21.11.2024 03:18
«Կավկասյան կավճե շրջանը» Բերտոլդ Բրեխտի ուշ շրջանի գործերից է (1947 թ.)։ Չինական հին ավանդույթից փոխառելով կավճե շրջանով իսկական մորը որոշելու միտքը, Բրեխտը գործողության վայրը պայմանաբար տեղափոխել է վրացական միջնադար՝ չտալով դրան տեղական կամ՝ ազգագրական հավաստիություն: Դրամատուրգին զբաղեցրել է գաղափային դրամատուրգիական համարժեք ձև տալու խնդիրը միայն: Այս պիեսում ևս իշխում է բրեխտյան այն սկզբունքը, որ բեմի վրա կատարվող ամեն ինչ պարզապես խաղ է, հանդիսանք, որի նպատակը ոչ թե իրական կյանքի արտացոլումն է իրական կյանքի համաչափություններով, այլ մտքի, գաղափարի թատերական ցայտունացումը: Այդ սկզբունքի թելադրանքով է, որ թատերագիրը հանդիսատեսին կտրում է որևէ իրական միջավայրից, տանում անսովոր վայրեր ու ժամանակներ: Բրեխտի հերոսներին կարելի է հանդիպել Լոնդոնում («Երեք գրոշանոց օպերա») և Ճապոնիայում («Տղան, որ ասում էր «այո»»), Չիկագոյում («Քաղաքների թավուտում) Ֆինլանդիայում («Պարոն Պանտիլյան և նրա ծառա Մալային»), Իտալիայում, Ֆրանսիայում, Չինաստանում, Կլոնդայկում և այլուր։ Այդպիսին է նաև «Կովկասյան կավճե շրջանը», որի նույնիսկ գլխավոր հերոսների անունները վրացական չեն Գրուշե և Ազդակ:
Թբիլիսիի Ռուսթավելու անվան պետական ակադեմիական դասարանը հենց այդ սկզբունքի ըմբռնմամբ է բեմական մարմնացում տվել «Կովկասյան կավճե շրջանին»՝ ամեն ինչ պայմանական, բացի պիեսի բուն գաղափարից՝ ոչ ոք իրա կանք չունի մարդուց խլելու նրա հոգու հարատությունը, մանավանդ, եթե դա ձեռք է բերվել ծանր տառապանքով:
«Երեխաները՝ մայրական սրտին՝ որպեսզի աճեն ու առնանան
Սայլերը՝ սայլվորներին, որպեսզի արագ ընթանան
Իսկ դաշտը նրանց, ովքեր վարում են, որպեսզի շուտով բերք ստանան»:
Բրեխտյան գեղագիտությամբ է առաջնորդվել նկարիչ Գեորգի Մեսխիշվիլին, բեմում պատկերելով չեզոք միջավայր, իսկ գործող անձանց հագցնելով՝ ոմանց վրացական ազգային տարազ, ոմանց ֆաշիստական համազգեստ հիշեցնող, ոմանց էլ որևէ կոնկրետ ժամանակի ու ազգության չպատկանող զգեստներ: Այս խայտաբղետ բազմագունությունը դեկորների միագույն միապաղաղ ֆոնի վրա ոչ միայն ավելի է ընդգծում ներկայացման ու ժամանակի պայմանական լինելը, այլև շեշտում նրա հանդիսանքային թատերային բնույթը:
Նույն նպատակն է հետապնդել նաև կոմպոզիտոր Գիա Կանչելին, երբ ներկայացմանը տվել է ռիթմա մեղեդային ցայտուն նկարագիր, ստեղծելով դերասանական խաղը երգով և պլաստիկայով հարստացնելու, թվում է, անսպառ հնարավորություններ: Մեղեդիները, որ ուղեկցում են գործուղությանը, խորապես թատերային են, քանի որ հրապուրիչ են ոչ միայն ինքնին, այլև դերասանական խաղը, բեմական գործողությունը կազմակերպելու զորությամբ: Տպավորությունն է ստացվում, թե նկարիչն ու կոմպոզիտորը միևնույն անձն են, նկարչական և երաժշտական ձևավորոմը մի մարդ է կատարել: Ավելին՝ կարելի է կարծել, թե բեմադրող-ռեժիսորն էլ նույն անհատականությունն է այնքան միասնական է ներկայացնում իր բոլոր բաղկացուցիչ տարրերով: Սա բեմադրության մեծ արժանիքն է:
Ներկայացումը սկսում է երգիչ-մեկնաբանը: Այս դերում Ժ. Լոլաշվիլին իր պահվածքով ու զգեստով հիշեցնում է ֆրանսիական շանսոնիեի: Նա մեզ խոսք ու երգով - ծանոթացնում է գործողության վայրին և գործող անձանց՝ նահանգապետ, նրա կինը, համհարզ, իշխան, ծառաներ ամբոխ, որ հավաքվել են եկեղեցու բակում նահանգապետի նորածին մանկանը կնքելու արարողության առիթով: Բայց անակնկալ պետական հեղաշրջումը ընդհատում է ոչ միայն երգչի պատմությունը, այլ նաև նահանգապետի զավակին կնքելու ծիսակատարությունը: Ամեն ինչ տակնուվրա է լինում՝ փրկվեցեք ով ինչպես կարող է։ Նահանգապետին տանում են կառափնարան, իսկ նրա կինը փախչում է «մոռանալով» երեխային (չմոռանալով սակայն զգեստներն ու արդուզարդը): Խառն իրադրության մեջ երեխան հայտնվում է աղախին Գրուշեի գրկում, երբ նահանգապետի ժառանգին թաքցնելն արդեն հանցանք է համարվում: Ասենք, ի՞նչ երեխա, ռեժիսորը մի պարզ տիկնիկով է փոխարինել մանկանը և զուր չէ այդպես վարվել, կարևորն այստեղ երեխան չէ, այլ Գրուշեի վերաբերմունքը նրա նկատմամբ: Եվ դերասանուհի Իզա Գոգաշվիլին այնպես բացահայտ է արտահայտում իր վերաբերմունքը, ինչպես դա թելադրում է Բրեխտի թատերական գեղագիտությունը՝ անխնա ընդգծված, ազատ թատերային միջոցներով: Փոքրամարմին, վտիտ մի աղջիկ, մեծ ստրով ու հոգով, այս է Գրուշեի նկարագիրը դերասանուհու մարմնավորությամբ:
Հոգու մեծությամբ ու զորությամբ է հիրավի, որ նա կարողանում է տանել անլուր տառապանքների երկամյա շղթան ու ստորացումները, հանուն ուրիշի երեխայի՝ դիմագրավել զինվորների հալածանքին: Այս զինվորների ոչ միայն համազգեստն է նման ֆաշիստականի, այլև հոգին դաժան ու անողոք և դաժանության մեջ հետևողական: Դերասաններ Գուրամ Սաղարաձեն (եֆրեյտոր) և Վանո Գոգիձեն (զինվոր) հրաշալի են կատարում ներկայացման մեջ երեք դերում յուրաքանչյուրի վրա դրված դժվարին խնդիրը: Հատկապես արտահայտիչ է Սաղարաձեի պարային խաղն ու մարմնի ճկունությունը։ Բեմադրության մեջ ընդհանրապես մեծ տեղ են գրավում պլաստիկան և պարը: Կարևորն այստեղ դրանց առատությունը չէ, այլ դրամատիկական որակը՝ ոչ թե առհասարակ պար, ինչպես կարող է լինել խորեոգրաֆիայում, այլ պար վարքագիծ, պար բնավորություն, ինչպես պետք է լինի դրամատիկական արվեստում:
Հետապնդվող Գրուշեն պետք է անցնի մազե կամրջով: Սա պիեսի ամենատպավորիչ դրվագներից է: Նա պետք է արտահայտի անցման սոսկումը, սակայն սա այն միակ տեղն է, ուր ռեժիսորը, թվում է չի հասել անհրաժեշտ տպավորության: Պարանի սոսկ կծկումը չի հաղորդում դրության լարվածությունը:
Բայց ահա բոլոր վտանգները կարծեք մնացել են ետևում, և այդքան տառապանքներիցի հետ Գրուշեն վերջապես հայտնվում է եղբոր տանը: Մինչդեռ... պարզվում է որ եղբայրը չնչին մի մարդուկ է՝ իր վատթար կնոջ կամակատարը:
Գրուշեի եղբոր՝ Լավրենտիի և նրա կնոջ Անիկոյի հետ մեր ծանոթությունը կայանում է այսպես՝ նրանք բազմած են ծաղկազարդ շրջանակի մեջ «երջանիկ ժպիտը» դեմքներին, իսկ հրավիրված նկարիչը նրանց պատկերը թղթին է հանձնում բավարարություն տալով փոքր հոգիների մեծ փառամոլությանը: Լավրենտին ներկայանում է վառ գունեղ կապտավուն բլուզով ու պար-խարակտերով և մենք տեսնում ենք, որ այս մարդու ամեն ինչը կեղծ է, և առնականությունը, և՛ շռայլությունը և հոգատարությունը քրոջ նկատմամբ: Լավրենտին իր կնոջ թելադրանքով հասկացնում է քրոջը, թե անհարմար բան է իրենց տանն ապրել ուրիշի երեխան գրկին` մարդիկ ի՞նչ ասեն: Եվ Գրուշեին պսակում են «մերձիմահ» մի երիտասարդի հետ:
Կեղծ ամուսնությունից քիչ անց խաղաղություն է հռչակվում «մերձիմահ» Իոսիֆը (Վանո Գոգիձե) իսկույն վրա է նստում (նույն ինքը՝ երկրորդ փաստաբան և ատահակ զինվոր) և տեր կանգնում Գրուշեին, գործի դնելով ամուսնական իր «իրավունքները»: Նա անընդհատ հրամաններ է արձակում, գոռում կնոջ վրա ու խիստ զարմանում, թե ինչո՞ւ նա իրեն երջանիկ չի զգում, այն էլ իր նման տղամարդու հետ: Երեկվա դասալիքի կերպարն էլ ավելի հակակրելի է դառնում, երբ նա մերկանդամ լողանում է և ստիպում, որ անպայման «կինը» իր մեջքը քսի (տեսարան, որ գուցե և գռեհիկ հնչեր, եթե այս ներկայացման մեջ չլիներ): Այստեղ մենք ականատեսն ենք Գրուշեի խորը արհամարհանքին ու անտարբերությանը ամուսնու նկատմամբ: Հնչում է մանրահարված թմբուկով մեղեդին և Գրուշեն ձեռքն անճիգ ռիթմով վերավոր է ամուսնու մերկ թիկունքին, իսկ հայացքը հեռուներում է: Դերասանն այստեղ խաղում է վերաբերմունք, այլապես ամեն ինչով հակառակ է ավանդական հոգեբանական թատրոնի սկզբունքներին:
Կարկուտը ծեծած տեղն է խփում: Պատերազմից վերադարձած փեսացուն իմանալով «անցած դարձածը», լքում է Գրուշեին՝ չանսալով հարսնացուի հավաստիացմանը, թե նա հավատարիմ է մնացել իրենց երդմանը: Պակասը կարծեք լրացնելու համար որտեղից որ հայտնվում են զինվորները և խլում Գրուշեից նրա վերջին սփոփանքը՝ փոքրիկ Միխայիլին, որին այդքան կապվել է երկարամյա դեգերումների ընթացքում:
Սկսվում է երրորդ գործողությունը ու կտրվում է Գրուշեի պատմության թելը: Հակառակ դրամատուրգիական ավանդույթներին, Բրեխտը ստեղծագործության կեսից ներմուծում է ցայտուն անհատականությամբ օժտված մի նոր և այն էլ՝ գլխավոր կերպար, որի դերը շատ էական է այս պատմության մեջ: Խոսքը վերաբերում է գյուղական գրագիր, կոնծաբան Ազդակին: Ինչպես և Գրուշեն, սա նույնպես ներքուստ հարուստ կերպար է: Ազդակն իր մեջ խտացնում է և՛ խելք ու խորամանկություն և՛ բարություն ու միամտություն չներկայանալով սակայն իբրև առաքինաթյան տիպար: Բախտի քմահաճույքով նրա տանը հայտնվում է կերպարանափոխված ու փախստական Մեծ իշխանը, իսկ Ազդակը, որ ատելով ատում է այդ մարդուն, առանց նրա լինելն իմանալու թաքցնում է և այսպիսով փրկում նրա կյանքը: Ավելի ուշ Ազդակը հասկանում և զղջում է արարքը, և հանձնվում նոր իշխանությանը, որպեսզի իրեն դատեն իբրև հանցագործի: Բայց այստեղ նրա բախտը բերում է. նախկին դատավորը կախված է, իսկ գահի նոր հավակնորդները զինվորների մոտ դեմոկրատիա խաղալով այնքան հեռու են գնում, որ դատավորական աթոռին հայտնվում է... Ազդակը:
Ազդակն ակամա դատավոր. այս դերը ճշմարիտ ներշնչանքով է խաղում դերասան Ռամազ Չխիկվաձեն: Թերևս Ազդակին կարելի էր պատկերացնել ոչ այդքան ծեր ու քնձռոտ, կարելի էր շեշտել նրան դատավոր և ոչ դատավոր վիճակների տարբերությունը... Ինչևէ, Չխիկվաձեի մարմնավորած կերպարը հմայում է հանդիսատեսին իր խոսքով, երգով, պլաստիկայով ու դիմախաղով։ Ստեղծվում է այն կոնտակտը բեմի ու հանդիսատեսի միջև, որի մասին Բրեխտը գրում էր. «Թատրոնն առանց կոնտակտի հանդիսատեսի հետ` անհեթեթություն է»:
Ազդակի վարած ամեն մի դատ կրում է նրա բարի խորամանկ, կատակասեր ու արդար բնավորության կնիքը: Նա ամեն մի դատսկսում է նախ և առաջ կաշառքից, որը իհարկե, վերցվում է հարուստից: Այդ պատճառով հարուստները մինչև վերջին րոպեն հավատացած են, թե շահհել են դատը, մինչդեռ աղքատ մարդիկ տրված հարցերին ոանտարբերությամբ են պատասխանում նախապես հաշտված իրենց դրության հետ: Եվ ամեն անգամ Ազդակի վճիռները պարզ երկնքից ճայթող ամպրոպի տպավորության են գործում` մեղադրյալները դառնում են մեղադրող կողմ և հակառակը: Ահա այսապիսի մարդու ձեռք է ընկնում Գրուշեի գործը, այստեղ են խաչաձևվում նրանց ճանապարհները:
Վերադարձել է նահանգապետի կինը և ուզում է վերականգնել իր իրավունքները, տեր կանգնել իր ծնած երեխային: Իրավաբանորեն հիմնավոր են հնչում նրա փաստարկները, սակայն Ազդակն էլ այն մարդը չէ, որ սոսկ մերկ փաստերին ապավինի: Կյանքը նրան սովորեցրել է տարբերել արդարն՝ անարդարից, ճշմարիտը՝ կեղծից։ Երկու փաստաբանների ուղեկցությամբ ներկայացել է նահանգապետի կինը, շքեղ հագնված, լի մեծամտությամբ և յուր արդարացիության խորը գիտակցությամբ: Նա համոզված է որ դատը կշահի, բայց և այնպես կաշառում է Ազդակին: Գրուշեն էլ եկել է փեսացուի հետ, ով վերջապես հասկացել է նրան և հիմա պատրաստ է վկայելու. թե երեխան իրենն է:
Սակայն Գրուշեն այն մարդկանցից է ովքեր չեն կարողանում խոսքերով արտահայտել այն, ինչ սուրբ է իրենց համար: Ճշմարիտ հուզմունքը խեղդում է Գրուշեին, և երգիչը օգնում է նրան՝ մեկնաբանում Գրուշեի ներքին խռովքը. կարդում նրա հոգու մենախոսությունը:
Ազդակի համար ամեն ինչ պարզ է, սակայն նա մեկ անգամ էլ է փորձում կանանց: Նրա կարգադրությամբ գծում են մի կավճե շրջան և Միխայիլին կանգնեցնում մեջտեղում՝ ճշմարիտ մայր համարվի նա, ով ձգելով դուրս կբերի երեխային շրջանից: Կանայք կառչում են Միխայիլի թևերից, սակայն Գրուշեն շուտով բաց է թողնում երեխային: Ազդակը նորից է ուզում ստուգել իր եզրակացությունը, փորձը կրկնվում է: Ու նորից Գրուշեն թողնում է երեխայի ձեռքը` չուզենալով նրան ցավ պատճառել: Ուրեմն կասկած չկա՝ երեխաները` մայրական սրտին, այսինքն' տառապյալ Գրուշեին, խեղճ ու կրակ աղջկան, որի կրծքում բաբախում է ճշմարիտ մայրական սիրտը:
Ռուսթավելու թատրոնի ըստ ամենայնի բարձրորակ ներկայացման մեջ դրամայի գաղափարը հնչում է բարձր, ուժգին ու տպավորիչ: Շնորհակալություն վրացի վարպետներին՝ նրանք մեզ պարգևեցին ջերմ ու անմոռանալի բրեխտյան հոյակապ երեկո:
Վաստակավոր դերասան Ռամազ Չխիկվաձեն հյուրախաղերի նախորդ օրը տպագրված խոսքում այն միտքն է արտահայտել, թե առանց Բրեխտի դժվար է պատկերացնել Ժամանակակից թատրոնը: Եթե այդպես է իրոք, ասենք, որ Բրեխտի հետ հայ թատրոնը հանդիպումներ ունեցել է և դրանք բերել են հաջողություն՝ երաժշտական կոմեդիայի թատրոնում «Երեք գրոշանոց օպերա» (բեմադրիչ Մ. Մարինոսյան), Լենինականի դրամատիկական թատրոնում «Կուրաժ մայրիկն ու իր զավակները» (բեմադրիչ Ե.Ղազանչյան): Իսկ Սունդուկյանի անվան թատրոնը՞: Միթե՞ մեր մայր թատրոնը չունի Բրեխտի պիեսներից որևէ մեկն իր ոճով ու ոգով բեմադրելու ընդունակ ռեժիսոր, նկարիչ, երաժիշտ ու դերասանական կազմ:
Նյութի աղբյուրը՝ Սովետական արվեստ, 1977, №1