Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

13.11.2024  04:43

Քաղաքն ունի միայն մեկ դրամատիկական թատրոն՝ եւ թատերական Վանաձո՞ր: Այո՛, Հենց այդպես:

Եթե դուք օգոստոս 19-ին Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնում ներկա լինեիք Ա Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» մելոդրամայի պրեմիերային եւ տեսնեիք, թե լեփ-լեցուն հանդիսասրահն ի՜նչ խանդավառ ծափահարությամբ է վարձատրում դերակատարներին, եթե տեսնեիք, թե օգոստոսի 20-ին հանդիսատեսն ի՜նչ լարված ուշադրությամբ է հետեւում Նիլ Սայմոնի «Վերջին կրակոտ սիրահարը» դրամայի գործողությանը. եթե օգոստոսի 21-ին ականատես լինեիք Մուրացանի «Ռուզան» պատմական դրամայի բեմադրության բուռն ընդունելությանը, ապա դուք համաձայն կլինեիք ինձ հետ, որ այո՛, թեկուզեւ մի թատրոն, բայց գոյություն ունի թատերական Վանաձոր:

Մի քաղաք, որ ապրում է ամենքիս ծանոթ նույն դժվարությամբ, բայց նաեւ թատերական կյանքով. սիրում է իր թատրոնը, հպարտ է բազմաթիվ, դրանց մեջ նաեւ միջազգային փառատոներում մրցանակներ շահած իր թատրոնով: Եվ մի թատրոն, որ հպարտ է իր սքանչ քաղաքի երախտագետ ետ հանդիսատեսներով:

Այդ թատրոնն ունի շնորհալի դերասաններ, որոնց ապրուստը նույնքան անլիարժեք է, ինչպես իր հանդիսատեսներինը, բայց դա չի խանգարում (ինչպե՞ս թե չի խանգարում, երբ խանգարում է), որ նրանք ապրեն լիարժեք գեղարվեստական կյանքով, վայելեն իրենց դժվար ու անեկամուտ մասնագիտաթյան երջանկությունը:

Հայտնի բան է, որ արվեստի գործը, ներկայացում լինի, թե գիրք, երգ, թե նկարչական կտավ, դիտողին կամ լսողին համակում է այնքան, որքան շնորհ, ոգեւորություն, հուզմունք է դրված գործի մեջ։ Վանաձորի թատրոնի մարդիկ շատ հուզմունք ու շնորհք են ներդնում իրենց ներկայացումների մեջ։ Այստեղից էլ` թատրոնի հաջողությունը։ Եվ ոչ միայն իրենց քաղաքում, այլեւ Գյումրիում, Ղարաբաղում, Թիֆլիսում, Կրասնոդարում, Օրյոլում, Մոսկվայում, Լիսաբոնում... ամենուրե՛ք, ուր թատրոնը հրավիրվել է հյուրախաղերի կամ մրցույթների մասնակից լինելու (այս տարվա նոյեմբերին էլ, ինչպիսի՜ բարեբախտություն, թատրոնը հրավիրվել է ոչ այլուր քան Ստրասբուրգ):

Ամեն մի (ոչ թե ցանկացած) թատրոնի ստեղծագործական ճակատագիրը պայմանավորված է իր գեղարվեստական ղեկավարով: Կարգն է այդպես, նա է ծրագրում թատրոնի գործունեությունը, որոշում խաղացանկը, հետեւում թատերախմբի ստեղծագործական աճին ու ձեւավորմանը, բեմում ստեղծում այն, ինչ կոչվում է անսամբլային, ասել է թե` ներդաշնակ խաղ: Վերջապես, նա է բեմ հանվող գործերը մեկնաբանում եւ բեմադրում (որ նույն ընթացքն է), դառնալով ներկայացման գեղարվեստական կերպարի հեղինակը:

Դատելով վերջին տարիներին թատրոնի ունեցած հաջողություններից, այն իրողությունից, որ թատրոնի շնորհալի կազմը տարիների ընթացքում գրեթե չի փոխվել. Վահե Շահվերդյանն իր այսքան շատ պարտականությունները լավ է կատարում: Նա ամուր կապված է իր թատրոնին, այն աստիճան, որ աղետալի երկրաշարժից հետո ընտանիքով հանդերձ ապրում է թատրոնի բակում դրված տնակում, որին չգիտես ինչու մարդիկ դոմիկ են ասում (քաղաքի իշխանությունները նրան դեռեւս բնակարան չեն տվել): Բայց դառնանք ներրկայացումներին: Բեմադրիչ մեկնաբանն ռանձնաշեշտել է հիշածս պիեսներից ամեն մեկի այն գիծը, որ տվյալ գործը կապում է մեր օրերին (ինչո՛ւ ենք խաղում) եւ դրան համապատասխան թատերական ձեւը (ինչպե՛ս ենք խաղում): «Անմեղ մեղավորների», կարծես թե իր դարն ապրած հնօրյա մելոդրամայի բեմադրության մեջ նա ամենից ավելի կարեւորել է կարեկցանքի թեման, ուստի եւ առաջ են մղվել Նեզնամովի եւ Շմագայի կերպարները: Դերասաններ Սամվել Փիլոյանը եւ Ռազմիկ Խոսրոեւն իրենց ազատ-համարձակ խաղով լավ են ներկայացնում գավառական հասարակության անկարեկից վերաբերմունքի զոհերին: Ճամփից շեղված, իրենց գինուն տված, կյանքի հատակն ընկած հոգիները սիրում, հասկանում, սատարում են միմյանց: Նրանք ուզում են, որ շրջապատի մարդիկ (եւ հանդիսատեսը նույնպես) հասկանան իրենց: Խոսրոեւի Շմագան, ներկայացման վառ կերպարներից մեկը, դա անում է իր տեղը կորցրած երբեմնի դերասանի հացկատակությամբ, Փիլոյանի Նեզնամովը, որ երիտասարդ դերա սան է, այդ նույնն անում է խղճահարություն մերժող արժանապատվությամբ: Ամենից լավ նրանց հասկանում է այդ գավառական քաղաքը հյուրախաղերի եկած հռչակավոր դերասանուհի Կրուչինինան: Սա մարդկային եւ արտիստական դժվար ճակատագրի տեր կին է։ Նաիրա Քալաշյանն իր կյանքը պատմում է հուզական շնչով եւ արտիստորեն գեղեցիկ: Տարբեր վերաբերմունք ունեն մարդիկ Կրուչինինայի հանդեպ: Ամենից լավը՝ թատերական մեկենաս Դուդուկինը: Այս դերում իր մտածված, զուսպ խաղով տպավորիչ կերպար է ստեղծել Ժակ Գաբրիելյանը: Ամենից վատը՝ Կորինկինան, որի դերում Ալլա Հովհաննիսյանը ներկայացնում է գեղեցիկ, բայց եւ նախան ու քինախնդիր` կնոջ կերպարը: Հուզականորեն ազդեցիկ Քալաշյանի հերոսուհու հարաբերությունները դեռեւս չճանաչված որդու` Նեզնամովի հետ եւ շատ ազդեցիկ՝ ճանաչման վերջին տեսարանում: Միայն թե այդ տեսարանը պետք չէր մեկուսացնել այս երկու գործող անձերի միջեւ, սա կարելի էր ցույց տալ անխոս հասարակության աչքի առաջ, իսկ հերոսուհու կերպարը պետք էր՝ ազատել բարոյագիտական ավելորդ կաշկանդումից։

Բեմադրության մեջ երեւում է երեխաների մի փոքր խումբ բբեմադրական անսպասելի գյուտ։ Հանդես գալով երբեմն իբրե փողոցի տղաներ, երբեմն իբրեւ Նեզնամովի փոքրիկ բարեկամները, երբեմն էլ, մի մի մոմ առած եկեեցու սպասավորներ՝ նրանք կյանք են հաղորդում ներկայացմանը (որտեղ երեխա` այնտեղ կյանք) եւ թատերային գրավիչ հատկանիշներ:

Բեմադրական ամենից քիչ միջամտություններ կան ամերիկյան թատերագիր Նիլ Սայմոնի «Վերջին կրակոտ սիրահարը» պիեսի ներկայացման մեջ։ Եվ դա էլ դիտմամբ է արված. թո՛ղ որ հոգեբանական դրամայի ընդամենը երկու դերակատարը հանգիստ զարգացնեն ճշմարիտ սիրո թեման: Եվ նրանք այդպես էլ վարվում են: Ալֆրեդ Զաքարյանը նուրբ ու խելացի խաղով անձնավորում է Բարնի Քեշմանին, մի ոչ այնքան երիտասարդ մարդու, որ մտքով անցնում է ընտանիքից դուրս կապեր ունենալ օտար կանանց հետ: Սրանք երեքն են, միանգամայն տարբեր բնավորություններ: Երեքի դերն էլ խաղում է Հասմիկ Ալեքսանյանը. մեկը բացահայտորեն ինքնամատույց կին, մյուսը ցնորամիտ պատրանքների հանձնված անհեթեթ մի արարած, երրորդը՝ Բարնիի նման փորձի դիմող պարկեշտ կին: Երեքի դերում էլ համոզիչ է դերասանուհին, ամենից նուրբ ու համոզիչ՝ երրորդի դերում: Երեք դեպքում էլ ոչինչ դուրս չի գալիս: Եվ չէր էլ կարող՝ առանց փոխադարձ զգացմունքների: Սա է գաղափարը:

«Ռուզանը» միանգամայն ուրիշ՝ ռեժիսորական ներկայացում է: Ինչպես «Անմեղ մեղավորներում» երեխաները, այստեղ Վահե Շահվերդյանին լավ ծառայություն է մատուցել իր բեմադրական գյուտը` «Հայ կանայք» պարերգային խումբը։ Նման հին հունական թատրոնի պարերգային խմբին (խոր) սա խոսքով եւ պլաստիկ միջոցներով հուզական վերաբերմունք է ցուցաբերում կատարվող անցքերի հանդեպ: Դրանով բեմադրիչը միանգամից հասնում է երկու նպատակի՝ հուզական լիցք է հաղորդում գործողությանը եւ ազատվում դրամայի բեմադրության տասնամյակներով կարծրացած շտամպից: Թվում է ինձ, որ բեմադրիչն իր այս գյուտը պետք է գործի դներ ավելի հետեւողականորեն, գործողության զարգացման բոլոր լարված պահերին:

Պատմական դրամաները, մեծ մասամբ, ունեն խոսակցական բնույթ, մարդիկ շարունակ դատողություններ են անում: «Գեւորգ Մարզպետունի» առաջնակարգ պատմավեպի հեղնակը «Ռուզանում» չի կարողացել խուսափել դրանից:  Ներկայացման դերակատարները նույնպես: Շատ համակրելի, հայենասեր, մարդիկ են Արցախի իշխանապետ Ջալալը (Ալֆրեդ Զաքարյան), իշխանուհի Մամքանը (Սոֆա Սողոմոնյան), զորապետ Ներսեհը՝ Ռուզանի նշանածը (Հակոբ Դանիելյան), սրա եղբայր Զաքարեն (Վրույր Հարությունյան), Ներսեհի մտերիմ Սմբատը (Վահրամ Ազիզյան), Ռուզանի դայակ Թենին (Հասմիկ Ալեքսանյան): Բայց բնավորության հատկանիշներ ի հայտ են բերում ոչ թե նրանք, այլ գործի, գործողության մարդիկ (դրամա հենց գործողություն է նշանակում), որոնք դավաճան են կամ թշնամի. Սյունյաց իշխան Համտունը (Ռազմիկ Խոսրոեւ), Ձորափորի իշխան Պապաքը (Հայկ Թորոսյան), թաթար զորապետ Զոլան (Մայիս Սարգսյան), ամենից ավելի՝ Ռուզանի անկոչ փեսացուն՝ թաթար զորական Բուրա - Նուին, Սամվել Փիլոյանի եռանդուն խաղով: Ռուզանի կերպարն էլ առաջինների շարքումն է մինչեւ ճակատագրական ընտրության պահը՝ ընդառա՞ջ գնալ թաթար փեսացուի ցանկությանը եւ փրկել ժողովրդին, թե՞ մերժել նրան՝ հայրենիքը կործանման վտանգի տակ դնելով: Այստեղից սկսած Արցախի դստեր դերակատար Գրետա Մեժլումյանի խաղը ձեռք է բերում դրամատիկական ուժեղ շեշտեր, իսկ բեմադրիչը հասնում գործողության դրամատիկական շիկացման, բոցավառ ջահերով թշնամիները եւ պարերգային խմբի տագնապալի պարը իրար խառնված, թողնում են ուժեղ տպավորություն: Դերասաններն ու բեմադրիչն ասում են իրենց հայրենասիրական խոսքը, այն խոսքը, որի համար բեմ են հանել Մուրացանի դրաման:

Ասել թե Հովհ. Աբելյանի անվան թատրոնն իրականացնում վանաձորցիների «գեղարվեստական սպասարկման» գործը՝ կլինի ավելի քան ճիշտ, բայց աններելիորեն քիչ։ Վանաձորի թատրոնը բարձրացնում է իր քաղաքի գեղարվեստական պատիվը, օգնում է վանաձորցիներին դիմանալ՝ ու դիմագրավել դժվարություններին: Թատրոնն իր քաղաքացիների հետ է, քաղաքացիները՝ իրենց թատրոնի:

Սա է ամենից գլխավորը։

Նյութի աբյուրը՝ «ԱԶԳ» / օրաթերթ, 31 օգոստոu 1994թ.

73 հոգի