11.11.2024 04:50
Զարմանալի՝ նոր թատրոն մեր դժվար Երեւանում: Եվ թատրոնն այնպես է գտել իր տեղը, կարծես միշտ էլ եղել է, միայն թե մենք ենք առաջին անգամ հայտնվում այնտեղ. Իջնում ես «Գարեգին Նժդեհ» կայարանում (ի՜նչ հրաշալի անվանափոխություն. տեսնես ո՞ւմ առաջարկն է) եւ, առանց փողոց դուրս գալու, պատի վրա մեծ-մեծ տառերով` թատրոն «Մետրո»: Սա Հայաստանի գեղագիտական կենտրոնի (Հ. Իգիթյանի երջանիկ հիմնարկության) թատրոնն է: Մտնում ես՝ աչքի ընկնող ոչինչ` համեստ, գործնական, առօրեական:
Հոկտեմբերի 30-ին բացումն էր։ Բացման հանդեսը` շնորհվորանքի եւ երախտագիտության խոսքեր այն մարդկանց հասցեին ծառայություններ ունեն թատրոնի ստեղծման մեջ (Իգիթյանը դրանց շարքում առաջինը տվեց Կարեն Դեմիրճյանի անունը)։ Հանդեսը կարելի կլիներ համեստ համարել, եթե չլիներ շամպայնի հյուրասիրությունը ոչ միայն բեմում կանգնածներին, այլեւ դահլիճում նստածներին, ուրեմն նաեւ ինձ եւ մեկ էլ «Աստված, մեզ խղճա...» երգի թատերախմբային կատարումն այնպիսի ներշնչումով, ասես դա ոչ թե բեմադրություններից մեկին է պատկանում, այդ թատրոնի Հիմնն է (nրին, չգիտեմ ինչու, «օրհներգ» են ասում):
Սկսվեց ներկայացումը:
Ի՞նչ կարելի էր սպասել «Ուիլլի, Թիթի, Ջիգ եւ երեքն էլ մի աղջիկ» վերնագիրն ունեցող պիեսի բեմադրությունից: Երեւի մանկական ուրախ մի թատերախա՞ղ: Միանգամայն հակառակը: Մենք տեսանք հոգեբանական խորունկ դրամա՝ Նիկոլայ Ծատուրյանի հմուտ բեմադրությամբ եւ դերասանական այնպիսի ապրված խաղով, որ սարսուռ է ազդում: Հանդիպում են երկու դժբախտ ճակատագիր, շատ երիտասարդ, գրեթե պատանի: Ամեն մեկը դժբախտ է յուրովի: Մեկին, որն ունի երեք անուն (Ուիլլի, Թիթի, Ջիգ), անձնավորում է Աննա Էլբակյանը, մյուսին, որ Թոմն է՝ նորահայտ դերասան Լեւոն Հարությունյանը: Այս դուետն է ներկայացման հիմքը: Ճակատագիրն անողոք է վարվում սրանց հետ: Թոմը դժբախտ է ի ծնե, արտաքինը խեղաթյուրված, հոգեկանը խաթարված, նաեւ տղայի հիվանդագին նկարագիր, որ վանում է դիտողին: Հետո կամաց - կամաց սկսում է գրավել ավելի ու ավելի, որովՀետեւ նրա կրծքի տակ բաբախում է անհուն կարեկցանքի ընդունակ սիրտ, որ քչերին է տրվում: Դա երեւում է աղջկա հանդեպ նրա ունեցած վերաբերմունքից, ջերմ, անշահ, մաքրամաքուր վերաբերմունք, որ դերասանն արտահայտում է հուզական այնպիսի անդիմադրելի ուժով, որ թափանցում է հանդիսատեսի հոգու խորքը: Աղջիկն ունի ճակատագրի ելեւէջներ: Դերասանուհին իր խաղի անկեղծությամբ ստիպում է, որ այդ ելեւէջներին սեւեռուն հետեւեն ոչ միայն խելառ Թոմը. պանդոկատեր Բիլը (այս դերը թեթեւ ու գրավիչ է խաղում Ազատ Գասպարյանը), այլեւ հանդիսատեսը: Շահամոլ, հաշվենկատ վերաբերմունքի զոհ է դառնում աղջիկը: Այդ վերաբերմունքի կրողն է Ջոն: Սրան դերին բռնող չոր, միագիծ, անզիջում խա- ղով անձնավորում է Վիգեն Ստեփանյանը: Սրա շնորհիվ ներկայացման մեջ գթառատ կարեկցանքի թեմային զուգահեռ հնչում է անկարեկից, անգութ վերաբերմունքի դատապարտման թեման՝ ավելի ուժեղացնելով առաջին թեման, որ ամենից գլխավորն է, ներկայացման առանցքը:
Աղջիկն իջնում է կյանքի հատակը: Վիկտոր Հյուգոն գրել է. թե նա, ով չի տեսել կնոջ տառապանքը՝ նա տառապանք չի տեսել, ով չի տեսել երեխայի տառապանքը՝ նա տառապանք չի տեսել: Աննա Էլբակյանը ցույց է տալիս իր հերոսուհու անկումն ու տառապանքը: Հոգեբանորեն հիմնավորված, դիտողի սիրտը ճմլող խաղով, որի մեջ թերեւս հիվանդագին ընգծումը չափազանց է: Դժվար է ասել` Աննա Էլբակյանի հերոսուհու տառապանքն է ավելի ազդու, թե Լեւոն Հարությունյանի հերոսի կարեկցանքը նրա հանդեպ, բայց ակներեւ է, որ երկուսը միասին հյուսում են մարդկային ցնցող մի դրամա: Դա համակում է դիտողին, բայց հուսահատության չի մատնում նրան, քանի որ ինչքան մեծ է տառապանքը, նույնքան մեծ է կարեկցանքը՝ տառապանքը փարատող միակ եւ զորեղ ուժը։ Քանի դեռ կա այդ ուժը՝ այս աշխարհում դեռ ամեն ինչ կորած չէ։ Դա է, որ լավատեսական շեշտ է տալիս ներկայացման ավարտին եւ դիտողին հանգեցնում է կատարսիսի՝ մաքրագործման, որ ամեն մի ճշմարիտ արվեստի գերագույն նպատակն է։ Այո՛, խաղի որակն այնքան բարձր է, ներգործությունն այնքան ուժեղ, որ ստիպում է մտաբերել Արիստոտելի այն խորունկ միտքը, թե ողբերգությունը մաքրագործում է կրքերը կարեկցանքի երկյուղի միջոցով:
Այս պիեսը գրել է Անահիտ Աղասարյանը՝ ժամանակին Սունդուկյանի անվան թատրոնում Ն. Ծատուրյանի բեմադրած «Փրկեցեք մեր հոգիները» ուժեղ դրամայի Հեղինակը: Նա տարօրինակ բան է արել. իբրեւ հենք ունենալով Թենեսի Ուիլյամսի փոքր մի պիեսը («Ենթակա է քանդման»), ավելացրել է դրան Էռնեստ Հեմինգուեյի «Սպիտակ փղեր» պատմվածքը, մի հատված էլ առել Վիլյամ Սարոյանի «Ձեր կյանքի ժամանակը» գրվածքից եւ հյուսել է մի նոր պիես: Չեմ կարող ասել որքանով է «օրինական» արվածը, բայց եթե ամեն գործի արժեք արդյունքն է որոշում` նպատակն արդարացրել է միջոցը եւ վերստին հաստատել Անահիտ Աղասարյանի թատերագրական անմերժելի ձիրքը, որ այնքան հազվագյուտ է մեզանում:
Թատրոնի երկրորդ ներկայացումը «Տերն ու ծառան» էր. ճիշտ նշված է ծրագրում՝ ւմ՝ «մյուզիքլ երեխաների համար»: Բայց դա ոչ թե Թումանյանի հեղինակածն է, ինչպես նշված է ծրագրում, այլ Վիգեն Ստեփանյանի, որ ներկայացման բեմադրիչն՝ է նաեւ: Պիեսի հեղինակը հեքիաթից առել է միայն սյուժետային հենքը եւ այնքան է հեռացել հեքիաթի ֆոլկլորային հյուսվածքից, այնքան հավելումներ է արել (շատերն անտրամաբան ու անճաշակ), որ պետք էր գրել՝ ըստ Թումանյանի «Տերն ու ծառան» հեքիաթի: Թերի կողմեր ներկայացման մեջ էլ կան. պատահական զգեստավորում, անհամոզիչ բեմավիճակներ, կոմիկական կոպիտ ընդգծումներ: Չնայած այս ամենին՝ վառ գույներով բեմադրած ուրախ մյուզիքլ, Ավետիս Բերբերյանի գրավիչ երաժշտությամբ, երգով ու պարով, մանուկ դիտողին Հրապուրող ծաղրածուներով (Տաթեւիկ Ղարիբյան եւ Էդ. Շահնազարյան), իր զվարթ տրամադրությամբ, որ ծիծաղի կարոտ մեր երեխաները կդիտեն հաճույքով: Սա արդեն իսկ քիչ բան չէ եւ բավական է Վ. Ստեփանյանի աշխատանքը գնահատելու Համար:
Եթե մեր ժամանակներում ծիծաղը պետք է թանկ գնահատվի, ապա այդպիսի գնահատության ավելի քան արժանի է թատրոնի երրորդ՝ «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ» ներկայացումը: Առավել եւս, որ այստեղ հնչող ծիծաղն իմաստալից է, արդիական, հասցե ունի, նպատակ հետապնդող խնդիրներ:
Պիեսի հեղինակը Հրանտ Մարգարյանն է, մի շատ համակրելի մարդ, նյույորքաբնակ մեր թատերագիրն ու թատերական գործիչը, որ անցյալ տարի իր թատերախմբով Երեւանում հանդես եկավ սփյուռքահայ թատրոնների փառատոնում: Եթե չեմ սխալվում, առաջին անգամ է ժամանակակից սփյուռքահայ թատերադրի գործ բեմ հանվում Երեւանում:
Ներկայացման ծրագրում նշված է «Ֆարս երկու գործողությամբ», սխալ չէր լինի ավելացնել՝ քաղաքական ֆարս: Այստեղ ամեն ինչ կա՝ նախընտրական անմաքուր պայքար, քանի որ «ղեկավար ես, ամեն ինչ ես, ղեկավար չես՝ ոչինչ ես»: Աթոռապաշտություն՝ «աթոռս, միակ հավատարիմ բարեկամս» կարոտով ասում է Փառնակ-Արարատ Թովմասյանը՝ ներկայացման ամենավառ կերպարներից մեկն իր հեզաճկուն ծիծաղաշարժ «աթոռապարով»։ «Հանդիպագիտություն», ուր Սատանան վարժեցնում է քծնելու եւ շողոքորթելու արվեստը: «Աթոռագիտություն», որտեղ նույն Սատանան, որի մեծ դերը հիանալիորեն, ճկուն խաղով եւ խոսքի լավ մատուցմամբ անձնավորում է Գուրգեն Ծատուրյանը, մատչելիորեն ուսուցանում է, որ կա սովորական աթոռ, նաեւ աթոռ, որ ունի հմայք, բայց ոչ զորություն, աթոռ էլ` ամենից գրավիչը, որ ե՛ւ մեկն ունի, ե՛ւ մյուսը։
Դերակատարներ շատ ունի բեմադրությունը։ Բոլորը խաղի նույն որակը չունեն, բայց բոլորը խաղում են, նաեւ պարում ու երգում են այնպիսի նվիրումով, որ դրա մասին չես էլ մտածում: Զավեշտախաղը դրված է ստույգ տեմպի ու ռիթմի մեջ, եւ այստեղ շատ մեծ է երաժշտության ու նվագակցության դերը: Սա Գեղարվեստաթատերական ինստիտուտի ավարտական կուրսի ներկայացումն է. Ն. Ծատուրյանի ղեկավարած կուրսի, որի սաները, երեւի այդ ներկայացման գտած հաջողության շնորհիվ, մտել են նորաբաց թատրոնի կազմի մեջ։
Բեմադրիչ-մանկավարժը ստեղծել է թատերային գունագեղ մի զավեշտախաղ, որ, ճիշտն ասած, ես կուզենայի նվազ գունագեղ, նվազ խայտաբղետ տեսնել եւ առանց թանձր դիմաներկ-դիմակների (սա էլ դիտողության բաժինը): Բեմադրիչ մեկնաբանը բռնել է ամենից էականը, ներկայացման առանցքը դարձնելով այն անվերջանալի կռիվը, որ Աստված եւ Սատանան մղում են մարդկանց հոգիներին տիրելու համար: Աստված բարոյական գեղեցիկ քարոզներ է կարդում ապարդյուն. Սատանան անբարո գործ է տեսնում՝ արդյունավետ: Հրանտ Մարգարյանի պիեսում էլ այդպես է: Ասենք, կյանքում էլ - բայց դա չի խանգարում, որ բոլոր գործող անձինք իրենց հայացքն ի վերջո դարձնեն Աստծուն եւ խմբովին երգեն «Աստվա՛ծ, խղճա, ողորմյա ու փրկյա, տո՛ւր մեզ կրկին Հույս, հավատ ու սեր», կարծես իրենք չէին Սատանայի հլու հնազանդները Երգում են այնպիսի ոգեշունչ պաղատանքով, որ ողողում, համակում է հանդիսասրահը: Սա ավարտակետն է:
Գնացե՛ք «Մետրո» թատրոնը. կայարան «Գարեգին Նժդեհ»:
Նյութի աղբյուրը՝ «ԱԶԳ» / օրաթերթ, 20 նոյեմբեր,1990թ.