Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

12.11.2024  00:52

Խոսքը վերաբերում է Սարոյանի «Մի գավաթ բարություն» պիեսին, որը բեմադրել է Սոս Սարգսյանը Համազգայինի թատրոնում։ ճշմարիտ սարոյանական ներկայացում։

Վաղուց էր, շա՜տ վաղուց՝ 1971-ի մայիսի 21-ին, Սունդուկյանի անվան թատրոնում կայացավ Սարոյանի «Խաղողի այգին» պիեսի առաջին ներկայացումը: Դա մի լավ բեմադրություն էր, տաղանդավոր բեմադրիչ Հենրիկ Մալյանի միակ աշխատանքը մայր թատրոնում՝ արված հոգեբանական անձնավորման բոլոր օրենքներով, Սարոյանի թատերական գեղագիտության նրբություններով: Դրանից տասը տարի առաջ էլ՝ 1961-ին, այդ նույն սկզբունքներով, Վարդան Աճեմյանն էր բեմադրել Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսը, որն ու նեցավ բացառիկ հաջողություն:

Մենք Մալյանին ճանաչում, սիրում, գնահատում ենք իբրեւ նշանավոր կինոբեմադրիչ: Քիչ է: Նա ոչ պակաս սիրելի եւ գնահատության արժանի է իբրեւ թատերական բեմադրիչ։ Դրա ապացույցն են «Խաղողի այգին» եւ Մալյանի թատերախմբի ներկայացումների մեծ շարքը՝ մի վառ էջ ժամանակակից Հայ թատրոնում:

Բայց ի՞նչ առնչություն հիշածս երկու բեմադրության եւ Համազգայինի թատրոնի այս ներկայացման միջեւ: Շատ սերտ առնչություն: «Մի գավաթ բարությունը» նախորդ ներկայացումների սկզբնավորած սարոյանական բեմական ավանդների արժանավոր շարունակությունն է եւ մի նոր հաստատումը՝ վերստին Սունդուկյանի անվան թատրոնի ուժերով, բայց այդ Թատրոնից դուրս, Ժուռնալիստի տան անշուք դահլիճում: Այստեղ է ծվարել Սունդուկյանի անվան թատրոնից վանված դերասանների մի մեծ խումբ: Եվ մայր թատրոնից դուրս նրանք անմռունչ շարունակում են նրա ավանդները: Այսպես է գոյատեւում ազգային թատրոնի պատմությունը:

«Խաղողի այգու» գլխավոր դերակատարը Սոս Սարգսյանն էր: Ամերիկահայ գաղթական Գրիգոր Թորգոմյանի դերում նա կերպարն աղքատ-հպարտ, երեխայի պես անքեն միամիտ մի մարդու, որի հոգին ողողված էր սիրով, բարությամբ, կյանքի հաստատման պաթոսով: Կյանքի հրապույրն զգալու համար նա կարիք չուներ հարստության: Նա այդ հրապույրն առատո րեն գտնում էր ամենահասարակ բաների մեջ։ Մինչեւ հիմա ականջիս Հնչում է դերակատարի հուզումնալից ձայնը. «Ապրելը հաճույք է: Այս ջրհանից պաղ ջուրը խմելը փառավոր բան է: Այս սեխը հրա՛շք է: Ամեն ամռան այսպիսի բաներ տեսնելը բերկրա՛նք է...

Մենք իսկական ազնվականներ ենք»:

Այն, ինչ 1971-ի «Խաղողի այգում» Սոս Սարգսյանն ասում էր իբրեւ դերասան, այսօրվա ներկայացման մեջ ասում է իբրեւ բեմադրիչ։ Իսկ գլխավոր դերն անձնավորողն ինքը չէ, այլ Կարեն Ջանիբեկյանը՝ Սարոյանի թատերական գեղագիտության նուրբ թափանցումով, առաջնակարգ դերասանի վարպետությամբ: Անկեղծ ու վարակիչ ներշնչումով նա խաղում է Ջոուն Վեբսթերի՝ նույնպես աղքատ-հպարտ, ունեցվածքով չափից դուրս համեստ, հոգով չափից դուրս հարուստ ու շռայլ այդ ամերիկացու դերը: Եվ այն խոսվածքով, որ այնքա՜ն հիշեցնում է իր պատվական հոր՝ նշանավոր դերասան Գուրգեն Ջանիբեկյանի ընտիր հայերենը, նա ասում է գրեթե նույնը, ինչ իր ամերիկահայ եղբայրը «Խաղողի այգում»: Եվ մի՞թե Սարոյանի բոլոր հերոսները նույն քրիստոնեական «սիրի՛ր մերձավորիդ» գաղափարի կրողները չեն:

Իրոք այդպես է, ինչպես ամեն մի իսկական գրողի, Սարոյանի հերոսները եւս հեղինակի աշխարհայացքի եւ աշխարհզգացողության կրողներն են: Այս պիեսի գործող անձինք նույնպես: Բոլորն էլ սարոյանավարի խենթ ու խելառ, քիչ պահանջող, բայց շատ տվող, պարզամիտ ու բարեհոգի մարդիկ: Տիկին Հարմնին, որի դերը համեստ, բայց տպավորիչ, խելացի խաղով անձնավորում է Գալյա Նովենցը: Պետական պաշտոնյա, բայց պաշատոնյա մարդու ոչ մի տվյալ չունեցող Վիլյամ Փրիմը որի դերում Դավիթ Հակոբյանի խաղն աչքի է ընկնում այդ դերա սանին հատուկ ճկունությամբ: Հայր Հոգանը, որ Մայիս Կարագյոզյանի հումորով ներկայանում է իբրեւ մի քահանա, որ միայն հագուստով է նման հոգեւորականի: Վեբսթերի հարեւան Դենը, որի դերում Շահում Ղազարյանը մի լավ, սրտաբաց մարդ է, իր հարեւանի հարազատ եղբայրը:

Բեմադրության մեջ մի առանձին տեղ են գրավում գլխավոր հերոսի զավակները՝ Օվինը եւ Ագնեսը: Խնձորը խնձորենուց հեռու չի ընկնում՝ հենց սրանց համար է ասված: Նրանք հորից ժառանգել են նրա շիտակ ու մարդամոտ բնավորության հատկանիշները: Առաջինի դերը խաղում է Արթուր Մկրտչյանը եւ պատանորեն անկեղծ ոգեւորությամբ համ է տալիս ներկայացմանը: Դերի տեքստը շատ է: Գուցե եւ դա է շնորհալի տղային մղում արագախոսության, որից նա կարող է խուսափել:

Խաղի որոշ գերառատությունից էլ պետք է Ագնեսի փայլուն դերակատար Աննա Էլբակյանը խուսափի։ Վառ կերպար է ստեղծել շնորհալի դերասանուհին, հուզական ուժեղ շեշտ տալով ամբողջ ներկայացմանը: Դրան նպաստել է եւ բեմադրիչը, որ ամենից լավ մշակել է հոր եւ դստեր հարաբերությունների գիծը:

Պարտադիր չէ, որ լավ դերասանը լավ բեմադրիչ լինի, ինչպես կարծում են որոշ դերասաններ: Դա մեկ հաջողվում է, մեկ՝ ոչ: Այս պիեսի բեմադրությունը Սոս Սարգսյանին հաջողվել է: Այստեղ երեւում է ասելիք ունեցող մեկնաբանը, տպավորիչ բեմավիճակներ ստեղծող, անսամբլային խաղի հետամուտ բեմադրիչը: Իր այս աշխատանքով նա հերքում է իր իսկ արտահայտած այն միտքը, թե «Ունենք մի սկզբունք՝ լինել դերասանի թատրոն եւ ոչ ռեժիսորի, հատկապես այն ռեժիսորի, որ ստիպում է մարդկանց գլխի վրա քայլել» («Գր. թերթ», 25.03. 94): Այս վերջին տեսակի ռեժիսորը ոչ ոքի հարկավոր չէ, բայց առանց ռեժիսոր-մեկնաբանի ներկայացման կերպար չի ստեղծվի: Այս ներկայացման գլխավոր արժանիքը հենց այդ կերպարի՝ Սարոյանի գրական հյուսվածքին հարազատ բեմական կերպարի ստեղծումն է:

Չեմ ուզում այսքան գեղեցիկ ներկայացման հեղինակներից որեւէ մեկի անունը մոռանալ, ուստի եւ ավելացնում եմ՝ պիեսը լավ է թարգմանել Վանիկ Ավետիսյանը, նկարչական եւ երաժշտական ձեւավորումները ճաշակով են արել Գրետա Նալչաջյանը եւ Մարտին Վարդազարյանը: Նրանք շատ են նպաստել ներկայացման գեղարվեստական կերպարի ամբողջացմանը:

Այսպիսի ներկայացումներն են մեր դժվարին օրերին պահում ազգային բեմական արվեստի վտանգված պատիվը եւ հույս ներշնչում, որ նույնիսկ թատերական ասպարեզում դեռ ամեն ինչ կորած չէ: Սրա մեջ է «Մի գավաթ բարություն» ներկայացման քաղաքացիական առաքինությունը:

Կուզենայի, որ այս թատերախոսության ընթերցողները զնան Ժուռնալիստի տուն եւ դիտեն այս ներկայացումը:

Չե՛ն զղջա:

Հենց դրա համար էլ գրեցի այս հոդվածը:

Նյութի աղբյուրը՝ «Ազգ» / օրաթերթ, 2 հուլիս 1994

47 հոգի