Սեղմիր
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

18.11.2024  01:47

Սոս Սարգսյանի արտիստական եւ մարդկային դիմանկարը

Ամեն մի մտածող դերասան ունենում է իր նախասիրությունը, իր ներաշխարհին, իր խառնվածքին բռնող թեման, որ զարգացնում է ամբողջ ստեղծագործական կյանքում: Սոս Սարգսյանինը` մտահոգ մարդու թեման է, ինչ դեր է խաղա՝ թատրոնում թե կինոյում, դասական թե արդիական ազգային թե օտարազգի, դրական թե բացասական: Գրեթե առանց բացառության: Վաղուց ի վեր: Լավ հիշում եմ, քանի որ նրա ստեղծագործական կյանքն անցել է իմ աչքի առաջ: 1958-ին Սունդուկյանի թատրոնում բեմ հանվեց Գրիգոր Տեր - Գրիգորյանի «Վերջին մեխակներ» դրաման, որ նոր խոսք էր ժամանակի հայ կյանքի մեկնաբանության մեջ: Սոս Սարգսյանն այստեղ խաղում էր գիտական մի հաստատության կուս կազմակերպության՝ քարտուղար Արտաշեսի դերը։ Հիմա այս բառերը հնչում են օտարոտի, բայց ժամանակին շատ բան էին նշանակում՝ նա էր վարում այսպես կոչված կուսակցական գիծը: Բայց Սարգսյանի Արտաշեսը բոլորովին ուրիշ մարդ էր նա ոչ թե արմարվում էր պարտադրված կուսակցական գծին, այլ այդ գիծն էր հարմարեցնում իրեն, իր ազգային մտահոգությունը: Եվ բեմում քայլում էր մի խոհուն մարդ, որի հոգսն ազգային պատմագիտության ճիշտ զարգացումն էր՝ անկախ կուսակցական հրահանգավորումից: Իր համոզմունքն ունեցող մարդ համեստ, բայց եւ աննահանջ, կեցվածքից ու վերամբարձ խոսքից հեռու, որի հետ չէր կարելի հաշվի չնստել, այնքան համոզիչ էր կրծքային թավ ձայնով հնչող նրա խոսքը:

Սա Հենց ինքն էր՝ Սոս Սարգսյանը դերի առաջադրած հանգամանքներում:

Ինչի՞ է պետք մարդը, եթե մտահոգություն, հոգս, նպատակի սեւեռում չունի: ԱնՀոգ մարդու հետ Սոս Սարգսյանը գործ չունի: Ինչ դեր էլ խաղա՝ դերասանը նրան կդարձնի մտահոգ մարդ, որ կարողանա անձնավորել: Նա խաղաց, եւ շատ տպավորիչ, համաշխարհային թատերագրության մեծ չարագործի՝ Յագոյի դերը: Նրա անձնավորմամբ Յագոն չարիք գործող մեքենա չէր, այլ իր մտահոգություններն ունեցող խելացի մարդ: Այսպես՝ ի՞նչ գործ ունի սեւամորթ Օթելլոն Վենետիկի շարմաղ գեղեցկուհու, այն էլ ազնվականի դստեր հետ. այս աշխարհում կարգուկանոն պիտի հաստատվի՞ թե ոչ: Հետո՝ խափշիկ զորավարն ինչպե՞ս հանդգնեց տեղակալի պաշտոնը ոչ թե իրեն՝ բազմափորձ զինվորականին տալ, այլ Կասիոյին, շտաբային սպային, որ «վառոդի հոտ իսկ չի առել»: Եվ այս Յագոն ամբողջ գործողության ընթացքում մտածում, քայլում, խոսում է իր աչքից ընկած զորավարին կործանելու սեւեռուն մտահոգությամբ, կերպարի վարքագծի շարժառիթները հոգեբանորեն հիմնավորելով: Դրանից հետո Յագոյի բարոյական գնահատականը թող դիտողը տա, որ, իհարկե, դրական լինել չէր կարող:

Եթե այսպես էր Յագոյի բանը, ապա ինչպիսին պիտի լիներ դերասանը ազնիվ մտահոգության մեծագույն հերոսի` Դոն Կիխոտի դերում։ Մեր առաջ «վշտակերպ ասպետն» էր, որ նայում էր շուրջ բոլորը խորին տխրությամբ, միամիտ զարմանքով ու տարակուսանքով. այս չքա՜ն անկատար, անարդար է այս աշխարհը: Վիշտ էր ծորում Լամանչեցի ասպետի դեմքից, եթե ժպտում էր, դա էլ կոտրված ժպիտ էր, մի տեսակ վշտի ժպիտ: Դա հենց դերասանի ժպիտն էր։ Դա հենց ինքն է՝ Դոն Կիխոտի կերպարանքով, որ այնքան նման է իրեն:

Ինչպես եւ պետք էր սպասել, մեր դերասանին հարազատ եղավ Վիլյամ Սարոյանի թատերական գեղագիտությունը նույնպես: Ինչո՞ւ: Ամենից առաջ մտահոգ հերոսներով (Սարյանն անմտահոգ հերոս չունի): Նրանցից մեկը բիթլիսցի Գրիգոր Թորգոմյանն է` «Խաղողի այգին» պիեսում, որ Հենրիկ Մալյանը հիանալի բեմադրեց Սունդուկյանի թատրոնում: Այս դերը վիճակվեց իր իսկական տիրոջը՝ Սոս Սարգսյանին: Եթե կարող է լինել հպարտ վիշտ, հպարտ մտահոգություն, ապա այս կերպարը դրա մարմնացումն էր: Աղքատ-հպարտ, սեփական թշվառությունը չնկատող, գրպանը դատարկ առատաձեռն, հայրենիքը կորցրած մարդու մտահոգությունից անբաժան, որ կարող է ասել գոհունակությամբ. «Մենք դատող, քրտնող ժողովուրդ ենք, աշխատավոր ժողովուրդ... Մենք իսկական ազնվականներ ենք»: Եվ դերասանը նրան այդպես էլ անձնավորում է՝ արքայական պահվածքով ու խոսվածքով այդ ամերիկահայ գաղթականին:

Սա էլ ինքն է՝ սարոյանական հերոսի կերպարանքով: Հիմա նայենք Սոս Սարգսյանին ժամանակակից երեւանցու կերպարանքով` Վարդան Ադամյանը Ժորա Հարությունյանի «Խաչմերուկ» պիեսում: Վերստին ազնիվ մտահոգությամբ ապրող, մտածող անհատ: Սակավախոս, գրեթե անժպիտ, բայց եւ բարի, համեստ, բայց եւ անզիջում, երբ բանը վերաբերում է բարոյական արժեքների, իր իդեալների պաշտպանությանը։ Վերստին՝ խաղ առանց խաղի: Սա նույն Սոս Սարգսյանն է առանց արտաքին կերպարանափոխման: Ժամանակին թատերագիր Ժիրայր Անանյանը լավ էր գրել դերսանին նվիրված մի գրքույկում. «Կարելի՞ է դեր խաղալ բոլորովին չխաղալով... Գաղտնիքը ո՞րն է»:

Գաղտնիքն այն է, ինչ Սոս Սարգսյանը բացահայտել է 1986-ի մի հարցազրույցում. «Ես ինձ դերասան չեմ համարում, միշտ էլ ասում եմ, որ դերասանություն անել չեմ կարողանում»: Ուրիշ խոսքով՝ չի կարողանում ձևանալ, կեցվածք ընդունել, այլ լինում է այն մարդը, որին անձնավորում է, արտաքին կերպարանափոխմանը շատ էլ տեղ չտալով:

Բայց սա նաեւ Հրաչյա Ներսիսյանի, Սպենսեր Տրեսիի, Ժան Գաբենի զաղտնիքն է: Անճանաչելիորեն կերպարանափոխվու՞մ է Ներսիսյանը դերից դեր: Ո՛չ: Հիշու՞մ եք Սպենսեր Տրեսին «Նյուրընբերգյան պրոցեսը» կամ Ժան Գաբենին «Երկնային ամպրոպ» կինոնկարներում: Խաղու՞մ են: Ոչ: Սրանք շատ խոհուն, իմաստալից, արտահայտիչ դեմք ունեցող մարդիկ են, որ երեւում են էկրանին այնպես, ինչպես կան: Բայց եւ ինչքա՜ն վառ տպավորություն են թողնում նրանք: Գաղտնիքը հոգեբանական, ներաշխարհային անձնավորման մեջ է, ավանդական տերմինով ասած՝ հոգեբանական ռեալիզմի, որ գնալով ավելի ու ավելի քիչ նշանակություն է տալիս արտաքին կերպարանափոխությանը, ինչպես ասվում է մասնագիտական գրականության մեջ՝ վերամարմնավորմանը:

Ո՞վ է «Հացավանը» ներկայացման Մացակը: Մի գյուղացի, որ ամբողջ էությամբ դեմ է «Համատարած կոլեկտիվացմանը»: Խելացի, փորձված, հողի լեզուն հասկացող հողատեր, որ տեսնում է, թե ինչպես է աչքի առաջ քանդվում հողի աշխատավորի տունը: Նա ծառս է լինում կատարվող աղետալի երեւույթի դեմ. «Ես տոհմական ռանչպար Մացակ Ավագյանս մասնավոր - սեփական եմ ծնվել, մասնավոր - սեփական էլ կմեռնեմ», ասում է նա երդվելու պես: Նաիրի Զարյանի վեպի հերո՞սն է սա, թե՞ հենց Սոս Սարգսյանը, թե՞ նրա հայրը՝ լոռեցի ռանչպար Արտաշեսը, որի ընտանիքում ծնվել է Սոսը 1929-ի Հոկտեմբերի 24-ին: Ե՛վ մեկը, ե՛ւ երկրորդը, ե՛ւ երրորդը, որովհետեւ երեքն էլ ոչ միայն լավ գիտեն հողի աշխատավորի հոգեբանությունը. այլեւ այդ հոգեբանության կրողներն են: Սոսն այստեղ վերամարմնավորման կարիքն էլ չունի: Այս Մացակը հենց ինքն է։ Ժողովրդի մարդը: Ուժեղ անհատի մաքառումն ու տառապանքն իր ոլորտն է: Մացակը գիտի, որ ինքն անհավասար պայքարի մեջ է պետական զորեղ եւ անողոք մեքենայի դեմ։ Այստեղից էլ տրագիզմը: Այստեղից էլ այն տրտմալի հայացքը որով նա զննում է չորս բոլորը՝ այս ի՞նչ է կատարվում:

Ըստ Նաիրի Զարյանի վեպի Մացակ Ավագյանը շեշտված բացասական տիպ է, կոլխոզային կարգերի անհաշտ թշնամի: Ըստ ներկայացման եւ Սարգսյանի անձնավորման` ընդհակառակը: Պետք չէ ուրանալ՝ Խորեն Աբրահամյանը ոչ միայն լավ դերասան է, այլեւ հմուտ բեմադրիչ-մեկնաբան: «Հացավանը» նրա լավագույն աշխատանքներից մեկն է։ Նա առանց հետ նայելու շուռ է տվել  վեպի նպատակադրումը ի սեր կոլխոզային կարգերի գրված վեպը մեկնաբանելով իբրեւ ընդդեմ այդ նույն կարգերի դեմ գրված վեպ: Եվ այս մեկնաբանության մեջ, իհարկե, Սոս Սարգսյանի Մացակը պետք է ընկալվեր իբրև խորին համակրանքի արժանի հերոս: Այդպես էլ ընկալվում էր, ընդունվում գրկաբաց, Ինչպե՜ս փոխվում են ժամանակները, մենք էլ՝ ժամանակի հետ:

Եթե Մացակ Ավագյանը մտահոգության հերոս էր, ապա դերասանի անձնավորած Նահապետը քայլող մտահոգություն էր որ կար (Հ. Մալյանի «Նահապետը» կինոնկարում): Ուրիշ ի՞նչ պիտի լիներ, բնահան արված սասունցի գեղջուկ, տունուտեղից հարազատներից զրկված, դժվար կյանքի դատապարտված մարդ: Բայց մեր դերասանի մտահոգ հերոսները մի մշտական ուղեկից ունեն, որ հպարտությունն է: Նույնպես անձնական Հատկություն: Դերասանի եւ կերպարի նմանությունն այստեղ էլ ակներեւ է: Չգիտես այս վշտահար մարդը Սո՞սն է սասունցի գյուղացու կերպարանքով, թե՞ սասունցի գյուղացին՝ Սոսի: Հակված եմ կարծելու, որ երկրորդն է: Սա հենց ինքն է։ Կա հեռու հեռավոր մի գյուղ Քեսաբ անունով, Սիրիայի սահմանագլխին, Մուսա լեռան ստորոտում, այստեղից լեռն էլ լավ երեւում է, մի քիչ այն կողմ Թուրքիան է: Խոսքի արանքում ասեմ՝ ես այնտեղ լինելու բախտն ունեցել եմ: Սոսն էլ ունեցել է: Գյուղի միջով անցնելիս, վարորդ՝ Հակոբը՝ Սոսի հյուրընկալը, կանգնեցնում է մեքենան եւ հարցնում գյուղամիջով անցնող մի կնոջ. «Սա պարոնը կճանչնա՞ք...»: Սա մոտենում է, զննում պարոնին եւ՝ «–Ամա՜ն... Նահապետը չէ՞»: Այո՛, Նահապետն է, նույն ինքը, ժողովրդի դերասան Սոս Սարգսյանը: Սա դերի եւ դերասանի մերձեցումն է, գրեթե նույնացումը: Երջանիկ նույնացումը սիրելի հերոսի եւ սիրելի դերասանի:

Բայց, տարօրինակ, այդ մերձեցումը լինում է նաեւ այնտեղ ուր դերն անհունորեն հեռու է իրենից, միայն թե նա մտահոգ մարդ լինի, ինչպես հրեա առեւտրական Սոլոմոնն է Արթուր Միլլերի «Գինը» պիեսում:

Ես այս դերակատարումը (որ կարծեմ վերջինն է Սոս Սարգսյանի դերացանկում) տեսել եմ Բեյրութում 1997-ի հունվար 25-ին (բեմադրող՝ Վարուժան Խտըշյան): Սոսը սփյուռքում շատ է եղել, սփյուռքը նրան հավանում է իբրև ճշմարիտ հայ մարդու, ես դա նկատել եմ:

Վարագույրը բացվելուն պես է երևաց, որ բեյրութի հասարակությունը Սոսին հավանում է նաեւ որպես դերասանի: Սոսն այն ժամանակ 68 տարեկան էր, Սոլոմոնը՝ շա՜տ ավելի։ Խորին ծերության հասած մարդ էր Սոս Սարգսյանի Սոլոմոնը, բայց խելքը, միտքը, հիշողությունը տեղը, հումորն էլ հետը: Խորամանկ, ամեն ինչ նկատող, սեփական շահին հետամուտ հրեա կոմերսանտ (առեւտրական ասենք չի՞ լինի)։ Բայց դերասանին ավելի շատ զբաղեցնում է ուրիշ մի խնդիր: Սոլոմոնը ժամանակի չափանիշն ու խորհրդանիշն է պիեսում, ինչպես զառամյալ Ֆիրսը Չեխովի «Բալենու այգում», ինչպես Քրոնոսը՝ ժամանակի աստվածը հունական դիցաբանության մեջ։

Այս Սոլոմոնն ապրել է այն ժամանակներում, երբ իր խաղընկերները ծնված էլ չէին: Ինչե՜ր ասես չեն անցել նրա գլխով, ինչքա՜ն կորուստներ է ունեցել: Սոսը պատմում է խորին մտահոգությամբ, որը եւ մերձեցման հիմքն է: Բայց եւ հումորով՝ միաժամանակ սեւեռուն հետամուտ իր առեւտրական շահին, որի համար էլ հայտնվել է գործողության վայրում: Չէ՞ որ նա իսկական հրեա է: Լավ է գրել հմուտ թատերագիրն իր պեսը, ամենից լավ՝ Սոլոմոնի մեծ դերը:

Եվ Սոս Սարգսյանը լավ էլ խաղում էր՝ ավելի ու ավելի մերձենալով ցավ ու վիշտ ապրած իր մտահոգ հերոսին:

Եթե բանն այսպես է դրամատուրգիական կերպար անձնավորելիս, ապա այդ մերձեցումն անխուսափելի է, երբ նա տեքստ է ասում, մշտապես ազգային-հայրենասիրական տեքստ:

Ամենքը երեւի տեսել են «Մատենադարան» կինոնկարի բազմաթիվ սերիաները, կարծեմ 20-ից ավելի: (Սցենարի հեղինակներ Կիմ Բակշի եւ Հովիկ Հախվերդյան, բեմադրիչն՝ այս անուններից երկրորդը, իմ կրտսեր եղբայրը):

Սոս Սարգսյանն այստեղ տեքստ մատուցողն է պարզապես: Հեշտ է ասել՝ պարզապես: Հապա տեսեք, թե ի՜նչ գեղեցիկ է գրել այդ «պարզապես»-ի մասին արվեստաբան, մեր փայլուն կինոգետ Կարեն Քալանթարը: «Դժվար է գտնել մեկ այլ մարդու, որի  արտաքինը համապատասխան, կասեի՝ դասականորեն արտահայտեր մեր պատկերացումը հայի մասին։ Եվ հազիվ թե ուրիշ որեւէ մեկն իր արտաքինի մեջ այդպես բնականորեն զուգակցեր գյուղացուն և ազնվականին: Սոս Սարգսյանին այս իմաստով թերեւս կարելի համեմատել Հրաչյա Ներսիսյանի հետ: Բայց հարցը միայն դերասանի արժանիքը չէ։ Նրա մարդկային անհատականության մեջ, թվում է, լույս են տալիս ժողովրդի բոլոր այն գույները, բոլոր կողմերը, որոնք նա ֆիլմում ներկայացնում է» («Գրական թերթ», 5. 11. 1988):

Սոսն այստեղ պատմում է, մի առ մի թերթելով ներկայացնում հայ միջնադարյան ձեռագրերը: Իհարկե, նա ասում է այն տեքստը, որ գրել են սցենարիստները: Բայց տպավորությունն այնպիսին է, թե նա իր սեփական խոսքն է ասում: Ահա տարիքն առած մի հայ մարդ խոսում է իր ժողովրդի հոգեւոր արժեքների մասին՝ այստեղ եւս մտահոգ, հավաք, հպարտ, բայց առանց որեւէ վերամբարձ շեշտի: Սա տեքստի դերասանական յուրացման բարձրագույն որակն է: Այն որակը, որ հատուկ է նրա դերակատարություններին: Սա հենց այն է, ինչ Դերենիկ Դեմիրճյանը կոչում էր «միամիտ խաղ»: Դրա էությունն այն է, որ «Դերասանը խաղալիս չպետք է զգացնել տա, որ ինքը լավ գիտի դերը, այն, թե ինչ է անելու հերոսը: Դա խոշոր աննպաստավորություն կլինի դերասանի համար, որը եւ կսպանի միամտությունն ու անգիտությունը նրա խաղի մեջ, այսինքն՝ այն բնականությունը, որ կյանքի մեջ կա... Դերասանն այնպես պիտի խոսի եւ գործի, կարծես հենց նոր, այդ իսկ վայրկյանին նա որոշեց այդպես խոսել, այդպես գործել եւ ինքն էլ չգիտի, թե ինչով պիտի վերջանա իր քայլը, վարմունքը»: (Դ.Դեմիրճյան, Հուշեր եւ խոհեր հայ դրամատուրգիայի եւ թատրոնի մասին, Երկերի ժողովածու, Հ. 14, 1987, էջ 67):

Սա հենց Սոս Սարգսյանի դերասանական արվեստն է: Նրա հերոսները սովորաբար սակավախոս են (մտահոգ մարդիկ քչախոս են լինում), ինչպես հենց ինքը՝ դե երասանը: Մինչդեռ «Մատենադարան» ֆիլմում նա շարունակ խոսում է, քանի որ ինքն է միակ պատմողը: Բայց այստեղ էլ խոսում է այնպես, կարծես սցենարիստներ Կիմ Բակշիի եւ Հովիկ Հախվերդյանի օրերով ծանրութեթեւ արած խոսքը չի, որ ասում է, այլ ինքն է տեղնուտեղը մտածում եւ ասում: Դու կարծես տեսնում ես այդ լրջախոհ մարդու մտքի աշխատանքը։ Եվ դա մի առանձին հմայք, գեղարվեստական հրապույր է տալիս վավերագրական կինոնկարին:

Ասմունքը մեր դերասանի համար (ինչպե՜ս չի սազում այս բառակապակցո ապակցությունը, երբ խոսքը վերաբերում է տաղանդավոր արտիստին՝ դեր ասող) երբեւէ հիմնորոշ զբաղմունք չի՛ եղել։ Բայց երբ կամեցել է՝ անպայման հատուկ ընտրությամբ, ըստ սեփական նախասիրության ու խառնվածքի: Ինքը ժողովրդի մարդ՝ ասմունքել է ժողովրդի մարդ-բանաստեղծներ Թումանյանին, Ջիվանուն, Համո Սահյանին: Եվ այնքան հարազատ, ասես նրանց ոտանավորներն ինքն է գրել: Այստեղ էլ ինքն է, նախ ինքը:

Սոսի հայերենը՝ բնական, անճիգ, ոչ մի օտարամուտ չեշտ, կարծես հայերենից բացի ուրիշ լեզու չգիտի։ Շատ լավ էլ գիտի: Նա ռուսական միջնակարգ դպրոց է ավարտել Ստեփանավանում, ինչպես, ի դեպ, Հովհաննես Աբելյանը Բաքվում եւ Գուրգեն Ջանիբեկյանը Երեւանում: Բայց երեքն էլ` բանավոր հայերենի, բեմական հայերենի վարպետներ: Ինչի՞ շնորհիվ: Այն հանգամանքի, որ երբեք չեն կտրել ազգային լեզվի ու մշակույթի, հենց ազգի հետ իրենց կապող պորտալարը:

Մեր Սոսը շատ նախանձախնդիր է, երբ բանը գալիս է հայոց լեզվին: Շատ վաղուց՝ 1985-ին հրապարակած իր մի հոդվածում («Սովետական արվեստ», N3) ի շարս ուրիշ լեզվական հարցադրումների, նա մի այսպիսի միտք է հայտնել, որ բոլոր դերասանները պետք է իրենց ականջին օղ անեն. «Հարկ կա՞ հիշեցնելու, որ մեզ դիտում ու լսում են հարյուրավոր, իսկ կինոֆիլմերով ու հեռուստատեսությամբ` հազարավոր մարդիկ այդ թվում նաեւ ողջ աշակերտությունը: Ու եթե կուզեք, մայրենի լեզվի նկատմամբ ունեցած հայ թատրոնի պատասխանատվությունը միշտ էլ եղել ու կա իբրեւ պատմական պատասխանատվություն»:

Այո՛, պատմական պատասխանատվություն` բնավ շատ չի ասված: Ուրիշ բան, որ անկախ մեր կամքից, հանդիսանքային արվեստների ծանրության կենտրոնը, դժբախտաբար, տեղափոխվեց հեռատեսիլ:

Պետք է այս միտքը, գոնե այն, ինչ ես ընդգծել եմ, փակցնել բոլոր թատրոնների, մեր հեռատեսիլի բոլոր ալիքների բոլոր սենյակների պատերին: Տեսնում ենք չէ՞ մեր աչքի առաջ ինչպես է նահատակվում բանավոր հայերենի կուլտուրան: Սրա առաջը պիտի առնվի, թե՞ չէ: Ասենք դատելով մեր անհամար լրագրերի լեզվական մակարդակից, գրավոր հայերենն էլ մի նախանձելի վիճակում չէ։ Տեղը եկավ ասելու, որ Սոս Սարգսյանի գրավոր հայերենն էլ ընտիր է: Լավ գրիչ ունի Սոսը: Կարդացեք նրա «Վարագույրից այս կողմ» խոհագրությունների եւ ուղեգրությունների ժողովածուն եւ կհամոզվեք։ Սա էլ մտահոգության գիրք է, ազգային մտահոգության: Սոսն իր գրություններում էլ նույնն է, ինչ դերերում, ինչ կյանքում: Նույն խառնվածքը, նույն պահվածքը, նույն խոսվածքը: Նրա բեմական-էկրանային կյանքը եւ անձնական կյանքը միմյանց շարունակությունն են:

Մի անգամ գնացի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ: Մտա տնօրենի (ռեկտորի) ընդարձակ առանձնասենյակը: Տեսնեմ՝ հեռվում, մեն-մենակ, իրենից անբաժան սիգարետը ձեռքին, գրասեղանի մոտ նստած է Նահապետը: Այսինքն՝ Սոս Սարգսյանը, ոչ մի տարբերություն նույն խիտ բեղումիրուքով, նույն թախծոտ աչքերով, նույն մտահոգ դեմքով: Ասենք, առանց հայտնի դերակատարման էլ նրան կարելի է Նահապետ կոչել՝ այսօրվա հայ թատրոնի Նահապետը, տարիքը թույլ է տալիս:

Այս բարձրագույն ուսումնական հաստատությունը նրա alma-mater-ն է, «սննդատու մայրը», ինչպես հնում եվրոպական ուսանողությունը կոչում էր իրեն հոգեւոր սնունդ տված համալսարանը: Իմը՝ նույնպես: Ես եւ Սոսը շատ ենք պարտական Երեւանի թատերական ինստիտուտին, որ աչքի էր ընկնում նախանձելիորեն բարձրորակ դասախոսական կազմով: Մեր առաջնակարգ դասախոսները մեզ շատ բան են տվել, թեեւ այն ժամանակ դա լավ չէինք հասկանում: Հետո հասկացանք: Սովորաբար եւ դժբախտաբար այդպես է լինում:

Հիմա Սարգսյանը երախտահատույց է լինում իր alma-mater- ին: Ինստիտուտը նրա տնօրինության օրոք փոխել է իր կերպարանքը: Շատ բան է արվել, բայց անելիքներ էլ դեռ շատ կան:

Զրուցում ենք երկար ու բարակ, հին ու նոր օրերից (ինչքան չլինի ավելի քան 50 տարվա ընկերներ ենք), ինստիտուտի անցյալից եւ այսօրվա կարիքներից: Գործի պատասխանատվությունը, որ, ի վերջո, հայ բեմական արվեստի եւ կինոարվեստի ապագայի պատասխանատվությունն է, հանգիստ չի տալիս տնօրենին:

Մտահոգություններն անպակաս են մտահոգ մարդուց՝ դա՛ է օրենքը:

Առանձնասենյակից դուրս գալիս մտքովս անցավ մի բան. չեմ ուզում ընթերցողից թաքցնել։ Հանրապետության նախագահի առաջին ընտրությունների ժամանակ կար նաեւ Սոս Սարգսյանի թեկնածությունը: Չանցավ: Եթե անցներ, վստահ եմ, ուրիշ կլիներ մեր հանրապետության գոնե բարոյական մթնոլորտը...

Վերջերս, «Նովոյե վրեմյա» թերթի մարտի 14-ի համարում կարդացի Սոսի հարցազրույցը. «Ի՞նչ իրադրության մեջ դու կհեռանայիք Հայաստանից» հարցին նա պատասխանում է այսպես. «Ո՛չ մի։ Ինչ էլ պատահի Հայաստանում, ես երբեք Հայաստանը չեմ լքի»։

Ինչո՞ւ։ Այս հարցին ես կպատասխանեմ՝ իրեն վերադարձնելով այն հոդվածի վերնագիրը («Էս հողի մարդ է Լեւոնը»), որ նա գրել էր հինգ տարի առաջ իմ ծննդյան 70-ամյակի առիթով։ Երբեք չի թողնի Հայաստանը, քանի որ՝ «Էս հողի մարդ է Սոսը...»:

Արդեն շատ ասացի՝ մտահոգ մարդն է Սոս Սարգսյանի հերոսը, ինչպես ինքն է:

Ինչո՞վ է մտահոգ:

Ամենից առաջ եւ ամենից ավելի իր ժողովրդի դժվարին ճակատագրով: Սա նաեւ իմ վիշտն մտահոգությունյունն է, նաեւ քո՛նն է ընթերցող:

Բոլորիս մտահոգությունը, որ այնքան խորունկ արտահայտում է Սոս Սարգսյանն իր արվեստում... Ուստի եւ սխալ չի լինի, որ իմ երկարած հոդվածն ավարտեմ 1989-ին դերասանի ծննդյան 60-ամյակի առթիվ գրածս հոդվածի վերնագրով՝

Բոլորիս Սոս Սարգսյանը:

ԼԵՎՈՆ Հախվերդյան

Նյութի աղբյուրը՝ «Ազգ», 19 մայիս,  2000թ.

47 հոգի