21.11.2024 03:49
Մանակական ներկայացումների գեղարվեստաէսթետիկական և բարոյադաստիարակչական հարցերի շուրջ մասնագիտական գործունեության ընթացքում մտորելու, քննելու առիթ ունեցել ենք։ Վաղ տարիքից երեխային արվեստի զարմանահրաշ աշխարհին մոտեցնելը, կարող է նպաստել նրանում ինչպես ստեղծագործական ընդունակությունների բացահայտման, այնպես էլ՝ արվեստի ստեղծագործությունը իր ուժերի ներածին չափով գնահատելու, վերլուծելու կարողության ձևավորմանը։ Թատերական իրականության հետ երեխայի առաջին ծանոթությունը, ըստ տրամաբանության, տիկնիկային թատրոն այցելությունն է լինում, որտեղ հեքիաթային միջավայրը․ գունեղ, զվարճալի տիկնիկ կերպարները, հոգեհարազատ են երեխայի աշխարընկալամանը, երևակայության հնարավորություններին։ Արդեն ավելի հասուն՝ պատանեկան տարիքի երեխաների համար ստեղծված ներկայացումները, ինչպես սյուժետային, այնպես էլ բեմադրական առումով հիմնավորապես վերջինիս կարող են գրավել և բացահայտել թատրոնի զարմանահրաշ աշխարհը։ Երկու դեպքում էլ երեխաներին ստել չի կարելի։ Որովհետև հայտնի իրողություն է. երեխան աշխարհի ամենախստապահանջ հանդիսատեսն է։ Իրենց խաղային երևակայության անսահմանությանը մրցակցող թատերական իրականությունը այդ ինչքան պիտի արժանահավատ լինի, որ նրանց համոզի, հուզի, գրավի։ Իզուր չէ Յու․ Յուզովսկին իր «Թատրոնի և դրամայի մասին» գրքում հիշեցնում, որ պատանի հանդիսատեսը անբարյացակամ հանդիսատես է։ Ավագ սերնդի հանդիսատեսն ազնվաբարո է։ Նա պատրաստ է ինքն իրեն անվանել վատ հանդիսատես, միայն թե չխոստովանի, որ ներկայացումը անհետաքրքիր էր։ ․․․․ Նա համբերատար կարող է լսել ամենաձանձրալի մոնոլոգը...պատանի հանդիսատեսն, ընդհակառակը, անկեղծ է։ Նա չի կարող թաքցնել իր կարծիքը: Եթե ներկայացումն անհետաքրքիր է, նա կարող է հենց դահլիճում միանգամից քնել և ոչնչի մասին չանհանգստանալ, կամ հակառակը ամբողջ դահլիճով մեկ աղմկել: Ռուս թատերական գործչի դատողությունները հիմք են տալիս կարծելու, որ տարիքային այս խմբի համար նախատեսված ներկայացումները բեմադրիչներից էլ ավելի ջանք ու պրոֆեսիոնալ պատրաստվածություն են պահանջում։ Վաղ տարիքում կարևոր նշանակություն ունի, թե ինչպիսի ներկայացումների է հաճախում երեխան, ինչ էսթետիկական, գաղափարական կշիռ ունի այն, որքանով կարող է ազդել նրա չձևավորված ճաշակի, մտահորիզիոնի, երևակայության զարգացման վրա։
Արի ու տես այսօրվա հայկական իրականության մեջ այդպիսի բեմադրությունները հաճախադեպ են դարձել։ Բեմադրական հազար ու մի հնարներին, գունեղ նկարչական ու տեխնիկական ձևավորումներին, շքեղ հագուստներին ավելացել է նաև ներկայացման ինտերակտիվությունը։ Ի՞նչը կարող է ներկայացման ռիթմն ու մթնոլորտը պահել, քան դահլիճում նստած «պրոֆեսիոնալ խաղացողին» (երեխային) խաղի մեջ ներգրավելը։ Նրանց աշխարհում ստեղծված հազար ու մի հնարովի ու անհնար խաղերից այս խաղը ոգևորիչ է, տրամադրող։ Եվ այս մտորումների առիթը Համազգային թատրոնի խաղացանկում հայտնված այս տարվա մանկական (ավելի ճիշտ կլինի ասել որևէ տարիքային շեմ չճանաչող) ներկայացումը դարձավ։ Ռեժիսոր Նարինե Գրիգորյանը բեմադրության համար ընտրել էր Հովհաննես Թումանյանի «Տերն ու ծառան» և Հանս Քրիստիան Անդերսենի «Ծերուկն իր գործը գիտի» հեքիաթները։ Երկու, թվում է սյուժետային, ազգային-սոցիալական հանգամանքներով, հուզականությամբ տարբեր հեքիաթներ են, բայց նրանց միավորում է թեման՝ «բարկությունը»։ Երկու հեքիաթում էլ իրադարձությունների ու հանգամանքների հետևանքներից բարկանալը գործող անձերի համար կարող է վատ ավարտ ունենալ։ Առաջին հեքիաթում, որը ներկայացման առաջին գործողությունն է, («Տերն ու ծառա») ծառան ստիպված կլինի տուգանք վճարել իր ագահ տիրոջը, կամ անվճար աշխատել, երկրորդում՝ (ներկայացման երկրորդ գործողությունը) («Ծերուկն իր գործը գիտի»)` ծերունին կզրկվի մեկ պարկ ոսկուց։ Բարկության գաղափարադրույթն է ռեժիսորի ստեղծագործության հիմնական զսպանակը դարձել։
Նարինե Գրիգորյանի ռեժիորական ոճին հատուկ է պոետականությունը, լիրիկա-դրամատիկական անսպասելի լուծումները, գունեղ, պատկերավոր տեսարանները, որոնք զանազան արտահայտչակերպերով են դրսևորվում բեմական իրականության մեջ՝ երբեք չկրկնելով մեկը մյուսին։ Հանդիսատեսի առջև ֆիլմի ստոպ կադրի պես անշարժանում են, դրոշմվում, կամ հիշեցնում որևէ կտավից տեսարան, մի պահ, կամ ինքնին կտավին պատկերված պեյզաժ դառնում։
«Բարկանո՞ւմ ես» ներկայացման համար դահլիճ մտած հանդիսատեսին թվում է, թե ինքն ուշացել է, որովհետև բեմում նստած երաժիշտների (կոմպոզիտոր Արմեն Շահինյան, Hamazgayin band-ի նվագակցությամբ) մեղեդիները հանդիսասրահի մթնոլորտը բավականին թեժացրել են։ Ներկայացումը սկսվել է վաղուց, շատ վաղուց, ժուկով ժամանակո՞վ, ով գիտի․․․․
Ինչպես և բոլոր հեքիաթներում ներս է մտնում ազդարարող հեղինակը, ասացողը (Հայկ Պետրոսյան), ինչպես կուզեք անվանեք, հնչեցնում զանգն ու սկսվում է խաղը։ Մեր առջև՝ բեմառաջքին եղբայրները զրուցում են, մտածում, և հանկարծ երկնքից ընկնող խնձորը ինչպես Իսահակ Նյուտոնի միտքը լուսավորեց, այնպես էլ լուսավորում է մեծ եղբոր (Անդրանիկ Էթեմեզյան) միտքը, և․․․․«է՜վրիկա», որոշում է․ ինքը կգնա մի հարուստ աղայի մոտ աշխատելու, իրենց ապրուստը հոգալու։ Հեքիաթի դեպքերն ու իրադարձությունները բոլորիս քաջածանոթ են։ Նորություն էր դրա ռեժիսորական մեկնությունը, ինչը Գրիգորյանի ստեղագործական բնավորությանը հատուկ է։ Նա իրերի ու երևույթների սեմիոտիկ հնարավորությունների մեկ անգամյա օգտագործումից բավարարվող ստեղծագործողներից չէ: Ինչպես որ դերասանների պարագայում է արտահայտչական հնարավորությունների առավելագույն նշանակությամբ օգտագործում նրանց դերասանական հումքը, այդպես էլ իրեր և երևույթների դեպքում է բազմակերպ ու բազմանգամյա նշանային կիրառումների ենթարկում դրանք, մինչև որ, գոնե իր համար չսպառի վերջինների սեմիոտիկ կենսունակությունը: Ահա և խնձորի սիմվոլային կիրառումը նրա բեմադրություններից հանդիպել էր և «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» և «Լակոտը» ներկայացումներում՝ ըտանեկան սիրո և երիտասարդական սիրահարության թեմաները մեկնաբանող նշանային գործողություններում:
Բեմի աջ և ձախ կողմերում՝ առաջին պլանում գունագեղ երկու նստարան էր դրված, մեջտեղում կանաչ խոտ հիշեցնող գորգ, մեծ աստիճան, որի գագաթին ծառի ճյուղեր հիշեցնող ձողեր էին երևում` աստիճանը խաղարկվում էր որպես ծառ, քիչ խորքում պտտվող ձողի վրա երկու շրջանակ, որը ներքևից վերև շրջելիս գիշեր-ցերեկ փոխակերպումն էր խորհրդանշում (բեմի ձևավորոմը՝ Վիկտորիա Ռիեդոյի)։ Բեմանկարչի հետ Գրիգորյանը նաև բեմի խորքում, կուլիսից կուլիս երկու պարաններ է ձգում՝ կարմիր և կապույտ գույներով, հեքիաթի և իրականության պայմանական սահմանագծերը խորհրդանշելով։ Երբեմն խաղարկման ենթարկվելով խախտվում են այդ սահմանները (երբ դերասանները դիալոգի մեջ էին մտնում երաժիշտների կամ ասացողի հետ), կարծես հուշելով, կատարվածի իրական և մտացածին լինելը։ Ու այստեղ նույնպես զգացնել է տալիս ռեժիսորի ստեղծագործական բնավորության առանձնահատկությունը: Թումանյանական աշխարհի ալեգորիկ մեկնության համար պարանի նշանային կիրառմանը ռեժիսորի կենսագրության մեջ առաջին անգամ չէ, որ հանդիպում ենք։ «Լոռեցի Սաքոն» բեմավորման ընթացքում այս նշանը նույնպես առկա էր. բեմի ոչ առաջնամասում երկայնքով անցկացվում էր մտքի թելի սիմվոլացնող պարան, որից անդին կերպարին խելագարության հասցնող մտքերի և տեսլիքների օրրան երևակայական դաշտն էր: Տարածական վիզուալ զգացողությամբ ու տպավորությամբ՝ ասես այդտեղից էին եկել այդ խենթացնող չարքերը: Այսինքն պարանի դեպքում էլ ժանրային տարբեր հասցեավորման միտված նշանային կիրառումներ է տվել կնեցաղային իրիին Նարինե Գրիգորյանը:
Բեմական այս իրականության մեջ Տաթև Ղազարյանի և Գագիկ Մադոյանի մարմնավորած տիրոջ և իր կնոջ կերպարները ներդաշնակորեն էին խաղարկվում: Գրոտեսկային չափազանցությամբ, խոսքի և ժեստերի խաղարկուն պարտիտուրայով բեմ մտնող այս դերասանները բեմադրության ընդհանուր մտահաղացումը ոչ միայն բովանդակում էին, այլև նոր ռիթմ, տոն ու տրամադրութուն բերում։ Տաթև Ղազարյանի խաղարկուն խոսքի հնչերանգները, որոնք փոփոխվում էին դրությանը համահունչ, հիպերբոլիկ խաղային մաներաները, մարմնի, դեմքի և ժեստի չափազանցված ընդգծվածությունը տեսարանը տանում էին դեպք գրոտեսկի ժանրային եզերքները, միևնույն ժամանակ չափի մեջ պահում՝ դերասանական գերխաղին չտրվելով։ Երկրորդ գործողության ընթացքում դերասանուհին մարմնավորում է ծերուկի կնոջ կերպարը։ Փոխվում է ներկայացման տոնը, փոխվում է նաև դերասանի խաղեղանակը, խոսքային համակարգը, դիմախաղն ու ժեստը։ Այն ավելի մեղմ է, բարեհոգի, լուսավոր։ Նրա դեմքը լույսով է ողողված, աչքերը պարզ են, միամիտ, բայց շատ խելացի։ Իր ծերուկի հանդեպ վստահությունը, սերն ու գորովանքը դրսևորվում է պարզորոշ, առանց խոսքի․ լուռ, բնական։
Գագիկ Մադոյանի տերը կամ աղան, գրոտեսկային կերպար էր, դերասանը արտալեզվական արտահայտչամիջոցների կիրառման միջոցով կերպարին տալիս է սուր բնութագծեր, խարակտերային բնորոշումներ։ Գործող անձի արտաքին և ներքին հատկանիշները դերասանը բխեցրել էր ներկայացման ժանրային առանձնահատկությունից, ասել է թե՝ ելակետը հեղինակային ոճի յուրահատկությունն էր, ինչն էլ կերպարին ներդաշնակում էր ներկայացման բովանդակային և գեղարվեստական հյուսվածքին։ Դերակատարումն օրգանիկ էր, անկաշկանդ, հանդիսատեսին գրավող: Թեև կերպարը բացասական էր, բայց իր խաղային գրավչությամբ հաջողացնում է հանդիսասրահում նստած փոքրիկների սիրելին դառնալ (երկրոդ գործողության ժամանակ, երբ դերասանը ներս է մտնում պանդոկապանի կերպարով, երեխաները բացականչում են՝ բարև՜… իրենց սիրելի ծանոթին են տեսել)։
Փոքր եղբոր դերակատարը՝ Հարություն Սարգսյանը արտաքուստ միամիտ, բարի, անշառ տղա է, բայց գործողությունների ու դեպքերի ծավալման ընթացքում պարզվում է այս տղայի հնարամտությունը, խելացիությունը։ Համազգային թատրոնի կատարողական նշաձողի համար բավարար չափով մասնագիտական պատրաստվածություն ունեցող այս դերասանը դյուրությամբ է յուրացնում իրեն հանձնարարված կերպարների էությունը: Բացառություն չեն այս ներկայացման ընթացքում նրա ստանձնած երկու դերերը․ փոքր եղբոր և պանդոկում նստած ջենթլմենի կերպարները (երկրորդ գործողությունում նա մարմնավորում է շուկայում ձի, սագ վաճառողների,), որոնք իրարից բավականին տարբեր բնավորություններ են։ Երկու հակադիր բանավորություններ, բնականաբար խաղային հակադիր վճիռներ, ինչը դերասանին իր հնարավորությունները ցույց տալու առիթ էր, փոքրիկ հանդիսատեսի առջև պատասխանատու ստուգատես։
Սերգեյ Թովմասյանի ծերունին բարեսիրտ, միամիտ, ազնիվ մարդ էր, ինչը վերջին տասնամյակում նրա դերատեսակային արդարացի մենաշնորհն է։ Ծերուկն ընդամենը մեկ նպատակ ունի․ ուրախացնել իր սիրելի պառավին։ Դրանով են պայմանավորված և՛ կերպարի գործողությունները, և՛ կերպարի բնավորության մարմնավորման ելակետը։ Դերասանի խաղը՝ ի բնե միամտությունը պարզունակության չի հանգեցնում, ընդհակառակը, ավելի խորն ու դրամատիկ նրբերանգներ է հաղորդում։ Չէ որ նա պատրաստ է ամենաանհավանական որոշումներ կայացնել, միայն թե իր պառավը երջանիկ լինի։
Բեմադրությունը ռեժիսորի և բեմանկարչի ոչ առաջին հաջողված նախագիծն է։ Բազմաթիվ հնարամիտ լուծումները ներակայացմանը գունագեղություն, պատկերավորություն էին հաղորդել։ Օրինակ՝ այն տեսարանը, երբ տերը ծառային հրահանգում է հյուրերի համար մի ոչխար մորթել։ Տեսարանը լուծված էր այսպես․ բեմի խորքում կապված պարանին, որի վրա մեկ այլ տեսարանում ամրացված դեղին ժապավենները հնձվելու ենթակա արտն էին խորհրդանշում, կախվում են հագուստի զանազան կտորներ, որոնց դասավորվածքը փոքրիկ գառնուկների էր նմանվում: Ասել կուզի՝ տիրոջ պայմանական գոմն էր, որտեղ ծառան կատաղի այս ու այն կողմ էր շպրտում ոչխարների կտրված գլուխները։ Մեկ այլ տեսարանում կրկին հագուստի կտորները վերածվում են կովի, գառնուկի, սագի։
Եթե փորձենք այս ներկայացումը բնորոշել ինչ որ կերպ, համեմատել ինչ-որ երևույթի, ինչ որ պատկերի հետ, ապա տեղին կլինի այն համեմատել հեքիաթի նկարազարդ գրքի հետ, որի էջերին պատկերված գունեղ կերպարներն ու տեսարանները մի պահ հանդիսատեսի աչքի առջև կենդանացել են, ուրախություն, սեր ու բարություն բերել այս փոքրիկ աշխարհ։ Նուրբ հումորն ու երևակայության անսահմանությունը մեկտեղված էին բոլոր տեսարաններում։ Ինչպես վերևում նշեցինք երեխան պահանջկոտ հանդիսատես է, վերաբերմունք չի՛ կեղծում, զգացմունքների հարցում չի՛ ստում։ Հանդիսասրահում նստած երեխաները ոչ միայն ուշադիր դիտողների էին վերածվել, այլև ակտիվորեն մասնակցում էին խաղին, արձագանքում դերասանի ռեպլիկին, անկախ իրենցից էմոցիոնալ կապի մեջ մտնում կերպարի հետ (երեխաները շատ էին տխրում և անհանգստանում ծերուկի համար, երբ վերջինս անհաջող փոխանակում էր անում), ակտիվորեն պատասխանում ասացողի (Հայկ Պետրոսյան) ինտերակտիվ հարցերին, երգում նրա հետ։ Ի վերջո բարի, ազնիվ մարդը հաղթում է և ապրում հանգիստ ու անհոգ․․․
Ճաշակ, գույն, բարձրորակ երաժշտություն, դերասանական պրոֆեսիոնալ խաղ, երփներանգ հագուստներ, հումոր և ծիծաղ: Այս բնորոշումներն է պարտադրում մեզ Համազգային թատրոնի «Բարկանո՞ւմ ես» բեմադրությունը։ Արդեն ոչ առաջին անգամ այս թատրոնի թատերակազմն ապացուցում է, որ ո՛չ ժանրային, ո՛չ ոճային, նույնիսկ տեխնիկական, սոցիալական խոչընդոտ, ոչինչ, չի կարող խաթարել այն ճշմարիտ ստեղծագործական գործընթացը, որը սկսել են։ Այն դեպքում, երբ մայրաքաղաքի որոշ իրենց առաջատար համարող թատրոնների խաղացանկում տարին հազիվ մեկ երկու պրեմիերա կարելի է գտնել, այս թատրոնն ամենաքիչը երեք, չորս առաջնախաղ է ունենում, և բոլորն էլ որակի չափանիշ հանդիսացող բեմադրություններ։