Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

15.11.2024  02:53

Գաբրիել Սունդուկյանի «Քանդած օջախ» պիեսի բեմադրությունը՝ Էդգար Էլբակյանի թատրոնում

Հարցի հնարավոր պատասխանը՝ ե՛ւ Սունդուկյանը մոտեցավ մեզ, ե՛ւ մենք՝ Սունդուկյանին: Առաջինն արեց թատրոնն իր արվեստով, եւ դա բարեբախտություն է, երկրորն արեցինք մենք` մեր «շուկայական հարաբերություններով» և դա դժբախտություն է: Առօրյա դժբախտություն մի հասարակության համար, որ կարող է բնորոշվել Սունդուկյանի գործող անձանց այսպիսի դատողություններով. «... առանց փուղ մարթը մի գրոշ չարժի... Ի՛նչ գուզիս չարչրվի, ինչ գուզիս տանջվի, թե փուղ չունիս՝ ոչով մարդահեսաբ չէ գցում»:

Շատ ցավալի է, բայց այդպես է:

Իսկ թե ինչպես կարելի է Սունդուկյանին մոտեցնել մեզ՝ ցույց տվեց ամենքից սիրված հայտնի դերասան Էդգար Էլբակյանի որդին՝ Արմեն Էլբակյանը «Քանդած օջախ» ներկայացմամբ ե՛ւ իբրեւ բեմադրիչ-մեկնաբան, ե՛ւ իբրեւ գլխավոր կատարող դերասան: Նա կարողացավ մեծ թատերագրի 118 տարի առաջ գրված պիեսը հնչեցնել որպես այսօրվա գործ:

 «Քանդած օջախի» սյուժեն պարզ է, աչքի է ընկնում գործող անձանց վառ պատկերումներով, դիալոգի անմրցելի վարպետությամբ:

Վաճառականներ Օսեփի ու Փարսիղի ընտանիքներն աչք ունեն նույն փեսացուի՝ չինովնիկ Մարմարովի վրա: Օսեփը որ կարգին մարդ է (այդ պատճառով էլ չի դիմանում շուկայի մրցակցությանը) շատ էլ հավան չէ փեսացուին, բայց կնոջ եւ աղջկա խելքը գնում է Մարմարովի համար, որ կիրթ պահվածքով ստահակի մեկն է։ Օսեփի կինը՝ եռանդուն Սալոմեն, մեծ օժիտ խոստանալով, հաջողացնում է իր Նատային նշանել Մարմարովի հետ: Դա սաստիկ զայրացնում է Փարսիղին ու իր կնոջը` Քալիին. իրենց ձեռքից փեսացու փախցնե՞ն, դե հիմի դու տես, թե ինչ կանենք: Եվ Փարսիղը «շուկայական հարաբերությունների» խարդավանքներով այնպես է անում, որ Օսեփը սնանկանա կատարելապես՝ զրկվի ոչ միայն օժիտ տալու հնարավորությունից, այլեւ՝ խանութից, տանից ու տան կայքից:

Ներկայացման ավարտակետը. հենց այն ժամանակ, որ Oսեփի տանը քեֆ-ուրախություն է, ներս են մտնում Փարսիղն ու դատական կատարածուն եւ սկսում «վեր գրել» տան կայքը: Ահա՛ եւ ձեզ քանդած օջախ:

Հյուրերը, լոտո խաղալու եկած քաղքենի կանայք. չարախնդում են, թունդ սիրահար Մարմարովը, իհարկե, փասափուսեն քաշում է. «Ես քեզ շատ էի սիրում. Նատաշա, ամա դուն ինքդ տեսար՝ ես միղ չունիմ, մնաս բարով»: Օսեփին, որ Արմեն Էլբակյանի անձնավորմամբ լրջախոհ պարկեշտ տղամարդ է. մնում է ասել իր վերջին մենախոսությունը եւ լքել իր տունը: Տեքստին դերասանը դեռ մի քանի տող էլ ավելացրել է Սունդուկյանի «Իմ մահն ու թաղումը» կտակից. «Մնաս բարով, իմ սիրած Թիֆլիզ քաղաք: Մնաս բարով սիրելի ու պաշտելի ասկ. աստուձ վաթանիդ արժանի անե»:

Էլբակյանի Օսեփն այնքան համակրելի, ներկայանալի մարդ է և նրա դատողություններն այնքան Հարազատ են հեղինակին, որ այս Հավելումը տարօրինակ չի թվում:

«Քանդած օջախը» սուր հակադրությունների դրամատիկական գործ է: Էլբակյանի բեմադրական մտահղացմամբ ներկայացման առանցքն Օսեփ-Սալոմե ամուսինների շեշտված հակադրությունն է: Դրա բեմական արդացումն այն է, որ Օսեփն ունի այնպիսի փայլուն մի խաղընկեր, ինչպես Մարգարիտ Խաչատրյանն է իր Սալոմեով՝ ճկուն,  բեմականորրեն վառ, գոռոամիտ  ու ինքնահավան քաղքենուհի:

Արվեստը,  թատերականը հատկապես, անսպասելին է: Ներկայացման մեջ մի անսպասելի բան պետք է լինի, որ զարմացնի եւ հանիսատսին կապի իր հետ: Ո՞ւմ մտքով կանցներ «Քանած օջախը» մատուցել իբրև մյուզիքլ (դժվար է գտնել թատերական ժանրի հայերենը, որ նման է օպերետի կամ երաժշտական կոմեդիայի, բայց ո՛չ մեկն է, ո՛չ էլ մյուսը): Էլբբակյանը բեմադրել է պարրերգային  ներկայացում, բայց այնպես – դա՛ է հունարը - , որ երգն ու պարը ոչ թե թուլացնեն պիեսի դրամատիկական պրկված լարը, այլ ուժեղացնեն առավել:

Մի կողմում Գուլաբենց Օսեփի թեթևամիտ կին, դուստրը և փեսացուն՝ իրրենց պարային մուտքերով ու ելքերով, մյուս կողմում Օսեփը՝ հավաք, լուրջ, գրավիչ պահվածքով և խոսվածքով («Շարժվածքը եւ խոսակցության ձեւերը ամենաազնիվ» Սունդուկյանն այսպես է բնութագրել իրր սիրելի հերրոսին) Եվ եթե երաժշտությունն էլ առնչվում է սրան, ապա հին Թիֆլիսի սրտալի երգերով, հատկապես Գլախո Զաքարյանի Սայաթ - Նովայով: Զուր չէ, որ ներկայացման ազդագրում (ի դեպ, պատրաստված օրինակելի որակով) հատուկ նշված է. «երաժշտական ձեւավորումը՝ Էդվարդ Հարությունյանի»: Առավելևս զուր չէ «Պարերը՝ Արսեն Խալաթյանի» նշումը: Նրա բեմադրած պարերը ոչ թե հենց այնպես սարքված պարեր են, այլ թատրոնին սազող խարակտերային պարեր. սրանցից ամեն ամեն մեկը կերպար է բնութագրում՝ լինի Օսեփի փառասիրությունից տրաքվող կինը, թեթեւսոլիկ գեղեցկուհի դուստրը, թե «ֆրանտ» փեսացուն, որոնց դերակատարները, հմտորեն համադրում են պարն ու խոսքը՝ թեթեւ ու գրավիչ։ Դերասաններ Մարգարիտա Վասիլեւան եւ Արմեն Բարսեղյանը ստեղծված են կարծես Նատոյի եւ Սաշայի դերերի համար: Առինքնող կերպար է Լիդա Հակոբյանի Խախոն` Օսեփի հորաքույրն ու համակիրը նախատիպի հարազատությամբ, որ կար- քույրն ու համակիրը՝ ծես մարմնացնում է Թիֆլիսի բարի ոգին, ինչպես Գիքոն «Պեպոյում»:

Հանուն շահի միջոցների մեջ խտրություն խտրությ չդնող աչքածակ վաճառականի տիպն է Փարսիղը, որի դերը խաղում է Սուրեն Ավետիսյանը: Ժամանակին նույն դերն անձնավորել է հայրը՝ նշանավոր դերասան Ավետ Ավետիսյանը: Որդու ստեղծած կերպարն այնպիսի երկյուղալի տպավորություն չի գործում, ինչպես հայրականը, բայց դերասանը խաղում է ճիշտ՝ արդարացնելով Գիժ Մոզու տված ծաղրական բնորոշումը: Երբ Փարսիղը փորձում է պաշտպանվել լուտանքների հեղեղից, ուրիշ բան չի գտնում ասելու, քան այն, որ ինը խելոք է, իսկ իրեն նախատողը՝ գիժ: Սրան հետևում է մի պատասխան, որից ավելի սրամիտը դժվար է երևակայել. «Խելո՛ք իմ կոսի, ավտաս տելեզրափի նավթուլը դուն մոգոնեցիր»:

«Քանդած օջախի» այս դրվագը միշտ էլ ցնծությամբ է ըդունվել հանդիսասրահի կողմից (Գիժ Մոզու դերը խաղացել են Գուրգեն Գաբրիելյանը, Ժան Էլոյանը): Այս ներկայացման մեջ՝ նույնպես: Վասպուր Հակոբյանը լավ է խաղում այս դերը, օգտագործելով իր հրաշալի տեքստի բոլոր հնարավորությունները: Այսուհանդերձ, կարծում եմ, որ դերասանը պետք է բարձրացնի, գուցե եւ մաքրագործի կերպարը. Գիժ Մոզին ավելին է, քան հարբած մի կինտո:

Այս տեսարանում է երեւում Քալին՝ Փարսիղի կինը, որ ամուսնու կտորն է՝ ագահ ու վրեժխնդիր: Անահիտ Մարգարյանը հենց այդպես է ներկայացնում Քալիին: Մեզ մնում է դրական խոսք ասել նաեւ Գեւոյի՝ Օսեփի սրտակից ընկերոջ դերակատար Հակոբ Հակոբյանի եւ Միխոյի՝ Փարսիղի տանջվող աշակերտի պատանի դերակատար Էդգար Էլբակյանի՝ հայտնի դերասանի թոռան մասին: Սրանք էլ իրենց բաժինն ունեն բեմադրության անտարակուսելի հաջողության մեջ։

Ներկայացման ազդագրի վերջում մի անուն էլ կա. «Էքսկուրսավար - Իդա Կարապետյան»: Ներկայացումը նա է սկսում փայտիկը ձեռքին՝ Սունդուկյանի տուն թանգարան եկած այցելուներին (սրանք հենց դերակատարներն են՝ իրենց առօրյա հագուստով), ասել է թե դահլիճում նստած հանդիսատեսներին պատմում է Սունդուկյանի եւ իր ժամանակի կենցաղի մասին: Հետո գալիս նստում է իր տեղը դահլիճի առաջին կարգում:

Սա բեմադրական հետաքրքիր, եւ անսպասելի, մտահղացումն է, որ լավ էլ կատարվում է: Սրանից հետո սկսվում է ներկայացումը՝ ծայրեծայր դրված ռիթմային այնպիսի ուժեղ համաչափ ընթացքի մեջ, որ դիտողին ձանձրույթի մի պահ անգամ չի թողնում։ Եվ սա է բեմադրության գլխավոր արժանիքը: Բայց Արմեն Էլրակյանի աշխատանքն ունի մի կարևոր կողմ ևս: Դա բարբառի բավական կնճռոտ խնդրի լուծումն է: Սունդուկյանի պիեսները («Ամուսիններից» բացի) բարբառագիր են: Դրանց մեջ շատ բան մատչելի չէ ժամանակակկից հանդիսատեսին: Եղավ մի ժամանակ երբ կամեցան  Սունդուկյանի պիեսներից մեկն, իր իսկ անվան թատրոնում խաղալ գրական լեզվի վերածելով, բայց բարեբախտաբար հեռու կացան այդ մտքից: Սունդուկյանի ինչես Սայաթ Նովայի համը բարբառի մեջ է: Բեմադրիչ էլբակյանը դիմել է միակ ճիշտ միջոցին. թեթեւացնել թիֆլիսահայ բարբառը, կրճատել ամենից անհասկանալի բառերն ու արտահայտությունները: Դա արվել է ճաշակով, հնչող տեքստը կատարելապես հասնում է հանդիսատեսին: Սա, իհարկե, նաեւ դերակատարների շնորհքն է, բեմական խոսքի կուլտուրայի առկայությունը, որ այնքան պակասում է մեր թատերական արվեստին: Իմ տպավորությամբ, այս բեմադրությունն արվեստի մակարդակով լավագույնն է Արմեն Էլբակյանի ռեժիսորական կենսագրության մեջ, ինչպես Օսեփի անձնավորումը` դերասանական կենսագրության, իսկ ամբողջ ներկայացումը՝ այս թատրոնի կենսագրության: Սրանից հետո կարելի է ասել՝ այո՛, Երեւանում կա այսպիսի մի թատրոն:

Եթե հերոսություն էլ չի, ապա հերոսության պես մի բան է՝ այսքա՜ն ոգեւորությամբ խաղալ Գրողների տան նվազագույն հարմարություններից զուրկ բեմում, նվազագույն աշխատավարձով:

Ափսոս որ Սունդուկյանի «Քանդած օջախի» այս բեմադրությունն իր անունը կրող թատրոնում չի ցուցադրվում: Ինչո՞ւ: Հարցին որեւէ մեկը պետք է պատասխան տա՞, թե ոչ…

Նյութի աղբյուրը՝ «Ազգ», 3 նոյեմբեր 1995

62 հոգի