Սեղմիր
ՀԱՐՑԱԶՐՈւՅՑ ՔՆՆԱՐԿՈւՄ

19.11.2024  04:51

Մեր օրերում դժվար է հանդիպել գեղարվեստական մշակույթի ասպարեզում գործող մարդու, որ գոհ լինի իր վիճակից։ Գրողը չի տպագրվում, ճարտարապետը չի նախագծում, կինոբեմադրիչը չի նկարահանում... Պարզ է, թե ինչու։ Միջոցներ չունենալու պատճառով։ Փող չկա: Եվ այն ամենը, ինչ վերաբերում է Հոգեւոր կյանքին, չորանում է արմատի վրա։ Իսկ իշխանությունները հանգիստ նայում են, թե ինչպես է տեղի ունենում մարման ընթացքը։

Այդպե՞ս է արդյոք։ Ի պատասխան առաջարկում եմ լսել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Լեւոն Հախվերդյանին:

Լեւոն Հախվերդյան – Մեր ինստիտուտը, ինչպես ամեն մի գիտահետազոտական ինստիտուտ, գոյություն ունի ժողովրդի համար եւ նա չի կարող ավելի լավ ապրել, քան այն ժողովուրդը, որի համար գո- յություն ունի:

Թղթակից - Բայց ժողովրդի մեծագույն մասն աղքատ է: Դուք գիտե՞ք, թե նա ինչի կարիք ունի, համոզվա՞ծ եք, որ ձեր ինստիտուտում արվում է հենց այն, ինչ հարկավոր է ժողովրդին։

Լ.Հ. - Դժվարանում եմ այդ հարցին ստույգ պատասխան տալ։ Մեկ թվում է, թե շատ կարեւոր գործ ենք անում, մեկ էլ կաս կածում եմ՝ գուցե մեր աշխատանքն այս դժվար օրերին ոչ ոքի պետք չէ՞։ Ավելի լավ է ես պատմեմ մեր գործերի մասին եւ դուք դատեցեք, թող ընթերցո՛ղը դատի:

Թղթ. - Գուցե թատրոնի՞ց սկսենք:

Լ.Հ. - Թատրոնի մասին խոսելն ամենից դժվարն է։ Մեր բեմական արվեստն իր լավ ժամանակները չէ, որ ապրում է: Բայց մենք ունենք թատերական վիթխարի պատմություն, որ պետք է արվեստաբանորեն իմաստավորել։ Այստեղ մենք ունենք ակներեւ նվաճումներ: Հենց վերջերս լույս տեսավ մեր հայտնի թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանի 19-րդ դարի Հայ թատրոնի պատմությունը։ Ծավալուն մի աշխատություն, որ ես համարում եմ այդ ժամանակաշրջանի հայ բեմական արվեստի հանրագիտարանը։ (1901-ից մինչեւ 1920 թվականն ընկած տարիների թատերական պատմությունը ժամանակին շարադրել եմ ես)։ Ինչ վերաբերում է հետագա՝ խորհրդային տարիների հայ թատրոնի պատմությանը, ապա դա կարիք ունի վերաիմաստավորման եւ վերագնահատման: Այդ պատմությունը հարուստ է մեծ եւ նշանավոր անուններով: Բայց այդ թատրոնը ծայրեիծայր գաղափարականացված էր, հույժ գաղափարականացված էր թատերագրությունը նույնպես: Ուստի եւ առաջին պլան էին մղվում հեղափոխությանը եւ սոցիալիստական շինարարությանը վերաբերող բեմադրությունները: Դրանք պարզապես գերագնահատվում էին: Այսօր այդ ամենին պետք է նայել նոր հայացքով եւ պատմությունը մաքրել ամեն տեսակ «քաղաքական նկատառումներից»։

Թղթ.Ընթացիկ տարում ձեր ինստիտուտն ի՞նչ է արել եւ ի՞նչ գրքեր է հրատարակել:

Լ.Հ.Ուրախությամբ պետք է ասեմ, որ անցնող տարին մեզ համար եղավ բերքառատ տարի: Լույս ընծայեցինք մի շարք գրքեր: Հենց տարվա սկզբին լույս տեսավ հայ ճարտարապետության պատմության վեցհատորյակի առաջին հատորը: Մյուս բոլոր գրքերը հրատարակվել են բացառապես հովանավորների շնորհիվ: Հովանավորների մասին կարծես ընդունված չէ բարի խոսք ասել: Բայց ես նրանց մասին պիտի խոսեմ խորին երախտագիտությամբ: Մեր ինստիտուտի ժողովրդական արվեստի բաժնում շատ տարիների ընթացքում հավաքվել, ձայնագրվել վերծանվել են ավելի քան 15 հազար ժողովրդական երգեր, որոնք դատապարտված էին անհետացման։ Գեղարքունիքի նախկին մարզպետ Վլադիմիր Մովսիսյանի աջակցությամբ հայտնի ձեռներեց Վազգեն Պողոսյանի հովանավորությամբ լույս տեսավ այդ երգերից բաղկացած մի ժողովածու: Դրանք Մարտունու շրջանում հավաքված ժողովրդական երգեր և ա րոնք այստեղ են հասել Ալաշկերտի և Վասպուրականի կողմն րից: Ի դեպ, Վազգեն Պողոսյանի նախաձեռնությամբ իր հայրենի Գեղահովիտ գյուղում (Մարտունու շրջան) կառուցվեց մի սքանչելի մատուռ, որի բացումը կատարվեց այս տարի:

Շիրակի մարզպետ Արարատ Գոմցյանը եւ «Կանազի» տնօրեն Ռոբերտ Ենգոյանը հովանավորեցին մեր ինստիտուտում ստեղծված եւս մի գրքի հրատարակությունը։ Դա մեր մեծատաղանդ արվեստագետ, նշանավոր բեմադրիչ Վարդան Աճեմյանին նվիրված հուշերի գիրքն է, որ արդեն հասել է ընթերցողներին:

1997-ին սկսեց իրագործվել անվանի թատերագետ եւ շեքսպիրագետ Ռուբեն Զարյանի փայփայած երազանքը, արվեստաբան, որ մեր ինստիտուտի տնօրենն է եղել երեսունչորս տարի: Դա Շեքսպիրի երկերի հայերեն լիակատար ժողովածուի հրատարակությունն է: Գրախանութներում այս տարի հայտնվել են ժողովածուի առաջին երկու պրակները, դրանց պետք է հաջորդի եւս 37 պրակ: Այս հրատարակությունն իրագործում է Շեքսպիրի թարգմանիչ, բանաստեղծ Հենրիկ Սեւանի որդին՝ գործարար Տիգրան Խաչատրյանը:

Հովանավորները կարող են լինել ոչ միայն անհատ մարդիկ. այլեւ հաստատություններ եւ կազմակերպություններ: Կոմպոզիտորների միության աջակցությամբ եւ հովանավորությամբ է, որ լույս տեսավ «Ավանդույթներ եւ արդիականություն» երաժշտագիտական հոդվածների ժողովածուն, որ արժանացավ երաժշտական հասարակության բարձր գնահատականին:

Հովանավորները, բարերարները, բարեգործները, ինչպես ուզում եք կոչեցեք,- մինչեւ հեղափոխությունը շատ մեծ դեր են խաղացել մեր ազգային մշակույթի ասպարեզում, առանց որեւէ չափազանցության՝ պատմական դեր: Բավական է հիշել ազգային նշանավոր բարերար Ալեքսանդր Մանթաշյանի անունը: Եվ այսօր էլ մեծ դեր են խաղում: Բավական է վկայել ազգային մեծանուն բարերարներ Գալուստ Գյուլբենկյանի եւ Ալեք Մանուկյանի անունները կրող հիմնադրամների գործունեությունը:

Ես հովանավորների հանդեպ երախտագիտության զգաց մունքներ եմ տածում նաեւ անձնապես։ Ալեք Մանուկյան հիմնադրամի շնորհիվ լույս տեսավ իմ «Թումանյանը եւ իր ժամանակը» գիրքը։ Իմ բարեկամ Քեչեջյանների ընտանիքի միջոց ներով այս տարի լույս տեսավ իմ «Պարույրը» խոհագրությունը. Իմ ընկերներ Արմեն և Միմի հարությունանների միջոցներով Բեյրութում այս տարի լույս տեսավ իմ «Մենք եւ մեր ժամանակը» հոդվածների ստվար ժողովածուն:

Ինչպե՞ս կարելի է երախտապարտ չլինել:

«Շուկայական հարաբերությունները» եւ բարեգործությունը միմյանցից անբաժան են: Այդպես է եղել հեղափոխությունից առաջ, այդպես է Սփյուռքի բովանդակ տարածքում, այդ պես է դառնում եւ այսօրվա Հայաստանում: Ուզենք, թե չուզենք, սա է պատմական ընթացքի տրամաբանությունը:

Թղթ. -Դուք լավատե՞ս եք, մեր օրերում դա եզակի երեւույթ է։

Լ.Հ. - Կարելի՞ է այդպես համարել մի մարդու, որ ապրում է մշտական անհանգստությամբ, տագնապով՝ մեր մշակույթի այսօրվա վիճակի, մեր ժողովրդի այսօրվա ծանր կեցության եւ վաղվա ճակատագրի հանդեպ: Ես պարզապես գոհ եմ լինում. երբ մի որեւէ գործ առաջ է մղվում, երբ հանդիպում եմ կարգին մարդկանց: ԱՀա մեր ինստիտուտի աշխատակազմը: Այստեղ շատ կան մարդիկ, որոնք առանց որեւէ պայմանի նվիրված են իրենց գործին, իրենց մասնագիտությանը: Նրանք ստանում են այնքան ցածր աշխատավարձ, որ ամաչում եմ ասել (ասենք, ո՞վ չգիտի որ)։ Բայց նրանք գլուխները կախ անում են իրենց գործը: Աշխատում են, գրում առանց վստահ լինելու, թե իրենց աշխատությունները լույս կտեսնե՞ն արդյոք (մեր ինստիտուտում կան մի քանի տասնյակ պատրաստի գիտական աշխատություններ):

Բայց գիտեք ի՞նչ, դժբախտությունը դեռ այն չէ, որ ավելի քան սահմանափակ են հրատարակչական հնարավորությունները: Մեծ դժբախտությունն այն է, որ արվեստաբանական, ինչպես գրականագիտական գրականությունը կորցրել է իր սպառողին: Առաջարկի եւ պահանջարկի հարաբերության օրենքը միայն տնտեսությանը չէ, որ վերաբերում է: Մենք ընթերցողին ենք կորցնում, պահանջարկ ենք կորցնում: Մտեք Երրեւանում հատ ու կենտ մնացած գրախանութները եւ կհամոզվեք: Գրադարակները ճկռում են գրքերի ծանրության տակ՝ եւ գնորդներ չափազանց սակավաթիվ: Սա կուլտուրայի անկման ստույգ նշանն է: Ի՞նչն է պատճառը, ավելի ճիշտ՝ պատճառները: Մի կողմից՝ նա ով գրքի կարիք ունի, փող չունի, իսկ նա ով փող ունի, գրքի կարիք չունի: Մուս կողմից հեռատեսիլը  խժռում է» ընթերցողներին: Հեռատեսիլը, որ հաստատ տեղ է գրավել մեր կենցաղում, և՛ բարիք է, և՛ չարիք: Չարիք երբ գրքից կտրում է մարդկանց, մանավանդ աշակերտներին, ուսանողներին, երիտասարդությանը։ Երբ նրան կերակրում է փուչ եւ անիմաստ սերիալներով, շփերթ եւ անորակ հաղորդումներով: Մանավանդ մեր՝ հայկական հեռուստատեսությունը: Դա Հոգեպես աղքատացնում է մարդուն, կասեցնում` երիտասարդ մարդու մտքի զարգացումը:

Նայում եմ մեր երիտասարդությանը եւ դժվար եմ պատկերացնում` մի երիտասարդի, որ հափշտակությամբ կարդա «Վերք Հայաստանի» հանճարեղ գիրքը: Եվ դա ինձ վշտացնում է ոչ պակաս, քան շնորհքով երիտասարդների արտահոսքը (նաեւ մեր ինստիտուտից): Ի՜նչ խելոք են վարվում նորվեգները, որ շաբաթը մեկ օր դադարեցնում են հեռատեսիլային հաղորդումները: Լավ կլիներ, որ մենք հետեւեինք նրանց օրինակին՝ ինչքա՜ն էլեկտրաէներգիա կխնայվեր եւ դրա հետ՝ մեր ժամանակը, որ ամենից թանկն է մարդկային կյանքում:

Կորցնում ենք ոչ միայն ընթերցողին, այլեւ՝ կինոդիտողին (քանի՞ կինոթատրոն է մնացել Երեւանում), թատրոնի հանդիսատեսին (ամիսը քանի՞ ներկայացում է ցուցադրվում Երեւանում եւ այն էլ՝ ի՜նչ է ցուցադրվում): Մինչդեռ գրականությունն ընթերցողն է ստեղծում, նա՛եւ ընթերցողը, թատրոնը հանդիսատեսն է ստեղծում, նա՛եւ Հանդիսատեսը: Գյոթեն զուր չէր ասում, թե մենք զարմանում ենք հին հունական ողբերգակների հանճարի վրա, մինչդեռ պետք է զարմանանք հին հունական հանդիսատեսների վրա, որ հասկացել, ընդունել, պահել են այդ ողբերգակներին:

Հիմա ի՞նչ պահանջարկ, ի՞նչ ճաշակ, ի՞նչ խնդիրներ է առաջադրում մեր ընթերցողը գրականությանը եւ հանդիսատեսը՝ թատրոնին: Ես շատ եմ տխրում, երբ մտածում եմ այս ամենի մասին...

Թղթ. - Ի՞նչ դուրս եկավ, պարոն տնօրեն: Մեր զրույցը սկսեցինք «կենացով», ավարտում ենք «ողորմի տալո՞վ»։

Լ.Հ. - Ուղիղ նայել ճշմարտության աչքերին դեռ չի նշանակում «ողորմի տալ»: Մեր պատմության տառապալից ընթացքում դժվար ժամանակներ «ձմռան նման» շատ են եղել ու անցել: Սա էլ կանցնի: Ես հավատում եմ հայ ազգային մշակույթի կենսունակությանը: Այն օրը, երբ կորցնեմ այդ հավատը, կուզենամ տեղնուտեղը մեռնել: Այնպես, ինչպես կուզենամ մեռնել, եթե առնեմ այն բոթը, որ Ղարաբաղը մերը չէ։

Հավատում եմ, որ կգա ժամանակ, որ մեր ինստիտուտում ստեղծված կարեւոր աշխատությունները լույս աշխարհ կգան եւ կունենան իրենց ընթերցողը։ Ե՛վ Կարեն Քալանթարի հայ կինոյի պատմության երկհատորյակը, նաեւ մենագրությունը Փարաջանովի մասին, ե՛ւ Վիգեն Ղազարյանի բաժնում ստեղծվող հայ կերպարվեստի պատմության հատորները, ե՛ւ Մուրադ Հասրաճյանի բաժնում ստեղծված ճարտարապետության պատմության հաջորդ հատորները, ե՛ւ Մանյա Ղազարյանի գրած հայ կիրառական արվեստի պատմության երկհատորյակը, ե՛ւ Կ. Խուդաբաշյանի ու Հ. Պիկիչյանի բաժնում մշակվող հայ ժողովրդական երգերի պրակները, ե՛ւ Բ. Հարությունյանի հայ թատրոնի տարեգրության հաջորդ հատորները: Եվ էլի ուրիշ գրքեր:

Ինչպես սկզբում ասացի, դուք դատեցեք, թո՛ղ ընթերցողը դատի՝ այս աշխատությունները պե՞տք են մեր ժողովրդին, թե ոչ:

Թղթ.Ուրիշ ի՞նչ կուզենայիք ասել:

Լ.Հ. - Մի շատ կարեւոր բան, որ պահել եմ վերջում:

Մեր ինստիտուտը տարիներ ի վեր զբաղված է Կոմիտասի երկերի լիակատար ժողովածուն պատրաստելու եւ լույս ընծայելու նվիրական նպատակով: Ծրագրված 18 հատորից վեցը խորհրդային տարիներին լույս է տեսել: ՅոթերորդըՊատարագը») Հայաստանում քրիստոնեության հաստատման 1700- ամյակի կապակցությամբ, ֆինանսավորում է կառավարությունը։ Եվս չորսը հաստատ խոստացել է Հովանավորել Լիսաբոնի Գյուլբենկյան հիմնադրամը (գրասենյակի տնօրեն դոկտոր Զավեն Եկավյան): Մնացած յոթ հատորը՝ հայ օգնության ֆոնդը (տնօրեն Վիգեն եպիսկոպոս Այքազյան), Ամերիկայի արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի աջակցությամբ:

Այս համաձայնությունները հեշտությամբ եւ միանգամից չէ, որ ձեռք են բերվել, այլ տեւական բանակցությունների շնորհիվ:

Այն ժամանակ, երբ լույս կտեսնի Կոմիտասի երկերի լիակատար ժողովածուի վերջին հատորը, մենք կարող ենք ասել, որ կատարել ենք մեր սուրբ պարտքը Կոմիտասի առջեւ, հայ երաժշտության, հայ ազգային մշակույթի առջեւ։

Նյութի աղբյուրը՝ «ՀԱՅԱՍՏԱՆ» / օրաթերթ, 2 սեպտեմբեր 1997

51 հոգի