Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

«Ավերված քաղաքի մեղեդին» ներկայացումը Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնում

Վերջին տարիներս ես չեմ տեսել մեկ ուրիշ ներկայացում, որ լինի այսքան վշտալի եւ միաժամանակ սրտալի ու ծիծաղելի:

Բեմի ետնավարագույրը ներկայացնում է մի տրտմալի պատկեր՝ գերեզմանատուն մեծ խաչերով: Այս ֆոնի վրա՝ շարունակ անցուդարձ անող վատ հագնված անօգնական մարդիկ. ինչ-որ մեկը, կաղալով, ինչ-որ տնային իրեր է տեղափոխում, մեկ ուրիշն անցնում է իր դժվար ճակատագրի տակ կքած, մի կույր թավջութակահար՝ երաժշտական գործիքը ձեռքին... Եվ այս ամենին, ինչպես ամբողջ գործողությանն ուղեկցում է անհունորեն թախծոտ իտալական դասական Ալբինոնիի հայտնի մեղեդին եւ մեզ այնքա՜ն սրտամոտ «Որսկան ախպերը», երկուսն էլ, կարծես, ստեղծված հատկապես այս ներկայացման համար:

Սա երկրաշարժից ավերված քաղաքի բեմական ընդհանրացումն է` անողոքաբար ճշմարտացի եւ տպավորիչ: (Բեմադրիչը են. եւ պիեսի հեղինակը հայտնի կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանն է` ՄՀերի փոքր եղբայրը, բեմանկարիչը՝ Անտոն Քեշիշյանը):

Բուն գործողությունն ընթանում է նախաբեմի հակադիր ծայրերում: Մի ծայրում ավերմունքի հետեւանքով հարազատներին կորցրած, այրիացած ուսուցչուհի Սաթենիկի կացարանն է, մյուս ծայրին՝ կացարանը մի շատ քմահաճ մերձիմահ մարդու, որին որդիական հեզությամբ խնամում է իր զավակը։ Սա, ըստ իմ պատկերացման, ժողովրդական դրամա է, ող բերգա-կատակերգական հյուսվածք: Գրված է բարբառով՝ այնքան պարզ Հասարակ, ինչպես պարզ ու հասարակ են գործող անձինք: Երկխոսություններն՝ աչքի չեն ընկնում հղկված նրբությամբ, ճշմարտացի են եւ հումորով հարուստ, առանց որի չի կարելի պատկերացնել գյումրեցու խոսվածքը։

Ես ներկայացման ամբողջ բովանդակությունը չեմ պատմի, կվերադրեմ այն հիմնական գիծը միայն եւ մյուս դերակատարների՝ ներողամտությունը հայցելով, կբնութագրեմ այն երկու դերակատարների խաղը միայն, որ հուզական շունչ են տալիս արցունքախառն ծիծաղ կամ ծիծաղախառն արցունք հարուցող այս բեմադրությանը:

Այրի ուսուցչուհի Սաթենիկին անձնավորում է դերասանուհի Անահիտ Հարությունյանը: Նա խաղում է այնքան վառ ու անկեղծ, որ անմիջապես համակում է դիտողին: Սա մի կիրթ, ակնոցավոր, երիտասարդական հմայքը դեռ պահպանած, մենակ մնացած կին է, որ դիմադրում է ճակատագրի հարվածներին եւ ուզում է, որ իրեն հանգիստ թողնեն իր դժբախտության հետ: Հակառակի պես հայտնվում է որբացած մի պատանի, որ օր ու արեւ չի տալիս, հանգիստ չի տալիս նրան. թե ուզում եմ, որ դու իմ մայրը դառնաս: Գագիկ անունով այս տղային պատանեկան անկեղծությամբ անձնավորում է պատանի դերասան Հովիկ Վարդանյանը: Սա վերին աստիճանի չարաճճի, հանդուգն ու համառ տղա է: Մարդը չի ուզում մանկատանը մնալ, ուզում է տիկին Սաթենիկի տղան դառնալ: Եվ որքան վշտահար այրին հեռու է վանում Գագիկին, սա այնքան ավելի համառ ու անկասելի է դառնում: Այս մենամարտի մեջ տղան է դառնում հաղթողը: Հանգամանքների բերումով այրին մայրական քնքշանքով կապվում է տղայի հետ, սա էլ՝ իր նորահայտ մոր: Մնում է որդեգրելու խնդիրը: Դա պետք է ձեւակերպվի գործկոմում: Գրասենյակի հետ կապված տեսարանները գյումրիավարի աղմկոտ գործավար կանանցով, հերթի մեջ գյումրիավարի հրմշտկվող մարդկանցով, դերասանաբար եւ ռեժիսորաբար պատկերված են ցայտուն եւ տպավորիչ: Սա իսկական թատրոն է, թատերային որակ՝ դերասանների և բեմադրիչի ստեղծագործական հաջողությունը:Այս ինչպես և ավտոբուսի հետ կապված տեսարանները բեմադրիչն ու նկարիչը լուծել են պայմանական թատրոնիսկզբունքներով, հասել ճշմարիտ թատերայնության, բայց այնպես, որ դրան չեն խաթարում գործողության բնական ընթացքը:

Ահա եւ տղան պաշտոնապես որդեգրված է։ Կարծես թե ամեն ինչ տեղն ընկավ: Բնավ ոչ: Մեր նորընծա թատերագրի կամքով ու հնարամտությամբ զավեշտը նոր է սկսվում: Հիմի էլ տղան կանգնել է, թե՝ հայր էլ եմ ուզում։ Տիկին Սաթենիկն ամուսնանալու ոչ մի ցանկություն չունի: Տղան չէ՛ որ չէ: Հարեւանները, մոտիկ մարդիկ համամիտ են՝ ընտանիքը պիտի ամբողջանա՞, թե ոչ: Եվ տղան ձեռքերից բռնած փեսացուներ է որ բերում է։ Այրին էլ, գրավիչ կին, իրար հետեւից մերժում է անկոչ փեսացուներին` մեկը մյուսից ծիծաղելի:

Եթե պատմեմ բոլորի մասին՝ կլինեմ շատ երկարաբան:

Տղան խռովում է մորից, նույնիսկ փախչում է տանից: Նա իր պահանջի մեջ շատ է համառ. բայց ի վերջո տեղի է տալիս: Այս անգամ մենամարտը շահում է այրին: Նա կարողանում է համոզել որդեգրած պատանուն, որ ամենից կարեւորը հայրացու գտնելը չէ, այլ իրենց՝ մոր եւ տղայի միջեւ հաստատված սերն է՝ այնքա՜ն թանկագին ու սրտալի: Եվ իրենք պետք են, շա՛տ են պետք միմյանց:

Այս ամենը մայրն ասում է բեմի մի ծայրից: Տղան լսում է բեմի մյուս ծայրին կանգնած: Հասկանում է, որ մայրն է իրավացին: Մեկ էլ հանկարծ տղան պոկվում է տեղից եւ «Մամա» գոչելով վազում է դեպի մայրը: Սա էլ ընդառաջ է վազում տղային:

Նրանք գրկախառնվում են բեմի կենտրոնում:

Անհնար է դիմադրել ավարտակետի հուզական ազդեցությանը՝ ե՛ւ ուրախալի, ե՛ւ թախծալի միաժամանակ:

Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» դրամայի հերոսի ծերունի դերասան Մեք-Գրեգորի դերը կատարող Հրաչյա Ներսիսյանն ասում էր միայն իրեն հատուկ վարակիչ հուզմունքով. «Ես մի երգ կնվագեմ, որ ձեր սիրտը ճմլվի ուրախությու նից ու վշտից»:

«Ավերված քաղաքի մեղեդին» այդպիսի մի նվագ է: Այս բեմադրությունը «Անտիկ աշխարհը եւ մենք» թատերական փառատոնի ընթացքում ցուցադրված 16 ներկայացումներից մեկն էր: Այս մեծ եւ մեծածախս փառատոնը, որին մասնակից եղան Պետերբուրգից, Վրաստանից, Ուկրաինայից հրավիրված թատրոններ, երեւույթ էր Երեւանի գեղարվեստական կյանքում: Մեր ազգային թատերական մշակույթի շահն այն եղավ, որ մասնակից եղան Թիֆլիսի, Ստեփանակերտի եւ Գյումրիի թատրոնները նույնպես: Թիֆլիսի Պետրոս Ադամյանի անվան թատրոնը ցուցադրեց Էսքիլեսի «Օրեսթես» ողբերգությունը, որ հետաքրքիր էր երիտասարդ բեմադրիչ Ռոբերտ Մա նուկյանի աշխատանքով: Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնը՝ Եվրիպիդեսի «Անդրոմաքեն»: Սա գրավիչ էր գլխավոր դերակատար Ժաննա Գալստյանի ներշնչված խաղով, այն դերասանուհու, որ այնքա՜ն սիրելի դարձավ ղարաբաղյան շարժման ընթացքում ցուցաբերած համարձակ վարքագծով: Եվ մեկ էլ բեմադրիչ Լեոնիդ Հարությունյանի Հմուտ աշխատանքով:

Երրորդը Գյումրիի թատրոնի «Ավերված քաղաքի մեղեդին» էր: Սա, ինչպես մի քանի ուրիշ բեմադրություններ, որեւէ առնչություն չուներ փառատոնի թեմայի հետ: Բայց մի՞թե դա է կարեւորը: Ամենից կարեւորն այն է, որ Գյումրիի թատրոնը ստեղծել է մի ներկայացում, որ քաղաքի ողբերգությունը. գյումրեցիների հարազատ ու սիրելի կերպարները, նրանց դժվարին, շա՜տ դժվարին կեցությունը ցույց է տալիս այնպիսի լայնքով ու խորքով, ինչպես մինչեւ այսօր չի արել ոչ ոք եւ ոչ մի արվեստ գրական արվեստն էլ հետը:

Արժե, որ այս ներկայացումը, որոշ սրբագրումներից. չափազանց եւ անճաշակ ընդգծումներից (սրանք վերաբերում են հատկապես մերձիմահի հետ կապված տեսարաններին), ավելորդ աղմուկներից եւ գոչյուններից ազատելուց հետո բերվի Երեւան եւ ցուցադրվի ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ (հարկավ նախապես կարգին ռեկլամելով)։

Երեւանի մարդկանց ոչինչ ավելի խորունկ եւ ազդու պատկերացում չի տա Գյումրիի մարդկանց ողբերգության եւ առհասարակ մեր այսօրվա ազգային դժվար կեցության մասին, որքան բեմական արվեստի այս գործը՝ «Ավերված քաղաքի մեծ ղեդին»։

Մե՛ղք կլինի, եթե այս բանը չարվի։

19.11.2024  03:39

Նյութի աղբյուրը՝ «ԱԶԳ» / օրաթերթ, 5 նոյեմբեր 1997

58 հոգի