Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

14.11.2024   05:51

Սունդուկյանի անվան թատրոնի նոր ներկայացման եւ թատրոնի ճակատագրի մասին

«Ավելորդ մարդը», այսպես է կոչվում թատերագիր Գեւորգ Սարգսյանի պիեսը, որ վերջերս բեմ հանեց Սունդուկյանի անվան թատրոնը:

Հազվագյուտ բան. ժամանակակից ազգային պիես մեր երբեմնի գլխավոր թատրոնում: Իհարկե, պետք է նայել: Ծախս արեցի (պարտերի տոմսն արժե 600 դրամ), մի լավ մրսեցի գրեթե երկու ժամ: Իսկապես, արժեր նայել թեկուզեւ մրսելու գնով. կարգին պիես, կարգին բեմադրություն, կարգին դերակատարներ: Ժանրը՝ տրագիկոմեդիա (ողբերգակատակերգություն` շատ երկար է), թեեւ ծրագրում` սխալմամբ «սատիրական կատակերգություն» է գրված: Բովանդակությունը՝ միանգամայն արդիական, մեղադրանք մեր այսօրվա իրականության հասցեին: Ի՞նչ է պատմում ներկայացումը:

Հանրապետության քաղաքացի՝ բարի ու բարյացակամ մի մարդ Մանուկ Սուսիկյան անունով (դերասան Ալբերտ Սաֆարյան) այնքան վատ է զգում, որ կարիք է լինում շտապ օգնու թյան: Հայտնվում են բժիշկը (Հարություն Մովսիսյան) եւ բուժքույրը (Լուսինե Սարգսյան), միանգամայն ներկայանալի, բայց կատարելապես անհոգի ու անկարեկից մարդիկ: Սրանք չեն էլ լսում հիվանդին, որ ինքը թունավորվել է ամենուրեք վաճառվող անորակ մթերքից: Սրսկում են: Վիճակն ավելի է վատանում: Հանձնարարում են ուշակորույս մարդուն տեղափոխել դիարան:

Տանում են դիարան, որի պատասխանատուն Թադեւոս անունով մի մարդ է (Արմեն Մարության), որը գլուխը մի կերպ պահում է իր անհրապույր գործով։ Հիվանդն ուշքի է գալի նույնիսկ ուզում է տուն գնալ: Բայց Թադեւոսին, ինչպես թեթեւամիտ պրոֆեսորին (Նորայր Գեւորգյան) եւ ամբողջ հիվանդանոցին ձեռնտու չէ, որ հիվանդը կենդանություն առնի: Ծայր է առնում մի զավեշտական պայքար դեպի տուն ձգտող Մանուկի եւ նրան արգելող Թադեւոսի միջեւ: Սա Մանուկին ստիպում է մեռած ձեւանալ, դեռ կնոջը (Գրետա Մեջլումյան ու զավակներին (Արմեն Մարգարյան եւ Ռուզան Մեսրոպյան կանչում է դիարան՝ «հանգուցյալին» տեսնելու: Ի վերջո Մանուկին հաջողվում է տուն ընկնել, եւ նա պայքար է սկսում մեր կյանքում տիրող վիճակի, թունավոր սննդամթերքի վաճառքի դեմ, հանդես է գալիս հեռատեսիլով: Մանուկին լռեցնելու համար շռայլ նվերներ են բերում ընտանիքին, որ կարիքի մեջ է եւ պատրաստ է կաշառքն ընդունել հաճույքով: Բայց ընտանիքի հայրը մերժելով մերժում է հանուն ճշմարիտ եւ արդար պայքարի, հանուն սկզբունքի: Կինն ու զավակները երես են դարձնում նրանից: Նա այլեւս ավելորդ մարդ է իր ընտանիքում: Մարդը պատեպատ է ընկնում, ուզում է համախոհներ գտնել գեթ փողոցի մուրացկանների մեջ։ Բայց արդարության ջատագովը սրանց էլ պետք չէ։ Քարկոծում են մարդուն: Հիմա ո՞ւմ է հարկավոր սկզբունքի մարդը: Նա ավելորդ է ամենուրեք: Եվ ավելորդ մարդը, հուսահատ ու ճարահատ, իր ոտով գնում է դիարան, հանդիպում այլեւս մտերիմ դարձած Թադեւոսին, մեկնվում մահճակալին եւ այս անգամ արդեն մեռնում իսկապես՝ Թադեւոսի կարեկցանքի եւ ջութակի տխուր մեղեդու ուղեկցությամբ:

Ավելորդ մարդը չկա այլեւս: Պիեսը բեմադրել է Հրաչյա Ղազարյանը՝ հեղինակի ասելիքի ըմբռնումով, գործողության ստույգ զարգացմամբ, բեմական պայմանականությունների առատ, նույնիսկ չափից դուրս լիառատ կիրառմամբ։ Այնքան, որ չես հասկանում պարանից կախված հեռախոսը փողոցում ի՞նչ գործ ունի կամ ինչու՞ սենյակների պատերի գոնե թեթեւ ակնարկ չկա (նկարիչ Վարդան Ասատրյան): Գործողությունը կարծես կատարվում է անառարկա տարածության մեջ։ Պայմանականությունն էլ պիտի չափ ունենա:  Գլխավոր դերը Ալբերտ Սաֆարյանը խաղում է համոզիչ, հոգեբանորեն ստույգ, խոսում է պարզ ու մատչելի  (մեր օրերում սա հատկապես գնահատելի է)։ Միամտություն չհամարեք՝ ինձ զարմացրեց, թե դերասանն ինչքան է քաջառողջ, որ այս ցրտին իր դերը խաղում է գրեթե կիսամերկ: Անձնազոհ խաղ:  Միակ դիտողությունս. դերասանը պետք է ուշադրություն դարձնի կերպարի զարգացման վրա, որ նա ներկայացման սկզբում և վերջում նույնը չլինի: Մարությանն էլ լավ է խաղում իր դերը, թաքնված հումորի զգացումը նրա խաղի առավելությունն է, բայց պետք է նկատել եւ այն, որ հակասություն կա խարակտերային ուժեղ դերասանի եւ դերի քնարական խառնվածքի միջեւ՝ ջութակի նվագով հանդերձ: Առաջինը ճնշում է երկրորդին: Մովսիսյանը, որ նուրբ հեգնանքի զգացում ունեցող դերասան է, բոլորովին իզուր բժշկի բացասական դերը խաղում է բացահայտորեն ուղղագիծ, առանց նրբերանգների: Այս դիտողությունները չեն խանգարում հավաստելու, որ թատրոնը գտել է ժամանակակից հետաքրքիր պիես եւ բեմադրել ու խաղում է ամենայն բարեխղճությամբ:

Հանդիսասրահը լիքը չէր: Բայց դա չի ամենից վատը, այլ այն, որ հանդիսատեսները որակյալ չէին, ծիծաղում էին տեղի անտեղի, ավելի շատ՝ անտեղի:

Այսքանը ներկայացման մասին:

Գանք թատրոնի վիճակին ու ճակատագրին:

Թատրոնն ընթացիկ խաղացանկում ունի ութ բեմադրություն: Դա քիչ չէ: Մարդիկ անում են իրենց կամեցածը եւ կարեցածը, որը չի կարելի չգնահատել:

Քիչ չէ, բայց բավակա՞ն  է, արդյոք,  Սունդուկյան թատրոնի երբեմնի վարկն ու համարումը վերականգնելու համար: Ո՛չ, բավական չէ: Շատ կուզենայի, որ բավական լիներ, ու ես չարաչար սխալված լինեի, բայց, դժբախտաբար, այդպես չէ:

Թատրոն ասվածը շենքը չէ, այլ ստեղծագործական կազմն ու զորությունը: Իսկ զորությունը փոքր է: Ոչ թե առհասարակ, այլ առաջադրված մեծ նպատակի համեմատ, որ Սունդուկյանի թատրոնի երբեմնի համարումը ձեռք բերելն է:

Բայց նախ մի քանի խոսք հենց շենքի մասին: 1996-ին, երբ հանձնվեց շահագործման, շենքի եւ հատկապես հանդիսասրահի մեծ ծավալն ինձ վախեցրեց: Ճարտարապետ Ռազմիկ Ալավերդյանը, նախագծման մյուս մասնակի լիցների, անշուշտ նաև թատրոնի մարդկանց հետ միասին, շատ լայն էր բռնել չափերը:

 Մեծամոլությունն ընդունված էր ժամանակի քաղաքաշինության մեջ: Ճիշտն ասած, ինձ չէին ոգեւորում ո՛չ «Հրազդան» ստադիոնի, ո՛չ Մարզահամերգաային համալիրի, ո՛չ էլ Թամանյանի հուշարձանի թիկունքում կառուցվող կասկադի միլիոնանոց Երեւանին անհարիր, քաղաքի թամանյանական ներդաշնակությունը խախտող վիթխարի մասշտաբները: Չէր ոգեւորում Սունդուկյանի թատրոնի հանդիսասրահի մեծ ծավալը նույնպես: Այստեղ ինչպե՞ս կարելի է հանդիսատեսի հետ մտերիմ խոսող Հոգեբանական դրամա խաղալ, որ դրամատիկական թատրոնի բուն գործն է: Ճարտարապետությունն ազդեց թատրոնի գեղագիտության վրա. մեծ հանդիսասրահը մեծ էր ներկայացում էր ուզում, հեռացնում հոգեբանական սակավամարդ նրբահյուս դրամայից: Ուզում էր այնպիսի բազմամարդ ու բազմաշերտ ներկայացումներ, որ կրում էին «Քաոս» կամ «Աշխարհն, այո՛, շուռ է եկել» անունները, Աճեմյանի հզոր տաղանդի փայլատակումները, որոնց տոմսը գնելու համար մարդիկ գիշերով հերթ էին պահում, խարույկ էին վառում, տաքանում մինչեւ դրամարկղը բացվեր: Հանդիսատեսի պակաս չէին զգում նաեւ «Ղազարը գնում է պատերազմի», «Դատական գործի», «Տոպազի», «Կատաղի փողերի», «Մադամ Սան- Ժենի», «Ապուշի», «Կորիոլանի» նման մեծակտավ ներկայացումները: Բայց թատրոնը հո չէ՞ր կարող անպայման մեծակտավ գործեր բեմադրել: Բացի այդ, դրանց համար պետք էին ոչ միայն հմուտ բեմադրիչներ, այլեւ ամենից առաջ Գուրգեն Զանիբեկյանի, Արուս Ասրյանի, Դավիթ Մալյանի, Բաբկեն Ներսիսյանի, Մհեր Մկրտչյանի, Մետաքսյա Սիմոնյանի, Էդգար Էլբակյանի, Խորեն Աբրահամյանի, Սոս Սարգսյանի նման ձգողական անդիմադրելի ուժ ունեցող դերասաններ, որ չկան հիմա կամ այս թատրոնում չեն:

Հիմա ո՛չ այդ ներկայացումները կան, ո՛չ այն հանդիսատեսներն իրենց տրամադրությամբ:

Վերջերս, հեռատեսիլային մի հարցազրույցում, այն հար ցին, թե ինքը ե՞րբ կխաղա Սունդուկյանի թատրոնում. Սոս Սարգսյանը տվեց կարճ պատասխան՝ երբ Սունդուկյանի թատրոնը դառնա Սունդուկյանի թատրոն: Չի՛ դառնա, էն թատրոնը չի դառնա եւ չի էլ կարող դառնալ: Թատրոնն այնպես չքանդվեց, այնպես չքանդեցին, որ հնարավոր լինի վերստեղծել։ Եվ այստեղ ամենից քիչ մեղավոր են թատրոնի այժմյան ղեկավարությունը եւ ստեղծագործական կազմը. մարդիկ անում են ձեռքներից եկածը, բայց դա բավական չէ բաղձալի նպատակին հասնելու համար: Թատրոնի քայքայումը միանգամից չեղավ: Դա ծայր առավ վաղուց ի վեր, երբ աստիճան առ աստիճան սկսեց նվազել նրա ստեղծագործական կարողությունը: Երբ Մհեր Մկրտչյանը, մի քանի դերասաններով, գլուխն առավ հեռացավ թատրոնից: Երբ Սոս Սարգսյանը, մի խումբ դերասաններով, լքեց թատրոնը: Երբ առաջնակարգ բեմադրիչ Նիկոլայ ԾատուրյանըԿատաղի փողեր» եւ «Փրկեք մեր հոգիները» ներկայացումների հեղինակը), էլի մի խումբ դերասաններով, պոկվեց այս թատրոնից: Այսպես մի առ մի կտրվեցին Սունդուկյանի թատրոնի ավանդական պատմության լարերը:

Ես բնավ չեմ արդարացնում, չեմ կարող արդարացնել հեռացողներին, բայց կատարվածի գլխավոր պատճառն այն էր, որ թատրոնի ղեկավարությունը, նույն ինքը Խորեն Աբրահամյանը եղավ ոչ թե կենտրոնաձիգ, մարդկանց ի մի բերող, համախմբող ուժ, այլ ընդհակառակը: Այսքան կորուստներին թատրո՞ն կդիմանար: Եվ պակասը լրացրեց հենց Աբրահամյանը, որը դերասանների մի խմբով մեկնեց ԱՄՆ՝ հյուրախաղերի... եւ դա տեւեց երկու տարի: Այսպես 1995-ի ամռանը «Քին» ներկայացմամբ՝ ավարտվեց Սունդուկյանի թատրոնի՝ արդեն իսկ ծվատված պատմությունը: Կտրվեց թատրոնն անցյալի հետ կապող պորտալարը:

Թատրոնն արդեն լուծարված էր:

Արդար բան չի տրոնի փլուզման ամբողջ մեղքը բարդել Աբրահամյանի վրա: Այստեղ իրենց դերը խաղացին մեր կյանքի դժնդակ պայմանները, որոնց մեջ նա որեւէ մեղք չուներ: Բա հայտնի է, որ խորտակվող նավի նավապետը վերջինն է լքում նավը, հնում նույնիսկ ջրասույզ էր լինում նավի հետ: Բայց դրա համար մեծ, շա՜տ մեծ առաքինություն էր պետք:

Եվ տարօրինակ չի՞ նավը լքելուց երկու տարի անց վերադառնալ եւ անմեղորեն, որպես ոտներն ամպոտ հրեշտակ հարցնել՝ ինչո՞ւ լուծարեցիք թատրոնը… Սա նույնքան տարօինակ է, որքան այն արդարացումը, թե ինքը, իբրեւ թատերական գործիչների մի  իության նախագահ, բոլորովին մեղք չունի միության փառավոր շինությունը կորցնելու մեջ: Պետք էր պահել, ինչպես պահվեցին Ճարտարապետի և Գրողների տունը, որոնք եւս շա՜ր հարմար էին օտարերկյա դեսպանատների համար: Օտարերկրյա մեծ պետությանն էլ դիատիվ չի բերում դեսպանատուն ստեղծել տեղական մշակույթը վնասելու գնով:

Չքմեղանալ ու դեռ հայտարարել, թե ինքը եկել է ոչ թե պատասխաններ տալու, այլ պատասխաններ ստանալու` ինչո՞ւ լուծարեցիք՝ թատրոնը... Իր բավականաչափ շատ լրագրային հեռատեսիլային հարցազրույցներից մեկում նա իրեն ոչ մի բանում մազաչափ մեղավոր չի համարում, ներկայանում է իբրեւ անիրավված կողմ, անմեղ զոհ:

Մարդիկ կան, որ իրենց շատ հեշտ են անիրավված զգում:

Չպիտի կարծել, որ մարդկանց հիշողությունն այնքան կարճ է, որ ամեն ինչ իսպառ մոռացվել է, ոչ ոք ոչինչ չի հիշում և ինչ կամենաս կարող ես ասել:

Խիղճն էլ լավ բան է, չէ՞...

Գործված մեղքերը չեն մոռացվել, Սունդուկյանի թատրոնն այնպես հիմնավոր վարկաբեկող «Պեպո» ու «Ռանչպարների կանչը» բեմադրություններն էլ չեն մոռացվել: Բայց չեն մոռացվել հայ թատրոնին Աբրահամյանի մատուցած ակնառու ծառայությունները նույնպես: Ինչպե՞ս կարելի է մոռանալ նրա նշանավոր խաղերն ու բեմադրությունները, որոնք զարդարում են մեր բեմական արվեստի պատմության էջերը՝ Պեպոյի, Մյասնիկյանի, Կորիոլանի, Կորրադոյի, Արշակ Երկրորդի, «Անավարտ մենախոսության» Ավետյանի, դոկտոր Ստոկմանի, «Սարոյան եղբայրները» եւ «Տերը» կինոնկարների գլխավոր հերոսների ծանրակշիռ դերակատարումները: «Տոպազ», «Հացավան», «Անավարտ մենախոսություն», «Կորրադո» «Դոկտոր Ստոկման» ինքնատիպ, ռեժիսորական համարձակ մտածողության կնիքը կրող բեմադրությունները: Իր գործունեության Լենինականի գեղեցիկ եւ ներդաշնակ շրջանն առաջնակարգ խաղերով ու բեմադրություններով (որոնց մեջ «Թիկունք» խորամիտ ներկայացումը):

Հպարտություն ներշնչող շատ բան կա Աբրահամյանի ստեղծագործական կենսագրության մեջ։ Դրանց մասին շատ է գրվել (ես էլ քիչ չեմ գրել), այդ ամենը մասնագիտորեն գնահատվել է լիասիրտ: Եվ էլի կգրվի: Ինչո՞ւ մոռանալ եւ ուրանալ: Ի՞նչ խղճով կամ իրավունքով։

Այնպես որ՝ աստծունն աստծուն, կեսարինը՝ կեսարին: Ես չէի ուզենա այս ամենը վերստին հրապարակային խոսակցության առարկա դարձնել, բայց Աբրահամյանն ինքն է ստիպում իր բազմաթիվ անմեղսունակ հարցազրույցներով: Ասում է, թե «...ես մի քիչ լավ չեմ հասկանում, թե ինչո՞ւ իմ մասին ինքս պիտի խոսեմ: Մի՞թե չկան մարդիկ, ովքեր կարող են, պետք է եւ պարտավոր են խոսել»:

Կան, կարող են, պարտավոր են: ԱՀա եւ ընդունում եմ հրավերը եւ խոսում:

Այն էլ պարտավոր եմ ասել, թե ինչ կատարվեց թատրոնի հետ 96-ից հետո: Մեր իմաստուն իշխանությունները, նույ ինքը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն իմաստուն որոշումներ շատ կայացրեց աղետաբեր սեփականաշնորհումներից զատ, Մարտիրոս Սարյանի ստեղծած պետական գերբի վերացումն Արարատ լեռան սքանչելի պատկերով հանդերձ, պետական Հիմնի ընդունումը՝ կատարելապես օտարամուտ ե՛ւ մեղեդիով, ե՛ւ խոսքով։ Իսկ ուժահատ ազգային գլխավոր թատրոնը ոտքի հանելու համար նա ուրիշ ելք չգտավ, քան հրավիրել Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի օրինակելի գեղարվեստական ղեկաւար Վահե Շահվերդյանին եւ հանձնարարել նրան այդ մեծադժվար գործը, իբր թե դա քիչ էր՝ Երեւանի թատերական ինստիտուտի ռեկտորի դժվարին պաշտոնն էլ հետը: Եվ մեր Ազգային ժողովի պատգամավոր Վահե Շահվերդյանն առանց շփոթվելու սիրահոժար համաձայնեց:

Հերթական կամայական որոշում առանց խորհրդի ու խորհդակցության: Ի՜նչ կարիք կա: Այն, ինչ հանրապետության թատերական համահավաք ուժերի գործն էր. հանձնարարվեց մի մարդու: Շահվերդյանն իրոք կարող եւ փորձված բեմադրիչ է (դա անհնար է ժխտել, որքան էլ Աբրահամյանը հետամուտ լինի այդ անվայելուչ նպատակին): Նա մի ամբողջ շարք բարձրորակ բեմադրություններ է արել Վանաձորի թատրոնում,  եղել է այնպիսի հմուտ (ասել է թե՝ արհեստավարժ) գեղարվեստական ղեկավար, որ թատրոնի անունն ու բարի համբավը հնչեցրել է նաև մեր հանրապետության սահմաններից դուրս, արտասահմանում: Ինչո՞ւ անգիտանալ։ Բայց Երեւանում եւ Վանաձորում նրան առաջադրված խմդիրներն ու պայմանները տարբեր էին: Նա ի վիճակի չեղավ Սունդուկյանի թատրոնին վերադարձնել երբեմնի համարումը, որ արդեն իսկ կորվել էր Աբրահամյանի օրոք (տարին միայն մի բեմադրություն սեփական գլխավոր դերակատարությամբ եւ սակավաթիվ հանդիսատեսներով՝ ի՜նչ Սունդուկյանի թատրոն):

Այս թատրոնի երբեմնի համբավը վերադարձնելու համար հարկավոր էին շատ զորեղ ստեղծագործական կազմ, թատերական գործի թափով առաջնորդ, մեծ ազդեցության ներկայացումներ: Եվ մենք կորցրինք Վանաձորի օրինակելի թատրոնը, բայց երբեմնի համբավի տեր Սունդուկյանի թատրոնը, էն թատրոնը ձեռք չբերեցինք:

Լինենք արդարամիտ. Շահվերդյանն այստեղ էլ ցույց տվեց իր բեմադրական փորձն ու ձիրքը, բեմադրեց միանգամայն ընդունելի ներկայացումներ: Այն էլ պետք է ընդունել ու գնահատել, որ նա լավ է հասկանում ազգային թատերագրության առաջնահերթ կարեւորությունը թատրոնի ճակատագրում, ոչ միայն դասական, այլեւ ժամանակակից ազգային պիեսներ, նույնիսկ գործեր ունի աչքի առաջ։ Սկսել է Չեխովի «Բալենու այգին» պիեսի բեմադրությունը, ծրագրել է բեմ հանել Լեւոն Շանթի «Հին աստվածները»: Մի խոսքով, թատրոնի ղեկավարը եւ իր ղեկավարած թատերախումբն աշխատում են խղճի մտոք, ամենայն բարեխղճությամբ: Բայց ինչպե՞ս վարվենք, որ նրանց մեծ ջանքերի գնով ստեղծած ներկայացումները հանդիսասրահ լցնելու զորությունը չունեն: Ոչ թե առհասարակ զորություն, այլ այսօրվա հանդիսատեսային անտարբերության պատնեշը քանդելու ստեղծագործական կարողություն:

Եվ հենց այստեղ պետք է խոսել թատրոնի ամենադժվարին, ամենածանր՝ հանդիսատեսի խնդրի մասին։ Մենք կորցրել ենք մեր հանդիսատեսին, ինչպես գրականությունն` ընթերցողին, իսկ առանց հանդիսատես թատրոն չի լինի, ինչպես առանց ընթերցող՝ գրականություն: Խոսքն, անշուշտ, վերաբերում է զանգվածային հանդիսատեսին եւ ընթերցողին՝ նայեք մեր գրախանութները, գրքերի աննշան տպաքանակները, թատրոնների հանդիսասրահները: Սա սովորական աղետ չի, սա ազգային մշակույթի՝ կուլտուրայի անկում է:

Պատճառնե՞րը: Պատճառները շատ են:

Հանդիսատեսը թատրոն գնալու փող չունի (տրանսպորտ ծախսն էլ իր հերթին), ընթերցողը՝ գիրք առնելու փող: Ոչ մեկը, ո՛չ մյուսն ապրելու, գոյատևելու առաջին անհրաժեշտթյան բաներ չեն:

Բացի այդ՝ մարդիկ հավես, տրամադրություն էլ չունեն:

Բացի այդ` ժամանակ էլ չունեն. հեռատեսիլն ագահորեն խժռում է նրանց ժամանակը:

Բացի այդ` երիտասարդության (թատրոն, գրականություն, մշակույթ պահող գլխավոր ուժի) ճաշակի ավերումն ու այլանդակումը մի բառով պայմանաբար ասած՝ «ամերիկանիզմով», շոուներով ու ջազմեններով, հայկական գռեհկաբան «ռաբիսը» բավական չի, նաեւ ռուսական կիսամերկ ռասպուտինաներով ու կապուտակ լեոնտեւներով, երիցս նզովյալ խաղատներով ու բինգոներով...

Փողոցներում մեզ ամեն քայլափոխի առանց ամաչելու հորդորում են հայտնագործել «Ամերիկայի ոգին»: Դե գնացեք ու հայտնաբերեք այդ ոգին, թեեւ Ամերիկան դրա համար ձեր կարոտը չի քաշում, նա ինքը կհայտնաբերի իր ոգին, եթե ունի: Դուք ձեր դարդը քաշեցեք, հայոց ազգային ոգին հայտնաբերեք, եթե կարող եք:

Ի՜նչ ազգային գեղարվեստական մտածողություն, ի՜նչ բան, երիտասարդությունը ձեռից գնում է մեր իսկ աչքի առաջ: Տվեք ինձ գիրքը բարձի տակ դնող, Աբովյան ու Րաֆֆի, Պարոնյան ու Օտյան, Մուրացան ու Նար-Դոս, Մահարի ու Զորյան կարդացող, հայոց ներկայացումների համար հոգի տվող երիտասարդություն, եւ ես մինչեւ գետին խոնարհվեմ նրա առաջ:

Եվ ո՞վ պիտի մեզ փրկի կործանումից:

Էլի գրականությունն ու արվեստը պիտի փրկեն: Ինչո՞վ: Որակյալ, ոչ թե սովորական որակյալ, այլ շատ բարձրորակ գրական եւ թատերական գործերով: Դժվար է, շատ դժվար, խոսք չունեմ: Բայց դա պետք է արվի, այլապես կորած ենք:

Այս խնդիրն է ծառացած հայոց գեղարվեստական մշակույթի առաջ։ Ուրեմն նաեւ Սունդուկյանի անվան դրամատիկական ակադեմիական պետական թատրոնի: Այս երկար անվանումից ակադեմիականը պիտի հանվի (վաղուց ի վեր այնտեղ ակադեմիական ոչինչ չկա), դրամատիկական-ը նույնպես (հասկանալի է ինքնին), իսկ պետական-ը պետք է արդարացվի ոչ թե այսօրվա պես, այլ ըստ ամենայնի:

Հայոց բեմական արվեստի գլխավոր օջախի երբեմնի վարկն ու համարումը վերականգնելու գործը, իմ կարծիքով, վեր է թատրոնի այժմյան կազմի  ու ղեկավարությանյան ուժերից, վեր է նաեւ նախկին ղեկավարուության ուժերից, որքան էլ նրա հավակնությունները մեծ լինեն ու երդումները՝ տպավորիչ: Աբրահամյանին առաջարկում են (նախարարի մակարդակով) պայմանագիր կնքել, կամեցած պիեսը կամեցած դերասաններով բեմադրել Սունդուկյանի թատրոնում: Չի ուզում, ասում է. երեւի նախարարն էլ «չի հասկանում, որ ծանր վիրավորանք է ինձ իմ թատրոնում պայմանագրով աշխատելը: Դա նույնն է, որ կնոջս հետ պայմանագիր կնքեմ, որ ինքը ճաշ եփի» («Այժմ» թերթում դեկտեմբերի 2-8 համարում տպագրված հարցազրույցից)։

Նախ՝ պետական թատրոնը ձեր կինը չէ: Եվ ապա՝ սեփական խոսքն արվեստում ասելու համար սրանից լավ առաջա՞րկ. գործ անելու ավելի լավ հնարավորությո՞ւն: Արեք ձեր գործը: Թե՞ դրա փոխարեն նախընտրելի եւ տպավորիչ է շարունակ խաղալ մերժված, անիրավված մարդու սենտիմենտալ (եւ անհամոզիչ) դերը: Նա ամբողջ թատրոնն է ուզում (թեեւ թատերախումբը համաձայն չէ), ինչպես մինչեւ 96-ը, երբ տեսնում էինք ինչ է կատարվում թատրոնում: Նա զարմանում է, թե Շահվերդյանին ինչո՞ւ են քննադատում «Կտակ» բեմադրության համար՝ «մահակով գլխին տալու փոխարեն»: Վատ միջոց չէ, միայն թե դրան արժանի գլուխներ շատ կան, եւ ոչ միայն թատերական ոլորտում:

Ու նաեւ այսպիսի համեստափայլ հայտարարություն. «Ինչո՞ւ չեն ասում ճշմարտությունը, ինչո՞ւ են թողնում, որ ես իմ մասին խոսեմ: Ես մի ելք գիտեմ՝ ոչ մեկը, բացի ինձանից, Սունդուկյանի թատրոնից գլուխ չի հանի»: Գործ արա, եղբա՛յր, հնարավորություն ունես: Հետո կերեւա դու միակն ես, թե՝ ոչ:

Իմ անհատական կարծիքով, նոր թատերական որակ ստեղծելը նոր հոգեբանության, նոր մտածողության, թարմ ուժերի տեր համախոհ ու համահավաք մարդկանց գործն է՝ հների մասնակցությամբ: Միասնական, միակամ, համահավաք՝ ի՜նչ հազվագյուտ հատկանիշներ հայ իրականության համար: Եվ այն էլ պետական ոչ միայն հովանավորությամբ, այլեւ ուշադրությամբ՝ ի՛նչ է արվում եւ ինչո՛ւ:

Մեր պետական այրերը պետք է մի կողմ դնեն իրենց հոգսը թեթեւացնող այն մտայնությունը, թե կուլտուրան բիզնես է`պահեցեք ձեր գլուխն, ինչպես կարող եք: Նայած ինչ կուլտուրա: Համենայն դեպս ազգային թատրոնի գլխավոր օջախը չի կարող բիզնես լինել, ինչպես բիզնես չի դասական կապիտալիստական երկրներում ասենք Կոմեդի-ֆրանսեզը Ֆրանսիայում կամ Անգլիայի Ազգային թատրոնը: Բիզնես չէր  նույնիսկ հայ ազգային թատրոնը նախքան հոկտեմբերյան հեղաշրջումը: Պետականությունից զուրկ հայ ժողովուրդն ուներ առաջնակարգ ազգային թատրոն: Ինչի՞ շնորհիվ։  Ազգային բարեգործների, լուսահոգի Ալեքսանդր Մանթաշյանցի, Ալիքն: Կարծում եք Սիրանույշն ու Աբելյանը կարող էին առանց այդ սատարումի առոք-փառո ապրել, եւ դերասանական արվեստի գլուխգործոցներ ստեղծել: Ինչպե՜ս չէ։ Նրանք ամսական 200-250 ռուբլի էին ստանում, ոսկո՛վ:

Ես գիտեմ, ո՞վ չգիտի, որ մեր կառավարության միջոցները նվազ են, ծախսերը՝ չափազանց շատ: Մարդիկ ամիսներով աշխատավարձ չեն ստանում: Բայց բնակա՞ն է, որ կարգին դերասանը բանկային աշխատողի կեսի կեսի չափ էլ աշխատավարձ չստանա: Հասկացանք։ Պետության միջոցները սուղ են: Վիճակին մոտենանք ըմբռնումով, ինչպես կասեր մեր նախկին նախագահն իր նախասիրած բառով: Բայց ինչպե՞ս ըմբռնումով մոտենանք այն իրողությանը, որ այն մեր Ազգային ժողովի աշխատակազմը բաղկացած է 373 մարդուց, հանրապետության նախագահի աշխատաակազմը 275, կառավարության աշխատակազմը՝ 248 մարդուց: Այս ինչքա՜ն շատ մարդ է հարկավոր մեր փոքր երկիրը կառավարելու համար, այն էլ՝ այսպիսի որակով (տվյալներն առնվա են «Հայաստան» յաստան» թերթի նոյեմբերի 24-ի համարից):

Տեսնես հանրապետության քաղաքացիները իբրեւ հարկատուներ համաձա՞յն են այս թվերին: Ես որ՝ համաձայն չեմ: Բայց ժողովրդավարական հանրապետության մեջ հարկատուներին ո՞վ է հարցնողը։

Մարդ իմանա, թե օրնիբուն ինչո՞վ են զբաղվում այսքան մեծաքանակ պաշտոնյաները: Ի՞նչ են անում, ի՞նչ են ստեղծում: Դերասանները, գիտենք, ազգային թատերական մշակույթ են ստեղծում, առանց որի ժամանակակից քաղաքակիրթ երկիր չի կարելի պատկերացնել:

Այսքան մեծաթիվ պաշտոնյաներ պահող պետությունը չի՞ կարող պահել մի քառասուն մարդուց բաղկացած թատերախումբ ունեցող պետական ազգային թատրոն մարդավայել ջեռուցմամբ եւ ֆինանսավորմամբ:

Եթե չի կարող (դա էլ կարող է պատահել), թող պարզ ասի եւ ավարտենք մեր ազգային գլխավոր թատրոնի տանջված պատմությունը: Ի՞նչ կա որ, ամեն պատմություն ավարտվում է ի վերջո եւ նորն է սկսվում նոր ուժերով... եթե Տերը կամենա:

Ամեն թատրոն իր ճակատագիրն ունի, Սունդուկյանի անվան թատրոնը՝ նույնպես...

Նյութի աղբյուրը՝ «Ազգ», 16 դեկտեմբեր 1998թ.

169 հոգի