հախումյանը։

Արուս Ոսկանյանը մեր սովետահայ թատրոնի ամենապայծառ աստղերից մեկն էր և նա ադպիսին էլ մնում է մինչև այսօր: Ահա անցել է նրա հավերժական բացակայությունից հետո քսանհինգ տարի մի ամբողջ քառորդ դար և նրա հիշատակը չի՜ խամրում և չի թառամում: Նրա կորուստը այն վերքերից չէ, որ ժամանակի ընթացքում սպիանում են և այլևս չեն մխում: Անդարմանելի է մնում այդ վերքը մեր սրտերում: Ահա ինչու այնքան էլ հեշտ չէ այսօր խոսել նրա մասին:

Նա ուներ բեմական զարմանալի հմայք և այն ամենը ինչ անհրաժեշտ է մարդկանց սրտերը գրավելու համար: Կանացի գեղեցկություն, շողշողուն աչքեր, վճիտ առոգանություն, շարժումների թեթևություն, ելևէջներով հարուստ ձայն և կերպարի մեջ ներթափանցելու նախանձելի ինտուիցիա:

Նա ի բնութենե ծնված էր բեմի համար, և նրա ստեղծագործական վերելքը, իմ խորին համոզմաբ սայթաքումներ ու անկումներ չունեցավ: Նա աճեց ու բարձրացավ դերից դեր՝ ամեն մի նոր դերում դրսևորելով իր շքեղ տաղանդի նորանոր կողմերը: Ստեղծագործական այդպիսի երջանկությունը շա՜տ քչերին է վիճակվում: Եվ արդեն դա էլ վկայում է նրա արտիստական տաղանդի պոտենցիալ մեծ կարողությունների մասին:

Շատ տարիներ են անցել այն օրերից հետո, երբ ես առաջին անգամ բախտ ունեցա տեսնելու նրան Թիֆլիսի բեմի վրաանցել է ավելի քան կես դար և ես  չեմ էլ կարողանում մտաբերել այն պիեսների անունները, որոնցում նա խաղում էր: Բայց մի բան անջնջելի հետք է թողել իմ հիշողության մեջ:

Դա հոգեկան այն զմայլելի, անխառն ուրախությունն էր, ուղղակի, կարծես, մանկական այն հրճվանքը, որով ամբողջապես լցված նա կատարում էր իր դերը: Կարծես, բնավ կարևոր չէր նրա համար այն, թե ինչ է խաղում, նա պարզապես երջանիկ էր, որ խաղում է, որ ապրում է հեքիաթային մի կյանքով: Եվ այդ երջանկությունը երևում էր նրա աչքերի փայլում, նրա ժպիտներում, նրա ինքնամոռացության մեջ:

Եվ արդեն այստեղից պարզ էր, որ մեծ շնորհ է տրված այդ ջահել արտիստուհուն, և որ այդ շնորհից մեծ գործեր են ծնվելու:

Այդպես էլ եղավ:

Նրա առաջին իսկ դերակատարումները Երևանի առաջի պետական թատրոնում, որն այժմ կոչվում է Գ. Սունդուկյանի անվան թատրոն, անառարկելի կերպով հաստատեցին, որ թատրոնը այն միակ աշխարհն է, որտեղ պիտի աճի և զորավորվի նրա բազմակողմանի տաղանդը:

Անմոռանալի են մնացել իմ հիշողության մեջ նրա առաջին դերակատարումները Երևանում Ռաուտենդլայնը՝ Հաուպտմանի «Ջրասույզ զանգում» և Նորան՝ Իբսենի «Նորա» դրամայում:

Որքան ռեալիստական գծերով էր օժտված Նորան՝ Արուսի հմայիչ կատարմամբ և դերի հոգեբանական անցումներով, նույնքան հեքիաթային ու երազական էր նրա Ռաուտենդլայնը վարպետ Հայնրիխի և Նիկելմանի հետ ունեցած տեսարաններում։

Այստեղ է, որ փայլուն կերպով երևաց նրա ստեղծագործական լայն դիապազոնը, որպիսին առավել ևս հաստատվեց հետագայում իրարից այնքան հեռու կերպարների մարմնավորմամբ, ինչպես, ասենք, Անույշը՝ Պարոնյանի «Պաղտասար աղբարում» և Դեզդեմոնա՝ Շեքսպիրի «Օթելլոյում»

Նրա կերտած բոլոր կերպարները մինչև այսօր էլ մնում են, չգերազանցված և Մարգարիտը՝ «Պատվի համարում», և Ռաշելը՝ «Վասա Ժելեզնովայում» և Կատարինան՝ Շեքսպիրի «Անսանձի սանձահարումը» պիեսում:

Ինչո՞ւմ էր Արուս Ոսկանյանի բացառիկ տաղանդի գաղտնիքը, այն, որ հնարավորություն էր տալիս նրան լինել այնքա՜ն համոզիչ և այնքա՜ն բնական այդ բոլոր իրարից շատ հեռու կերպարներում:

Չեմ կարող, իհարկե, պնդել, սակայն ինձ թվում է, որ այդ գաղտնիքի լուծումը պետք է փնտրել նրա ստեղծագործական անհատականության երկու շատ կարևոր արժանիքների զարմանալի միասնության մեջ: Մեկը՝ որ մտածող և դերի բոլոր խորությունները պրպտող արտիստուհի էր, և երկրորդը՝ որ նա միաժամանակ խորապես էմոցիոնալ անհատականություն էր: Նա գիտեր քննական սուր մտքով խորասուզվել դերի բոլոր նրբերանգների մեջ այնքան և այն աստիճան, որ կերպարը լիովին պարզ ու հասկանալի և հարազատ էր դառնում նրան և ապա այդ հարազատն ու հասկանալին դրսևորվում էր արդեն անխուսափելի հուզականությամբ: Չէ՞ որ բեմի վրա ապրում, խնդում կամ տառապում էր այլևս ոչ թե Արուս Ոսկանյանը, այլ ինքը Մարգարիտը, Դեզդեմոնան, Ռաշելը, Կատարինան, Ռաուտենդլայնը, Անույշը և այլն:

Բեմական կերպարի մեջ ամբողջապես լուծվելու նրա բացառիկ շնորհքը առանձնապես փայլուն դրսևորում էր գտնում կերպարի բնավորությանը հոգեբանորեն հարազատ դետալների, մանրուքների մեջ, որպիսիք երբեք իրենը՝ Արուսինը չէին՝ կերպարինն էին:

Շատ արտիստներ են եղել և այսօր էլ կան (նույնիսկ ժողովրդականներ), որոնք գրեթե բոլոր դերերում իրենց են խաղում: Եթե, օրինակ, ժլատների դերեր են խաղում, բոլոր այդ ժլատները անգամ մանրամասներում իրար նման են դուրս գալիս. չի զգացվում տարբեր անհատականությունների սեփական խարակտերը: Դերասանը չի կարողանում գտնել այն առանձնահատուկը, որ բնորոշ է հատկապես տվյալ ժլատին, որովհետև չի լուծվում կերպարի մեջ, չի միաձուլվում նրան և միշտ մնում է նույն ինքը բոլոր դերերում:

Այդպիսին չէր անմոռանալի Արուս Ոսկանյանը: Նա երբեք իրեն չէր խաղում: Խորանալով կերպարի մեջ որոնում ու գտնում էր նրա ձևը և իր բնական ինտուիցիայով գտնում էր արատահայտչական հնարքները, որոնք հոգեբանորեն ամենից ավելի էին համապատասխանում տվյալ կերպարի խառնվածքին:

Դա ճշմարիտ արտիստին հատուկ մի շնորհ էր, որով և Արուսը մեծ էր մեր թատրոնում:

Ուզում եմ նշել այստեղ նրա արտիստական անհատականության մի կարևոր կողմը ևս և դրանով էլ խոսքս ավարտել:

Դա նրա մշտական և հարատևող ինքնաքննադատական վերաբերմունքին էր դեպի իր կատարած դերերը: Իր գործի ամենապահանջկոտ դատավորը նա ինքն էր, և դա էր, որ թույլ չէր տալիս նրան շլանալու իր հաջողություններից:

Պատերազմը նոր էր սկսվել, և այդ դժվար օրերին մեկ անգամ նա ճաշի էր եկել մեզ մոտ: Շատ խոսեցինք մեր թատրոնի մասին: Արուսը մի տեսակ մտահոգված էր: Եվ չգիտես ինչու ինձ թվաց, որ այդ մոգությունը կապ չունի այն ընդհանուր խնդիրների հետ, որոնց մասին երկար խոսում էինք: Այն է, ուզում էի հարցնել, թե ինչո՞ւ է մտահոգված, բայց խոսեց նա ինքը:

- Լսիր,- ասաց - Տիգրան: Մի հարց պիտի տամ քեզ, բայց պայմանով, որ անկեղծորեն և միա՛յն անկեղծորեն պատասխանես, կարո՞ղ ես:

- Կարող եմ: Ասա՛:

- Դժվար հարց է։ Թող մի փոքր հանգստանամ: -Պաուզա։ - Այսպես է, նորից պաուզա: Նայում է ինձ, կարծես, ստուգում է անկեղծ պատասխան լսելու հնարավորությունը: Հետո հանկարծ անսպասելի մի հարց:

- Դու գիտե՞ս, որ ես արդեն հիսուն տարեկան եմ:

- Այդ չի երևում, ոչ ոքի չասես

- Ես քեզ հետ լուրջ եմ խոսում: Մի ժպտա: Լուրջ եմ խոսում: Իսկ իմ կատարած բոլոր դերերում ես ջահել կին կամ աղջիկ եմ: Դեզդեմոնա, Ռաշել, Մարգարիա, Ռաուտենդլայն, Նորա, Կատարինա, Օֆելյա, Անույշ և այլն, և այլն... Դրանց համար թեթևություն է պետք, իսկ ես ծանրացել եմ: Առաջ քայլում էի բեմի վրա, կարծես թռչում կամ սահում էի, ոտքերս չէի զգում... Հիմա լսում եմ քայլերիս ծանրությունը, և սիրտս փշրվում է Տիգրան... իսկ դու ասում ես «չի երևում»... Երևում է, սիրելիս, ինչպես երևում է և քո կոմպլիմենտը:

- Իմ ասածը կոմպլիմենտ չէր:

- Կոմպլիմենտ էր. մի կեղծիր: Լեզուդ ասում է՝ ոչ, աչքերդ ասում են՝ այո՛։ Հապա՜... Լավ, այդ թողնենք: Ես տարակուսանքների մեջ եմ: Զգում եմ դաժան ակներևությամբ, որ մինչ այսօր կատարած իմ դերերը արդեն խուսափում՝ փախչում են ինձանից: Օտարանում են ինձ: Ի՞նչ անեմ:

Հարցն անսպասելի էր և շեշտակի: Անմիջապես չկարողացա պատասխան գտնել, իսկ նա խռովահույզ սպասում էր: Եվ ինչպես հաճախ լինում է այդպիսի դժվար դեպքերում՝ երկար պաուզայից հետո՝ իր հարցին հարցով էլ պատասխանեցի.

-Իսկ դու ինքդ ի՞նչ ես որոշել:

- Ոչինչ: Երևի կթողնեմ բեմը:

- Դո՞ւ: Դու կթողնես բե՞մը: Չե՛ս կարող: Ոչ դո՛ւ կարող ես բեմը թողնել և ոչ էլ բեմը քեզ կթողնի: Դուք անբաժանելի եք:

- Ապա ի՞նչ անեմ: Ես արդեն ո՛չ Դեզդեմոնա եմ, ո՛չ Մարգարիտ, ո՛չ Ռաշել...

- Խաղա ուրիշ դերեր: Քո կարողությունները անսպառ են: Փորձի՜ր:

- Ուրիշ դերե՞ր: Ի՞նչ ուրիշ դերեր: Պառավների՞:

- Ինչո՞ւ անպայման պառավների: Ջահելների և պառավների արանքում մի ուրիշ հասակ էլ կա: Քառասուն- քառասունհինգ տարեկանների... նույնիսկ հիսուն...

- Հիսուն տարեկան կինը արդեն պառավ է, ինչե՞ր ես խոսում:

- Դու ասում ես, ներողություն, իհարկե, որ կրկնում եմ խոսքդ, հիսուն տարեկան ես: Դա պասպորտային փաստ է: Բայց հոգով, մտքով, սրտով ու կյանքի եռանդով դու քեզ պառավ համարո՞ւմ ես։ Ձեռքդ դիր սրտիդ վրա և անկեղծորեն ասա: Համարո՞ւմ ես:

Ժպտացող աչքերով նայեց ինձ և ասաց.

- Չե՜մ համարում: Ո՛չ։ Բայց դու խորամանկ մարդ ես եղել: Ես այդ չգիտեի: Քո կենացը:

Զարկեց իր բաժակը իմ բաժակին, նորից ժպտաց шишд.

- Զարմանում եմ: Դու արվեստի մարդ ես և, ներիր, իհարկե, բայց անմիտ բաներ ես ասում։ Ես ինչպե՞ս կարող եմ անմիջապես ամպլուա փոխել: Հեշտ բա՞ն ես կարծում:

Ո՛չ, - ասացի։ - Դեռ այնքան չեմ հիմարացել, որ հեշտ բան կարծեմ: Բայց օրինակ, կամաց-կամաց հոգեբանորեն նախապատրաստվել կարո՞ղ ես: Կարո՞ղ ես: Միջին տարիքի հերոսուհիների այն դերերը, որոնց կողքով մինչև այսօր անտարբեր անցել ես, հիմա կարո՞ղ ես նոր աչքերով կարդալ, խորանալ նրանց հոգեբանության մեջ, մտածել նրանց ապրումների մասին: Կարո՞ղ ես: Ուրեմն դեռ վաղաժամ ես ուզում զինաթափվել: Դու դեռ շա՜տ պայծառ հեռանկարներ ունես:

 - Այն էլ պայծա՞ռ: Այդպես էլ մխիթարե՞լ կլինի:

- Ինչո՞ւ պիտի մխիթարեմ: Դրա հարկը չկա: Ես միայն հիշեցնում եմ քեզ քո անսպառ կարողությունները: Բաժակդ բեր: Քո կենացը: Եվ այլևս թողնենք այս խնդիրը: Դա քեզ չի սազում:

Ոչինչ չասաց: Հետո ես նրան ուղեկցեցի մինչև իր բնակարանը: Ճանապարհին լուռ էր: Երևի մտածում էր: Միայն երբ հրաժեշտ էի տալիս՝ կիսաժպիտ, կիսավշտացած ասաց. - Բայց, գիտես, դու շատ քարսիրտ մարդ ես եղել: Գոնե մի երկու խոսքով առարկեիր ինձ, երբ ասացի, թե ջահելների դերերն ինձ համար արդեն դժվարացել են: Ասեիր, էլի, չէ, ի՞նչ ես ասում... և այլն: Իսկույն համաձայնեցիր... Կոմպլիմենտն այստեղ էր հարկավոր:

Զվարթ ծիծաղով վերջավորվեց այդ օրը:

Մի քանի ամսից հետո Արուսը փայլուն կերպով կատարեց տարիքավոր ռուս հայրենասեր կնոջ՝ Մարիա Նիկոլաևնայի դերը` Կ. Սիմոնովի «Ռուս մարդիկ» պիեսում: Խաղաց այնպիսի նուրբ վարպետությամբ, կարծես միշտ էլ այդպիսի դերեր է խաղացել: Մեծ էր, մեծ էլ մնաց: Եվ հազար ափսոս, որ գնաց...

Նյութի աղբյուրը՝ Սովետական արվեստ, 1977թ. №3

44 հոգի