Սեղմիր
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

23.11.2024   01:57

Կոմիտասն այն մեծերից է, ում գործունեությանն անդրադառնալիս հարկ չկա նշելու, որ նրա մասին քիչ է գրվել կամ խոսվել: Հայ մշակույթի գործիչներից թերևս ոչ մեկի մասին այդքան չի գրվել, որքան Կոմիտասի: Այս ամենով հանդերձ, եղածը հեռու է սպառիչ լինելուց:

Երաժշտագետ-բանահավաք կոմպոզիտորի ծննդյան 155-ամյակի առթիվ ներկայացնում ենք նրա կապերն ու առնչությունները թատերական գործիչների և թատերական աշխարհի հետ: Կոմիտաս Վարդապետը՝ մեր ժողովրդի երաժշտական մշակույթի խորհրդանիշներից մեկը, մեզ հետաքրքրում է ոչ միայն իր երաժշտությամբ, այլև իրեն շրջապատող բազմակողմանի մշակութային կյանքով: Նրա կապերն արվեստի տարբեր ոլորտների, հատկապես թատրոնի ու գրական աշխարհի ներկայացուցիչների հետ, շատ տարբեր են՝ սկսած մտերմական զրույցներից մինչև համատեղ ստեղծագործություններ: Մեզ հետաքրքրել են այն փաստերը, որոնք Կոմիտասի անձն ու արվեստը հարստացնում են նոր մանրամասներով, որ գուցե քչերին է հայտնի: Միջավայրի զանազանությունը ստեղծագործողին մղում է ավելի խորը, բազմաշերտ զգացմունքների բացահայտման, ինչի արդյունքում նա հայտնվում է հետաքրքիր և յուրահատուկ ստեղծագործական փնտրտուքի մեջ: Բայց նախ խոսենք Կոմիտասի և հայ բեմի վարպետների մտերմության մասին: Կյանքի վերջին տարիներին, շատ քչերն են այցելել նրան: Գիտենք, որ Շիրվանզադեի ուղեկցությամբ 1923 թվականին վարդապետին այցելության է գնացել Հովհաննես Աբելյանը: Նրա աղջկա` Մարիկայի հուշերից իմանում ենք, որ այցելությունը ծանր հետք է թողել դերասանի վրա. «Լավ կլիներ չգնայի, Շիրվանն (Շիրվանզադեն-Ն.Շ.) իրավացի էր: Սոսիների պուրակում սպիտակազգեստ, հայացքը հեռուն հառած նստած էր Կոմիտասը»[1]: Աբելյանը միշտ բարձր է գնահատել Կոմիտասի արվեստը, հատկապես նրա երգերի խորությունն ու ազգային բնույթը։ Նրանց բարեկամությունը սկսել է դեռևս 1899 թվականին, երբ Կոմիտասն ուսանում էր Բեռլինում։ Հետագայում հանդիպել են տարբեր քաղաքներում ու երկրներում, այդ թվում՝ 1907 թվականին Փարիզում, լուսանկարվել են Կոնկորդի հրապարակում, որն էլ տպագրվել է մամուլում Սովետական արվեստ», 1969, № 10, լուսանկարը  տրամադրել է Արշալույս Թերլեմեզյան-Սարգսյանը): 1910 թվականին Էջմիածնից Կոստանդնուպոլիս գնալիս Կոմիտասը Թիֆլիս է գնացել։ Եղել է Նաբերեժնայա փողոցի վրա գտնվող Հովհաննես Աբելյանի տանը: Մարիկա Աբելյանը հիշում է. «Զրույցի թեման երաժշտությունն էր, արվեստը, հայ ժողովրդի ճակատագիրը, իսկ երբ Կոմիտասը նստում էր դաշնամուրի մոտ, մայրս... ուղղակի անձնատուր էր լինում երաժշտությանը։ Տպավորությունն այնպիսին էր, թե նա բնության գրկումն է և ունկնդրում են նրան սարերը, անտառները, Հայաստանը։ Ձայնը բարձր էր ու զորեղ»[2]:

Գուրգեն Գասպարյանն իր կազմած «Կոմիտաս Վարդապետ» լուսանկարների ալբոմի առաջաբանում[3] բերում է Աղասի Մեսրոպյանի հուշը Կոմիտասի լուսանկարների ալբոմի մասին: Հուշից պարզ է դառնում, որ նա Խրիմյան Հայրիկի, Խաչատուր Աբովյանի, Միքայել Նալբանդյանի, Հակոբ Պարոնյանի և էլի շատ մեծերի լուսանկարների կողքին պահել է Պետրոս Ադամյանի, Սիրանույշի և Ազնիվ Հրաչյայի լուսանկարները: Ադամյանի և Հրաչյայի մասին այլ տեղեկություններ չունենք, բայց Սիրանույշի հանդեպ նրա վերաբերմունքը երևում է նաև նրա նամակից: Ռուբեն Զարյանը գրում է, որ Սիրանույշի հոբելյանական երեկոյից հետո դերասանուհուն անձամբ շնորհավորելու համար շատերն են փորձել մոտենալ, իրենց սրտի խոսքն ասել. «Միայն մի մարդ, դուրսը, բազմության մեջ երկար սպասելուց հետո, որոշում է չմտնել, որպեսզի այդ օրվա, ինչպես ինքն է ասում, բազմալեզու, թաթախուն, զեղուն զգացմունքների բուռն ծովի մեջ անհետ չանցնեին իր սրտի խոսքից ժայթող զգացմունքները: Այդ մարդը Կոմիտասն էր»[4]: Մի քանի օր հետո Կոմիտասը մի շնորհավորական նամակ է ուղարկում Սիրանույշին, որը բարեբախտաբար պահպանվել է, և գտնվում է Գրականության և արվեստի թանգարանում: Հարկ ենք համարում, այն ներկայացնել ամբողջությամբ. «Դուք երեսունհինգ տարի անդադար գեղարվեստի մուրճը ձեռին անձնվեր կռեցիք, կոփեցիք, ամեն խոչ ու խութ ոչնչացրիք, Ձեր տոկուն կամքի թափով արծվի պես սլացաք հասարակության հորիզոնից վեր, շատ վեր, թագավորեցիք սրտերի և մտքերի վերա, ապա հզորապես ձգտեցիք, տարաք և Ձեզ հետ բարձր, հանեցիք դեպի ազնիվ գեղարվեստի կանաչազգեստ ու կենսունակ բլուրն ի վեր հասարակությունն էլ:

Այնտեղ ցույց տվիք նորան Ձեր ստեղծած հրաշալիքները՝ կյանքի մի շարք պայծառ ու խավար, ազնիվ ու կոպիտ... կենդանի տիպեր, արձանագրեցիք նորա սրտի և հոգու խորունկ աշխարհներում, պատկերներ ու նկարներ արձանացուցիք, որոնք չեն թոշնում բնության ոչ մի արհավիրքից, որոնք շեշտակի թափանցում են մեկ սրտից մյուսն օղակելով, մեկ հոգուց մյուսը շղթատելով:

Ինչ ավելի դժվար բան կա, քան սրտեր ու հոգիներ տաշելը և այն այնպիսի միջավայրում, որ գեղարվեստը հավասար է ժամանցի: Բայց Դուք ժրաջան մեղվի պես երեսունհինգ տարի շարունակ թռաք մեկ բեմից մյուսը և գեղարվեստի մարգերից, բազմապիսի ծաղիկներից հավաքեցիք առատ հյութ, որպեսզի հայ բեմի փեթակը լցնելու օժանդակեք:

Ձեզ հետ և առաջ ճանապարհ ընկան շատերը, բայց ոմանք հողմավար եղան, ոմանք շնչասպառ, ոմանց անգործության մատնեցին, ոմանց դեմ դավեր լարեցին… Դուք կարողացաք ճեղքել ամեն արգելք և առաջ արշավել: Արշավեցիք երեսունհինգ տարի էլ առաջ անվհատ ու հաստատ ուղիով, որ բացիք:

Այժմ որքան հստակ ու հանգիստ է Ձեր սիրտը, Ձեր հոգին, որ երեսունհինգ տարի երկար աշխատելուց հետո հանգչում է մարդկանց սրտերի ու հոգիների վերա, Ձեր իսկ կառուցած գեղարվեստի անսասան ու մշտակենդան ապարանքների մեջ:

Սրտանց շնորհավորում եմ Ձեր փառքը և ցանկանում էլ ավելի փառավորություն ու կանաչ պայծառ արև»[5]:

Ի պատասխան Կոմիտասի նամակի`Սիրանույշն ուղարկել է նրան իր լուսանկարը, հետևյալ մակագրությամբ. «Գերապատիվ հայր Կոմիտասին, անչափ գեղեցիկ և թանկագին հիշատակի փոխարեն, խորին հարգանոք` Սիրանույշ. 1 մարտի, 1909, Բաքու»:

Վերը նշված «Կոմիտաս Վարդապետ» լուսանկարների ալբոմում կա նաև մամուլից վերցված Կոմիտասի և Սիրանույշի անթվակիր լուսանկարը:

Երիտասարդ Կոմիտասի մասին հուշեր ունի գրած դերասան և գրող Միքայել Մանվելյանը:  Նա հիշում է, որ ճեմարանում սովորող սարկավագները եղել են մռայլ և դժգոհ, կարծես ամաչել են իրենց երիտասարդ լինելուց և աշխատել են երիտասարդի չնմանվել, չծիծաղել, չմասնակցել խաղերի։ Հեղինակի խոսքերով ասած` «լրջություն են խաղացել»: Մանվելյանը նկատել է մեկին, ով տարբերվել է բոլորից, դեռևս սարկավագ Կոմիտասին հիշում է որպես անսպառ կենսախնդությամբ օժտված և համաշխարհային գրականության հանդեպ մեծ հետաքրքրություն ունեցող մի պատանու. «փոքրիկ, ցանցառ մորուքով, նիհար, ժպտուն, բոլորովին նման չէր իր ընկեր սարկավագներին։ Դա Սողոմոն սարկավագն էր՝ Կոմիտասը, ապագայի նշանավոր երաժշտագետը։ Ես զարմանում էի, թե ինչու է նա սարկավագ դարձել և ինչպես է այդպիսի ցանցառ մորուքով վարդապետ դառնալու։ Ես նրան ճանաչեցի մեր Վաղարշապատ գալու երկրորդ տարին։ Թեև մյուս սարկավագներին չգիտեմ ինչու չէի սիրում, երևի նրանց այնպես մռայլ և անժպիտ լինելու համար, բայց այդ սարկավագին սիրում էի, նա ա՜յնքան համակրելի ժպտում էր և այնքա՜ն բարձրաձայն վիճում գրականությամբ տարվածների հետ, որ ինձ դուր էր գալիս։ Նրանց հետ էի գրեթե բոլոր ազատ ժամերս։ Խոսում էինք, վիճում։ Գրականությունը մեր խոսակցության ամենասիրելի թեման էր։ Իրար պատմում էինք նոր կարդացած գրքերի մասին։ Ես նրանցից ետ չմնալու համար աշխատում էի ամեն օր մի նոր գրողի անուն տանել հետս։ Շեքսպիրը, Բայրոնը, Պուշկինը, Լերմոնտովը մեր պաշտամունքի առարկաներն էին»[6]:

Մանվելյանի հուշերում եզրագծվում է արվեստագետի ինքնատիպ բնույթը և ձևավորվող գեղարվեստական ճաշակը:

Պատանեկան տարիներից նկատելի է սերը և հետաքրքրությունը թատերական արվեստի հանդեպ: Կան հուշեր, որոնց դեռ կանդրադառնանք: Հետաքրքրական է այն փաստը, որ նրա ուշադրությունից դուրս չեն մնացել նույնիսկ արտասահմանում ստեղծագործող հայ արտիստները: 1904 թվականին Արշակ Չոպանյանին գրած նամակներից մեկում Կոմիտասը խնդրում է իր համակրանքն ու հիացմունքը հաղորդել փարիզահայ դերասան Մաքս Մաքսուտյանին. «Պարոն Մագսուտեանին յատկապես հիացմունքս եւ սրտիս անկեղծ ուրախութիւնը յայտնեցէք» (Մաքս Մաքսուտյանը եղել է ֆրանսիական թատրոնի և կինոյի դերասան, Սառա Բեռնարի խաղընկերը: 1904 թվականին ավարտել է Փարիզի կոնսերվատորիայի դրամատիկական բաժինը և Տրիբուլեի (Վ.  Հյուգո «Արքան զվարճանում է») մենախոսության համար արժանացել է ողբերգության առաջին մրցանակի: Շնորհավորանքն այդ առթիվ է)[7]:

Ելնելով որոշ հուշագրություններից տպավորություն է ստեղծվում, որ Կոմիտասը ունեցել է իր շրջապատը դրական էներգիայով լցնելու բացառիկ կարողություն,  պատրաստ է եղել ուրախացնել ու զվարճացնել իր ընկերներին, նրանց երեխաներին` ընտանեկան երեկոները խաղի վերածելով: Արուս Բաբալյանը պատմում է. «Առավոտյան խորհրդավոր տեսքով ասաց ինձ, թե մտադիր է երեկոյան ձեռնածություններ անել ոչ պակաս հաջողությամբ, քան այդ ֆակիր կոչեցյալը, դեռ հետո էլ հիպնոսի սեանս անցկացնել: Միայն թե… մի մարդու ուժերից վեր է այդ ամենը, և նա իմ օգնության կարիքն ունի: Պայմանավորվեցինք, թե ինչպես ենք անելու «ձեռնածությունները», և թե նա ինչպես պետք է ինձ «հիպնոսի»: Հափշտակված էր ձեռնարկով, ուրախանում էր երեխայի նման, հրճվում… Ձեռնածությունները ու հիպնոսը ներկայացնելու էինք ընտանեկան նեղ շրջանում, կողմնակի մարդիկ չպետք է լինեին: Ամբողջ ցերեկը նվիրեցինք մեր գաղտնի փորձերին, մեկ առ մեկ մշակեցինք բոլոր մանրամասները և անհամբեր սպասում էինք մթնելուն: Վերջապես հասավ երկար սպասված երեկոն: Հարկավոր էր պատրաստել «ռեկվիզիտը» և տեղադրել դահլիճում: Այստեղ «գլխավոր փորձն» արեցինք փակ դռների հետևում: Նա դահլիճի մի ծայրին փոքրիկ սեղան դրեց, ծածկեց սև սփռոցով, վրան` շիշ: Շշի մեջ գրիչ մտցրեց, գրչածայրին բարակ սև թել կապված: Թելը սեղանի ու հատակի վրայից, աթոռների արանքով հասնում էր դահլիճի մյուս ծայրը, վերջին աթոռին, որի վրա ես էի նստելու: Դահլիճում կիսախավար պետք է լիներ: Մեր պայմանավորվածության համաձայն, նա շշի վրա «կախարդող» շարժումներ էր անելու` անհասկանալի խոսքեր մրմնջալով: Եվ երբ «հափշտակությունը» հասներ գագաթնակետին, ես շարժելու էի թելը, և գրիչը պարելու էր շշի մեջ: Իսկ երբ նա, վերջապես, ձեռքերը տարածեր երկինք, ես պետք է թելը քաշեի այնպես, որ գրիչը դուրս թռներ շշի միջից: Այդպես էլ եղավ: Եվ նա, գրիչը սեղանից վերցնելիս, կիսախավարում աննկատելիորեն արձակեց թելը: Տպավորությունը ցնցող էր: Զարմանքի և հիացմունքի բացականչություններ լսվեցին, որ նշանակում էր` այդ մի ձեռնարկը հաջողվել է կատարելապես: Մնում էր մյուսը: Մեր «ֆակիրը»  սևեռուն նայեց աչքերիս մեջ, «հիպնոսեց», և երբ «քնեցի» սկսեց ներշնչել, թե ինչ պետք է անեմ: Իսկ ես անելիքս գիտեի դեռ առավոտվանից, և ամեն բան տեղը-տեղին կատարեցի, հիացմունք պատճառելով հանդիսատեսներին և մասնավորապես, կախարդ վարպետին»[8]:

Գուցե մի փոքր անսովոր և անսպասելի են նման հիշողությունները, հաշվի առնելով նրա հոգևորականի դերը, բայց շատ կարևոր են, քանի որ բացահայտում են Կոմիտասին որպես անձ, ով կարողացել է լինել լուրջ և խորը մտածող արվեստագետ, միաժամանակ` կենդանի և ուրախ մարդ։ Կոմիտասն իր անհատականությամբ և կենսասիրությամբ լիարժեք մարդ է եղել, ով շրջապատին կարողացել է փոխանցել ուրախություն և թեթևություն: Այդ մասին պատմում է նաև Հրաչյա Աճառյանը. «Վերին աստիճանի կոմիկ մարդ էր Կոմիտաս Վարդապետը, և որովհետև ես էլ սիրող եմ եղել զավեշտի, ուստի մտերմական շրջանում հաճախ երկուսով ներկայացնում էինք Պարոնյանի Բաղդասար աղբարի այն տեսարանը, երբ ազգային ժողովի անդամները դռնից մտնելու համար երկար բարակ իրար համեցեք են անում: Մենք տեսարանը ավելի զարգացնելով ծաղրանքի բարձրագույն աստիճանին էինք հասցրել: Ընկերները շատ էին ծիծաղում և հաճախ խնդրում էին, որ կրկնենք այդ տեսարանը: <…> Ամենալուրջ խոսակցության մեջ Կոմիտաս Վարդապետը հանկարծ մի կատակ կամ թեթև զվարճություն էր խառնում»[9]: Կա մեկ այլ հուշ ևս, որտեղ Աճառյանը կրկին անդրադառնում է Կոմիտասի  դերասանական շնորհքին. «Կոմիտաս մարդկային բացառիկ առաքինութիւններու ծով էր: Չափազանց աշխատասէր, աննկուն կամքի տէր, անկեղծ, բարեհոգի, ընկերասէր, քաղցր եւ համեստ` ամենուն նկատմամբ: Մաքրակրօն էր ան եւ մեծ հայրենասէր մը: Բայց իր երաժշտական հանճարէն, քովնտի շնորհքներ ալ ունէր. բանաստեղծ էր եւ ճարտար կոմիկ դերասան մը, որ ֆարսի մէջ ալ մեզ յայտնի էր: Վերին աստիճանի սրամիտ, կենսուրախ եւ պատրաստաբան էր Կոմիտաս եւ սիրուած ճեմարանի մեծէն ու փոքրէն»[10]:

Առաջին հայացքից մարդու բնավորությունը և անձը ամբողջացնող պատմություններ են: Բայց մեզ սրանք հետաքրքրում են այլ տեսանկյունից ևս: Խաղը, ստեղծագործական տարերքը մարդուն ուղեկցում են մարդկային գոյության բոլոր ոլորտներում: Ինչպես Յոհան Հայզինգան է պնդում իր «Հոմոլուդենս» աշխատության մեջ, խաղը հանդիսանում է ոչ միայն զվարճանքի միջոց, այլև ստեղծագործական ու հոգևոր արդյունքների խթանիչ: Նա պնդում է, որ խաղը, իր էությամբ, մարդկանց ու նրանց ստեղծագործությունների անբաժան մասն են կազմում, այն պետք է դիտարկել ոչ թե որպես ծիծաղելի անցուդարձ, այլ՝ որպես մարդու գոյության էական մաս: Երաժշտությունը, ինչպես նաև նրա հանդեպ ունեցած վերաբերմունքը, ոչ միայն արտացոլում է ազգային ու հոգևոր արժեքներ, այլև` խաղային տարր է պարունակում։ Հայզինգան գտնում է, որ խաղը հաճախ կարող է լինել ավելի բարդ,  քան պարզապես զվարճանք, այն կարող է միավորել արվեստը, մշակույթը և նույնիսկ հոգևոր արժեքները: Խաղի և զվարճանքի տարրեր առկա են Կոմիտասի և կյանքում, և արվեստում: Նրա երաժշտության մեջ կարելի է գտնել խաղային տարրեր, որոնք պարունակում են հուզական թռիչքներ, երգերի մեջ գտնվող ազգային դիմանկարի խաղարկումներ: Չփորձենք մտնել երաժշտագիտական տարածք և անդրադառնանք փաստերին: Խաղային տարերքը Կոմիտասին մոտեցրել է բեմական արվեստին, որոշ ստեղծագործությունների համար կոմպոզիտորը գրել է երգեր. «Այստեղ պետք է հիշել Կոմիտասի կազմած մի օպերետկան, որի մասին կարծեմ, թե գրականության մեջ ոչ մի հիշատակություն չկա: Կոմիտաս վարդապետը այս ճյուղն էլ փորձելու համար վերցրեց Պարոնյանի «Քաղաքավարության վնասները» գրքից մի հատված` «Բարի իրիկուն, աղա» և ձայնագրեց: Սովորեցրեց Ճեմարանի երգեցիկ խմբի աշակերտներին և մի հանդիսավոր օր ժողովրդի ներկայությամբ ներկայացրեց: Օպերետկան դուր չեկավ. երևի հեղինակն էլ դժգոհ մնաց և ուրիշ անգամ նման փորձ չարավ»[11]:

Ռոբերտ Աթայանը բերում է մեկ այլ փաստ[12]: ԳԱԹ-ի Հակոբ Հովհաննիսյանի ֆոնդում պահպանվում է Կոմիտասի ինքնագիր անվերնագիր մի երգ, որը ըստ ֆոնդատիրոջ Կոմիտասը գրել է Շիլլերի «Ավազակներ» պիեսի համար: Աթայանի պնդմամբ երգը ոչ մի կապ չունի վերը նշված պիեսի հետ: Նա գրում է. «Կոմիտասի հորինած երաժշտությունն է՝ դա ևս անվիճելիորեն ապացուցվում է, և ոչ միայն ինքնագրի հանգամանքով, այլև երաժշտության մեջ կոմիտասյան (ոչ ժողովրդական) մեղեդիական ոճի առատ տարրերի առկայությամբ: Հատվածը Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» պիեսի 3-րդ արարվածի Բ տեսարանից է, այն տեսարանից, ուր Բասանիոն երեք տուփերից մեկն ընտրելու և սիրո մեջ իր բախտը փորձելու նպատակով զննում է տուփերը։ Այս տեսարանում պիեսի հեղինակը նախատեսել է երաժշտություն և երգ։ Կոմիտասի բնագրում հայերեն խոսքերը վերցված են Հ. Մասեհյանի թարգմանությունից»[13]: Ապա կոմիտասագետ հեղինակը ուշադրություն է դարձնում հետևյալ փաստին. «Ձեռագրում այն շարադրված է միաձայն, առանց նվագակցության, երաժշտական մենախոսության ձևով։ Այդ փոքրածավալ երգ-մենախոսության մեջ, խոսքերին համապատասխան կարելի է նկատել երեք տարբեր տրամադրությունների հաջորդում՝ սկզբի «լայն» դանդաղահոս հատվածն առաջ է բերում մտահոգող լրջություն, միջին «շտապ» մասում մեղեդին անհանգիստ սկսվելով կարծես փութկոտությամբ հաստատում է սիրո «ոչնչությունը», ընդգծում նրա անվերապահորեն շուտափույթ մեռնելը (այս բառն արտահայտող հնչյունները Կոմիտասը հատկապես շեշտել է) և վերջին՝ «հորդոր» մասը փոքր-ինչ ծաղրական տրամադրություն է դրսևորում, որն իր հերթին ընդգծվում է զանգերի ղողանջի միալար (назойливо) նմանակումով։ <…> Այն ներկայացնում է ստեղծագործական տվյալ խնդրի (թեկուզև փոքր խնդրի) մի ինքնատիպ լուծում՝ պիեսի բովանդակության հետ սերտորեն կապված (այլ դեպքերում այդ երգը գրելիս կոմպոզիտորները, ծեծված ճանապարհով գնալով, նախընտրել են սովորական սիրային սերենադի բնույթը)»[14]: Սա նշանակում է, որ Կոմիտասը չի սահմանափակվել միայն երգի ստեղծմամբ` որպես անկախ ստեղծագործություն, նա մտածել է, որ երգը պետք է բեմական ամբողջականության մաս կազմի: Երգի ներքին կառուցվածքի՝ տարբեր տրամադրությունների շարունակական փոփոխությունը վկայում է, որ հեղինակը նպատակ է ունեցել տալ կատարող-դերասաններին հնարավորություն՝ հասնելու խորը, պատկերավոր և զգացմունքային արտահայտության, որն ամբողջացնում է բեմական գործողության ազդեցությունը։

Ցավոք, չկան փաստեր ում բեմադրության համար է գրվել երգը, և արդյոք եղել է ներկայացում:

Բեմական փորձերն ու բեմի համար ստեղծագործելը, կարծում ենք, վկայում են Կոմիտասի ստեղծագործական ազատության մասին: Նրա ստեղծագործական տարերքն ու ազատությունը դրսևորվել է ոչ միայն ընկերների հետ շփումներում, այլ նաև արվեստում`դարձնելով այն բազմաշերտ ու բազմակողմանի:

 Օգտագործված գրականություն

[1] Աբելյան Մ, Վերջին տեսակցությունը, Սովետական արվեստ, 1969, № 10, էջ 20:

[2] Նույն տեղում:

[3] Տես, Գասպարյան Գ. (կազմող), Կոմիտաս Վարդապետ:- լուսանկարների ալբոմ, Եր., Սարգիս Խաչենց, 2014, Էջ 5:

[4] Զարյան Ռ., Սիրանույշ, Եր., ՀՍՍՌ ԳԱ հրատ, 1956, էջ 94:

[5] ԳԱԹ, Սիրանույշի ֆոնդ, թիվ 225:

[6] Մանվելյան Միք., Թերթիկներ իմ կյանքից, Եր., Հայպետհրատ, 1950, էջ 87-88:

[7] Գասպարյան Գ., նշվ. աշխ., Էջ 93:

[8] Բաբայան Ա., Հանդիպումներ, «Սովետական արվեստ», 1969, № 10, էջ 49:

[9] Աճառյան Հր., Կյանքիս հուշերից, Եր., «Միտք» հրատ., 1967, էջ 210:

[10] Գասպարյան Գ. Նշվ. աշխ., Էջ 58:

[11] Աճառյան Հր., նշվ. աշխ., էջ 209:

[12] Աթայան Ռ., Կոմիտասի շեքսպիրյան էջը, Շեքսպիրական.Հայկական շեքսպիրյան տարեգիրք, հ.5, Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ, 1975, էջ 463-472

[13] Նույն տեղում, էջ 468:

[14] Նույն տեղում, էջ 469-470:

ՆԱԻՐԱ Շահվալադյան

58 հոգի