Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

23.11.2024   03:14

Այս տարվա փետրվարին լրացավ դերասան և գրող Միքայել Մանվելյանի ծննդյան 100-ամյակը, որը պարտավորեցնում է մեզ մի անգամ ևս վերհիշել նրա կերպարը:

Նրանք, ովքեր ժամանակին շփվել են այդ սիրելի մարդու հետ և կամ հաճախ դիտել բեմահարթակում, երբեք չեն մոռանա արվեստագետի ինքնատիպ ու գունեղ անհատականությունը, որը իր դրոշմն է թողել և՛ կերտած բեմական տիպարներում, և՛ գրական երկերում: Երկու պարագայում էլ երևում էին նրա ստեղծագործության ներքին հարստությունը, անկեղծությունն ու անմիջականությունը՝ ուղված գեղարվեստական ճշմարտացիությանը հասնելու զորեղ մղումներով: Մենք դրանում լիովին կհամոզվենք, եթե թերթելու լինենք մի կողմից՝ մեզ թողած՝ նրա գեղարվեստական գրականության ժառանգությունը, մյուս կողմից՝ հայ թատրոնի պատմության տարեգրության ծալերում սփռված նրա ստեղծած բեմական կերպարների հիշատակումները: Առաջինում նա իր ժամանակ աչքի է ընկել գրական էսքիզներով, նովելներով, պատմվածքներով, վիպական փորձերով, առանձնապես դրամատիկական էտյուդներով և լիարժեք պիեսներով: Հիշատակենք այստեղ «Երեք կոպեկ», «Սև քաղաքում», «Գարեջրատանը», «Խրտվիլակը», «Դռնապահ Հարութը», «Փակ դուռը», «Կայարանում», «Լրագրավաճառը» և այլն, որոնց կողքին ուրույն երանգավորում ունեն մանավանդ «Սպիտակ ծաղիկներ», «Ամառանոցում», «Խարտյաշ աղջիկը» պատմվածքները: Եթե նրա գրական արձակի որոշ մասը աչքի է ընկնում իր սոցիալական հենքով, որոնցում զգացվում է խոր կարեկցանք ու համակրանք դեպի թշվառ մարդը և խիստ բողոքի շեշտեր դեպի այն հասարակական միջավայրը, որտեղ ապրում է թշվառը, ապա մյուս մասը պարուրված է հոգեբանական նրբին գծերով, լի հուզականությամբ ու քնարարական մեծ շնչով: Նրա գրական ձիրքի լայնքը բացահայտվում է մանավանդ դրամատիկական ստեղծագործություններում, որոնցից մի քանիսը՝ «Գանդեն», «Դեպի փայլող լույսը», «Հեքիաթը», «Ոստայնը» մեծ հաջողություն են ունեցել:

Ուզում ենք անմիջապես ավելացնել, որ Մանվելյանի գրական ձիրքի զորեղ մրցորդը դերասանական քանքարն էր: Ինքն ուրիշների նման այն կարծիքի չէր, թե մեկը մյուսին խանգարում է: Պնդում էր, որ ընդհակառակը, մեկը մյուսին սնունդ է տալիս: Եվ օրինակ էր բերում, թե մարդկային հոգու գրական պատկերման մեջ իր դերասանական արվեստը խորը կերպով պրպտելու մեծ հնարավորություններ է ընձեռում: Եվ, հակառակը, իր գրական կերպարների ստեղծման եղանակը դրդում է ավելի մանրամասն մշակել այս կամ այն բեմական կերպարը:

Սակայն մի բան պարզ էր, որ Մանվելյանի բեմական արվեստը նրա ստեղծագործական անհատականությունը շատ ավելի մեծ չափով էր իմաստավորում ու զարդարում: Եվ հասկանալի է, քանի որ իր դերասանական տաղանդի ուժով այնքան ուրույնատիպ էր, այնքան ցայտուն, խաղարկության արտահայտչաձևով այնքան դիպուկ, որ չէր կարող հանդիսատեսի աչքում չառանձնանար և հատուկ վերաբերմունքի չարժանանար: Ո՞վ կարող էր մազաչափ անգամ թերագնահատել նրա Շեյլոկի, Ֆրանց Մոորի, Տարտյուֆի, ՅուսովիԵկամտավոր պաշտոն»), ԿաստիլյովիՀատակում»), Յագոյի բեմական յուրահատուկ կերպարները, որոնք մեծ հաջողություն են գտել հանդիսատեսների լայնագույն շրջաններում: Ո՞վ կարող էր խորապես չընկալել հոգեբանական մանրամասներով օժտված և ռեալիստական փափուկ ու տաք գույներով ողողված նրա Դոկտոր ՌանկըՆորա»), ԷնկդրանդըՈւրվականներ»), Պաուլ ԳրիգերըՈւրվականների հետևից»). Բժիշկ ՀերդալըԿառուցող Սոլնես») և այլն: Առիթ է նորից ասելու, որ Մանվելյանն իր ստեղծած կերպարների հիմնական ելակետը միշտ համարում էր գեղարվեստական ճշմարտացիությունը, որին երբեք չդավաճանելով՝ այնուհանդերձ բաժանում էր երկու չափանիշի: Դասական ողբերգություններում խաղացած իր դերերը նա ծեփում էր լայն ու որոշ չափով խտացած շտրիխներով, իսկ հոգեբանական նկարագիր ունեցող կերպարները հյուսում՝ կամերային, մտերմիկ երանգներով: Նկատենք, իր այս մոտեցումները կատարյալ արդարացում էին գտնում խաղարկության ընթացքում: Այս տեսակետից նա մեծ վարպետ էր: Գեղարվեստական այս եղանակի մեջ, ինչ խոսք, մեծ դեր էր կատարում նրա թափանցուն միտքը, վերլուծական հմտությունը ու բեմարվեստի խոր իմացությունը: Տեղին է հիշել, որ նա տանել չէր կարողանում թատերական արվեստի հնամոլությունը, խիստ պահպանողականությունը, թարմությունից խուսափելը: Նրա և՛ գրական, և՜ թատերական-գեղարվեստական խոհերի միջուկը միշտ կազմված է եղել ժամանակակից գրականության և բեմարվեստի առաջավոր հոսանքներից ստացած տպավորություններից: Ժամանակին նա եղել էր Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի ջերմ երկրպագուն, ինչպես նաև նոր թատրոն ստեղծելու գաղափարների ընկալողն պաշտպանը: Հայ թատրոնում նա միշտ այն գործիչների հետ էր, որոնք ձգտում էին բարեփոխություն մտցնել բեմարվեստում: Նոր թատրոնի միտքը նրան հետապնդում էր շարունակ:

Հենց դրան պիտի վերագրել այն լուրջ քայլը, որ նա կատարեց իր կյանքում՝ առաջին օրերից իսկ իրեն նվիրելով սովետահայ թատրոնին, որի ոլորտում նա ապրեց ու ստեղծագործեց մինչև իր մահը (1944 թ.)։ Այդ թատրոնը Գ. Սուդուկյանի անվան թատրոնն էր, որի ստեղծագործական աճմանն ու զարգացմանը ժողովրդական արտիստ Միքայել Մանվելյանը նպաստեց շատ մեծ չափով: Նա այդ թատրոնի նվիրյալներից էր, ստեղծագործական կյանքի լավագույնը եռանդուն պաշտպանելով, թերություններն ու սայթաքումները բուռն քննադատելով: Իր թատրոնում նա դարձավ թե դասական գրականության բեմական մարմնացումների քաջալերիչը, թե սովետական դրամատուրգիայի արժեքավոր գործերի բեմադրություններին մեծապես խթանողը։ Նոր դրամատուրգիայում մեծ սիրով ստեղծեց այնպիսի կերպարներ, որպիսիք էին ՉիրըԼյուբով Յարովայա»), ՉեուսովըԽռովություն»), Առաջին գյուղացինԼենինը 18 թվին»), ԿայարանապետըԶրահագնացք 14-69), ԿուսյակՀրե կամուրջ»), Ծառուկ ԽորխոռունիՆապոլեոն Կորկոտյան»), ԽոսրովՕղակում») և այլն: Սրանք սոսկ տիպիկ բնավորություններ գծելու գեղարվեստական փաստեր չէին, այլև արվեստագետի քաղաքացիական ոգու արտահայտություններն էին:

Այսօր չի կարելի գրել սովետահայ առաջին թատրոնի պատմությունը առանց Միքայել Մանվելյանի կատարած գործի մեծությունը լայնորեն նշելու:

Նյութի աղբյուրը՝ Սովետական արվեստ, 1977թ. № 4

41 հոգի